– ՀԳՄ Շիրակի մասնաճյուղը «Նոր ձայներ, 43 տարի անց» խորագրով բանաստեղծական անթոլոգիա է հրատարակել: Ի՞նչ է խորհրդանշում «43 տարի անց»-ը:
– Երբ Ժամանակն իր օդեղեն աստիճաններով իջնում է երկրի վրա ու ապրողներիս դեմքին շպրտում Բարի Լույսի ցողը, ահա այդ պահերին է, որ մենք զգում ենք, թե ինչ մե՛ծ պարգև է մեզ բաժին հասել Աստծո կողմից, և այս անցողիկ կյանքի յուրաքանչյուր ակնթարթի վայելքը իմաստավոր դարձնելու անհրաժեշտությունն ենք զգում:
Ժամանակը երբեմն-երբեմն դառնում է ետ, բարձրանում ոտնաթաթերին ու հայացքը հառում է այն ցանկապատին, որ շրջանցել էր տարիներ, տասնյակ տարիներ առաջ…
Մարդու ժամանակի մեջ քառասուներեք տարին մի ամբողջ դարաշրջան է` կես կյանքի տևողությամբ: Երբ ժամանակահատվածի առջևից ետ ես նայում, այն թվում է մի ամբողջ հավերժություն: Իսկ երբ նայում ես այդ ժամանակահատվածի ետևից, կարծես հենց երեկ էր, կարծես ցանկապատը քեզանից ընդամենը մեկ օրվա հեռավորության վրա է գտնվում:
…Լիտվայից մեզ էր հյուրընկալվել ծնունդով գյումրեցի, կաունասաբնակ գրող Սոնյա Խաչատրյան-Ստրալեցկիենեն: Առիթն իր հեղինակած մի քանի գրքերի շնորհանդեսն էր: Վերադառնալիս բարեգործ գրողը ցանկություն հայտնեց հովանավորել մի ալմանախի տպագրությունը, որտեղ պետք է ներառվեին 43 տարի առաջ հրատարակված «Նոր ձայներ» ալմանախում ընդգրկված հեղինակների (այդ թվում՝ նաև իր) բանաստեղծություններից:
44 հեղինակներից կարողացանք հաղորդակցվել միայն 14-ի հետ: Ցավոք, շատերը…
Եվ ահա գիրքը մեր սեղանին է:
Հեղինակներից մի քանիսի հետ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ (Էդվարդ Միլիտոնյան, Սամվել Կոսյան, Հովիկ Վարդումյան, Լևոն Բլբուլյան, Սոնյա Խաչատրյան, Լենա Անթառանյան, Սամվել Բեգլարյան, Արտաշես Ղազարյան): Կան հեղինակներ էլ, որոնց հետ ալմանախն ինձ բարեկամացրեց:
Ինձ ուրախացրեց հրատարակչի (Արմեն Ավանեսյան) կատարած անթերի աշխատանքը. գրքի շապիկին ժամանակի սև ու սպիտակ ստեղնաշարը բարձրանում է դեպի հավերժություն… Ուրախացրեց նաև Սոնյա Խաչատրյանի գոհունակությունը մեր կատարած աշխատանքից: Բայց ավելի շատ ինձ ուրախացրեց այն, որ գրական աշխարհում նոր բարեկամներ ձեռք բերեցի. Անուշավան Արշալույսյանից իմացա Երվանդաշատ-դրախտավայրի մասին (որտեղ հյուրընկալվելու առաջարկ եմ ստացել), Անահիտ Քնարյանի նրբագեղ ձայնը դեռ ականջներումս է, և կարծում եմ՝ շուտով Գյումրիում նրան հյուրընկալելու հնարավորություն կունենանք:
…Ուրեմն ի՞նչ է գիրը, եթե ոչ քո տեսակը գտնելու ևս մեկ, գուցե լավագույն միջոց:
***
Ահա մեր գրասեղանին է մի շատ սպասված գիրք-ձեռքսեղմում` վերնագրված «Նոր ձայներ 43 տարի անց»:
Ժամանակն այս անգամ էլ դարձավ ետ, կանգնեց ոտնաթաթերին, հայացքը հառեց դեպի այն ցանկապատը, որը շրջանցել էր 43 տարի առաջ, և որից այն կողմ ննջում է մի ամբողջ հավիտենություն…