– Տիկի՛ն Բեգիջանյան, խոսենք տարածաշրջանում մեզ սահմանակից երկու երկրների՝ Ադրբեջանի և Իրանի ներկայիս հարաբերություններից: Ի՞նչ ազդեցություններ դրանք կրեցին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, և ի՞նչ զարգացումներ են նկատվում այժմ:
– Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմից հետո ակնհայտ լարվածության փուլ անցան, որն այս պահին, հարկ է նշել, հասել է իր գագաթնակետին: Իսկ ընդհանրապես, մինչև այս աղետալի պատերազմը Իրան-Ադրբեջան երկու երկրների հարաբերությունների մասին դիվանագիտական խոսույթում գերակշռում էր իսլամական, եղբայրական նոտան: Սրանք իրականում ընդամենը դիվանագիտական հաճոյախոսություններ էին: Նրանց միջև եղբայրական հարաբերություններ չէին կարող լինել մի շարք պարզ պատճառներով: Այս հարաբերություններում որոշիչը իսլամական գործոնն էր, որն Իրանը, իհարկե, չէր կարող անտեսել, որովհետև իսլամական աշխարհը, հատկապես Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը, որոնք Հայաստանը չեն ճանաչել, բոլորն էլ հավակնում են իսլամական աշխարհում առաջնորդի դերին, Իրանի վրա ճնշում էին գործադրում՝ քրիստոնյա Հայաստանի հետ սերտ հարաբերությունների համար: Իսկ Իրանը պարզապես աշխատում էր Հայաստան-Ադրբեջան հավասարակշռություն պահպանել, ինչպես ողջ աշխարհն էր վարվում՝ երկու կողմերին զսպվածության կոչ անելով: Իսկ հիմա՝ պատերազմից հետո, մեզ հետ են սիրալիր խոսում, ընդունում են, որ մենք ճիշտ էինք, իրենք՝ սխալ: Հրադադարի կնքումից անմիջապես հետո Իրանը պաշտոնապես շնորհավորում էր Ադրբեջանին՝ իր «օրինական» հողերը հետ բերելու առթիվ, իսկ իրականում նրանք այդ ամենին համաձայն չէին, և դա նրանց բնավ ձեռք չէր տալիս, պատերազմի հետևանքները՝ նույնպես: Մինչդեռ պատերազմի ընթացքում Ադրբեջանում Իրանի դեսպանը՝ Սեյեդ Աբբաս Մուսավին, որին ես միշտ բնութագրել եմ որպես թրքամետ հակումներով անձնավորության, հուզմունքով էր խոսում Գանձակի դեպքերի մասին: Նրան արդեն այլ դեսպան է փոխարինելու: Իմ հոդվածներում հաճախ եմ քննադատել նրա նման կեցվածքը: Ընդհանրապես, պատերազմից առաջ և անմիջապես հետո նշել եմ, որ Թեհրանը փոխհարաբերություններում խիստ կարևորում է իսլամի գործոնը՝ երբեմն անգամ երկրորդ պլան մղելով հայրենիքի շահերը, մեջբերելով Մուհամեդ մարգարեին վերագրվող հետևյալ թևավոր խոսքերը՝ «Հայրենասիրությունը հավատից է»: Ուզում էի ասել, որ եթե անգամ առաջնորդվեիք ձեր մարգարեի խոսքերով, դուք պե՛տք է լինեիք Հայաստանի կողքին, քանի որ դա բխում էր ձեր հայրենիքի շահերից:
Ինչպես ասացի՝ պատերազմից անմիջապես հետո սկսվեց լարվածությունը Իրանի ու Ադրբեջանի միջև: Դրա համար առիթ հանդիսացավ հատկապես այն, որ իրենց՝ այսպես կոչված «հաղթանակին» նվիրված շքերթի ժամանակ, երբ բարձրացվել էին Իսրայելի, Թուրքայի և Ադրբեջանի դրոշները, Թուրքիայի նախագահ Էրդողանն իրեն թույլ տվեց Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված բանաստեղծություն արտասանել: Դրա իմաստն այն էր, որ Արաքսից այն կողմ գտնվող ժողովուրդը (նկատի ուներ Իրանի Արևելյան ու Արևմտյան Ադրբեջան նահանգներն ու թրքախոս Ատրպատականի բնակչությանը) տենչում է միանալ «հայրենիքին»՝ Ադրբեջանին:
