ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է թարգմանչուհի, արձակագիր
ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Էմիլ Զոլա
ՆԱՆԱ
(հատված վեպից*)

Երեկոյան, երբ կոմսը դուրս էր գալիս զբոսայգուց, Ժորժը փախավ նրա ետևից: Թողեց, որ նա գնա Գումիերի ճանապարհով, ինքը անցավ Շուով, ընկավ Նանայի մոտ` շնչասպառ, կատաղած, աչքերը` արցունքով լցված: Ա՜խ, ճիշտ էր հասկացել, ճանապարհ ընկած այդ ծերուկը գալիս էր ժամադրության: Խանդի այդ տեսարանից զարմացած` Նանան հուզված, տեսնելով` ինչպես են երևույթները փոխվում, գրկեց նրան, հնարավորին չափ մխիթարեց: Դե, իհարկե, ո՛չ, սխալվում էր, ինքը ոչ մեկին չէր սպասում, եթե այդ պարոնը գալիս է, ինքը մեղավոր չէ: Այս Զիզին ինչ հիմարն է, վասն ոչնչի այդքան հոգս է պատճառում ինքն իրեն: Իր երեխայով երդվեց, որ ինքը միայն նրան` իր Ժորժին է սիրում: Ե՛վ համբուրում էր նրան, և՛ սրբում էր նրա արցունքները:
– Լավ լսիր ինձ, կտեսնես, որ ամեն ինչ քոնն է,- շարունակեց նա, երբ տղան մի քիչ հանդարտվեց,- Ստեյները եկել է, վերևում է: Այս մեկին, սիրելի՛ս, գիտես` չեմ կարող վռնդել:
– Այո՛, գիտեմ, խոսքս նրա մասին չէ,- շշնջաց նա:
– Դե ինչ, խորքի սենյակում եմ փակել նրան` հորինելով, թե հիվանդացել եմ: Ճամպրուկն է բացում… Քանի դեռ ոչ մեկը չի նկատել քեզ, արագ բարձրացի՛ր, թաքնվի՛ր իմ ննջասենյակում և սպասի՛ր ինձ:
Ժորժը թռավ նրա վզին: Ուրեմն ճիշտ էր, մի քիչ սիրում էր իրեն: Այդ դեպքում երեկվա նման կհանգցնե՞ն լապտերը, կմնա՞ն մթության մեջ մինչև լույս: Այնուհետև դռան զանգը լսելով` թեթև վազքով փախավ: Վերևում` ննջասենյակում, անմիջապես հանեց կոշիկները` աղմուկ չբարձրացնելու համար, հետո թաքնվեց վարագույրի ետևում` հատակին նստած, խելոք սպասելով:
Նանան ընդունեց կոմս Մուֆային, որ դեռ հուզված էր, ինչ-որ անհանգստություն էր զգում: Խոստացել էր նրան և կուզեր հարգել իր խոսքը, որովհետև այս մարդը լուրջ էր թվում: Բայց իրականում ո՞վ կկասկածեր նախորդ օրվա պատմություններին: Այս ճամփորդությունը, այս տունը, որ ծանոթ չէր իրեն, այդ տղան, որ ոտքից գլուխ թրջված եկել էր, այդ վիճակում լավ տեսնում էր ամեն ինչ, և որքա՜ն բարի գործ արած կլիներ շարունակել այսպես: Ավելի վատ պարոնի համար: Երեք ամսից ի վեր նրան սպասեցնել էր տալիս` ազնիվ կնոջ դեր խաղալով, նրան ավելի տաքացնելու համար: Դե ինչ, նորից կսպասեցներ, կգնար, եթե նույնիսկ հաճելի չլիներ նրա համար: Ավելի շուտ` ինքն ամեն ինչ կթողներ, միայն Ժորժին չդավաճաներ:
Կոմսը նստել էր այնպես հանդիսավոր, ասես գյուղական այցելու լիներ: Միայն ձեռքերն էին դողում: Սանգվինիկի կուսական այս բնավորությամբ, ցանկությունը` մտրակված Նանայի խելամիտ մարտավարությամբ, ի վերջո, պատճառ էր ահավոր ավերածությունների: Այդքան լուրջ մարդը, այդ սենեկապանը, որ անցնում էր արժանի քայլքով Թյուլրիների սալոններով, գիշերը կրծոտում էր բարձը և հեկեկում էր իրեն կորցրած` միշտ ոգեկոչելով նույն պագշոտ պատկերը: Բայց այս անգամ որոշել էր ավարտին հասցնել այս ամենը: Ողջ ճանապարհին, վերջալույսի մեծ անդորրի մեջ նա երազել էր կոպտություններ թույլ տալու մասին: Եվ անմիջապես առաջին խոսքերից հետո ուզեց Նանային բռնել երկու ձեռքով:
– Ո՛չ, ո՛չ, զգուշացե՛ք,- պարզապես ասաց Նանան` առանց բարկանալու, ժպտալով:
Կոմսը նորից բռնեց նրան` ատամները սեղմած, բայց քանի որ երիտասարդ կինը մաքառում էր, կոպիտ պահեց իրեն, հիշեցրեց ուղղակիորեն, որ եկել էր պառկելու հետը: Նանան` միշտ ժպտադեմ, չնայած նեղված, բռնել էր նրա ձեռքերը: Դու-ով դիմեց նրան, որ մեղմացնի մերժումը:
– Դե՛, քեզ տեսնեմ, սիրելի՛ս, հանգիստ պահիր քեզ… հաստատ, չեմ կարող… Ստեյներն այստեղ է, վերևում է:
Իսկ կոմսը գժվել էր, Նանան երբեք որևէ տղամարդու չէր տեսել այս վիճակում: Սկսում էր վախենալ, մատները դրեց շուրթերին` խեղդելու համար նրա ճիչերը և խլացնելով ձայնը, խնդրում էր նրան լռել, բաց թողնել իրեն, Ստեյներն իջնում էր: Վերջ ի վերջո, հիմարություն էր: Երբ Ստեյները ներս մտավ, լսեց Նանային, որ մեղկ ընկողմանել էր բազկաթոռի մեջ և ասում էր.
– Ես պաշտում եմ գյուղը…
Շրջեց գլուխը` ընդհատելով ասելիքը:
– Սիրելի՛ս, պարոն կոմս Մուֆան է, զբոսնելիս այստեղ լույս է տեսել, մտել է մեզ բարի գալուստ մաղթելու:
Տղամարդիկ իրար ձեռք սեղմեցին: Մուֆան մի պահ անխոս մնաց, դեմքը` մթան մեջ: Ստեյները կարծես մռայլ էր: Խոսեցին Փարիզից. գործերն առաջ չէին գնում, Բորսայում զզվելի բաներ էին տեղի ունեցել: Տասնհինգ րոպե անց Մուֆան հրաժեշտ տվեց: Երբ երիտասարդ կինը ճանապարհում էր նրան, կոմսն, առանց պատասխանի սպասելու, հաջորդ գիշերվա համար ժամադրություն նշանակեց: Դրանից անմիջապես հետո Ստեյները բարձրացավ քնելու` գրմռալով աղջիկների` ամիսը մեկ հավերժական ցավերի դեմ: Վերջապես երկու ծերուկները համակերպվեցին: Երբ կարողացավ Նանան Ժորժին միանալ, նա խելոք նստած էր վարագույրի ետևում: Սենյակում մութ էր: Նանային հատակին` իր կողքին էր պառկեցրել, և խաղում էին իրար հետ, միասին գլորվում էին` խեղդելով ծիծաղները համբույրների մեջ, դադար տալով, երբ ոտքով հարվածում էին կահույքին: Հեռվում, Գումիեր ճանապարհի վրա, կոմս Մուֆան դանդաղ քայլում էր` գլխարկը ձեռքին, այրվող գլուխը ընկղմելով գիշերվա սառնության ու լռության մեջ:
Այսպիսով, հաջորդ օրերին կյանքը պաշտելի դարձավ: Նանան տղայի գրկում վերագտել էր իր տասնհինգ տարեկանի հրճվանքը: Այս երեխայի շոյանքի տակ նորից սիրո ծաղիկ էր բացվում նրա սրտում` տղամարդու բնավորության ու արգահատանքի մեջ: Հանկարծակի նրան համակում էր շիկնանքը, մի հուզմունք, որ սարսուռի մեջ էր պահում նրան, ծիծաղելու և արտասվելու կարիք էր զգում, մի ողջ անհանգիստ կուսականություն, որի պատճառով ամաչում էր: Երբեք նման զգացողություն չէր ունեցել: Գյուղը նրան ողողում էր քնքշությամբ: Մանկության տարիներին երկար ժամանակ ցանկացել էր հարթավայրում ապրել մի այծի ընկերակցությամբ, որովհետև մի օր ձողի ծայրին կապված մկկացող այծ էր տեսել ամրաշինությունների թեքության վրա: Հիմա այս սեփականությունը` իրեն պատկանող այս ամբողջ հողատարածքը, անսահման հույզով լիացնում էր նրան. նրա զգացումները հորդում էին: Նա գնացել-հասել էր մինչև աղջկական նոր զգացողություններին, իսկ իրիկունը, երբ օրվա մեջ բաց օդում անցկացնելուց հետո շշմում էր, տերևների բույրից արբում, բարձրանում էր` միանալու վարագույրի ետևում թաքնված իր Զիզիին, այս ամենը նմանեցնում էր գիշերօթիկ դպրոցի արձակուրդներին գործած չարաճճիություններին, փոքրիկ զարմիկներից մեկի հետ սիրաբանելուն, ում հետ պետք է ամուսնանար, բայց վախենում էր, որ ծնողները կիմանան իր ճաշակած առաջին մեղքի հրաշալի շոշափումների և հեշտասեր սոսկումների մասին:
Նանան այդ ժամանակ սենտիմենտալ աղջկա երևակայությունների գիրկն ընկավ: Ժամերով լուսնին էր նայում: Մի գիշեր ցանկություն ունեցավ Ժորժի հետ պարտեզ իջնել. երբ ամբողջ տունը քուն էր մտել, զբոսնեցին ծառերի տակ` գրկված, հետո մեկնվեցին խոտերի մեջ ու ցողից ոտքից գլուխ թրջվեցին: Մի ուրիշ անգամ, երբ սենյակում լռություն տիրեց, նա հեկեկաց` փոքրիկի վզին փարված, կմկմալով, որ վախենում է մեռնելուց: Հաճախ կիսաձայն երգում էր տիկին Լերայի ռոմանսներից մեկը` ծաղիկներով ու թռչուններով լցված, քնքշանալով արցունքների մեջ, ընդհատելով միայն Ժորժին կրքոտ գրկելու համար, պահանջելով նրանից հավերժական սիրո երդումներ: Ի վերջո, հիմար էր, ինքն էլ էր ընդունում այդ միտքը, երբ երկուսով, ընկերների վերածված, ծխում էին` մահճակալի եզրին նստած, մերկ սրունքները, կրունկները խփելով փայտին:
Բայց այն, ինչը վերջնականապես հալեցրեց երիտասարդ կնոջ սիրտը, Լուիզեի ժամանումը եղավ: Նրա մայրական ախտաժամը խելագարության հասնող հարվածի ուժգնությունն ունեցավ: Որդուն տանում էր արևի տակ և նայում էր` ինչպես է խլվլում, նրա հետ միասին գլորվում էր խոտերի մեջ` փոքրիկ իշխանի պես հագցնելուց հետո: Հանկարծ ուզեց, որ իր կողքին քնի, հարևան սենյակում, որտեղ տիկին Լերան, խիստ տպավորված գյուղից, խռմփացնում էր, հենց որ մեջքի վրա էր պառկում: Իսկ Լուիզեն դույզն իսկ վնաս չէր պատճառում Զիզիին, հակառակը: Նանան ասում էր` երկու երեխա ունի, նրանց շփոթում էր քնքշության նույն կամակորության մեջ: Գիշերը տասն անգամ թողնում էր Զիզիին` գնալ-տեսնելու համար` արդյո՞ք Լուիզեն լավ էր շնչում, բայց երբ վերադառնում էր, նորից միանում էր իր Զիզիին` մնացած մայրական շոյանքները շռայլելով. մամա էր խաղում: Մինչդեռ նա` անառակը, ում դուր էր գալիս մանչուկ լինել այս մեծ աղջկա գրկում, թողնում էր` օրորի իրեն այն երեխայի պես, ում քնեցնում են: Այնքան լավ էր ամեն ինչ, որ հմայված այս գոյությունից` Նանան լրջորեն առաջարկեց նրան այլևս երբեք չհեռանալ գյուղից: Ինքը բոլորին կվտարեր, կապրեին միասին` նա, ինքը և երեխան: Եվ հազարավոր ծրագրեր մշակեցին մինչև արշալույս` չլսելով տիկին Լերային, որ խոր քուն մտած, դաշտային ծաղիկներ քաղելուց հոգնած խռմփացնում էր:
Այս գեղեցիկ կյանքը տևեց մեկ շաբաթից ավելի: Կոմս Մուֆան ամեն երեկո գալիս էր և վերադառնում էր ուռած դեմքով, այրվող ձեռքերով: Մի երեկո նույնիսկ մերժվեց: Ստեյները, որ Փարիզ էր ճամփորդելու, ասացին նրան, որ Տիկինը հիվանդ է: Նանան ամեն օր ավելի ու ավելի էր ինքն իր դեմ բողոքում այն մտքից, թե դավաճանում է Ժորժին: Այդքան անմեղ մի փոքրիկի, որ հավատում էր իրեն: Նա համարելու էր իրեն կանանցից ամենավերջինը: Հետո դա նրան զզվեցնելու էր: Զոեն` սպասուհին, որ անխոս ու արհամարհական տեսքով մասնակիցն էր այդ արկածախնդրության, մտածում էր, որ Տիկինը խելքը թռցնում է:
Վեցերորդ օրը անսպասելի այցելուների մի խումբ ընկավ այս հովվերգության մեջ: Նանան մի խուրձ մարդկանց էր հրավիրել` մտածելով, թե չեն գա: Եվ մի օր, կեսօրից հետո, զարմացավ և շատ սրտնեղեց` տեսնելով լեփ-լեցուն հանրակառքը, որ կանգ առավ Մինյոթի ճաղերի առջև:
– Մե՜նք ենք,- գոռաց Մինյոնը, որ առաջինն իջավ կառքից` օգնելով իր որդիներին` Հենրիին և Շարլին դուրս գալ:
Լաբորդետը երևաց նրանցից հետո` ձեռք մեկնելով կանանց անվերջանալի հերթին. Լյուսի Սևարտ, Քարոլին Հեքե, Թաթան Նենե, Մարիա Բլոն: Նանան հույս ուներ, որ սրանով ավարտվեց, երբ Լա Ֆալուազը թռավ կառքի աստիճանից` օգնելու Գագային ու նրա աղջկան` Ամելիին: Տասնմեկ հոգի էին: Տեղավորելու համար մեծ ջանք պահանջվեց: Մինյոթում հյուրերի համար նախատեսված հինգ սենյակ կար, որոնցից մեկն արդեն զբաղված էր տիկին Լերայի և Լուիզեի կողմից: Ամենամեծը հատկացրին Գագային, աղջկան ու Լա Ֆալուազին` որոշելով, որ Ամելին քնելու էր բրեզենտե ծալովի մահճակալի վրա, կողքի` հարդարման սենյակում: Մինյոնը և երկու որդիները երրորդ սենյակում տեղավորվեցին, Լաբորդետը` չորրորդում: Մեկ սենյակ էր մնում, ուր չորս մահճակալ տեղադրելով` վերափոխեցին ննջասրահի` Լյուսիի, Կարոլինի, Թաթանի և Մարիայի համար: Ինչ վերաբերում է Ստեյներին, քնելու էր հյուրասրահի բազմոցին: Մեկ ժամ անց, երբ բոլոր հյուրերը տեղ ունեին, Նանան, որ սկզբում կատաղած էր, հաճույք վայելեց` խաղալով դղյակատիրուհու դեր: Կանայք հաճոյախոսում էին Մինյոթի համար` ապշեցուցիչ սեփականություն, սիրելի՛ս: Հետո նրան բերեցին Փարիզի շունչը, վերջին շաբաթվա ասեկոսեները` բոլորը միասին խոսելով, հռհռոցներով, բացականչություններով, հարվածներով: Ի դեպ, իսկ Բորդնա՜վը, ի՞նչ էր ասել իր փախուստի մասին: Դե՛, ոչ մեծ բան: Կոկորդը պատռելուց հետո նրան բերել կտար ոստիկանների միջոցով, բայց պարզապես երեկոյան փոխարինել էր տվել նրան, իսկ փոխարինողը` փոքրիկ Վիոլենը, Շիկահեր Վեներայի մեջ ունեցել էր հրաշալի հաջողություն: Այս նորությունը Նանային լրջացրեց:
Ժամը չորսն էր: Խոսում էին մի պտույտ կատարելու մասին:
– Չեք պատկերացնի,- ասաց Նանան,- պատրաստվում էի գնալ կարտոֆիլ հավաքելու, երբ դուք եկաք:
Այդ ժամանակ բոլորը ցանկացան կարտոֆիլ հավաքելու գնալ` առանց նույնիսկ հագուստները փոխելու: Հրաշալի զբոսանք էր: Պարտիզպանը և երկու օգնականներն արդեն դաշտում էին, սեփական հողատարածքում: Կանայք ծնկի չոքեցին` մատանեզարդ մատներով քչփորելով հողը, ճիչեր արձակելով, երբ հայտնաբերում էին շատ խոշոր կարտոֆիլ: Այնքան զվարճալի էր թվում նրանց այս ամենը: Իսկ Թաթան Նենեն հաղթում էր. երիտասարդ տարիներին այնքան շատ էր հավաքել, որ ինքնամոռաց մյուսներին խորհուրդներ էր տալիս` նրանց հետ վարվելով ինչպես հիմարի: Տղամարդիկ ավելի ծուլորեն էին աշխատում: Մինյոնը օգտվում էր գյուղական հանգստի օրերից` որդիների դաստիարակությամբ ավելի շատ զբաղվելու համար: Նրանց հետ խոսում էր Փարմանթիեի մասին:
Երեկոյան ընթրիքը խելագար ուրախության մեջ անցավ: Խժռում էին: Նանան վիճաբանության մեջ մտավ ծառայապետի հետ` մի մատուցողի, որ սպասարկել էր Օռլեանի եպիսկոպոսարանում: Սուրճ ըմպելիս կանայք ծխեցին:
Պատուհաններից խրախճանքի խլացնող աղմուկ էր դուրս հորդում, որը մարում էր հեռվում` երեկոյան անդորրի մեջ, մինչդեռ կանաչ ցանկապատի կողքով անցնող գյուղացիները ոտքերը կախ էին գցում` շրջելով գլուխները, նայում էին տանը, ուր շիկացած էր մթնոլորտը:
– Ա՜խ, լավ չէ, որ երկու օրից մեկնում եք,- ասաց Նանան,- ամեն օր մի բան կկազմակերպեինք:
Եվ որոշեցին հաջորդ օրը` կիրակի, գնալ Շամոնի հին աբբայության ավերակները, որը յոթ կիլոմետր հեռավորության վրա էր: Օռլեանից հինգ կառք էր գալու` ճաշից հետո մարդկանց տանելու և նրանց ետ բերելու Մինյոթ, ընթրելու ժամին, յոթի կողմերը: Հրաշալի բան կլիներ:
Այդ երեկո, սովորության համաձայն, կոմս Մուֆան բարձրացավ լանջով` ճաղապատ դռան զանգը տալու: Բայց պատուհանների լուսարձակումը, բարձրաձայն ծիծաղները զարմացրին նրան: Մինյոնի ձայնը ճանաչելով` հասկացավ` ինչ էր կատարվում և հեռացավ` ծայրաստիճան կատաղած այս նոր արգելքից, ինչ-որ դաժանության մասին որոճալով: Ժորժը, որ անցնում էր փոքրիկ դռնով, որի բանալին միշտ մոտն էր, հանգիստ բարձրացավ Նանայի ննջասենյակը` թաքուն վազելով պատերի երկայնքով: Միայն թե ստիպված էր սպասել, մինչև կեսգիշերն անցներ: Վերջապես հայտնվեց Նանան` խիստ հարբած, ավելի մայրական զգացումներով համակված, քան նախորդ գիշերներին: Երբ խմում էր, սիրահարվում էր առավել, կպչուն էր դառնում: Այս անգամ էլ ցանկանում էր, որ Ժորժը ընկերակցի իրեն Շամոնի աբբայություն գնալիս: Տղան դիմադրում էր` վախենալով, որ կտեսնեն իրեն: Եթե նրա հետ միասին կառքի մեջ նկատեին, դառնալու էր զզվելի, աղմկահարույց մի պատմության նյութ: Սակայն Նանան արցունքի հեղեղ թափեց` աղմկարար, իրեն զոհաբերող կնոջ հուսահատության գիրկն ընկնելով, և տղան մխիթարեց նրան` ձևականորեն խոստանալով մասնակցել արշավին:
– Ուրեմն ինձ շատ ես սիրում,- կմկմում էր երիտասարդ կինը,- կրկնիր, որ շատ ես սիրում… Կասե՞ս, սիրելի՛ գայլուկս, եթե մեռնեմ, շատ կտխրե՞ս:
Ֆոնդեթում Նանայի հարևանությունը անհանգստություն էր մտցրել տան մեջ: Ամեն առավոտ, նախաճաշին բարեհոգի տիկին Հյուգոնը ակամա անդրադառնում էր այդ երիտասարդ կնոջը` պատմելով` ինչ իր պարտիզպանն էր իրեն ասել այն համակվածությամբ, որ կիրառում են աղջիկները ամենաարժանի քաղաքաբնակչուհիների հարցում: Ինքը, որ այդքան հանդուրժող էր, ըմբոստացել էր, համբերությունից դուրս էր եկել` դժբախտության աղոտ նախազգացում ունենալով, որ երեկոյան ահաբեկում էր իրեն, կարծես զգալով այս վայրերում ներկայությունը մի գազանի, որ փախել է կենդանաբանական այգուց: Այնուհետև վիճաբանություն էր փնտրում իր հյուրերի հետ` բոլորին մեղադրելով, որ թափառում են Մինյոթի շուրջբոլորը: Տեսել էին կոմս Վանդովրին ծիծաղելիս, գլխավոր ճանապարհին գլխաբաց մի կնոջ հետ, բայց վերջինս պաշտպանվում էր, ժխտում էր Նանայի ներկայությունն իր կողքին, քանի որ իրականում իրեն Լյուսին էր ուղեկցել` պատմելով` ինչպես էր վերջերս դռնից դուրս շպրտել իր երրորդ իշխանին: Մարքիզ դը Շուարը նույնպես ամեն օր դուրս էր գալիս, միայն թե նա խոսում էր իր բժշկի տված դեղագրի մասին: Դագնեի և Ֆոշրիի հարցում տիկին Հյուգոնը անարդար էր: Հատկապես առաջինը դուրս չէր գալիս Ֆոնդեթից` հրաժարվելով վերականգնել կապը, ցույց տալով Էսթելի հանդեպ հարգալից հոգածություն: Ֆոշրին նույնպես մնում էր Մուֆա ընտանիքի կանանց հետ: Միայն մեկ անգամ էր մի արահետում հանդիպել Մինյոնին` ձեռքին լիքը ծաղիկներ, որդիների հետ, բուսաբանության դասեր տալու ժամանակ: Այս երկու տղամարդիկ իրար ձեռք էին սեղմել` Ռոզի մասին տեղեկություններ հաղորդելով. վերջինս հիանալի էր զգում, նրանցից յուրաքանչյուրը առավոտյան նամակ էր ստացել, որի մեջ ինքը խնդրում էր նրանց դեռ որոշ ժամանակ օգտվել մաքուր օդից: Բոլոր հյուրերից տարեց կինն, այսպիսով, խնայում էր միայն կոմս Մուֆային և Ժորժին: Կոմսը, որ հավակնում էր Օռլեանում լուրջ գործեր ունենալ, չէր կարող անառակ կյանք վարել, ինչ վերաբերում է Ժորժին, խեղճ երեխան սկսել էր անհանգստացնել իրեն, որովհետև ամեն երեկո ահավոր միգրեն էր ունենում, որի պատճառով ստիպված ցերեկն էր քնում:

*Վեպը պատրաստվում է տպագրության

