«Ճիշտ խոսենք հայերեն» / Աիդա ՍԱՐՀԱՏՅԱՆ

Խաչիկ ԲԱդիկյանԱնժխտելի փաստ է, որ լեզուն է տվյալ ժողովրդի գոյության, հարատևության և ինքնահաստատման հիմքերի հիմքը: Դժբախտաբար, այսօր բոլորիս աչքի առջև աղավաղվում, օտարանում ու, կարելի է ասել, գռեհկանում է մերօրյա և՛ խոսակցական, և՛ գրական լեզուն:
Լեզվական բազմապիսի աղավաղումների ու օտարաբանությունների դեմ է գրված երկար տարիների վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանի «Ճիշտ խոսենք հայերեն» (լեզվական նորմա) գիրքը, որը ուղեցույց կարող է ծառայել թե՛ պետական այրերի, թե՛ զանգվածային լրատվության միջոցների և թե՛ ցանկացած հայի համար, ով սիրում ու հարգում է դարերի խորքից եկող ու դեպի դարերը գնացող քաղցրաբառ մայրենին:
Հեղինակը նախ տալիս է բազմաթիվ հայ և օտարազգի գիտնականների գնահատականները հայերենի վերաբերյալ: «Իմ գիտցած լեզուների մեջ հայերենը բացառիկ է նախ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրություններով… Հայերենը հիասքանչ է` չծերացող ու չմահացող, անեզր հնարավորություններ ունեցող լեզու է, որը միաժամանակ նպաստում է համաշխարհային քաղաքակրթության առաջընթացին»,- գրում է ֆրանսիացի անվանի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին: Հունգարացի նշանավոր հայագետ Էդմոնդ Շուցի կարծիքը. «Հայոց լեզվի բառային ու ոճական հարստությունը հնարավորություն է տալիս համաշխարհային գիտության ու գրականության գանձերը բոլոր նրբություններով թարգմանել հայերեն»:
«Ահա թե ինչու,- հավելում է գրքի հեղինակը,- աշխարհի մի շարք երկրների համալսարաններում հայագիտական կենտրոններ կան (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Իրան): Մի քանի նշանավոր համալսարաններում էլ կան հայագիտական ամբիոններ (Օքսֆորդ, Քեմբրիջ, Սորբոն, Հարվարդ, Կալիֆոռնիա, Կոլումբիա և այլուր)»:
Իսկ ինչպե՞ս մաքուր, անաղարտ ու օտարաբանություններից զերծ պահենք մեր մայրենին և ինչպե՞ս ճիշտ խոսենք ու գրենք գրական հայերենով, այս հարցերի պատասխանը գրքում է` լեզուն կանոնակարգող օրենքներ ու կանոններ, լեզվական նորմային վերաբերող խնդիրներ: Անդրադառնալով լեզվական նորմային` հանգամանորեն խոսվում է ինչպես արտասանական, այնպես էլ` բառային, քերականական և ոճական նորմաների մասին:
Արտասանական նորմայի մասին խոսելիս հատկապես ընդգծվում է կետադրական նշանները, առոգանությունն ու հնչերանգը: Հեղինակը մեջբերում է Անտոն Չեխովի միտքը. կետադրական նշանները բանավոր խոսքի նոտաներն են:
Բառային նորմային անդրադառնալով` հիշում է Մեծն Թումանյանի իմաստուն միտքը` «Գրողի համար բառը մի աշխարհ է», ապա խոսում է բառերի բազմիմաստության և դրանց հետ կապված գործածության բազմաթիվ սխալների մասին: Այս բաժնում հեղինակը ընթերցողի ուշադրությունը հրավիրում է հատկապես օտար բառերի վրա և նշում է, թե որ դեպքում դրանք կարելի է կիրառել մայրենի լեզվում:
Քերականական նորման Խ. Բադիկյանը նշում է որպես լեզվի սահմանադրություն և հիշում Մոլիերին. «Քերականությունը հրամայում է նույնիսկ թագավորներին»:
Գիրքն ավարտվում է «Ուղերձ-պատգամ» խորա­գրով, Վահան Տերյանի խոսքով.
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ…

Աիդա ՍԱՐՀԱՏՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։