Յոզեֆ ֆոն ԱՅԽԵՆԴՈՐՖ / Հինգ բանաստեղծություն Յոզեֆ ֆոն Այխենդորֆից՝ Նաթելլային

Կախարդական
գավազան
Իրերում բոլոր կան քնած երգեր,
Ու երազում են իրերը անձայն,
Եվ սկսում է աշխարհը երգել,
Հենց որ գտնում ես բառը մոգական:

Լուսնալույս գիշեր
Երկինքը վերից խենթացած ասես.
Հողն է համբուրում սիրով կաթոգին,
Իսկ սա իր ծաղկանց ցոլանքով լուսե
Պատասխանում է սիրուն երկնքին:

Քամին խաղում է հանդերում արձակ,
Տարուբերվում են հասկերը հանդարտ,
Խշշում են մեղմիվ անտառ ու պուրակ,
Գիշերվա գրկում պարզ, աստղազարդ:
Եվ արթնանում է հոգիս, ձգվում վեր,
Ու լայն բացելով թևերը՝ խնդուն
Թռչում է ահա անդորր աշխարհներ,
Այնպես է թվում, թե թռչում է տուն:

Ձմեռային երգ
Երազ եմ տեսնում, ու երազիս մեջ
Հորս տան առաջ կանգնել եմ կրկին,
Եվ աչքերիս դեմ խնդությամբ անվերջ
Բացվել է ահա հովիտը մեր հին:
Քամին խաղում է ու ազատ թևում,
Գարնան այգու մեջ թարմ, սաղարթալից,
Եվ ծաղիկների թերթերը թեթև
Թափվում են վրաս ու ծածկում են ինձ:

Բայց երբ արթնացա, լուսինն էր տխուր
Անտառի վրա՝ մռայլ փայլով իր,
Եվ շուրջս դեղին լույսերի մեջ, լուռ
Փռված էր օտար, օտար մի երկիր:
Նայում եմ շուրջս և ինչ եմ տեսնում.
Ծաղկանց փոխարեն՝ ցուրտ ու սառույցներ,
Երկիրը՝ թաղված ձյուների ծոցում,
Իսկ ես ջահել չեմ, այլ ծեր ալեհեր:

Կապույտ ծաղիկը
Կապույտ ծաղիկն եմ փնտրում լուսազարդ,
Փնտրում եմ անդուլ, փնտրում եմ անքուն,
Երազն ասում է, որ ծաղկի մեջ այդ
Երջանկությունն է ապրում իմ թաքուն:
Ես թափառում եմ՝ առած տավիղն իմ,
Աշխարհներով եմ անցնում ես բազում,
Գուցե թե մի տեղ հոգուս մտերիմ
Ծաղիկը տեսնեմ՝ գտած երազում:

Ես այսպես անցա աշխարհներ անծիր,
Հույսով, հավատով փնտրեցի երկար,
Ավաղ, ոչ մի տեղ չհանդիպեցի,
Կապույտ ծաղիկը չտեսա, չկար:

Գիշերային ծաղիկ
Գիշերը ասես ծով լինի խաղաղ,
Եվ նման ալյաց ծփանքին վետվետ,
Ցավ, ուրախություն, տրտմություն ու վախ
Շփոթ՝ իջնում են մունջ գիշերվա հետ:

Իղձերը ասես ամպ են այս ժամին,
Նավում են նրանք տեղերով անհոգ,
Ո՞վ կհասկանա՝ թեթև այս քամին
Մտքե՞ր է ծնում, թե՞ երազնել լոկ:

Ծաղկի պես ես էլ փակվում եմ, լռում,
Եվ չեմ գանգատվում արդեն աստղերին,
Սակայն մնում են սրտիս խորքերում
Թակոցներն ալյաց մեղմ ու սրտագին:
Գերմաներենից թարգմանությունը`
Արա ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։