***

Ինձ համար անչափ հաճելի և հուզիչ է սրտի խոսք ասել սիրելի դասախոսի և գործընկերոջ` թարգմանչուհի, գրող և մանկավարժ Նվարդ Վարդանյանի մասին: Նա եղել է և է իրական մտավորական, ով սիրելով իր աշխատանքը` կատարում է այն մեծ նվիրվածությամբ և վարպետությամբ` դրանով իսկ պարտքը կատարելով իր երկրի ու ժողովրդի հանդեպ: Նվարդ Վարդանյանի մասնագիտական գործունեությունն ունի երեք ուղղվածություն` գիտամանկավարժական, թարգմանչական և գրական: Այս երեք ոլորտներում նա թողել է իր ուրույն, վարդանյանական հետքը: Գրեթե կես դար դասավանդելով ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ռոմանական բանասիրության, այնուհետև` թարգմանության տեսություն և պրակտիկա ամբիոններում` կրթել է բազում սերունդներ` սովորեցնելով ֆրանսերեն, ծանոթացնելով նաև ֆրանսիական անկրկնելի մշակույթի գանձերին` հանձինս ֆրանսիական անսպառ գրականության, որի գիտակն է և հետևողական մեկնիչը: Աշխատանքային տարիներին հեղինակել է գրեթե հինգ տասնյակ հոդված, որոնք հիմնականում եղել են իր ստեղծագործական մեկ այլ ճյուղի` հերթական հետաքրքիր երկի թարգմանության ընթացքում թարգմանաբանական ու լեզվական խութերի և որոգայթների հաղթահարման միջոցների մեկնումն ու լուծումը` այդ կերպ նպաստելով լեզվաբանության մեջ նոր ուղղության` թարգմանաբանության զարգացմանը Հայաստանում: Այդ ոլորտում նրա գործունեության պսակն է «Թարգմանչական արվեստ. տեսական և գործնական ուսումնասիրություններ» ուսումնական ձեռնարկը, որտեղ ներկայացնում է գեղարվեստական թարգմանության գործընթացի ժամանակ գործի դրվող բոլոր հիմնական պայմանները:
Խոսելով Նվարդ Վարդանյանի թարգմանական գործունեության մասին` հարկ է նշել, որ նա շարունակողն է տասնհինգդարյա հայ թարգմանական գրականության սկզբունքների` լինել բնագրին հնարավորինս հավատարիմ, ծառայել նրա հայեցի վերարտադրմանը: Նվարդ Վարդանյանի թարգմանական ներկապնակը շատ հարուստ է երանգների բազմազանությամբ և ուժգնությամբ: Նա թարգմանում է ֆրանսիացի կլասիկներին, ռոմանտիկներին, նատուրալիստներին, իմպրեսիոնիստներին, սյուրռեալիստներին, ժամանակակից ֆրանսիացի հեղինակներին` հայ ընթերցողի սեղանին դնելով Ռասինի, Ստենդալի, Մյուսեի, Զոլայի, Սանդի, Դոդեի, Լամարթինի, Ներվալի, Պրուստի, Սելինի, Սագանի, Ժիոնոյի, Քինիարի, Ժուլիեի, Լոտրեամոնի, Պրևերի, Շարի, Մետերլինկի, Էլուարի և շատ ուրիշ ստեղծագործողների համաշխարհային հռչակ վայելող ստեղծագործությունները, ավելի քան հիսուն գիրք և ժողովածու` փորձելով ամբողջ խորությամբ ներկայացնել ոչ միայն երկը և հեղինակին, այլև ֆրանսիացի գրողի դավանած գրական ուղղության առանձնահատկությունները: Ն. Վարդանյան թարգմանչի տաղանդի ուժը դրսևորվում է հավասարաչափ և՛ պոեզիա, և՛ արձակ թարգմանելիս: Ֆրանսերենի նրա լեզվամտածողության, ֆրանսիական մշակույթի խոր իմացության շնորհիվ Ն. Վարդանյանը ֆրանսերեն է թարգմանում նաև հայ ստեղծագործողների երկերը, որով նպաստում է արևմտահայ և արևելահայ գրողների և նրանց ստեղծագործությունների տարածմանը ֆրանսախոս հանրության մեջ:
Նվարդ Վարդանյանը նաև ստեղծագործում է: Ինքնակենսագրական «Բաց հանգույցներ» վեպում նա գեղեցիկ, լուսավոր և բարի գրչով շարադրում է հետաքրքիր, երբեմն ողբերգական շրջաններով իր կյանքի պատմությունը:
Ցանկանում եմ ինձ և շատերի համար սիրելի և թանկագին Նվարդ Վարդանյանին շնորհավորել վաստակած 80-ամյակի կապակցությամբ, մաղթել շարունակական բեղուն գրիչ` ի բարօրություն մեր և ֆրանսիական մշակույթի զարգացման:

Ռուզան ՄԻՐԶՈՅԱՆ
ԵՊՀ ֆրանսիական բանասիրության
ամբիոնի դոցենտ,
բան. գիտ. թեկնածու, թարգմանիչ

***

Նվարդ Վարդանյանի գործունեությունը համեստ ու հավատավոր թարգմանչի ջանք է` հայերենով հաղորդակցվելու աշխարհի մեծ գրականության ֆրանսալեզու հատվածին: Ու քանի որ, իմ համոզմամբ, ֆրանսերենը ճաշակի լեզուն է, ու ֆրանսերենի իմացությունն էլ` ճաշակի աներկբա թելադրանք, ուստի` Նվարդ Վարդանյանի մեզ հրամցրածը «սակավ ինչ մեղր»-ի տրամաբանությամբ է, բայց «ճաշակելով ճաշակեմք»-ը «ո՛չ մեռանիցեմք»-ի, այլ` ապրելու և էլի՛ պահանջելու հորդորով: Ստենդալի, Ալֆոնս Դոդեի, Ժորժ Սանդի, Մորիս Մետերլինկի, Ռընե Շարի, Մարսել Պրուստի, Լուի Ֆերդինանդ Սելինի, Օգյուստ Ռոդենի (ի՜նչ անուններ են), էլի ուրիշների, այդ ճաշակավորների ու ճաշակ թելադրողների համտեսը հայերենով Նվարդ Վարդանյանի ջանքն է: Ու այդ ճանապարհին իր հոգածությունը հայերենի հանդեպ ուղղակի առինքնող է, որովհետև թարգմանությունը ոչ միայն մայրենի լեզուն է՛լ ավելի հարստացնելու, է՛լ ավելի ճոխացնելու գրավական է, այլև ականապատ դաշտ, որ կարող է պայթյուններով լեզու աղավաղել ու ականջ խլացնել: Նվարդ Վարդանյանը հոգատար է լեզվի ու ականջի հանդեպ: Ու շատ թարգմանելով ֆրանսերենից` Նվարդ Վարդանյանը նախևառաջ հայերենի սպասավորն է, նրա շնորհիվ ֆրանսերենը հնչո՛ւմ է հայերեն ու ճանաչո՛ւմ է իրեն: Ու Նվարդ Վարդանյանը դեռ երկար պիտի ապրի ու երկար պիտի ապահովի այդ հնչումի ու ճանաչողության ընթացքը:

Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԻ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս կապակցությամբ հիշեցի: Վահրամ Փափազյանի հոբելյանն էին պատրաստվում շուքով նշել, հանձնաժողովի անդամները, չգիտես ինչու, կարծում էին, որ դա Վարպետի կյանքում վերջինն է լինելու, ուզում էին` ամեն ինչ ամենաբարձր մակարդակով, անթերի լինի, անընդհատ տուն էին գնում-գալիս, հեռաձայնում, մանրամասներ էին ճշտում: Իսկ Վարպետը բարկանում, պոռթկում էր.
– Ո՞վ է ձեզ խնդրում զբաղվել այդ հիմար թվաբանությամբ:
Ճիշտն ասած` այդ տարիներին ինձ թվում էր, թե Փափազյանը փափազյանություն է անում, այսինքն` խաղում է, բայց որքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում եմ, որ տարիք հաշվարկելը, իրո՛ք, անիմաստ թվաբանություն է:
Նվա՛րդ ջան, ուշադրություն մի՛ դարձրու այն թվին, որ հոբելյանական այս էջում գրվելու է քո լուսանկարի կողքին, մենք էլի՛ շաբաթը երկու անգամ միասին պիոներների պալատի գրական խմբակ ենք գնալու, մեր պաշտելի ուսուցչուհու` ընկեր Սուսաննայի խրախուսական հայացքի ներքո կարդալու ենք գրական հերթական թոթովանքը, ու չնայած պարապմունքը նախատեսված երկու ժամից շատ ավելի երկար է տևելու` փողոց ելնելուց հետո բաժանվել չենք կարողանալու, ու դեռ տուն չվերադարձած` մեր ուսուցչուհուն կարոտելու, խմբով բնակարանն ենք խուժելու: (Բարեբախտություն էր, որ Աբովյան փողոցում, պիոներ պալատի հարևանությամբ էր ապրում): Հիշո՛ւմ ես, ժամանակի բոլոր անվանի գրողները պարբերաբար հյուրընկալվում էին գրական խմբակում, և երբ ընկեր Սուսաննայից կիսաձայն խնդրում էին մատնացույց անել ամենաշնորհալիներին, բարձրաձայն դիմադարձում էր.
– Բայց ես գրողներ չեմ պատրաստում, լավ հայեր եմ պատրաստում:
Համեստ էր, չէր ասում` հայրենանվեր հայեր…
Ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էր նա: Ու որքան հեռատես…
1948-ին, չեմ ուզում ասել, թե քանի տարեկան էիր, Մարսելի նավահանգստում կառանվել էր պարտված գերմանացիներից ռազմավար վերցված, «Ռոսիա» վերանվանված խորհրդային շքեղաշուք նավը: Դուք` ուղևորներդ, ուրախությունից էիք լաց լինում, որ Հայրենիք եք վերադառնում, ձեզ ճանապարհողները` օտարությունում ուծացվելու հուսահատությունից: Դու չիմացար, որտեղի՞ց պիտի իմանայիր, որ շատ ֆրանսահայ երիտասարդներ չդիմացան, թաքուն նավամբարները սողոսկեցին, երկու շաբաթ ածխափոշի շնչելով` Արարատյան Հայաստան հասան: Որպեսզի մի տարի չանցած` տասնյակ հազարավոր հայրենադարձների հետ ապրանքատար վագոններով Սիբիր աքսորվեն: Հիմա արդեն կարելի է բարձրաձայնել, թե ինչո՞ւ հատկապես ֆրանսահայերը հուսահատվեցին, առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթեցին: Բայց դու, որ երևի ամենադյուրաբեկ ու փուխր հայրենադարձն էիր, ոչ միայն չհուսալքվեցիր, այլև գիշատիչների երախից փրկված, պատառոտված սահմաններով այս մի բուռ Հայրենիքին ծառայելու կամքով համակվեցիր: 1965-ի` արդեն պատմական դարձած ցույցի մասնակից, բանասիրականի քո շատ համակուրսեցիներ են հուշեր գրել, անգամ գրքեր հրատարակել, միայն դու ես լռել, չես պատմել, թե ինչպես քեզ ձերբակալեցին, երկար հարցաքննեցին ու համոզվելով, որ իրոք դյուրաբեկ, փուխր ես, խորհրդային վարչակարգը տապալել, առավել ևս Թուրքիայից մեր պատմական հողերը խլել ի վիճակի չես, ուշ գիշերին ազատ արձակեցին:
Բայց դու արդեն վճռել էիր, որ մեր երկրին, ժողովրդին թարգմանությամբ ես ծառայելու: Ու, իրոք, ամբողջ կյանքդ ծառայեցիր: Ծառայում ես մինչև հիմա:
Մեր օրերում, երբ վաղուց մոռացվել են խորհրդային տարիների հոնորարները, ինչո՞ւ ենք շարունակում թարգմանել: Որովհետև խանդոտ ենք, ուզում ենք, որ հայ ընթերցողը մայրենի լեզվով կարդա այն գլուխգործոցը, որը մենք բնագրով կարդացել, զմայլվել ենք: Դա ներշնչանքն է, հաջորդում է տքնանքը, որովհետև թարգմանիչը ամիսներ, երբեմն տարիներ դառնում է այն անձը, ում թարգմանում է: Նվարդ Վարդանյանը հաջորդաբար դարձել է Ժան Ռասին, Ստենդալ, Ալֆրեդ դը Մյուսե, Շարլ Բոդլեր, Պոլ Վերլեն, Էմիլ Վերհարն, Մորիս Մետերլինկ, Պոլ Վալերի, Սեն-Ժոն Պերս, ավելի ժամանակակիցներից` Պոլ Էլուար, Անդրե Բրետոն, Ժակ Պրևեր, Ռեյմոն Քընո, Ռընե Շար, Ալեն Բոսքե, վերջապես` Մարսել Պրուստ:
Այդպես` քառասուն հեղինակ…
Հավելե՞մ, որ տարիներ շարունակ փորձը փոխանցել է պետական համալսարանի ուսանողներին, թարգմանության տեսության մասին հույժ արդիական, գիտական աշխատություններ հրատարակել:
Մկրտիչ Արմենն ասում էր` գրողը (որ թարգմանիչը գրող է, կարծում եմ, այլևս ոչ ոք չի կասկածում) կյանքում գոնե մի գիրք` իր ապրած կյանքի գիրքը, լավ է գրում: Նվարդ Վարդանյանը գրեց այդ գիրքը` «Բաց հանգույցները», ու լավ գրեց:
Նվա՛րդ ջան, ընկեր Սուսաննան, ինչ խոսք, ինչպես բոլորիս, ողջ է նաև քեզ համար, ողջ է ու երջանիկ, որ իրականացրել ես երազանքը:
Լա՛վ հայ ես դարձել, դարձել ես հայրենանվեր հայ:
Այս բառի ամենաշենշող իմաստով:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։