Աշունը պոեզիայում

Հոկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ՝ «Աշնանային երգեր» խորագրով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ տարիներ շարունակ աշնանը Արևշատ Ավագյանի գլխավորությամբ հայտարարվում է պոեզիայի օր, երբ բանաստեղծները հավաքվում և կարդում են աշնան մասին իրենց բանաստեղծությունները: «Ես չեմ հիշում որևէ մեծ բանաստեղծի, որ աշնան թեմայով գրած չլինի, աշնանային տրամադրությունների քուրայով անցած չլինի»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և ընթերցեց բանաստեղծություն՝ նվիրված աշնանը:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը տեղեկացրեց, որ Գրողների միության պոեզիայի բաժանմունքը տարին երկու անգամ անցկացնում է գարնանային և աշնանային պոեզիայի ցերեկույթներ, որոնց մասնակցում են ՀԳՄ անդամները, և դա յուրատեսակ տարեկան հաշվետվություն է ստեղծագործական առումով: «Ե՛վ ամռանը, և՛ ձմռանը բանաստեղծություններ ենք գրում, ստեղծագործում ենք, և բանաստեղծական զգացողությունները մարդկային թանկ զգացողություններ են, որոնք հոգևոր սնունդ են տալիս, հանապազօրյա հացի նման անհրաժեշտ են, որպեսզի կյանքն ավելի գեղեցիկ, զգայուն ու նուրբ դառնա»,- ասաց Ա. Ավագյանը:
Աշնանը նվիրված բանաստեղծություններ կարդացին բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Վահան Անդրեասյանը, Նոնա Պողոսյանը, Ռուզան Ասատրյանը, Շանթ Մկրտչյանը, Կարինե Աշուղյանը, Հերմինե Նավասարդյանը, Արտավազդ Նազարյանը, Արսեն Համբարյանը, Ռազմիկ Գալստյանը, Նիկոլայ Շահնազարյանը, Մանիկ Աճեմյանը:
Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Արսեն Համբարյանը: Գրական ցերեկույթը սկսվեց և եզրափակվեց Շառլ Ազնավուրի երգերով:
Սեփ. լրտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.