Զորի ԲԱԼԱՅԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԲԱՆ
Որոշ ժամանակ առաջ ես պարզապես ստիպված էի գրել բաց նամակ՝ հասցեագրված ընթերցողներին, որոնց ձեռքը կարող էր ընկնել լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գիրքը: Բանն այն է, որ ծանոթագրության մեջ ընդգծվում է, թե ստեղծագործության գլխավոր հերոսը հայ ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանն է: Հաշվի առնելով, որ գիրքը ծայրեծայր լցված է բարոյական առումով անթույլատրելի հերյուրանքներով և խեղաթյուրումներով, որոնք վիրավորում են իրական, հայտնի պատմական անձանց և առանձնապես Գուրզադյանի ընտանիքի անդամների արժանապատվությունը, ովքեր, ի դեպ, բողոքով դիմել են դատարան, գրքի հեղինակը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի ներկայությամբ ինքն առաջարկեց գիտնականի անունը հանել դեռևս չտարածված տպաքանակից: Դա, իհարկե, խնդրի լուծման ձև չէր, բայց գոնե մի ինչ-որ ելք էր:
Սակայն օրերս Աղաբաբյանը Հայաստանով մեկ հնչեցրեց (գրքի շնորհանդեսի վերաբերյալ «Հայլուրի» ռեպորտաժում) գիտնականի անունը՝ կապված «Մենակը» գրքի հետ և դրանով խախտեց մեր պայմանավորվածությունը: Ստեղծված բարդ իրավիճակում, մանավանդ, նկատի առնելով Գրիգոր Գուրզադյանի ընտանիքի ծանր հոգեկան վիճակը, իմ պարտքն եմ համարում հրապարակել նամակս:
Ոչ մի կասկած չունեմ, որ «Հայլուրի» խմբագրությունը, ինչպես նաև իմ կողմից խորապես հարգված գործընկերներս, որոնք, հանդես գալով եթերում, Առաջին ալիքի հաղորդման մեջ իրենց ջերմ վերաբերմունքն էին արտահայտել մեծ գիտնականի հանդեպ, ոչինչ չգիտեին Գուրզադյանի ընտանիքում ստեղծված դրամատիկական իրավիճակի մասին:
Այդ մարդու հետ շատ վաղուց ապրում ենք նույն սանդղահարթակում: Տասնյակ տարիներ: Ինչպես ասում են՝ ընտանիքներով բարեկամացած ենք: Հարգում և սիրում ենք միմյանց: Նա ինձնից շատ ավելի տարիքով է: Եթե հաշվի առնենք, որ շուտով ութսուն տարիս եմ բոլորելու, դժվար չէ պատկերացնել, թե ինչ պատկառելի տարիքի է իմ հարևան Գրիգոր Գուրզադյանը: Այո, հենց այն նույն ականավոր աստղաֆիզիկոսը, ով տիեզերք արձակեց «Օրիոն-2» արտամթնոլորտային աստղադիտարանը: Ես նրա մասին շատ եմ գրել: Դրանք ակնարկներ էին տարբեր հրատարակություններում, այդ թվում՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթում: Վերջին հոդվածը նվիրված է եղել գիտնականի, փիլիսոփայի, նկարչի 90-ամյակին:
Ահա արդեն մի քանի տարի է, ինչ Գրիգոր Արամովիչը գամված է անկողնուն: Թերևս ես միակն եմ, որ հաճախակի այցելում է նրան: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ապրում ենք նույն սանդղահարթակում: Անցնելով նրա դռան մոտով՝ ես չեմ կարող չհիշել, որ այնտեղ, քիչ հեռվում, բազկաթոռի մեջ նստած է սրտիս թանկ ու մտերիմ մի մարդ, ում ճանաչում է ոչ միայն Հայաստանը: Նստած է անշարժ: Նա ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում: Բայց, բարեբախտաբար, սիրտը ռիթմով բաբախում է կրծքում: Նշանակում է՝ ապրում է: Հիշենք իմաստունին. «Dum spiro, spero» (Քանի դեռ շնչում եմ, հուսով եմ): Այո, ապրում է: Բայց նա ծանր հիվանդ մարդ է՝ արդեն ոտք դրած տասներորդ տասնամյակ: Նա մտածում է, դատում, հիշում… Հիշելու բան շատ ունի: Ամեն անգամ, երբ ես գնում եմ մոտը, նրա անուշիկ կին Մարիաննան ամուսնու ականջին է հարմարեցնում լսողական սարքը, և զրույցն ընթանում է ոչ առանց դժվարության:
Երբեմն, նայելով այդ, ես կասեի, դրամատիկական վիճակին, սրտիցս արյուն է կաթում: Եվ եթե միայն որևէ մեկն իմանար, թե այսօր որքա՜ն ծանր է Մարիաննայի համար: Արդեն մի քանի տարի՝ օր ու գիշեր, այդ կինն անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեծ գիտնականի սիրտը շարունակի բաբախել: Դժվար չէ ենթադրել ու զգալ, թե ինչպիսի դժվարություններ է կրում նա, այդ, հիրավի, մեծ նվիրյալը: Այդ մասին նույնպես գրել եմ: Սակայն հիմա գրիչ եմ վերցրել միայն այն պատճառով, որ չեմ կարող լռել…
