Մեկ ջոջ քար կա ծովու պռունկ,
Սպիտակ աղբուր մի
էդ քարից կը թալի…
Էպոս, ճյուղ առաջին
Հեղափոխությունն առաջին հերթին ընդվզում է մի սահմանային վիճակ հասած իրողության, որն այլևս ներսուդուրսով չի համապատասխանում իրեն ծնած միջավայրին, որտեղ հանդուրժումը տեղը կորցրել է, հավատը հավաքական կամքով հաղթել է թևակախ հույսին և ճակատագրի ջղերով նշանազարկ արել իրեն, ապահովել հայ ոգու ժայթքումը` ազատական գեներով եկող կանաչ-կարմիր բոցով, որպես կյանքի շարունակականության Մարութա բարձր Աստվածածնի աննման լուսատու. «Դավիթ գնաց մոտ, ձե՜ռ էտու բոցին – ձեռ չէրեց:/Հո՜ղ թալեց վերան – չը հանգավ» («Սասունցի Դավիթ», Հայկական ժողովրդական էպոս, 1961 թ., Երևան, այսուհետ` մեջբերումներն այս գրքից):
Ներկա հեղափոխական Հայաստանի սոցիալ-քաղաքական համայնապատկերը, նրա մարտահրավերների լուծումները, այսպես թե այլ կերպ, ուզենք թե չուզենք, շարժվում են ինքնաբուխ, ասել է թե` բնական «սահմանադրյալ» տրամաբանության ծիրում: Փորձենք այն երևակել «Սասունցի Դավիթ» էպոսի ազգային իմաստության զուգահեռականներում, ինտերտեքստային և հիպերտեքստային նշանագիտական տիրույթում: Թեև էպոսի տեքստը հաճախակի է վերաձևվել` բերնեբերան անցնելով, ու ժամանակի կնիքը կրելով` իմաստավորվել որպես նշանային համակարգով ժողովրդական բանահյուսություն: Թեև նրանում գերակշիռ է մետաֆորիկ գեղարվեստականությունը, սակայն էպոսի ճյուղերն ու հեղափոխությունը հայկական համայնական ոգու համատեքստում նույնանում են ու ուղղորդվում ժողովրդի կենսագիտակցությամբ, պարզ ասած` ժողովրդավարության նշանակետերով: Ի՞նչ է մեզ հուշում դարերի ժամանակը կտրած ու փորձություններ անցած էպոսի իմաստությունը: Այն, որ անհայրենիք մարդը չունի շարունակականություն: Ենթադրելի է, որ սա հակառակն է որոշ «աշխարհաճանաչ խոհեմների» Ագռավաքարի ապազգային փիլիսոփայությանը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ճակատագրին անսահմանորեն սպասողի, հայրենիքը լքողի, ինչպես և համբերատար ցավ ու լլկում տանողի, հայրենադավ շահամոլի դավանանք: Ներկայումս, ցավոք, էպոսի` պարզից էլ պարզ ճշմարտությունը այնքան է վիճարկելիորեն խճճվել մետաֆիզիկ երևակայությամբ ու տեսաբանությամբ, որ այն տպավորությունն է, թե մի հիմար քար է գցել հորը, և հազար խելացի չեն կարողանում հանել: Հարց է առաջանում` ո՞րն է նպատակը: Այն որքան անորոշ է թվում, կարծես և նույնքան աշխարհաքաղաքական տեսանկյունից տրամաբանված, իբրև քարոզչություն առ այն, որ հայ մարդը հույսը պետք է դնի ուրիշի վրա, այսինքն` նա ոչինչ է, պետք է նստի ու սպասի` «ցորենը դառնա մասուրի չափ, իսկ գարին` ընկույզի», որ վայելի իբրև ողորմածություն տրված կյանքը: Այնինչ, «Սասունցի Դավիթ» էպոսի հորդորը` «աշխարք ավերվի, մեկ էլ շինվի», ինչ է, եթե ոչ անհնազանդության ու պայքարի կոչ, ավելի ստույգ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ նշանագիտական պայծառատեսություն: Այսինքն` դարերը ոտնատակած ժողովրդական իմաստությունը օրհնում է օրինաչափությունը հեղափոխության: Չի բացառում այն ու նրա հետ է կապում ազգային զարգացումն ու բարեկեցությունը. «որ գետին քո ձիու առջև դիմանա-Աշխարք քոնն է»: Աշխարհափոխություն – հեղափոխությունից հետո ձին, անշուշտ, հայրենապաշտ երազանք, ցանկություն, ապագա է, իսկ գետինը` հող, երկիր: Ուշագրավ է Դավթի` որպես ժողովրդի ամենափայփայած հերոսի նյութականից բարձր պահվածքը, երբ նա Սասունի թալանված ոսկին ու գույքը ազատում ու վերադարձնում է ժողովրդին. «Էդ ամեն լցրին Սասնու ամբարներ: / Սասուն էնպես էղավ, որ կը ճըճեր: // Դավիթ իր համար մենակ ձի մի առավ քարայրեն»: Այս տողերում է էպոսի` մեր օրերի համար նշանագիտորեն կանխատեսած հեղափոխությանն ավանդած իմաստությունը:
Ինչպե՞ս կարող է նման մտահորիզոնի ժողովուրդն ինքն իրեն բանտարկել քարայրում, պայքարի (հեղափոխական) ոգին վերածել ժամանակի քմահաճույքին տրված, անհեռանկարային ու կամազուրկ գաղափարի, որը Հայաստանի համար կործանարար փիլիսոփայություն է դարձել ու տարածում գտել իբրև Մհերի մեկուսանալը Ագռավաքարում անձի փրկարար միստիկ խոհաբանություն:
2018 թվականի հեղափոխության օրերին զարմանքով, հիացմունքով ու ցավով տեսա գյուղից քաղաք եկած, հպարտ քաղաքացի դարձած մի ծերունու ու փշաքաղվեցի` լսելով նրա ըմբոստ բղավոցը. «Մհերը հընչի փախավ պախկվավ քարի մեջ, ըտու ձին էդ վիր վրա կըշռի, ըտու անուն չի տաք, ես ըտու…»: Փոքր Մհերի մտածումների ներմուծված վարակն է հային թափառական դարձնողը` գաղթողին խանդավառելով սուբյեկտիվ ու անձնավորված արդարացումներով: Մհերությունը բառիս բուն իմաստով ապազգային երևույթ է, հետևաբար արդի ընթացաժամանակում հակահեղափոխական լուրջ դրսևորում ունի: Ընդհանրապես «Սասունցի Դավիթ»-ի էպիկականությունից դուրս է Փոքր Մհերի կերպարը: Գրականության տեսաբան Լ. Տիմոֆեևը կարծում է. «Եթե մարդը պատկերվում է զարգացման մեջ, սյուժետային ձևով` որպես ավարտուն բնավորություն, ուրեմն մեր առջև էպոս է: Եթե նա պատկերվում է իր առանձին հոգեվիճակում, առանձին զգացողությամբ` առանց սյուժեի, ուրեմն մեր առջև քնարերգություն է: …Մարդկային բնավորության պատկերման այս երկու եղանակները, որ ընկած են էպոսի և քնարերգության հիմքում, պատմականորեն այդքան կայուն են, քանի որ կապված են մարդու վարքի երկու հիմնական ձևերի հետ, որոնցից դուրս նա, ըստ էության, չի կարող իրեն դրսևորել. կա՛մ մարդը իրեն դրսևորում է գործողություններում, արարքներում, կա՛մ ընդունում է կյանք` ոչ թե արարքներ գործելով, այլ ապրելով իր կյանքը որոշող իրավիճակը»:
Հետաքրքիր է, որ էպոսում չի նշվում, որ Մհերը մտնում է Ագռավաքար: «Հասավ Վանա մոտ սարի մի տակ:/Մեկ քար մի պատահավ էդոր: /Էդ քարին Վանա քար կ’ասեն: /Ասաց. «Կանգնի, իմ թուր զարնեմ էդ քարին,/Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր,/Թե չկտրեց, մեղավորցեր եմ»:/Թուր որ էզար քարին,/Քար էրկու կողմեն փեղկվավ,/Ինք, իր ձին գնացին մեջ./Քար էկավ, իրար կպավ»: Ինչքան էլ ընդունենք, որ էպոսը ծածկագրված տեքստ է, այս