Պատմությունից մեզ լավ հայտնի է, որ 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը խիստ թուլացել էր, Օսմանյան Թուրքիան հարձակվեց Իրանի թրքախոս նահանգների վրա: Եվ հենց այդ երկրամասի ուժերին հաջողվեց թուրքերին հեռացնել սահմաններից: Ու դրանից անմիջապես հետո, երբ Ռուսաստանը գնաց տարածաշրջանից, օսմանյան թուրքերը հենց Իրանի սահմանին կից տարածքում՝ կովկասյան թաթարներով բնակեցված տարածքներում, ձևավորեցին Իրանի Ադրբեջան նահանգին համանուն Ադրբեջանի Հանրապետությունը՝ նպատակ ունենալով Իրանի նշյալ նահանգները՝ որպես «հարավային Ադրբեջան», միացնել նորաստեղծ այդ հանրապետությանը: «Ադրբեջանը» Իրանի պարսկերեն «Ազարբայջանի» ռուսականացված տարբերակն է: Այլ խոսքով՝ ըստ էության Ադրբեջան Հանրապետությունը ստեղծվել է ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության, հետևաբար՝ փոխադարձ անվստահություն ի սկզբանե ու ընդմիշտ նրանց փոխհարաբերություններում առկա կլինի: Դրանք չեն կարող երբևէ բարեկամական երկրներ լինել, թեկուզ դիվանագիտական ոլորտում հաճոյախոսության պակաս չզգացվի: Մինչև 2020 թ. պատերազմը Իրան-Հայաստան սահմանը՝ Արցախով հանդերձ, մոտավորապես 160 կմ էր, իսկ պատերազմից հետո դարձավ ընդամենը 40-45 կմ: Կորցրած սահմանը, փաստորեն, ամենամոտն է Իրանին, որտեղ արդեն եկել ու գործողություններ է սկսել Իսրայելը: Իսրայելի օգնությունն Ադրբեջանին, իհարկե, պայմանավորված էր ընդհանուր շահերով: Իսրայելի մոտեցումն այս էր. «Ես քեզ կօգնեմ, բայց դու ինձ հնարավորություն տուր քո տարածքից իմ թշնամու դեմ կռվելու»: Բացի այդ, ինչպես ամենատարբեր աղբյուրներով, միջազգային զլմ-ներով նշվեց՝ Իսրայելը Ադրբեջանին անհատույց մոտ 1 մլրդ 500 մլն դոլար է տրամադրել: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար:
Իրանն ու Հայաստանը այսպիսի մի ասույթ ունեն. «Մենք լավ օրինակ ենք, թե ինչպես կարելի է տարբեր կրոնների պատկանելով՝ բարեկամություն անել»: Սա ինձ համար առնվազն անիմաստ խոսակցություն է: Իսրայելն ու Ադրբեջանը միանգամայն տարբեր դավանանք ունեն, բայց երբ շահերը համընկնում են, արդյունավետ համագործակցում են: Որևէ հարաբերություն առանց շահի չի կարող լինել: Միակ օրինակը, երևի, մուրացկանին գումար տալն է: Նույնիսկ դա էլ վիճելի է:
– Ինչո՞ւ են հատկապես վերջերս սրվել Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Եվ ո՞ր հանգամանքն է Իրանի համար կարմիր գիծ դարձել:
– Իհարկե՝ առաջին հերթին Հայաստանի տարածքով այդ չարաբաստիկ միջանցքը բացելու շուրջ քննարկումները: Իրանի միակ վստահելի ճանապարհը դեպի Եվրոպա, բնական է, Հայաստանով ու Վրաստանով անցնող ճանապարհն է: Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող Իրանի համար վստահելի գործընկեր լինել: Այսպես կոչված «միջանցքի» գործարկմամբ Իրանի աշխարհաքաղաքական դիրքը մեծ հարված կարող է ստանալ: Եվ այդ հարվածը հասնում է ուղիղ Իրանի թրքախոս նահանգի ուղղությամբ: Այսինքն՝ Հայաստանից հետո հաջորդ թիրախը հենց Իրանի այդ սահմաններն են:
Պարզ մի օրինակ բերեմ: Քաղաքական գիտությունների իրանցի գիտնական դոկտոր (ծագումով Ադրբեջան նահանգից) Բահրամ Ամիրահմադյանի «Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները և ադրբեջանցիների տեսակետներն Իրանի վերաբերյալ» գրքում ուսումնասիրել է ադրբեջանական դասագրքերը՝ առաջին դասարանից մինչև ակադեմիա: Դրանցում կարմիր թելի պես անցնում է՝ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Հայաստանն է, երկրորդը՝ Իրանը, երրորդը՝ Ռուսաստանը: Նույնն էր նաև խորհրդային դասագրքերում, միայն թե այն ժամանակ առաջին տեղում Իրանն էր, հետո՝ Հայաստանը: 5-րդ թե 8-րդ դասարանի դասագրքում այսպես կոչված «մեծ Ադրբեջանը» հասնում է մինչև Թեհրան: Այսքանից հետո ինչպե՞ս կարող են բարեկամական լինել այս երկու պետությունների հարաբերությունները: Իրանը մինչև այժմ կարողանում էր այս հակասությունները կառավարելի պահել: Թուրք-ադրբեջանական և Ադրբեջան-Նախիջևան ապրանքատեղափոխում և ուղևորություններ տեղի են ունենում Իրանի տարածքով: Իրան-Հայաստան սահմանն Իրանի կարմիր գիծն է, որը նա թույլ չի տա հատել: Իրանն այժմ էլ Ադրբեջանին ավելի լայն ճանապարհ է առաջարկում իր տարածքով, բայց վերջինիս պլաններն ակնհայտորեն այլ են:
– Ի՞նչ է նախաձեռնում Իրանը իր երկիրն այս վտանգներից ապահովագրելու համար:
– Այս պայմաններում, վստահ եմ, Իրանն ամեն ինչ կանի. նախ՝ դիվանագիտական, ապա նաև՝ ռազմական ճանապարհով: Իսրայելի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նման «թեժացման» ծրագրեր կան: Իսկ որ Իսրայելն ու Իրանը թշնամական պետություններ են, այստեղ ոչ մի երկմտանք չի կարող լինել:
2020 թ. օգոստոսին ԱՄՆ-ում, Թրամփի միջնորդությամբ, կնքվեց «Աբրահամի համաձայնագիրը», որով Արաբական Միացյալ Էմիրությունները ու Բահրեյնը Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ են հաստատել: Դրան միացած երկրների թիվն արդեն հասել էր 5-ի: Աշխատանքներ էին տարվում Սաուդյան Արաբիան՝ որպես արաբական աշխարհում կարևոր պետություն, նույնպես ներգրավելու ուղղությամբ: Եթե սա ավարտին հասցնեին, կարող էր Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծվել, քանի որ Սաուդյան Արաբիա-Իրան փոխհարաբերությունները 2016 թ.-ից խիստ լարված էին: Իսկ Պարսից ծոցի արաբական երկրները հիմնականում ենթարկվում են Սաուդյան Արաբիային: Հիմա, երբ Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները կարգավորվում են, Իսրայելի այս նախագիծն այլևս երկրորդ պլան է մղվել: Սա է պատճառը, որ վերջինս մեծ ջանադրությամբ աշխատում է Ադրբեջանի հետ համագործակցելու ուղղությամբ: Էրդողանն՝ ինքը տարբեր առիթներով ասել է, որ Իրանը Ադրբեջանի վրա ոչ մի պարագայում չի կարող հարձակվել, քանի որ նրա թիկունքին կանգնած է նաև Իսրայելը:
Պետք է նկատել, որ ներկայումս Թուրքիայի բնակչության շուրջ 60 տոկոսը Ադրբեջանը համարում է Թուրքիայի վիլայեթ: Ադրբեջանն այժմ Թուրանի ստեղծման ճանապարհին մի գործիք է և իր հերթին իմանալով, որ նման աջակիցներ ունի, ավելի վստահ ու ազատ է գործում:
Ներկայումս լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, լուրջ վերաձևումներ: Հայաստանն այժմ գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Եվ ես վստահ եմ, որ հենց այս պահին մենք իրավունք ունենք համագործակցելու բոլոր այն երկրների հետ, որոնց հետ ընդհանուր շահեր ունենք: Եվ ոչ ոք մեզ չի կարող մեղադրել դրա համար:
– Վտանգ չե՞ք տեսնում հենց Իրանի կողմից: Բացառո՞ւմ եք, որ պատմությունը կրկին վերադառնա ի շրջանս յուր:
– Ո՛չ, բնավ: Իրենց պետք է, որ այդ սահմանը հենց հայկական լինի: Չնայած Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները սերտանում են, երբեմն խոսվում է դրա ռազմավարական նշանակության մասին, բայց Իրանն ասում է. «Ես ճանաչում եմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»: Սրանով արժանանում է Ռուսաստանի ոչ բարյացակամ վերաբերմունքին, ինչի ապացույցն այն էր, որ երբ Իրանի արտգործնախարարը այցելեց Ռուսաստան, Լավրովը նրան չդիմավորեց: Նախ և առաջ դեպի Եվրոպա Իրանին անհրաժեշտ այդ ճանապարհը Հայաստանով կարող է անցնել: Եվ երկրորդ՝ 1մլն 600 հազար կմ տարածք ունեցող երկրի ինչի՞ն է պետք Սյունիքը, որ հանուն դրա աշխարհով մեկ կրկին խնդիր ստեղծի իր համար: Իսկ դա Իրանի համար անպատճառ լուրջ խնդիր կստեղծի:
– Իսկ ինչի՞ է, ըստ Ձեզ, պատրաստ գնալ Իրանը:
– Վստահ եմ՝ Իրանը Հայաստանին թե՛ դիվանագիտական աջակցություն կարող է ցուցաբերել և թե՛ ռազմական, և ես չեմ բացառում անգամ ուղղակի միջամտություն՝ հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, որը և իր երկրի ապահովության գրավականն է: Ի դեպ, նրանց վերլուծաբաններն այժմ նշում են՝ «Չճանաչված Արցախի Հանրապետությունով մենք 16 երկրի հետ էինք սահմանակից: Սա նշանակում էր երկրի աշխարհաքաղաքական դիրքի առավելություն: Իսկ հիմա 15 երկրի հետ ենք սահմանակից»: Չեն ցանկանա, անշուշտ, որ այդ թիվը հասնի 14-ի: Նրանք հասկանում են իրենց շահերը: Ի դեպ, նրանց վերլուծաբաններից մեկն այսպիսի միտք է հայտնել. «Չեմ հասկանում՝ մենք ինչպե՞ս ենք 8000 տարի գոյատևել, եթե չենք կարողանում կանխորոշել մեր երկրին սպառնացող վտանգները և ակտիվանում ենք միայն այն ժամանակ, երբ փաստի առաջ ենք կանգնում»:
Այժմ շատերն են Իրանում ասում, որ իրենք պատերազմի ժամանակ սխալ են թույլ տվել՝ չկանգնելով Հայաստանի կողքին:
Հարցազրույցը՝ Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