Հոկտեմբերի 12-ին Օշականում նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: Այդ առթիվ ՀԳՄ անդամներն այցելեցին Մ. Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ դրեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին:
Այնուհետև եկեղեցու դպրատանը կայացավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Մրցանակները շնորհվում են հայ գրականությունն այլ լեզուներով և օտարալեզու գրականությունը հայերեն թարգմանված լավագույն աշխատանքների համար: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Լոն Բլբուլյանին՝ ռուսերենից հայերեն, Արամ Թոփչյանին` անգլերենից հայերեն և Միխայիլ Սինելնիկովին՝ հայերենից ռուսերեն թարգմանական վաստակի համար:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ վերջին տարիներին ավանդություն է դարձել այդ մրցանակները հանձնել Մ. Մաշտոցի անունը կրող դպրատան սրահում: Նա կարևորեց այն փաստը, որ ոչ միայն Հայաստանի թարգմանիչներն ու գրողներն են արժանանում այս մրցանակին, այլև արտասահմանցի, սփյուռքահայ թարգմանիչներ, քանզի այդպիսով ընդլայնվում են թարգմանական գործի հոգևոր կապերը` հարստացնելով մեր լեզուն և տարածելով հայ գրականությունը այլ երկրներում:
Շնորհակալական խոսք ասացին մրցանակակիրները` Լևոն Բլբուլյանն ու Արամ Թոփչյանը: Ղուկաս Սիրունյանը, բնութագրելով Միխայիլ Սինելնիկովին իբրև հիանալի բանաստեղծի և քաղաքացու, տեղեկացրեց, որ նրան հանդիպել է 3 տարի առաջ: «Նա հիանալի գիտեր Հայաստանը, հայ ժողովրդի պատմությունը, անցյալն ու ներկան, հայ գրողներին և հայաստանագիտության իր իմացությունը վերածել էր բանաստեղծությունների»,- ասաց Ղ. Սիրունյանը:
Էդ. Միլիտոնյանը թարգ- մանական գործում ունեցած մեծ ծառայությունների համար ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Սոնա Սեֆերյանին: Այնուհետև ներկայացնելով մրցանակաբաշխության հյուր Կոնստանցե Յոնին (Գերմանիա), խոսեց Սաքսոնիա- Անհալթ երկրամասի գրական կազմակերպության և ՀԳՄ փոխհամագործակցության մասին:
Կոնստանցե Յոնը նշեց, որ, գտնվելով Հայաստանում, հիացած է Հայաստանի բնապատկերներով, ամենուր զգում է հայ մշակույթի, երկրի վիթխարի ուժը: Ապա կարդաց Ղուկաս Սիրունյանի «Սիզիփոսներ» բանաստեղծությունը, որ ինքը թարգմանել է գերմաներեն:
Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Սարգիս Վահագնը, Արամ Սեփեթճյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Անդրանիկ Խեչումյանը:
Իրենց կատարած թարգմանություններից կարդացին Լևոն Բլբուլյանը, Գագիկ Դավթյանը, Շանթ Մկրտչյանը, Նաթելլա Լալաբեկյանի բանաստեղծություններից կարդաց Արտեմ Հարությունյանը: