ԴԱՐ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Մտադրվել էի և հավատում եմ, որ մտածածս իրականություն կդառնա՝ ուսումնասիրել, կարեցածիս չափ նոր վերլուծություններ անել վաղամեռիկ հանճար Վարդան Գրիգորյանի պատմավեպերի շուրջ և հրապարակել նրա ծննդյան 70-ամյակի առթիվ: Բայց ներկայիս իրավիճակում, կարծում եմ, շատ հարմար է անդրադառնալ «Դար կորստյան»-ին:
Գայլ Արշավիրն իր մահվան մահճում, նույնիսկ անեծքների, նույնիսկ ատելության մեջ մեծ է: Մեծ է, քանի որ ամբողջ էությամբ, իր եղերական հետհայացքով կլանված է իր պարտության պատճառներն իմանալու դաժան, ողբերգական իրադարձություններն էլի ու էլի վերապրելով՝ հանուն ապագայի՝ իր սերնդի սխալները չկրկնելու պատվիրանը ավանդելու համար:
11-րդ դարասկզբին հակասական, խառնիխուռն, միմյանց չճանաչող իրադարձությունների խառնարանում ամեն ոք, ամեն տերություն ուներ իր շահը, իր տեսակետը, իր զորքը, դավաճանության և հայրենասիրության իր ընկալումը, ինչպես հիմա է: Գրեթե տարբերություն չկա: «Խոսքն անկարող էր միջնորդ դառնալ իր և այդ մարդկանց միջև, միևնույն է, չէին հասկանալու մեկմեկու (Արշավիրի մտորումներն են մահվան մահճում)… Ասում էին (մեր մեծամեծները), եթե ելնենք հոռոմոց բանակի դեմ, ջուր լցրած կլինենք Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարի և մեր մյուս թշնամիների ջրաղացին, նրանք կդաշնակցեն կայսրությանը և չորս կողմից վրա կտան մեզ: Հարավի անօրենները, որ առանց այդ էլ չեն հեռանում մեր սահմանային գավառներից, ավելի կլկտիանան և Անի էլ կհասնեն: Անօրենների այս համակ ծովում մի դաշնակից ունենք, եթե նրա դեմ էլ ելնենք, էլ ո՞ւմ ապավինենք»: Մոռանում էին, որ ոչ թե իրենք, այլ հոռոմներն են եկել իրենց դեմ, նրանք են ուզում նվաճել իրենց երկիրը, դարձնել կայսրության մի սովորական նահանգ: Իբր վախենում էին «հզոր դաշնակից կորցնել», երբ պարզ էր, որ միայն գահն ու անկախությունը պահպանելով կարող էին կայսրությանը դաշնակից մնալ, Անին հանձնելուն պես հպատակ էին դառնալու: Վաղուց հպատակություն չէին տեսել, մոռացել էին, թե որքան ծանր է հպատակ լինելը: Այնքան էին առուծախով զբաղվել, որ վաճառականի նման էին դատում: Կարևորը կայսրության հովանավորությունից չզրկվելն է, իսկ եթե ելնենք հոռոմոց բանակի դեմ, միևնույն է, հաղթենք էլ, հոռոմների հավերժական թշնամությունն ենք վաստակելու, ավելի շատ կորցնելու ենք, քան շահելու: Բոլորս տուժելու ենք, բացի Վեստ Սարգսից, որը Կոստանդնուպոլսում կրկին վերականգնելու է իր վարկաբեկված անունը, կրկին «կայսեր ծառա» անունով է պատվվելու, անհամար պարգևների ու նոր կոչումների է արժանանալու» (էջ 257): Այսպես են մտածում նաև մեր նորօրյա «իշխանիկներից» շատերը: Բայց 90-ականներին, փա՜ռք Աստծո, կան Քրիստափոր Իվանյաններ, Կոմանդոսներ, որոնք իրենց պատվից ցածր համարեցին «կայսեր ծառա» տիտղոսը, փութացին հայրենիքի պաշտպանությանն ու փրկությանը ծառայելու:
«Դար կորստյանը» հազարամյակների սահմանագիծն է, որը 11-րդ դարում հատեցինք պարտությամբ: Արշավիր Կամսարականը, որ դեռ Գայլ Արշավիր չէր, այլ մի անմորուս պատանի վանական, կանգնում էր Հոգյաց վանքի տանիքին ու սպասում, որ առաջինն ինքն է տեսնելու Հիսուսի երկրորդ գալստյան հրաշքը: Հովհաննես Կոզեռնի խոսքերը և շատ այլ նախանշաններ չարագուշակ էին:
Հիմա նորից կանգնած ենք հազարամյակների սահմանագծին, սպասում ենք… Բայց այս անգամ բոլորս միաբան ենք ու միաբերան վանկարկում ենք՝ «Հաղ-թե-լու ենք»:
Գայլ Արշավիրը առաջիններից էր, որ տեսավ ծուռոտ թուրքին մեր սուրբ հողի վրա: Դա 1000 տարի առաջ էր: Եվ նա «Ծնկի եկավ, երդվեց. «Քար կդառնամ ու մինչև վերջ կկռվեմ: Քանի թամբին եմ, սրով կկռվեմ, ձիուց ընկա՝ սողալով կպայքարեմ… Որտեղ թուրք եղավ, այնտեղ կլինեմ, որտեղ ես եղա, թուրք չի լինի»:
1980 թվականին, երբ դեռ նոր էինք սկսում Բրեժ­նևի տափակաբանությունների վրա ծիծաղելը քաջություն չհամարել, մեր երիտասարդ հանճարը չգիտեր 88-ից հետո ծավալվելիք իրադարձությունների մասին, բայց չէ՞ որ հանճարները մարգարեանալու հատկություն ունեն:
Անկողնուն գամված, կռնատ, հռոմեացի Կատակալոնի հրամանով կուրացած Գայլ Արշավիրի մտքերը շատ հեռուներն ու դեպի բուն պատճառի խորխորատներն են թափառում. «Այն ժամանակ դեռ չգիտեր, որ մեկը զորահանդեսում է շողում, մյուսը՝ մարտում: Կարծում էր՝ ամբողջը հավասարազոր միավորներից է կազմված: Թե՞ հոգնել էին ճակատագրից: Հոգնել էին Աստծուց: Քեզ լինի տվածդ: Մի երկիր ես տվել, հազար թշնամի: Կառուցելու համար երկու ձեռք ես տվել, հազար քանդող ուղարկել: Ետ առ տվածդ»:
Սա սիրո ու ատելության միջև տրորվող Արշավիրի ցավագին ճիչն է, որ նույն գիշերը, նույն մահվան մահճում Աստծո Որդու հետ հաշտվելու եզրեր է փորձում գտնել:
Այսօր՝ հազար տարի անց, չենք հեռացել մեր Տիրոջից, թեև «Դար կորստյանից» հետո էլ ունեցել ենք բազում կորուստներ, ի վերջո հաստատվել ենք մեր մի կտոր մայր հողի վրա, հաղթանակներ ենք կռում:
1980 թվականին մեր երիտասարդ հանճարը «կորստյան դարի» մատյանում գրում էր. «Զինվորները զինվոր դարձան, որի համար ծնվել, դաստիարակվել էին, և մարդակային ամենասոսկալի արարչությունը՝ պատերազմը, մտավ տարերքի մեջ: Կյանքն ու չգոյությունը նույնացան: Անշուք կյանքը պճնվեց պայքարի ու մահվան ճաճանչով: Սպանդի անիմաստությունը քողարկվեց թշնամության անթափանց շղարշով: Ու հոսեց արյունը մինչև ուշ երեկո՝ հագուրդ չտալով ոչ մեկին… Ո՞ւմ մեղքն էր ավելի մեծ այս անիմաստ սպանդում: Երկուսն էլ ցավագար էին: Մեկը հայրենիքի կորստյան ցավով էր դիվահարված, մյուսը՝ փառքի»:
