Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, բանաստեղծ և երգահան Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանն այցելել էր Շենգավիթի Գր. Նարեկացու անվան թիվ 137 դպրոց: Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ուսուցիչները և 7-ից 9-րդ դասարանների աշակերտները:
Տեր Թովման իր խոսքի մեջ շեշտեց գիրք ընթերցելու կարևորությունը: «Այն, որոշակի առումով, պաշտպանական քայլ է, ընթացք համընդհանուր ռոբոտացման դեմ: Ոչ մի համակարգչային տեղեկատվություն, ասենք, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» կամ Րաֆֆու «Սամվել» վեպերի մասին չի կարող փոխարինել այդ վեպերի կենդանի ընթերցանությանը: Գիրք ընթերցելն ուղեկցվում է տարբեր կարգի կենսական կարևոր երևույթներով, որոնք կերտում են ընթերցողի բարոյական, հոգևոր կերպարը, լցնում նրա էությունը հույզերով, սերմանում նրա մեջ գեղարվեստական ճաշակ, կենդանացնում նրա երևակայությունն ու զգայական աշխարհը: Այդ ամենը չեն կարող տալ համակարգիչը և համացանցը: Գիրք ընթերցելը բողոքի դրսևորում է համընդհանուր վազքի, ամենակուլ հոսքի, ապամարդկայնացման, ապաանձնայնացման դեմ»,- ասաց տեր Թովման:
Նա նվիրեց դպրոցի գրադարանին իր գրքերից, ընթերցեց իր տարբեր տարիների բանաստեղծություններից և ցուցադրեց տեսահոլովակներ իր երգերով: