Նոյեմբերի 4-ին ՀԳՄ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
Ինչպես խոստովանում է Ա. Հովհաննիսյանը` «…Նման բաները ոնց որ ծանր բեռ լինեն ինձ համար, բայց, մյուս կողմից, մտածում եմ՝ դերասանուհի կամ երգչուհի չեմ, որ բեմով ինձ ճանաչեն, հանգամանքների բերումով ես ու իմ գրչակիցներն ու մեր գործերը հայտնվել ենք մի ժամանակամիջոցում, որ մարդիկ ժամանակ չունեն կարդալու, ուրեմն, սա մի միջոց է, որ գոնե երևաս»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով Ա. Հովհաննիսյանի արձակին, առանձնացրեց հեղինակի վերջին` «Ամենակարգին մարդիկ ու ագռավները» գիրքը, որի հիշողության խաչաձևումներում, կենսագրական փաստերով կենսագրական նյութի մեջ շաղախված անցյալի, ներկայի, դիտարկումներում, ըստ նրա, մնում է արձակագրի սուր հայացքը: «Այսօրվա արձակի մեջ քեզ նման ամուր, խորքային, ավանդական հայ կնոջ, բայց ժամանակակից հայ արձակագրի միտվածքով գործեր ես ստեղծում»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Մխիթարյանը, անդրադառնալով Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր, տերևներ» վեպին, նշեց. «Ստեղծագործությունը շարադրված է այնպես, որ թվում է, թե գործ ունենք օրագրային շարադրանքի հետ, սակայն օրագրային լինելուց զատ, այն ձեռք է բերում պատմական հատկանիշներ, որին գումարվում են ֆանտաստիկայի ինչ-ինչ դրսևորումներ այն իմաստով, որ կերպարները երկակի դրսևորում են ունենում»:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի կարծիքով` Ա. Հովհաննիսյանը, ետ նայելով, պետք է գոհունակության զգացում ունենա, որովհետև հեղինակ է մեկ տասնյակից ավելի գրքերի` ոչ միայն գեղարվեստական, այլև տեսական հրապարակումների` մասնավորապես Րաֆֆուն նվիրված շարքը: «Նրա հայացքը հորիզոնական ուղղությամբ չի ընթանում, նա ոչ թե պատմություններ է պատմում, այլ ամեն մի պատմության տակ ինչ-որ ընդհանրացում կա»,- ասաց Դեմիրճյանը և հավելեց, որ Ալիս Հովհաննիսյանը ունի երկրի, ազգի, պատմության ջիղն զգալու կարողություն:
«Ալիս Հովհաննիսյանի մեծագույն արժեքները ես տեսնում եմ մեր ժամանակները իր հոգում նույնացնելու, զտելու, վերապրելու, կատարսիսի վերածելու ուժի մեջ»,- ասաց գրականագետ Սուրեն Դանիելյանը: Ապա անդրադառնալով «Լենինական, Կումայրի, Գյումրի» վեպին` նկատեց, որ Ա. Հովհաննիսյանը իր սիրելի գրողի՝ Րաֆֆու նման կարողանում է գտնել ու ճանաչել մարդուն: «Ալիսը գնում է դեպի հերոսների մեջ մարդկայինի ավազանը կերտելու ուղին»,- ամփոփեց Ս. Դանիելյանը: «Ա. Հովհաննիսյանի արձակը նոր գեղագիտությամբ և դասական արձակի լավագույն ավանդույթներով, տեղ-տեղ հրապարակախոսությամբ, իրականի և երևակայականի ցոլացումներով, տարածության և ժամանակի նուրբ զգացողությամբ իր ընթերցողին կարող է հասցնել հոգու նոր տարածքներ, անհիշելի ժամանակներ և նոր պտույտով բերել- հասցնել մեր օրերը, նաև խոսել ապագայի մասին»,- իր խոսքում նշեց գրականագետ Անի Փաշայանը: Ելույթ ունեցան նաև Պերճուհի Ավետյանը, ով «Կանաչ, ուրախ ճամփորդներ» ֆանտաստիկ հեքիաթը փոխադրել է արևմտահայերենի և տպագրել Հալեպում, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, Էդվարդ Անտինյանը և ուրիշներ: Գրական հանդիսության ընթացքում հնչեցին ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի և բանաստեղծ Հրաչ Թամրազյանի խոսքերը, որոնք ասվել էին Ալիս Հովհաննիսյանի նախորդ հոբելյանի առիթով: Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը հատվածներ կարդաց «Տարեդարձ», «Ճյուղեր, տերևներ», «Օղակը փակվում է» վիպակներից: Սաթենիկ Գյուլբենկյանը ներկայացրեց «Խաղաղ գոյակցություն» պատմվածքը, Մելինե Անումյանը՝ «Դարի դրոշմը» էսսեն, Թագուհի Միլիտոսյանը կարդաց «Տեսիլաժամ» արձակ բանաստեղծությունը: Հանդիսության ավարտին էկրանից հնչեց Ռուբեն Հովսեփյանի խոսքը` «Ամենակարգին մարդիկ և ագռավները» գրքի առաջաբանից:
Ցերեկույթը վարում էր Հասմիկ Տեր-Կարապետյանը: