Հայագիտության բոլոր բնագավառների մեծ նվիրյալը Երվանդ Շահազիզ- 160 / Անի ԱՎԱԳՅԱՆ

Գրող, գրականագետ, պատմաբան, ազգագրագետ և, վերջապես, սիրված աշտարակցի: Շահազիզյանցը միակն էր, ով երկար ուսումնասիրություններից հետո հանձն առավ գրի առնել իր բնակավայրի ամբողջական պատմությունը: «Աշտարակի պատմությունը» ոչ թե լոկ տարեթվեր ու անուններ են, այլև ներկայացվում են ծննդավայրի պատմական իրադարձությունները՝ ավանդույթներով, ծիսակարգերով, տոհմածառերով, հայտնի մարդկանցով, համ ու հոտով: Հեղինակ է պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների՝ «Նոր Նախիջևանը և Նոր Նախիջևանցիք», «Պատմական պատկերներ», «Հին Երևան» և այլն: Բանասիրական ուսումնասիրություններ է կատարել հայոց մեծերի՝ Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Ռաֆայել Պատկանյանի, Սմբատ Շահազիզի գրական գործունեության մասին:
Երվանդ Շահազիզին ենք պարտական Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման համար: Նրա անձնվեր, հայրենասիրական ջանքերի շնորհիվ է Նոր Նախիջևանից Հայաստան տեղափոխվել արխիվային և թանգարանային վիթխարի հարստություն: Գրականության և արվեստի թանգարանը գրողի 160-ամյա հոբելյանը տոնելու համար միջոցառում էր կազմակերպել Շահազիզյանցի հայրենիքում՝ Աշտարակում:
Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տոնական մթնոլորտ էր: Գրողի գիտամշակութային վաստակը գնահատելու համար հավաքվել էին արվեստագետներ, գիտնականներ, մանկավարժներ: Թանգարանում ներկայացված էին մասունքներ, գրառումներ, հոբելյարի մասին պատմող գրքեր, հոդվածներ, իսկ աշտարակցիները հիշում էին պատմություններ հարազատ հայրենակցի մասին:
Երվանդ Շահազիզի գործունեությունը ներկայացնելը համեմվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով՝ քանոն, շվի, երգ և ասմունք: ժամանակի հետ համընթաց քայլելով անհրաժեշտ է նաև պահպանել ազգայինը սուրբ մասունքի պես. ներկայացվեցին նաև Տերյան մշակութային կենտրոնի դիզայներական աշխատանքները՝ տարազներ՝ նոր ոճային լուծումներով: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող Գոհար Գալստյանը և այլք:
«Մեծանուն այս աշտարակցին խոշոր հետք թողեց հայագիտության բոլոր բնագավառներում՝ որպես պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, գրականագետ»,- ասաց Կարո Վարդանյանն ու ավելացրեց.- «Մեր ժառանգությունն այս առումով ծովածավալ է, միայն ցանկանում եմ, որ այս հնչեղ անունը միայն դեպքից դեպք, հոբելյանից հոբելյան չհիշատակվի, այլ՝ ավելի հաճախ»:
Անդրադառնալով Երվանդ Շահազիզի գործունեությանը, Մշակույթի ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը նշեց, որ նրա կատարած աշխատանքի հիմքում ընկած էր մեծ հայրենասիրությունը, ուշադիր վերաբերմունքը դեպի մարդը, մշակույթը, դեպի ազգային արժեքները, որոնք պետք է հարատևեն այն սերնդի միջոցով, ում կրթում էր վաստակաշատ մանկավարժը: Նրա թողած մշակութային մեծ արժեք ներկայացնող ժառանգությունը, ուսումնասիրվելու և ապրելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա անմահ զավակներ ծնող հայ ժողովուրդը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։