Բանաստեղծություները՝ երաժշտության խոսքային դրսևորումներ

Հոկտեմբերի 16-ին Երևանի «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ բանաստեղծ Թովմա քահանա Անդրեասյանի նոր ձայնասկավառակի (սյուիտ լարային կվինտետի համար «Մի կնոջ դիմանակարը» և 12 կիթառային պիես) և այդ ստեղծագործությունների նոտայագրքերի շնորհանդեսը: Երաժիշտները (Գևորգ Վարդանյան-1-ին ջութակ, Նարեկ Սահակյան-2-րդ ջութակ, Նարեկ Ասատրյան-ալտ, Միքայել Նավասարդյան-թավջութակ, Թաթուլ Հաջյան-կիթառ) կատարեցին սյուիտի 1-ին, 2-րդ մասերը, այնուհետև երեք կիթառային պիես կատարեցին Թաթուլ Հաջյանը և տեր Թովման: Շնորհանդեսին մասնակցում էին երաժիշտներ, բանաստեղծներ և Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը նշեց. «Գնահատելի է, որ Թովմա քահանա Անդրեասյանը տարիների ընթացքում շարունակում է իր գործունեությունը` ավելացնելով նոր երանգներ, կատարելագործելով իր ստեղծագործությունները: Նա կարողացել է տարիների ընթացքում կուտակած ձեռքբերումները կերպավորել «Մի կնոջ դիմանկարը» լարային սյուիտի մեջ՝ ստանալով ձևի և բովանդակության մի կառուցվածք, որը, ըստ իս, դարձել է իր ստեղծագործական ճանապարհի լավագույն նմուշը»: Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը ավելացրեց. «Այս երաժշտության մեջ կա լիքը սեր, հոգու մաքրություն, ճաշակ, գեղեցիկ մեղեդիներ և, լավ իմաստով, անսպասելի ռիթմեր, որոնք հմայք են պարգևում ստեղծագործություններին և հետագայում նորից ունկնդրելու ցանկություն առաջացնում»: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ՝ «Տեր Թովման ինչպես իր բանաստեղծություններում է ներկայանում իր լուսավոր էությամբ, այնպես էլ՝ իր երաժշտությամբ: Նրա բանաստեղծություները կարծես նրա երաժշտության խոսքային դրսևորումները լինեն: Ինձ հաճելիորեն զարմացրեց նրա շնորհների բազմազանությունը»: Բանաստեղծ Արևշատ Ավագյանը նշեց, որ տեր Թովման` Վահան Անդրեասյանը, տարիների ընթացքում միշտ էլ ապրել է, ոգեշնչվել երկու մուսաների` երաժշտության և պոեզիայի շնորհիվ:
Թաթուլ Հաջյանը և տեր Թովման կատարեցին երեք գործ` գրված կիթառի համար: Շնորհանդեսն անցավ ջերմ, հոգեպարար մթնոլորտում:
Սեփ. լրտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։