Մի քանի օր առաջ ինձ զանգեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և ասաց, որ Աշոտ Աղաբաբյանը (խոստովանեմ, վաղ ժամանակներից իմ կողմից հարգված «Սովետական Հայաստանի» գլխավոր խմբագիրը) գիրք է գրել Գուրզադյանի մասին, և անհրաժեշտություն կա հեղինակի հետ այցելել վեպի հերոսին ու նրան հանձնել, այսպես ասած, պրեզենտը: Մի որոշակի տրամաբանությամբ մտածեցի, թե Գուրզադյանն ու տնեցիները, անշուշտ, գիտեն իրադարձության մասին: Վերջիվերջո, գրքի հրատարակումն իրոք բոլոր ժամանակներում իրադարձություն է համարվել: Շուտով զանգեց և «Մենակը» գրքի հեղինակը՝ չհապաղելով ընդգծել, որ այն ստեղծվել է գիտնականի հետ երկար զրույցների, որոնք ձայնագրվել են ժապավենի վրա, ինչպես և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա: Եվ ես կազմակերպեցի հանդիպումը Գուրզադյանների հետ:
Բաց թողնենք բոլոր մանրամասներն այդ հանդիպումից, որի ծանրությունն ընկած է, այսպես ասած, իմ խղճին: Եվ ոչ էլ պատրաստվում եմ վերլուծել գրքի գրական արժանիքները, «գիտական» անվերջանալի ոչ թե հորինվածքները, որոնց իրավունքն ունի յուրաքանչյուր գրող, այլ գլխից դուրս հերյուրանքները, ինքնակամ ու ակամա ուղղակի վիրավորանքները ոչ միայն բազմաթիվ հայ գիտնականների, այլև նույնիսկ Գուրզադյանների ընտանիքի հասցեին: Հեղինակին հավանաբար թվացել է, թե այստեղ դրությունը փրկում է այն, որ մի երկու-երեք գլխավոր հերոսների անուններ մտացածին են: Թեև արդեն անոտացիայում և նախաբանում սևով սպիտակի վրա բերվում են կոնկրետ անուններ և հայ աստղաֆիզիկոսի կողմից տիեզերք արձակված արտամթնոլորտային աստղադիտարանների անվանումները: Անհավատալի է, ինչպե՞ս կարելի է այդպես լկտիաբար ծաղրել բուն իրողությունները: Գրո՛ղը տանի, ի՞նչ կասեն մեր մասին նրանք, ովքեր կկարդան գիրքը, որում, իբր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի մեծազոր անդամները, մարշալները, միութենական ակադեմիկոսները ստորաքարշորեն քծնում են, պետք է ազնվորեն խոստովանել, այն ժամանակ դեռևս իրենց քիչ հայտնի հայ աստղաֆիզիկոսին, որը նույնիսկ հանրապետության Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ չէր: Տպավորությունն այնպիսին է, ասես այդ բոլոր պետական գործիչները և ողջ աշխարհին հայտնի գիտնականները ծնկաչոք սողում էին ու պաղատում հայ գիտնականին՝ փրկել խորհրդային տիեզերագնացությունը: Ընդ որում, ընթերցողներին համոզելու համար, թե խոսքն իրական մարդկանց և իրադարձությունների մասին է, գրքի վերջում անուն առ անուն բերվում են նրանց համառոտ, փաստագրական կենսագրությունները, դրանով հավատացնելով ընթերցողին, թե ամեն-ամեն ինչ վերցված է կոնկրետ կյանքից: Ինչպե՞ս կարելի է այդ աստիճանի գռեհկությամբ բացել տաղանդավորագույն գիտնականի և քաղաքացու կերպարը, որն այնքան շատ բան է արել մեր ժողովրդի և մեր գիտության հեղինակության համար:
Ես հեռու եմ այն մտքից, թե պետք է ոչնչացնել այդ գիրքը, շատ լավ իմանալով, թե հարց լուծելու նման մեթոդից ինչ հոտ է գալիս: Այդ իսկ պատճառով էլ ցանկանում եմ ընդամենը նախազգուշացնել ընթերցողին, որ հեղինակը, բացի ամենայնից, աննրբանկատ է վարվել արդեն այն պատճառով, որ օգտագործել է ձայնագրություններ այն մարդու հետ զրույցներից, որը, կրկնում եմ, շատ ծանր և շատ լուրջ հիվանդ է: Դա ոչ միայն աննրբանկատ վարմունք է, այլև անբարո և նույնիսկ վտանգավոր:
Ցանկանում եմ նաև խոստովանել ընթերցողներին, որ ինձ համար ահավոր ծանր էր գրել այս նամակը: Մնում է միայն ավելացնել, որ գրողի համար ամենասոսկալին նրբազգացողության կորուստն է: Սարսափելի է, երբ գրքից բարություն չի տարածվում: