Կարճ պատմություններով ստեղծագործելու վարպետությունը հատուկ է նրանց, ովքեր ասելիք շատ ունեն: Նրանց ասելիքը, չնայած կարճ խոսքին կամ նկարագրությանը, սովորաբար խորիմաստ և շատ ավելին է լինում, և սյուժեի զարգացման առումով էլ մեկ ընդհանուր, ամբողջական գաղափարի վրա են հենվում: Իմ այս մտքի հետ սկսեցի ինքս ինձ տալ ու առնել Անուշ Վարդանյանի արձակ ստեղծագործությունների «Կինը» ժողովածուն ընթերցելուց հետո:
Որքանո՞վ է փոխվում հայ կնոջ փիլիսոփայությունը նոր ժամանակներում: Այս հարցադրման պատասխանը պարզաբանելու մտադրությամբ հեղինակը կնոջը դիտարկում է ընդամենը տասնօրյա ժամանակահատվածի ընթացքում, երբ կինն իր ընկերուհու հետ Փարիզ՝ ճամփորդության է մեկնել:
Հերոսուհին «բալզակյան տարիքում» է, մի բան, որը չի վերաբերում զուտ տարիքը նշող թվերին, նրանք հավանաբար այն կանայք են, որոնք ճանապարհ են անցել որպես կին, որը կարող է իր վրա հասարակության դրոշմ կրել կամ բոլոր տեսակի դրոշմները թոթափել, իր շուրջը եղած աշխարհի վրա ազդելու տրամադրվածություն ու հետաքրքրությունների շրջանակ ունենալ և այլն:
Որքանով է հեղինակն իր կյանքով ներկա այս պատմության մեջ, բոլորովին էլ չէ կարևորը, այլ՝ այն, որ նա այդ մասին կարող է այսքան կոնկրետացված հստակությամբ, այսքան իրականության հետ կապակցված ռեալ զգացումներ արտահայտել: Կին, որի կանացի սկիզբը ազգային գենի շատ խոր ակունքներում է: Միայն այժմ, երբ ալիք-ալիք դուրս գալով այդ ակունքներից՝ այն անցել է ապրված կյանքի էջերով, ծավալվել որպես կանացիության պարտադիր փուլեր, հասել է նոր փոփոխությունների արձանագրման անհրաժեշտության: Ապրել է որպես «մանկության ջերմիկ աղջնակ», շփոթված պարմանուհի, հետո՝ ուսանողական տարիներին՝ «խենթ ու խելառ սիրահարված «պինգվին», հետո՝ «մայրացած մատրոնա», ու ահա հերթը հասել է տասը օր իրականությունից պոկված ասուպ լինելու ինքնաբացահայտմանը:
Դրանցից որն է, սակայն, իր ճիշտ էությունը, իր կանացի ես-ն ու առաքելությունը: Կնոջ պատմությունը սկսվում է հենց այդ՝ «ասուպային» օրերի նկարագրություններով, երբ նրա կյանքին փոփոխությունների տրամադրող առօրեական դրվագները այժմ նաև տարածքային փոփոխությունների դրոշմն են կրում:
Փարիզ: Գլուխ պտտեցնող իրականություն և՝ «Ազատության օդը շնչելու առաջին պահից կնոջ մտքում տրոփում է հարցը՝ վերադառնալ և ոչինչ չփոխե՞լ: Դե, պարտավորություններ՝ հասարակության, հարազատների հանդեպ: Միջին վիճակագրական ընտանիքը՝ հաջող պարտիա յուրաքանչյուր կնոջ համար…»: Այսինքն՝ «կարգավորված գորշություն»: Այսինքն՝ ահա թե ինչպիսին է միջին ապահովվածության կնոջ համար ամուսնական կյանք կոչվածը:
Վերսալ, դղյակներ, ապարանքներ, պարեր՝ փողոցներում, Լուվր, պատկերասրահներ, սնվելու նորաոճ կետեր… նոր ու նորաոճ շատ բան տեսան կինն ու ընկերուհին Փարիզում: Օր առ օր, դրվագ առ դրվագ նրանք տեսան այն, ինչ չէին տեսել, բայց կարդացել էին, գիտեին դրանց մասին, երազում էին…
Ահա նրանք Էյֆելի մոտ են, քաղցած էին, նստեցին, պատվիրեցին «դասական կրուասան, որը միայն շերտավոր խրթխրթան խմոր է և չունի քաղցր միջուկ:
– Ծիծաղելի է, բայց մանկական երազանքներիցս մեկը իրականացավ:
Ընկերուհին նայեց աչքերի մեջ.
– Դու լրիվ ուրիշ մարդ ես դարձել՝ անբռնազբոս, բնական: Մնա այսպիսին:
Կինը մտածեց, որ պետք չէ ամաչել ուրախ կամ տխուր լինելուց: Անշարժ դիմակ կրելը հոգնեցուցիչ է»:
Այսինքն՝ «կարգավորված գորշությունն» էլ հենց ինքն իրենով այդ անշարժ դիմակն է, որը պետք է դեն նետել կամ նրա վրա ինչ-որ փոփոխություններ մտածել:
Այդպես շրջեց կինը Փարիզում՝ հաշվելով, թե իր երազանքներից որը կատարվեց, բայց այդ ամենի հետ խոստովանելով, թե՝ «Ճիշտն ասած, Ֆրանսիան շրջելիս կարոտում ես հայոց քար ու ղռային, բլուրներին, ժեռ քարափներին»:
Այդպես, 10 օրով «կարգավորված գորշությունից» կտրված կինը, ինչպես մարգարիտը խեցու մեջ, մնաց որպես ազգային գենը կրող կին-մարգարտահատիկ: Հայուհի կինն այստեղ՝ Փարիզում ամաչելու առիթներ ևս ունեցավ: Բայց հետաքրքիր է, թե ինչը կարող էր նման բանի տեղիք տալ: Պատմության տարաբնույթ էջերով անցած հայուհիները, որ նաև պարտադրված սով ու սովամահություն են տեսել, այստեղ ամաչում են նայել կողքի սեղանին ճաշող այլազգի ամուսիններին: Սրանք «կերած-խմած տեսքով, պատվիրեցին մեկ հոգու ճաշ՝ առաջինը կինը կերավ, երկրորդը՝ ամուսինը: Մենք ամաչեցինք մեր ապուրները նրանց նվիրել: Կերանք մի մեծ մսակտոր՝ թանձր, կանաչ սոուսի մեջ լողացող…»:
Երջանկությունը երեսներից կաթող մարդկանց շատ տեսավ կինը Փարիզի փողոցներում: Այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ ծնվել է երջանիկ լինելու համար, չի լքում կնոջը: Չի լքում նաև այն միտքը, որ միշտ էլ կա այլընտրանքի պահն, ու յուրաքանչյուրն ունի ընտրություն կատարելու իր իրավունքը: Բայց այդ ամենի խորքում կա մի գաղտնիք, որը թույլ չի տալիս կնոջը՝ ընտրել ամեն մտքից անցածը, կա՛մ այն, ինչ իրենը չէ, կա՛մ այն, ինչ ուզում է… Այդ գաղտնիքն առաջին հերթին նրանում է, որ երջանիկ լինելու մասին խոսքերը կնոջ ականջներում մշտապես լսվում են իր մոր խորհրդատվական ձայնով, իսկ մայրական ձայնը գալիս է միայն ու միայն հայկականության խորքերից: Դե արի ու անտեսիր այն, արի ու ընտրություն արա թեկուզ և անվնաս, ազատատենչ զգացումներով լի կյանքի՝ սովորական դարձած, գրավիչ, գեղեցիկ էջերից, որ քոնը չէ:
Եվ կնոջը մնում է հիշողության խորքերից հանել ու Փարիզի փողոցներում, սրճարաններում, այգիներում սփռել այն, ինչ փարիզյան է իր մեջ, «ուզում է արտասանել Պրևերի ոտանավորը, զրուցել ֆրանսիացու հետ, թվարկել սիրելի հեղինակների անունները՝ Մարգրետ Դյուրաս, Բորիս Վիան, Ֆրանսուազ Սագան…»: Ահա թե որն է իր և տառաճանաչ ինչ-որ մեկի տարբերությունը, որ շրջում է Փարիզի փողոցներով՝ սովորական դարձնելով այն իրավիճակը, երբ փողոցային պարուսույցը շատ բնական ձևով պարողներից մեկին հրավիրել է իր գողտրիկ բնակարանը՝ գինի վայելելու:
Հասկանալի է՝ գիտելիքների տված ինքնավստահությունը հիանալի հոգեվիճակ է, բայց դրանից բացի, կա մի ուրիշ՝ գենային հոգեվիճակ, որը հուշում է նման դեպքի վրա փռթկացող ընկերուհուն ասելու, թե ինչ պատասխանի պարուսույցին.
– Դրան ասա, որ մեր ամուսինների եղունգը չարժե, իսկ գինի կողքի սրճարանում կխմենք՝ համ մաքուր օդ, համ՝ սիրուն տեսարան:
Այսպես՝ 28 դրվագ՝ 10 օրվա մեջ: Կարճ դրվագներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է վերաճել առանձին և խոշոր կտավի պատմության: Բայց հեղինակի խոսքը ճիշտ տեղում ընդհատում է իրեն ձգող մտադրությունը՝ «…մտածեցի, որ մեկ օրվա մասին հատվածը կարող է վերաճել վեպի: Բայց սանձերը կքաշեմ և կպահպանեմ հակիրճ ընթացքը, ինչևէ»:
Անուշ Վարդանյանի «Կինը» ժողովածուի այս՝ առաջին մասի վերջին՝ 28-րդ դրվագն ավարտվում է կնոջ տուն վերադարձի մասով, իր բերած նվերների հակիրճ նկարագրությամբ: Նույն հակիրճ նկարագրությունն ունի նաև ամուսնու կողմից արված նվերը՝ կնոջը:
«Ահա և իմ անակնկալը, ասաց ամուսինը և քաշեց քաթանը:
Փայտե նկարակալի վրա դրված էր պատրաստի, հիմքը՝ ճերմակ ներկած կտավը, և աթոռակին շարված են գույն-գույն ներկերը»:
Վերջաբանը երջանիկ էր այնքանով, որ նկարչության սիրահար ամուսինները, ծիծաղելով ու իրար հերթ չտալով, գունազարդում, ուրախ տրամադրությամբ իրենց հոգու խճանկարն են ստեղծում կտավի վրա:
Ուր էլ տանեն նոր ժամանակի ապրումները, հայ կինն իր բավականությունը գտնում է այնտեղ, ուր իր գենային էությունն է, նախնյաց արմատները:
Որպես նորին նայող խոշորացույց՝ Փարիզի դերը գրքում այն է, որ կինը զարմանքների քաղաքում է վերագտնում իրեն, այն էլ՝ սեփական արմատների վրա՝ որպես ընտանիքը պահող բնական ծաղիկ: Այսուհետև նա ավելի բնական է լինելու «կարգավորված գորշության» մեջ, որպեսզի այդ գորշությունը վերաճի երջանկության: