Գիտնականը և մանկավարժը. Խաչիկ Բադիկյան-80

Խաչիկ-ԲադիկյանՄեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնո աշխարհի Հացեկաց գյուղը եղել է նաև Գաբրիել և Սանամ ամուսինների պապերի ծննդավայրը: Այստեղից են նրանց նախնիները գաղթել 1828թ. Արևելյան Հայաստան, որտեղ ծնվել են նրանց ութ որդիները և նրանցից մեկը` Խաչիկ Բադիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ում 80-ամյակը լրացավ վերջերս:
90-ական թվականներին իրար հետևից սկսեցին լույս տեսնել նրա հոդվածներն ու գրքերը մեծ լեզվաբան Հր. Աճառյանի և հանճարեղ Կոմիտասի մասին: Բադիկյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ճանաչվեց նաև որպես մեր մեծերին արժանի գնահատող վաստակաշատ հեղինակ:
2002 թվականին «Զանգակ» հրատարակչությունը ընթերցողի սեղանին դրեց «Կոմիտասը ինչպես եղել է» Բադիկյանի 430 էջանոց նկարազարդ գիրքը, իսկ երկու տարի առաջ` նշանավոր մեկ ուրիշ հայագետի` «Էդվարդ Աղայանի կյանքն ու գործը» գիրքը: Այսօր էլ նա շարունակում է իր պատմաբանասիրական հետազոտությունը` նվիրված այս անգամ արդեն մեծավաստակ Գևորգ Ջահուկյանին` լեզվաբան ակադեմիկոսին:
Խ. Բադիկյանը հրատարակել է 12 մենագրություն, այդ թվում նաև 735 էջից բաղկացած «Ուսումնական դարձվածաբանական բառարան» (2002թ.), որտեղ ներկայացված են ավելի քան 6000 դարձվածային միավորներ` իրենց նորաբանություններով և ոճական արժեքներով: Պրոֆեսոր Սերգեյ Գալստյանի հետ վերծանել է Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն» խունացած և դժվար ընթեռնելի ձեռագիր հատորը, դրանով ամբողջացնելով մեծահանճար հայորդու լիակատար բոլոր հատորները:
Բազմաբեղուն վաստակի համար արժանացել է շնորհակալագրերի, մեդալների ու պատվոգրերի: Խաչիկ Բադիկյան մտավորականի ամենամեծ շքանշանը իր ուսանողների, ընկերների, շրջապատի սերը, հարգանքն ու ուշադրությունն են նրա հանդեպ: Մշո սուրբ Կարապետը քեզ պահապան, Խաչի՛կ: Էրգիրը կանչում է…

Սասուն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։