Այսօր մենք ազգովի ո՛չ ցավագար ենք, ո՛չ էլ դիվահար, ողջախոհ ենք ավելի, քան երբեք: Մղում ենք մի կռիվ, որի նմանը չկա ո՛չ պատմության էջերում և ո՛չ էլ քարտեզի վրա… Բայց դիվահարված ցավագարները հիմա էլ կան մեզանում, որ «Կարծում էին՝ կարելի է կորցնել հայրենիքը, բայց պահել դիզած հարստությունը, կարծում էին՝ անհայրենիք էլ նախկին հարգանքն ու պատիվը կունենան» (էջ 200):
Հիմա մեր սուրբ հողում բուն դրած հարյուրավոր շքեղ ապարանքների տերերը՝ իրենց ծառաներով, աղախիններով, ցեղական շների համար հատուկ կերակուրներ պատրաստող խոհարարներով, աչքերը անմեղ ճպճպացնելով դեռ նայում են, թե ո՞նց կարելի է էս ամբողջից մի ծեղ անգամ բաժին հանել Արցախից փախստական երեխաներին, մայրերին, երբ նույն ժամանակ չունևորներն են մի բանով օգնության հասնում, երբ Չարենցավանի իր վարձով բնակարանում մի քանի ընտանիք է պատսպարում հայ հասարակ կինը:
«Ո՛վ անեցիներ, մտածում էր (Արշավիրը) մահվան մահճում,- կա՞ր գեթ մեկը, որին սիրեիք ու անմռունչ ենթարկվեիք, որի առավելություններն ավելի գնահատեիք, քան թերությունները, որին նախ հավատայիք, հետո կասկածեիք… Ի՞նչ էիք ուզում, ո՞ւմ էիք ուզում, որ փնտրեցիք ու չգտաք» (էջ 236):
Այսօր ետևում է մնացել կասկածելը, բոլորս հավատում ենք… սիրում ենք մեկմեկու, մեկս մյուսին չենք ատում… Նույնիսկ մեր մեջ հայտնված դավաճաններին ենք խղճում, թե՝ ո՞նց եղավ՝ մեր հավատի պոռթկուն արտերում սրանք որպես մի քանի որոմ աճեցին…
«Չէ՛, բոլորն էլ միայնակ էին: Բոլորն էլ իրենց միայնակությունից անխորտակելի վանդակ էին կռել և անհույս կրծում էին դրանց ճաղերը: Կրծում էին և եկեղեցիներ կառուցում, ամեն բարձրացրած եկեղեցի մի հոգու միայնության պատմություն էր: Վեստ Սարգիսը անգամ Խծկոնքում էր եկեղեցի կառուցում: Եկեղեցի էր կառուցում, բայց երկիրն էր կործանում: Բոլորն էլ կառուցում էին և կործանում: Ամեն մեկը փրկության իր ծրագիրն ուներ՝ հյուսած սեփական անձի շուրջը. և յուրաքանչյուրի ծրագրի կծիկը, փաթաթվելով մյուսի ոտքերին, կտրվում էր: Ոչ ոք չէր ուզում կործանել, բայց բոլորն էլ կործանում էին»:
Փա՜ռք Երկնավորին, կործանում էին, բայց չկործանվեցինք, փա՜ռք Երկնավորին, այսօր մեզ հետ է, միասնաբար խոցում ենք թշնամուն…
Ցա՛վ է, մե՜ծ ցավ է մեր լուսակիր երիտասարդների մահը, որի «մահ իմացյալ» լինելը աներկբա է:
«Հայաստանը Անի դարձավ: Անին Հայաստան չդարձավ: Պարսպապատեցին Անին անմատչելի ամրություններով: Երկիրը մնաց Անիի պարիսպներից այն կողմ և մոռացության տրվեց»,- մտորում է Արշավիրը մահվան մահճում:
Այո՛, մերօրյա «իշխանիկները», մինչև Երևանը պարսպապատելը, նախ իրենց դղյակները պարսպապատեցին, և Հայաստանը՝ իր հսկայական ծավալով, դուրս մնաց Երևանից, գյուղերի դատարկվելը ոչ մեկին անհանգստություն չպատճառեց: Մինչդեռ գյուղն է, որ օրհասի պահին պիտի կերակրի թշնամիներով շրջապատված մեր երկրի բնակիչներին:
«Փախչում էին, բայց չէին կարողանում ազատվել Հայոց բանակից: Սլանում էին քրտնաթոր, բայց որ կողմը շրջվում՝ հայ զինվորի էին հանդիպում: Հասան Ախուրյան և հուսահատությունից գետը թափվեցին, հուսալով, գոնե գետի ջրերում ազատվել հետապնդումից: Ախուրյանը արյուն դարձավ: Տարաբախտ գետը, որ մինչ այդ միայն իր զավակների արյան համն էր տեսել, հարբեց օտարի արյունով, մինչև երեկո խմեց ու չհագեցավ: Անկուշտ կոնծեց ու հորդացավ, տապալեց հոսքի դեմն առած դիակների պատնեշը, որ փոխարենը նորերը բարձրանան ու կրկին տապալի»:
Այսօր արդեն քանիերորդ օրն է թշնամու դիակները պառկած են բաց երկնքի տակ՝ անտեր, անտիրական:
Գայլ Արշավիրը գիշերվա մեջ՝ իր մահվան մահճում Աստծո դեմ կռվելով ու ապաշխարելու հնարներ փնտրելով, մարգարեանում էր, տեսնում էր կարծես 2020 թ. հոկտեմբերի առաջին կեսը:
Ահա թե ինչպես սկսվեց Ապրիլյան քառօրյան, որի մասին 1000 տարի առաջ մտորում էր նա. «Խաղաղության օրերն ամռան անհոգ ամիսների հետ աննկատելիորեն անցնում էին՝ իրենց հետ տանելով մահու ու կենաց պայքարում ձեռք բերածը: Խաղաղ կյանքը վերահաստատեց պայքարի ժամանակ մերժվածը: Նրանք, որ պայքարի ժամանակ մոռացության էին տրվել, աստիճանաբար կրկին առաջինը դարձան երկրում, իսկ նրանք, որ փայլել էին մարտադաշտում, կրկին անհայտության տրվեցին: Նրանք, որ պայքարի ժամին «դավաճանի» անուն էին վաստակել, կրկին «ճկուն քաղաքագետներ» կոչվեցին, իսկ ովքեր «քաջի» համբավ էին ձեռք բերել, կրկին «ըմբոստ ու անհուսալի» համարվեցին: Պատիվն ու հարգանքը կրկին բաշխվեցին ըստ արքայական պալատում ժպտալու, ժամանակին այցելելու և ժամանակին հեռանալու, ժամանակին խոսելու և ժամանակին հեռանալու, ժամանակին խոսելու և ժամանակին լռելու շնորհքի… Փոթորկի ժամանակ նոր հուն ելած կյանքը կրկին լճացավ իր դարավոր ափերում»:
Բայց, փա՜ռք Երկնավորին, իր սրտի ու հոգու ծալքերում տառապանքի հսկա կուտակումներ ունեցող մեր ժողովուրդը դուրս եկավ լճացումից, որ դեռ չէր հասցրել ճահճացում դառնալ:
«Ո՛վ հայոց զինվորնե՛ր,- մտածում էր մահվան մահճում (Արշավիրը),- այս հողի վրա, այս հողից բացի միայն ձեզ սիրեցի, միայն ձեզ նախանձեցի և ձեր առաջ ինձ փոքրոգի զգացի, մեղքի գիտակցումը, որ հետս պետք է գերեզման տանեմ, միայն այս հողի և ձեր հանդեպ է, որովհետև մյուսները ավելի վատին էին արժանի, քան տեսան»:
Փա՜ռք Երկնավորին, նորից ու նորից, մեր զորավարներն ու հրամանատարները, մեր ամբողջ ժողովուրդը այս պահին գտնվում են իրենց հիշողությունների ու կուտակումների բարձունքում՝ ուս ուսի:
