Վահան Անդրեասյանի անցած ուղին

Նոյեմբերի 8-ին ՀԳՄ դահլիճում տեղի ունեցավ «Իմ անցած ուղին» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված երգահան և բանաստեղծ Տ. Թովմա քահանայի (Վահան Անդրեասյան) ծննդյան 60-ամյակին:
Վ. Անդրեասյանը ստեղծագործել սկսել է 1970-ականների վերջերից՝ գրելով երգեր ու բանաստեղծություններ: Առաջին երաժշտությունը գրել է Կառլո Գոցիի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Ագռավը» ներկայացման համար (բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Բաբայան), այնուհետև գրելով նաև երգերի տեքստը: Իսկ առաջին բանաստեղծությունները տպագրվել են «Գարուն» ամսագրում` Արևշատ Ավագյանի կողմից: «Պոեզիայի բնագավառում Արևշատ Ավագյանը, կարելի է ասել, իմ կնքահայրն է»,- ասաց Վ. Անդրեասյանը:
«Հանձին Վահանի մենք ունենք բազմաշնորհ մի արվեստագետ` գրող, երգահան, երաժիշտ, որի բանաստեղծական տաղանդը դրսևորվում է ոչ միայն խոսքով, այլև մեղեդիով»,- ասաց բանաստեղծ, նկարիչ Ա. Ավագյանը՝ գնահատելի հատկանիշ համարելով նաև տեր Թովմայի կազմակերպչական ձիրքը:
«Իր բանաստեղծությունների պես շողշողուն տղա էր, աչքերը ճառագում էին: Գալիս էր համեստորեն, երբեք չպարտադրելով, ձեռքին` կիթառը, կիթառի մեջ` երաժշտությունը»,- ասաց ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը: Նրա հավաստմամբ՝ այլ աշխարհ էր տանում Վ. Անդրեասյանի տողը, նրա մտքերի անսովորությունը:
«Նա բանաստեղծական թուղթ ու գրով տալիս է իր ժողովրդի ինքնության գաղտնագիրը: Սեր ու ցավ, անսահման հիացում ու աղաղակող բողոք, անմնացորդ նվիրում ու նաև նույն պահին հրաժարում, այսքան հակամերժ, այսքան ներդաշնակ»,- Վ. Անդրեասյանին բնութագրեց դրամատուրգ, «ԳԹ»-ի խմբագիր Կ. Խոդիկյանը:
«Վահանի հետ հանդիպումը հանդիպում է դրական մտածելակերպ, դրական դաշտ ունեցող մարդու հետ, նրա հետ զրույցները առնչվում են լույսին ու սիրուն»,- ասաց կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:
Ելույթ ունեցան նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ամբիոնի դեկան, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, «Ագռավ» ներկայացման բոլոր տարիների դերակատարները:
Հենրիկ Մալյանի՝ 1980 թ. ստեղծած կինոդերասանի թատրոն-ստուդիայում Վ. Անդրեասյանն աշխատել է որպես դերասան և երգահան-երաժիշտ:
Ցերեկույթի ընթացքում տեր Թովման ընթերցեց 70-ականների վերջի և 80-ականների սկզբի իր բանաստեղծություններից, պատմեց Արթուր Գրիգորյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, Էռնա Յուզբաշյանի, Գեորգի Մինասյանի, Զարուհի Տոնիկյանի և այլոց հետ իր աշխատանքների մասին: Արթուր Գրիգորյանի և Վահան Անդրեասյանի համագործակցությամբ ստեղծված երգերի թիվը հասնում է 60-70-ի: Տեսանյութով դրանցից մի համառոտ հավաքածու ներկայացվեց հանդիսատեսին:
Վահան Անդրեասյանի խոսքերով երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Սարգիս Թումանյանը, Զարուհի Բաբայանը, Տիգրան Պետրոսյանը, Մարթան, Իրինա Մալխասյանը, Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Ֆորշը, Սրբուհի Սարգսյանը, Արթուր Իսպիրյանը: Ինչպես նաև հնչեցին երգեր տեր Թովմայի նոր ձայնասկավառակից:
Վ. Անդրեասյանի բանաստեղծություններից կարդացին Թագուհի Ղազարյանը, Անի Հովսեփյանը, Աննա Զաքարյանը:
Տեր Թովման գրել է նաև մի քանի մեղեդի տարբեր եկեղեցական տոների համար, բազմաձայնել է մեկ «Մեծացուսցե» շարական և ժամերգությունների երգեր, երգեհոնի համար մշակել է Ներսես Շնորհալու Բ2 կանոնագլուխը, գրել է Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության հիմնը և այլ հոգևոր երգեր:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։