Հոկտեմբերի 13-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունների «Վաղվա աչքերով» խորագրով անթոլոգիան (գերմաներեն), որը լույս է ընծայել Գերմանիայի «Լյուդվիգսբուրգ» հրատարակչությունը: Գործերը գերմաներեն է թարգմանել Բեթինա Վյորմանը։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ ժողովածուն բաղկացած է 450 էջից, նշեց, որ գրքում ներառվել են տարբեր սերունդների 15 բանաստեղծի՝ Արևշատ Ավագյանի, Ռազմիկ Դավոյանի, Հենրիկ Էդոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վարդան Հակոբյանի, Դավիթ Հովհաննեսի, Հրաչյա Սարուխանի, Հակոբ Մովսեսի, Գոհար Գալստյանի, Խաչիկ Մանուկյանի, Անդրանիկ Կարապետյանի, Էդուարդ Հարենցի, Ռուզաննա Ոսկանյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Սևակ Արամազդի ստեղծագործությունները: Ինչպես նշեց Էդ. Միլիտոնյանը, գործերը թարգմանչուհին ընտրել է ռուսերեն տեքստերից՝ «Литературная Армения» ամսագրի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանի օժանդակությամբ, նրան նաև օգնել է Գերմանիայում բնակվող արձակագիր Սևակ Արամազդը՝ հայերեն տեքստերին ծանոթացնելու առումով: Ըստ ՀԳՄ նախագահի՝ վերջին 20-30 տարում նման բացառիկ գիրք չի հրատարակվել: «Չեմ հիշում նման գործ: Խորհրդային տարիներին եթե որևէ գրողի աշխատանք թարգմանվում ու հրատարակվում էր արտերկրում, նա հայտարարվում էր դասական, իսկ այսօր աշխարհը բաց է, և մեր արձակագիրները, բանաստեղծները, մանկագիրները հրատարակվում են տարբեր երկրներում հենց տեղի հրատարակիչների, թարգմանիչների ընտրությամբ»,- նկատեց նա: Ամփոփելով խոսքը՝ Էդ․ Միլիտոնյանը վստահեցրեց, որ պատերազմական վիճակից հետո շատ կարևոր է, որ հայ գրականությունը ներկայացվի գերմանալեզու ընթերցողին:
«Մեզ համար Բեթինայի նման թարգմանիչներն ուղղակի գյուտ են»,- ասաց Ալբերտ Նալբանդյանը՝ արժևորելով այն հսկայածավալ աշխատանքը, որ Բեթինա Վյորմանը կատարել է՝ 1 տարի, 3 ամիս աշխատելով գրքի վրա: Ապա դիմելով թարգմանչուհուն՝ ընդգծեց, որ «Կանթեղ» մրցանակը տրվում է միայն լուրջ թարգմանությունների համար, և շնորհավորեց ստացած բարձր պարգևի համար: «Վստահ եմ, որ այսուհետ Ձեր կյանքում կլինի երեք երկիր՝ Գերմանիա, Լեհաստան և Հայաստան. Դուք մեծ սիրտ ունեք, և այդ երկրները կտեղավորվեն Ձեր սրտում»,- ամփոփեց Ալբերտ Նալբանդյանը:
Ելույթ ունեցան նաև Հենրիկ Էդոյանը, Անուշ Վարդանյանը, Կառլեն Մատինյանը՝ վստահեցնելով, որ սրտով ու հոգով արված թարգմանություններ են: «Այստեղ ոչ միայն երևում է թարգմանչի արհեստավարժությունը, այլև հոգու վերաբերմունքը. Դուք հասցրել եք սիրել Հայաստանը, և այդ սերը արտացոլվում է Ձեր թարգմանությունների մեջ»,- մասնավորապես նկատեց Կառլեն Մատինյանը:
Շնորհակալական խոսքում Բեթինա Վյորմանը խոստովանեց, որ հայ բանաստեղծների ստեղծագործություններն իրեն շատ հարազատ են, սիրով է աշխատել, թարգմանելիս զգացել ու հասկացել է յուրաքանչյուր գրողի բնավորությունն ու էությունը: «Թարգմանություն նշանակում է միայնություն և երկխոսություն, ճշգրտություն և ազատություն: Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին հրաշալի տեքստերի համար, որոնք ինձ հնարավորություն տվեցին աշխատել նրանց հետ երկխոսության մեջ: Հույս ունեմ, որ այս անթոլոգիան գերմանալեզու ընթերցողի համար կբացահայտի հայկական պոեզիայի թեմաների բազմազանությունն ու պոետական պատկերները»,- ասաց Բեթինա Վյորմանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