ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԻՄ ԱՆԿԱՇԱՌ ԴԱՏԱՎՈՐԸ

Անի-ՇիրազՀարցազրույց Գյումրու Հովհաննես Շիրազ հուշատուն-թանգարանի փոխտնօրեն, բանաստեղծ ԱՆԻ ՇԻՐԱԶԻ հետ

Լուսինե Թոփուզյան – Ապրիլյան սգո օրերին ինչպե՞ս եք հիշում Ձեր բանաստեղծ հայրիկին:
Անի Շիրազ – Ապրիլյան օրերին մենք` պոետի երեխաներս, լուռ ու ավելի զուսպ էինք մեզ պահում տանը, որ հայրիկը մեզնից չխռովեր: Այդ օրերին նա մռայլ ու մտազբաղ էր: Եղբայրս` բանաստեղծ Սիփան Շիրազը, իր գրքում մանրամասն է նկարագրել «ապրիլյան» Հովհաննես Շիրազին: Ապրիլի 24-ին հայրիկի տրամադրությունը, տխրությունն ու զայրույթը խելագարության էր հասնում: Մի անգամ փոքր եղբորս` երեք-չորս տարեկան Վանանդիկին ոստիկաններն էին փախցրել-պահել, որ հայրիկի ուշադրությունը շեղեն. երեխային փնտրեր ու Եղեռնի հուշահամալիր չգնար… Թեև միշտ այդ օրը հայրիկս տանն էր, իր սգապսակը ամենաառաջինը դրված էր Ծիծեռնակաբերդում` լուսադեմին, մի խումբ նվիրյալ երիտասարդների ձեռքով: Ինքը հազվադեպ այցելում էր Եղեռնի հուշատեղ-սգատեղի` շա՜տ վաղ և անպայման ոտքով էր գնում…

Լ. Թ. – 2015 թ. Եղեռնի 100-ամյա տարելիցն է և ամենաժողովրդական բանաստեղծի ծննդյան 100- ամյակը…
Ա. Շ. – Կուզենայի` համահայկական, համամարդկային մեծ ողբերգության օրը Շիրազի 100-ամյակը միահյուսված ներկայացվեր մարդկությանը, որպեսզի աշխարհն իմանար, որ այդ դաժան տարեթվին է ծնվել մեծ պոետը, ով պետք է հետագայում արտահայտեր ազգի և՛ մեծ ցասումը, և՛ ապրելու մեծագույն տենչը, և՛ ցավից ծնված նրա իմաստնությունն ու արարիչ ոգին: Այսինքն` ես կուզեի, ինչ կուզենար Հովհաննես Շիրազը. որ աշխարհն ընդուներ Հայոց ցեղասպանությունը և ճանաչվեր հայոց ոգին: Այն ոգին, որ մեծ հաղթանակ տարավ Արցախում: Սա՛ է կարևորը:

Լ. Թ. – Ի՞նչ կասեք Շիրազի մասիսերգության մասին:
Ա. Շ. – Ինչ-որ տեղ ցավալի է, որ ժողովրդի մի հատված նրան գիտե իր մասիսերգությամբ, բայց Հովհաննես Շիրազը մեր առջև բացել է հզոր, ոգեղեն Հայաստանը` համամարդկային փայլատակումներով:

Լ. Թ. – Շիրազն իր իմաստուն մտքերը երբեմն բանավոր «շաղ» էր տալիս որպես առակներ, առածներ, ծանրակշիռ խոհերը թղթին էր հանձնում քնքշալի գունապնակով;
Ա. Շ. – Նրա ստեղծագործության մեջ թագավորում են բարին, լուսեղենը, գարնան թարմությունը, թախծուրախի շեշտադրումները, լավատեսությունը, մանուկի անմեղությունը: Նրա գործերում մերօրյա մտահոգություններ կան և ազգային ըմբռնումներ, որոնք աղերսվում են բանահյուսական թեմաների հետ: Առածանիից, ժողովրդի բառ ու բանից էր օգտագործում առօրյա խոսքի մեջ: Օրինակ, երբ ծուլանում էինք, ժպիտով հանդիմանում էր. «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա»:

Լ. Թ. – Բանաստեղծը գրական հանդիպումները եզրափակում էր «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությամբ…
Ա. Շ. – Հանդիպումից հետո չէին թողնում սրահից դուրս գար, շրջապատում էին, հարցախեղդ անում… ցնծության մեջ էին բանաստեղծն ու հանդիսատեսը: Հայրիկը խոսքը եզրափակում էր «Ծովի երեսն է փրփուրը ելնում, փայլփլում մի պահ իբրև մարգարիտ…», «Բայց խորքում որքան մարգարիտներ կան» տողն արտասանելիս իրեն էր ցույց տալիս, ապա ձեռքը մեկնում էր անորոշության` ավարտելով. «որոնց փառքը դեռ փրփուրն է խլում…»: Իրոք, որքա՜ն մանուկի հրճվանք և տարեց իմաստնություն կար այնքա՜ն տաղանդավոր հայրիկիս սրտում: Նա հաճախ էր կրկնում. «Առյուծը մենակ ման կուգա, իսկ գայլերը` ոհմակով»:

Լ. Թ. – Անտիպ գործերի մասին ի՞նչ կասեք:
Ա. Շ. – Շիրազի արխիվները, հոդվածները, նամականին կազմում են հատորներ, որոնք դեռևս պիտի լույս աշխարհ գան: Իհարկե, նոր ձեռնարկումներ կլինեն, որոնք պոետի 100-ամյակի ծրագրերում են նախատեսվելու:

Լ. Թ. – Համակարգչային դարում պոետին ընթերցում են նույն ջերմեռանդությա՞մբ, ինչ նախկինում էր:
Ա. Շ. – Այսօր, ինչպես և միշտ, Շիրազ կարդում են իսկական մտավորականները, հայրենասեր ոգի ունեցող երիտասարդները: Ի դեպ, ինչպես նախկինում, հիմա էլ արտերկրում ավելի շատ են կարդում հայրիկի ստեղծագործությունները: Մերձավոր Արևելքի երկրներում թարգմանվում, տպագրվում են գրքեր, շիրազյան երեկոներ են կազմակերպվում, մեզ երբեմն տեղեկացվում է, երբեմն` իմանում ենք ամիսներ անց: Սփյուռքից եկողները գնում են եկեղեցի, հետո գալիս են թանգարան, համբուրում են շենքի պատերը… Թանգարանում շիրազասեր զույգերը սիրո խոստովանությամբ իրենց երդումն են արել և օրեր անց ամուսնացել:

Լ. Թ. – Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք:
Ա. Շ. – Մի անգամ հայրս ինձնից ջուր խնդրեց: Այդ օրը մեր ջուրը «կտրել» էին: Ես գոնե կես բաժակ ջուր չգտա: Ստիպված, ծաղկամանի միջի ջուրը հայրիկիս առաջարկեցի, որը հաճույքով խմեց, ես էլ խմեցի: Մանկան միա­մտությամբ սպասեցի, որ հայրս ահա-ահա կմեռնի, քիչ անց էլ` ես: Երբ օրեր անց չար տարակուսանքս հայտնեցի իրեն` ծիծաղեց. «Մի՛ վախի, շունը յարովըմ չի մեռնի»:

Լ. Թ. – Մաշտոցի 20 շենքից բանաստեղծը հենց դուրս էր գալիս` շրջապատվում էր շիրազասերներով…
Ա. Շ. – Նրան շրջապատում էին փոքր ու մեծ, հասարակ բանվոր ու իշխանավոր: Նա ժողովրդասեր էր, ազգասեր լինելով սիրում էր մարդկանց` ինչ ազգի ու ռասայի էլ պատկանեին: Կյանքում սակավապետ էր, աչքը կուշտ: Բանկում մեծ գումարներ ուներ, դրանք նվիրեց Սփյուռքի որբերին: Շիրազի մաքրամաքուր հոգու մանկան պարզամտությունը իր հորդաբուխ ժպիտի նման անեղծ ու պարզ էր: Նա միշտ կրկնում էր. «Ժողովուրդն է իմ անկաշառ դատավորը»: Երբ փողոց էր դուրս գալիս` շուրջն էին փնջվում մարդիկ, կողքին քայլում էին ուսանողների խմբեր…

Հարցազրույցը` Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։