«Ամեն սերնդի չէ, որ բաժին է ընկնում ազգի գոյության իրավունքը հաստատելու պատիվը»:
Դարձյալ մարգարեանում է մեր հանճարեղ գրողը, թեև բախտ չունեցավ մեզ նման ապրելու այս օրերը։
«Ուրիշինը տիրանալու ձգտողն անհայրենիք է: Նվաճողը, ողջ աշխարհն էլ գրավի, միևնույն է, որբ կմնա: Բայց մեկ է՝ իրենցը նրանց չեն տա: Եթե նրանց համար մեկ է՝ որտեղ ապրեն, իրենցը միայն սա է, եթե չկարողացան այստեղ ապրել, այստեղ կմեռնեն»:
«Շուրջն այլ ջոկատներից ու գնդերից զինվորներ էին խմբվել, թիկունք թիկունքի տված կռվում էին ու կռվում: Քանի՜- քանիսն ընկան, քանի՜- քանիսը հերոսացան անանուն ու անհիշատակ: Ընկածի փոխարեն նորն էր հայտնվում ետին շարքերից և ավելի անօրինակ հրաշքներ գործում: Նրանք, որ ողջ կյանքում երկրորդն էին եղել, ողջ կյանքում ետևից էին գնացել, այդ օրն իրենց համար էլ անսպասելի առաջինների մեջ առաջինը դարձան… ճակատամարտի ելքն արդեն վճռված էր: Եթե հայ զինվորը մահու ու կենաց կռվի է մտել՝ անպարտելի է, հայ զինվորը կա՛մ չի կռվում, կա՛մ հաղթում է…»:
Մահվան մահճում Աստծո հետ իր կռիվը չդադարեցնող Արշավիրը փորձում է խնդիրը լուծել հօգուտ մի ավելի մեծ բանի, քան Աստված է: «Չէ՛, Գայլ Արշավիրը միայն իրեն ծնած այս հողի անմահությանն է հավատում… Իրեն ոչ ոք չի սովորեցրել սիրել այս հողը, բայց ամեն ինչից վեր այս հողն է սիրել, բոլորի մեջ՝ այս մի կտորը»…
Սակայն ի սկզբանե ենթադրելի էր, որ նրա հետ մարտ Մղողը և Մարտավկան է լուծելու վեճը, և դա լինելու է հօգուտ Աստծո Որդու: «…քեզ ո՞վ էր ասում ժխտեիր խաչն ու Տիրոջ Միածին Որդու քավությունը և շալակդ առնեիր ցեղիդ մեղքը»…
Մինչդեռ մեր Տերը կոչ էր արել մեր ու մեր ցեղի մեղքերը չշալակել, այլ դնել Իր վրա, և քավության մասին այս խոհը արդեն իսկ Արշավիրի վերջնական խոսքն է ու հաշտությունը ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ հետ… Չէ՞ որ նրա գիտակից կյանքն սկսվել էր Հոգյաց վանքի տանիքին ՆՐԱ երկրորդ գալստյանն սպասելով…
«Եղածը կես գրկաչափ է, բայց թվում է՝ ողջ երկիրն է կրծքով փակել: Գրկել է և ոչ մեկին չի տա այդ մի կտոր հողը»:
Սա Արշավիրի վերջին խոհն է, վեպի վերջին ակորդը և հանճարեղ գրողի պատգամը, որ մարգարեություն է դառնում այսօր…

Ընդգծումներն իմն են։ Մեջբերումները՝ Վարդան Գրիգորյանի «Պատմավեպեր» գրքի «Դար կորստյան» վեպից (Երևան, «Նաիրի», 2011 թ.)։

One thought on “ԴԱՐ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  1. Ճիշտ ժամանակին հիշատակված գիրք, փայլուն շեշտադրումներով։
    Շնորհակալություն, Վարդան, շնորհակալություն, Ալիս։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։