Գիտաժողով՝ նվիրված Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին

Հոկտեմբերի 26-27-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են հայ մեծ գեղանկարչի աշխատանքները: Զեկուցումները Մ. Սարյանի արվեստի ու տուն-թանգարանի հիսունամյա գործունեության մասին էին, որոնցում մասնավորապես նշվում էր, թե ինչպես են այդ թանգարանները տարիների ընթացքում համալրվել Սարյանի աշխատանքներով, ինչպես են պահպանվում և ցուցադրվում:
Բացելով գիտաժողովը՝ Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նշեց, որ Մարտիրոս Սարյանն իր տեղն ունի համաշխարհային արվեստում, նրա գործերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչի մասին վկայում է տարեցտարի ավելացող այցելուների թիվը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հպարտությամբ նշեց, որ բախտ է ունեցել հանդիպելու մեծ վարպետին և տեսել է, թե ինչ ջերմություն է տիրում նրա ընտանիքում: Ապա անդրադառնալով թանգարանի գործունեությանը՝ նա ընդգծեց, որ նման գեղեցիկ թանգարան Հայաստանում չկա, իր որակով չի զիջում աշխարհի շատ թանգարանների:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց թանգարանի դերը, հատկապես շեշտելով Մարտիրոս Սարյանի և գրականության ու հայ գրողների հետ ունեցած կապը: Նա հիշատակեց, որ 2012 թ. թանգարանը հրապարակեց «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմը, որը արժանացավ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակին: Նա անդրադարձավ նաև Օսիպ Մանդելշտամի և Մ. Սարյանի բարեկամական կապին, նշելով, որ թեև այդ մասին քիչ է խոսվում, սակայն Օ. Մանդելշտամը Հայաստանն ընկալել ու ճանաչել է նաև Մ. Սարյանի նկարների միջոցով: Եվ դա նրա կարծիքով առիթ է դարձել Օ. Մանդելշտամի՝ Հայաստանին նվիրված շարքի ստեղծմանը:
Հոկտեմբերի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։