դեպքում հստակ շարադրանքից երևում է, որ Մհերը ոչ թե գնացել է Ագռավաքար, այլ փակվել է քարայրում Վանա քարով, որովհետև չէր «մեղավորցեր», և այնտեղ հայտնվելն իր կամավոր ցանկությամբ չէր, բայց այնտեղ մնալն արդեն կամավոր է, քանի որ Վարդավառին և Համբարձումին նա կարողանում է դուրս գալ քարայրից, բայց… նորից վերադառնում է: Մինչ քարայրում հայտնվելը նա աշխարհներ էր ման եկել: Կնոջը` Գոհարին (Մհերին սպասելով միայնակ մահացել է), հուղարկավորել էր մոր` Խանդութի կողքին: Մոր և հոր գերեզմանների մոտ լսել է շիրիմից եկող մոր ձայնը. «Բոլ է ման գաս վեր աշխրքին,/Բոլ է ման գաս…/Քո տեղ Ագռավու քարն է,/Գնա Ագռավու քար»: Հոր գերեզմանին է լացել. «Հերի՜կ, վե՜ր էլի, հերի՜կ, վե՜ր էլի,/Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,/Աշխարքի էրեսեն անմաս եմ, էլի:/Հերի՜կ, վե՜ր էլի, հերի՜կ, վե՜ր էլի,/Էսօր մռմուռ ձուն էկեր է,/ Քո որդի Մհերի ոտքեր կը մռմռա:/Հերի՜կ, վե՜ր էլի, հերի՜կ, վե՜ր էլի,/Քո անուշ հոտուն փափագ մնացի,/Քո անուշ խոսքերուն կարոտ մնացի,/Էնքան մենակ աշխարք գնացի»: // Հոր գերեզմանեն ձեն եկավ, ասաց.//«Ո՜րդի, վի՛նչըխ անեմ,/Ո՜րդի, վի՛նչըխ անեմ,/Գույն, կերպ թափե էրեսես,/Լուս կտրվե աչքերես,/Օձ, կարիճ բուն դրե վերաս:/Բոլ է ման գաս վեր աշխրքին,/Բոլ է ման գաս…/Քո տեղ Ագռավու քարն է,/Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,/Որ գետին քո ձիու առջև դիմանա /Աշխարք քոնն է»: Մհերին Դավիթն անիծել էր. «Մհե՜ր, որ դու հետ ինձ կռիվ արիր,/Ինձի ամանչեցրիր,/Կանչեր եմ քաղցրիկ աստված,/ Անմահ ըլնիս, անժառանգ»:
Ուշագրավ է Դավթի անեծքը Մհերին, երբ այն մեկնաբանվում է ժամանակակից մտածողությամբ, որը փաստորեն աշխարհի քաղաքացուն չընդունող Դավթի բողոք-ուղերձն է տոհմուրաց ժառանգին. «Տէրթամ աշխարհ ման գալու,/Ես չեմ կարնա էստեղ նստի,/Ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունիմ»: Այսինքն` անժառանգությունը, գենային հիշողության բացակայությունը, ազգային շարունակականության ուրացումը, ըստ էպոսի տրամաբանության, բնորոշ է աշխարհի քաղաքացուն: Ահա թե ինչու Դավիթն ու Խանդութը հաստատապես ասում են` հերիք թափառես, վերադարձիր քո տեղը` արմատներիդ, այնտեղ է ազգային փրկության ոգին ու ոգեղենության կենսունականությունը:
Էպոսում չի նշվում` որտեղ է Ագռավու քարը, իսկ Վանա քարին էլ նա «պատահավ» ծնողների կամքը կատարելու, այսպես ասած, գուցեև դարձի ճանապարհին: Այդ դեպքում որտե՞ղ է գտնվում Ագռավու քարը, որը թերևս տարածք է, և էպոսն այն հուշում է պատկերանշանների (որոշակի նմանություն), նշան-ինդեքսների (պատճառահետևանքային հարաբերություններ), նշան-խորհրդանիշերի (ժողովրդային պայմանական նշաններ) միջոցով: Մեկ անգամ ևս ընթերցենք էպոսի վերջերգի հետևյալ տողերը. «Որ քարը կը բացվի, Մհեր`/Քառասուն ավուր ճամփա մեկ ժամվա կէրթա,/Քառասուն օր վեր քարերին կէրթա,/Ինչ հողի վերան ընկնի` ձին կը խանդակի, /Չը կարնա քելի, ետ կը դառնա»: Դավթի և Խանդութի` Մհերին ուղղորդած տեղը քար հաստատ չէր կարող լինել (այդ ի՞նչ քար է, որ Մհերը ձիով 40 օր պիտի անցներ, դա պարզապես քարքարոտ տարածք է նշանակում) և ոչ էլ փակ քարայր, ուր բանտված պետք է մնար ազատ ոգին: Դավիթն ինքը հենց ազատության ոգի է ու արգելափակման չէր ուղարկի զավակին, այլ կուղարկեր այնտեղ, որտեղ նա կիրագործեր աշխարհ շեն պահելու առաքելությունը, և, ի վերջո, այն պապենական անդաստան պիտի լիներ: Ահա թե ինչու Դավիթը գերեզմանից զավակին ձայնում է. «Աշխարք ավերվի, մեկ էլ շինվի», սա ոչ թե նշանակում է երկրագնդի կործանման նշան, այլ ժամանակակից լեզվով ասած` աշխարհափոխություն-հեղափոխություն, և դա որքան նման է նորօրյա հեղափոխական ձգտումներին:
Ագռավու քարի տեղին (հավանաբար Տոսպան (Վանա) բլուր) վերաբերող հետաքրքիր ավանդություն կա. «Նոյ զագռաւն արձակեաց: Եւ նա գնացեալ ոչ եկն վերստին ի տապան անդր վասն զի ընդ հարավ գնաց: Եւ լեռն` ուր նստաւ և բոյն արար` կոչի ցարդ Ագռաւուց քար» (գտնվում է Մասիսից հարավ) (Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969թ.): Ագռավը ջրհեղեղյան առասպելին առնչվող թռչուն է, նաև միջնորդ է ջրի ու ցամաքի միջև, ինչը վերջին հաշվով խորհրդանշում է Քաոսն ու Տիեզերքը: «Սասունցի Դավիթ» էպոսում Ագռավու քարի տեղը ընդհանրական է հիշատակվում. այն թերևս միայն կարելի է ենթադրել` անսալով ժողովրդական իմաստությանն ու ավանդություններին, տրամաբանորեն համադրելով էպոսում ընթացող գործողություններն ու տեղանքը խորհրդանշական տիրույթում. «Յուրաքանչյուր նշան երկկողմանի էություն է. մի կողմից` հենց ինքն է աշխարհում գոյություն ունեցող ինչ-որ օբյեկտ (առարկա, հատկություն և այլն), իսկ մյուս կողմից` նրա` որպես նշանի գործունակության առանձնահատկությունն այն է, որ նշանակում է հենց իրենից տարբեր ինչ-որ այլ բան, այսինքն` ինչ-որ այլ նշանակության օբյեկտ (առարկա)» (Սլավի-Ավիկ Հարությունյան, «Արվեստի նշանագիտական սահմանները»): Էպոսում նշանները միասին իմաստավորվում և պարփակվում են մեկ տարողունակ բառում` ՀԱՅՐԵՆԻՔ: Էպոսում հայի համար քարը ՆՇԱՆ է, քար ու աղբյուրը իրար հետ` ավելի որոշակի ՀԱՅՐԵՆՅԱՑ ՆՇԱՆ: Այս իմաստով, կարևոր է առաջին հայացքից երկրորդական թվացող Սպիտակ քարը, որի տակից աղբյուր է բխում (Ծովինարի տեսածի ասես կրկնությունն է), որը հանգուցալուծային դերակատարում ունի էպոսում աշխարհափոխություն-հեղափոխության նշանաիմաստով: Նրա շրջակայքում է, այսինքն` նրա կենսաէներգիայի տիրույթում է տեղի ունենում անկոտրում պայքարի, չընկճվողի ու հաղթող ոգու, բարու և չարին պատժելու, համայնական շահի, հայրենյաց նվիրումի անկեղծ ու անաղարտ դրսևորումները: Թերևս մի փոքր նախապատմությամբ մոտենանք Սպիտակ Քարին, որի տակից աղբյուր է բխում: Երբ Դավիթ գալիս է Սասուն, Ձենով Հովանը հեռվից տեսնում է ու ասում. «Քեռի Թորոս,/Էն տղան, որ ճամփուցը դո՜ւրս, ծուռ-ծո՜ւռ կը գա`/Էնիկ, վա՜յ թե, մեր ծուռ Դավիթն է, էկավ./Սասնա ճրագ վառվեց»: 2018 թվականին Հայաստանում հեղափոխությունը Ծուռ Դավթի ոգով եկավ ու զարմացրեց աշխարհը և վառեց վերստին ինքնագնահատումի Հայոց ճրագը: Ժամանակի ծիրում Հանրապետության հրապարակը Սասուն էր խորհրդանշում, իսկ ժողովրդական հեղափոխությունը Ծուռ Դավթի աշխարհափոխությունն էր:
