««Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ Եվ «Առավոտ լուսո»»… / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

Պարույր Սևակ բանաստեղծի, նրա ստեղծագործությունների, հայտնի և նորահայտ էջերի մասին, անշուշտ, բազմաթիվ անդրադարձներ են եղել բոլոր ժամանակներում։ Այս խոսքը թող դրանցից մեկը դառնա մեկ այլ դիտանկյունից՝ որպես խոնարհումի վկա այս՝ հոբելյանական տարվա շրջանակներում և իբրև ծագած մեծագույն հարցին ի պատասխան, թե բանաստեղծի ո՛ր ստեղծագործությունն ընտրել որպես նշանակետ՝ արդեն եղած բազմաթիվ անդրադարձների համատեքստում։
1969 թվականին, երբ գրականության բազմաթիվ մեծարժեք գործեր կրկին հայտնվեցին գրաքննության խոշորացույցի ներքո, անմասն չմնաց նաև Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն։ Եվ միայն տարիներ անց՝ 1992-ին, գիրքը դրվեց ընթերցողի սեղանին։ Մեր խոսքը վերաբերում է ժողովածուի միայն համանուն շարքին։
«…Եվ Աստված ասաց. «Եղիցի՛ լույս…»» /Ծննդոց 1. 1-3/։ Բանաստեղծի «Նորօրյա աղոթքը» գալիս է էջելու մի կողմից հավատի ու լույսի, մյուս կողմից՝ խավարի ու անհավատության գորշ ծանծաղուտը, որովհետև գալիս է՝ Լո՛ւյսը ծանրութեթև անելու այդ ամենի ներսում։ Մարել, մերժել և անգամ սպանել մարդկային կամ, ավելի ճիշտ, ոչ մարդկային այն ամենը, ինչը խտացնում է մութը, ինչն ավերում է իրականության անեղծ-իսկական դեմքը։ Ահա պարզ, դյուրըմբռնելի իրողություններից մեկը, որ վեր է հանում գրողը՝ կյանքի կոչելով Լույսը, լոկ ամենակալ Լույսը։ Եվ միայն զօրուգիշեր պայքարի արդյունքում գրողի ներսից ծորում է այն՝ հոսելով էջերում՝ բանաստեղծություն առ բանաստեղծություն։
Առավոտ լուսո՜,//Առավոտ մի ջի՜նջ,//Ջի՜նջ, ինչպես… ոչի՜նչ…
Գրողական նոր՝ գոնե միայն սեփական-անձնական աշխարհի արարման Լույսն է՝ նախասկիզբ որպես, բայց և բոլոր դեպքերում վեհ բարձունքում թե ճահճին մոտ՝ ստորոտում, նա հեգում է. «Եղիցի լո՜ւյս», հեգում է. «Լո՛ւյս, լո՜ւյս զվարթ…»՝ արդար գոյի՝ «շաղաոտըն առավոտի», և այն Լույսը, որ անձրևի պես պիտի տեղա այնպես.
Որ աշխարհում//Լոկ մի՛-միա՜կ ստվեր մնա,//Այն էլ միայն երկնի՛ վրա՝//Լոկ անձրևի՛ ստվերը կոր՝//Ծիածա՜նը…
Ապա կրկին ու կրկին Լույսի ծնունդի և կամ թե անմեռ գոյության պահանջն է՝ «Թողություն տուր, Տե՛ր, ծանըր խավարին» խնդրանք-պայմանով՝ ի տրիտուր վերջինիս ընդմիշտ-անվերադարձ հեռացումի։ Եվ թո՛ղ ժամանի Արշալո՜ւյսը։
Եթե մթության խտացումից է միշտ լույսը ծնվում,//Մի՞թե մենք կյանքում քիչ մութ ենք ծամել՝ հացի փոխարեն…//…Մութը՝ անասեղ՝ կարկատանել է մեր աչքե՜րն անգամ,//Իր գույնն է խառնել և մեր արյա՛նը,//Կարմի՜ր արյանը,//Որ չորանալիս սևանում է միշտ,//Եվ չոր արյամբ էլ սևն է շատանում,//Այսինքն՝ մութը։
Մյուս կողմից՝ հեղինակը կարևորում է մարդկային՝ իրական այնպե՜ս ու երբեմն (կամ ամենից հաճախ) անկախ մարդուց՝ պայմանների առկայությունը, երբ մութն է հետևից, մութն է առջևից, իսկ մարդը «երկու մթան նեղլիկ արանքում» սեղմվում է կամա թե ակամա, բայց սթափության կոչն է կիզակետում, թե՝
Չբթանանք այնքան, որ կարծենք,//Որ եթե մթան խտացումից է միշտ լույսը ծնվում,//Ապա կծնվի ինքնաբերաբար՝//Ինչպես Հիսուսը Միածին Կույսից՝//Մինչև իսկ առանց… «Եղիցի լույս»-ի…
Ահա։ Եվ որտե՞ղ է աղբյուրը լույսի. մի՞թե այն իսկապես մթության խտացումից է ծնվում, ինչպես «հունցում» է միտքը գրողը։ Հետևում է ևս մի պատկեր՝ կրկին ի հակադրություն մութի և Լույսի ակնկալիքով. «Վառեցեք լույսերը»։ Հետո ի՞նչ, որ. Երազել է տալիս մութը,//Իսկ երազել մենք չենք ուզում։
Եվ Լույսի ծնունդն ամենուր է՝ տողերում ու տողատակերում, երազում թե հարթմնի, ու միշտ, հար և միշտ հաղթում է Լույսը՝ անկախ մարտ ու պայքարի տեսակից, անկախ անգամ իր՝ Լույսի տեսակից՝ օր է, արշալույս է, արև է թե մաքրություն, և կամ թե այն պարզ մի մեղեդի է՝ վսեմ տաճարում։ Կարևորը՝ մթնոլորտը նույն պարզությամբ վերածվում է շքեղ «Լուսոլորտի»։ Եվ հենց Լույսով է ստեղծվում երկինք-երկիր, տիեզերք-երկիր անմեկնելի-անըմբռնելի կապը։
Պատացել է մութը արդեն վաղուց։//Ես հայացքով զարկվում նրա խավար պատին՝//«Լույս զվարթ» եմ երգում իմ մտքի մեջ//Եվ «Առավոտ լուսո»։
Սա բանաստեղծի երգն է՝ հիրավի բարձրաձայն ու հար լսելի և, անշուշտ, ի պահ բոլոր ժամանակներին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.