Պոեզիայի տոն Արևշատում

Արդեն երկրորդ տարին է, որ Շիրակ աշխարհի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցից մեկնարկում է «Մետաքսեի պոեզիայի օրեր Շիրակի մարզում» ամենամյա փառատոնը, որը բանաստեղծուհու պոեզիայի սիրահարների նվիրումն է:
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Մետաքսեի անվան դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը, համայնքապետ Սայադ Խաչատրյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, իսկ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը և «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը նաև փառատոնին մասնակից դպրոցականներին նվիրեցին իրենց հրատարակած ամսագրերից ու գրքերից:
Դպրոցի դահլիճը լեցուն էր Մետաքսեի բանաստեղծական շնչով: Արևշատի, Սառնաղբյուրի, Գյումրիի, Մեղրաշենի, Մեծ Մանթաշի դպրոցականներն իրենց ասմունքով հնչեցրին Մետաքսեի ոգեղեն բառն ու խոսքը: Ծափողջյուններով ընդունվեցին Արևշատի «Արմինա» պարային համույթի և Կարեն Մայիլյանի ելույթները: Ինքնատիպ ասմունքով, դուդուկի հնչյունների ուղեկցությամբ, հանդես եկան Դիաննա Առաքելյանը և Արման Մելոյանը: Մետաքսեի դուստր, բանաստեղծուհի Լիլիթը փառատոնի մասնակից տասներեք դպրոցականներին իր և դպրոցի կողմից հանձնեց շնորհակալագրեր, իսկ փառատոնի կազմակերպման և աջակցման համար պատվոգրերով պարգևատրվեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, տեղակալ Գևորգ Ղումաշյանը, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Երևանի «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, համայնքապետ Սայադ Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Փառատոնին մասնակցում էին նաև գեղանկարիչ, Գյումրիի գեղագիտական կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, արձակագիր Սաթենիկ Ղազարյանը:
Փառատոնի ավարտին ջերմ շնորհակալական խոսքից հետո բանաստեղծուհի Լիլիթը դպրոցին հանձնեց բարերարներ Բագրատ և Սեդա Նազարյանների նվերը՝ երեք համակարգիչ:
Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։