«Շատեր կան` Դավիթ չե՜ն տեսած. /Էկած են` թամաշա՜ անեն, Դավի՜թ տեսնեն:/Շատեր էլ կան, Դավթին զարկելու ապով են էկած»: Դավիթը Սասունում առաջին անգամ, այսպես ասած, մարդամեջ մտավ, երբ տնից դուրս եկավ երեխաների հետ խաղալու. «Դավիթ գընաց մոտ ճժերուն, խաղաց:/Ճժեր լեպ արին, ճաներ զամեն մոտեն տարան:/Դավիթ ապտակ մէզար իշխանաց լաճերուն,/Լաճու մի վիզ ծռվեց»:
Վերջին հեղափոխությունը, որ դեռ շարունակական ընթացքի մեջ է և երկնում է չորրորդ հանրապետությունը Հայաստանի, անսպասելի սկիզբ ունեցավ: Սկսվեց անմեղ խաղով, երիտասարդական, ընտանեկան միջավայրի թլոլդավիթյան խաղ-տոնով: Հենց անփորձ տղայական ու աղջկական ոգևորության մեջ է ազատությունը, այն տարածվել ու մաքրել գիտե անցած ճանապարհը, մանավանդ երբ նրանք զգում են ավագների շնչառությունը ծոծրակներին: Մերօրյա դավթյան հեղափոխությունը ուխտավորի պես քայլելով եկավ ու մտավ մարդամեջ խանդավառ խաղով ու գենային թափով, անկեղծ նվիրումի անմիջականությամբ գետնին ամուր քայլ նետելով ու հոգու երկինքը ցնծալի ծափերի ծով դարձնելով: Հեղափոխության ճակատին հայկական էպոսն էր ՈԳՈՎ մյուռոն քսել: Հետևենք էպոսի խրատականությանը: «Դավիթ տավա՜ր կը տանի արածացնելու:/Էլան, տավար թողին առաջ:/Դավիթ ժողվե՜ց էդա տավար./Գնաց, էլավ Սասունա դաշտ:/Տավար բաց էթող, թավալավ, քնավ:// Քնուց որ ակահավ, նստեց, տեսավ`/Տավար բարձրացե. էլե քարափներու պռունկ:/ Էլավ, ընկավ հետև տավարներուն:/Էս դիր` խանդքներուց գելե՜ր, արջե՜ր փախան./ Ասաց.- Անիծե՜մ ես ձեր տիրու հեր, էլի՜ փախան: /Էնոնք փախան, Դավիթ ընկավ հետևներեն/……./ Ամե՛ն գազաններ ժողովեց, դաշտ լի՛ք արավ»: Հեղափոխությունն էլ բոլորին խառնեց ու ասաց` «խելոք-հիմար, քաջ ու վախկոտ, հարուստ ու աղքատ, հերոս ու դավաճան ու չգիտեմ ով, պիտի ապրեք իրավական թավշյա երկրում սիրով ու համերաշխությամբ` որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Բայց մի խնդիր է այստեղ ծագում. քանի որ Դավիթ խելացի խորհրդատու ուներ` հանձին Քեռի Թորոսի, իսկ մեր կառավարությունը կարծես դեռ հունի մեջ չի ընկել… Նորից դառնամ էպոսին: Ուրեմն էս Քեռի Թորոսը Դավթին բացատրեց` տավարն ինչ է, գազանն ինչ է, ու հասկացրեց, որ դրանք իրար հետ չեն կարող լինել: Դավիթ դարձավ լավ նախրորդ ու շենացրեց Սասուն, որովհետև Քեռի Թորոսն ասել էր նաև Սպիտակ Քարի տեղը, որի տակից աղբյուր է բխում, ու նրա շուրջը կյանքը աշխատանքային բարիով է իմաստավորվում, իսկ չարի հանդեպ ցասումով լցվում, որտեղ մատաղ, հարիսա են ուտում. «Աստվածածնա կիրակի օր ցասման ժամ կանեն,/Կէրթան ուխտ, պատարա՜գ կանեն./Պատարագ որ կանեն, հարիսա կը դնեն:/Հարիսա որ կը դնեն, ժամից որ կէլնեն,/Կը գան պատարագի տիրոջ մոտ, հարիսա կուտեն:/Էդ Աստվածածնա կիրակի օր ճաշոցին/Դավիթ զնախիր ժողվեց, տարավ արոտատեղ, Սպիտակ Քարի տակ, վե՜ր աղբրին»: Բնականաբար, ցասման հարիսա ուտողն էլ շատ լավ կտարբերի Մատաղավանքն ու Մատնավանքը, ուրացողին ու հավատարիմին, պարտադրված հակամարտության ու արդարություն ծնող պայքարի մեջ անցյալն ու ներկան: Եվ երբեք հանդուրժումը սահմանադրական մահակ չպիտի դառնա ժողովրդի կամքի ազատ ընտրության վրա: Անսահմանադրյալ էպոսի ոգին գրի տեսքով ու չբեկանվող օրենքի ուժով արտահայտված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Էպոսում Դավիթը` որպես ժողովրդի հավաքական ոգի, լավ գիտակցում է և կատարում է իր կողմից ընդունված իրավարար վճիռը, առանց դատ ու դատաստանի: Դավիթն ահա ինչպես է վերադարձնում Սասունից թալանված հարստությունը, որը երկար ժամանակ հարամի դևերը կողոպտել էին. «Գնաց, մտավ էնոնց քարայր:/ Մտավ ու ի՞նչ տեսավ./Որն իր խալու վրա պառկե,/Որն իրեն համար խա՛ղ կանի,/Որն իրեն տեղ պառկե, քնե,/ Որն էլ ուրախութե՛ն կանի:// Դավիթ որ էդ տեսավ` Դավթի աչքերը դարձան:/Դավիթ դարձավ ու էլավ դուրս,/Մեկ մեծ քար մի առավ, գրկեց,/Էկավ մտավ մեջ քարայրին,/Էդ քար դրեց քարայրի դուռ,/Որ էդոնք չէլնեն, չը փախչեն:/Դավիթ էնտեղ մեկ որ բոռաց,/Սարսափ թափավ հարամի դևերու վերան:/ Դևերու մեծ էնոր ձեն լսեց, ասաց./- Էլե՛ք, ծառայությո՜ւն արեք, որ չըսպանի մեզի:/Էնի Դավիթն է, էլեք վե՜ր:/Համա Դավիթ բռնեց, մեկ-մեկ էնոնց վիզ օլորեց,/Կտրեց, թալեց քարայրեն դուրս»: Այս հատվածը մեջբերելով` անսանք էպոսյան «համակեցության» ճշմարտությանը. Դավիթ չհավատաց հարամ դևերին և արմատական որոշում կայացրեց ու իրագործեց:
Պետք է իրավակարգով առաջնորդվել, գիտեմ, բայց ամեն բան իր չափի մեջ է գեղեցիկ ու հասկանալի, ի՞նչն է խանգարում, որ ձգձգվում է անցումային արդարադատությունը, ի վերջո այս հեղափոխությունը անհարկի սպասողական Փոքր Մհերի ագռավաքարյան հայեցակարգի մերժումն է, փիլիսոփայություն, որը ժողովրդին ոգելքման է տանում. «Երբոր ցորեն էղավ քանց մասուր մի,/Ու գարին էղավ քանց ընկուզ մի,/Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»:
Այսօր ագռավաքարյան իներտությունը մի պարզ ճշմարտություն է` ծալած ձեռքերը ծափ չեն տալիս: Էպոսը սթափեցնում է ու ասում. սա կործանարար է ազգային գիտակցության համար, որ հանգեցնում է ճամպրուկային տրամադրության, ինչն էլ աղետի` հայրենիքի պարպման: Եթե խնդիրն այդ անիծյալ մասուրն ու ընկույզն է, ապա մեր գլխում այնքան գիտություն է ամբարվել, որ դրանք արդեն կայացած բաներ են: Մեզ աշխարհի քաղաքացի Փոքր Մհեր պետք չէ, մեզ պետք է Աշխարհի հայ, սասունական քաղաքացի Դավիթ, որն ասում է. «Մեր ադաթ էն է, ով մեռնի,/Գլուխ դնի ազգականի ծնկան վերան,/Հոգին տա աստըծուն», իսկ «Որ ինձ տղա էլավ,/Անուն կը դնես Մհեր./Իմ հոր անուն գետին չը մնա»:
Հայաստանի հեղափոխությունը Ծուռ Դավթի վերածնունդն է, նա է այսօր առանձնապես ընդունվում և ընկալելի է որպես ժողովրդական ինքնակերտումի արդարամիտ կերպար, որը տաք ու մաքուր սիրտ ունի, ազնիվ է ու պատրաստ սխրանքի` ի բարօրություն իր ժողովրդի: