Մի ցուրտ տաք օր` Սիփանի հետ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

 

Ձմեռվա մի ցուրտ օր զանգեց Սիփան Շիրազը, թե.
– Հիսունը յոթանասունի ձգած կտավ ունե՞ս:
– Ունեմ:
– Էդ լավ ա: Իսկ մի շիշ Արենիի փո՞ղ:
– Կճարվի:
– Կարա՞ս էդ կտավն ու գինին վերցնես, գաս արվեստանոց, գործ կա:
Իննսունականների առաջին տարիներն էին, շաբաթ-կիրակի կտավ էի վաճառում վերնիսաժում, կտավ գրունտող, ենթաշրջանակին ձգող վարպետից վերցնում, վերնիսաժում շարում էի վաճառքի, քչից-շատից վաճառվում էր, վարպետի փայը տալիս էի իրեն, արանքում մի բան էլ ինձ էր մնում, դժվար ժամանակներ էին, գործ չկար, գործը սովետների հետ մոռացության գիրկն էր գլորվել, եղունգ ունես` գլուխդ քորի:
Խոստացածի պես` վերցրի հիսուն-յոթանասուն չափի կտավն ու գինին, գնացի Սիփանի արվեստանոց: Նա նախ մի բաժակ լցրեց, խմեց, հետո ասաց.
– Էսօր երազիս եկել, ասում էիր` Սիփ, խի՞ ինձ մի հատ չես նկարում: Մտածեցի` իսկապես, խի՞: Համ էլ առավոտից պորտրետի ախորժակ ա բացվել, պորտրետի ու Արենի գինու: Տուր կտավը:
Վերցրեց, տնտղեց, ամրացրեց նկարակալին, դարձավ ինձ` աթոռն ակնարկեց` նստի, ինքը մի բաժակ էլ լցրեց:
– Շատ երկար չի տևի,- ասաց,- արդեն մտածել եմ` ինչ եմ անելու:
Ու սկսվեց… Ինձ մոռացած` ինձ էր պատկերում Սիփանը` վրձին, ներկ, մաստեխին, գինի, վրձին, ներկ, հաճախ` հենց ներկատուփից` ուղիղ կտավին, պատահում էր` մատներով, ինքնամոռաց, ասես` սրբազան արարողություն կատարող մոգ: Վերջին բաժակ գինին էլ խմեց, ևս մի երկու երանգ ավելացրեց, հեռացավ` նայեց, մոտեցավ` նայեց ու.
– Ինքն ա, պրծ, կարաս նայես:
Վերջապես լքեցի աթոռը, մոտեցա, նայեցի… Մուգ կարմիր, մուգ կանաչ ու սև երանգների մեջ ես էի, ինձ էի նայում:
– Ո՞նց ա,- հարցրեց Սիփանը` ձեռքերը յուղոտ փալասի մեջ մաքրելով:
– Շքեղ:
– Հա, ստացվեց ոնց որ: Թող մնա, չորանա, հետո կտանես, քոնն ա:
Նկարը թողեցինք չորանալու, մենք դուրս եկանք ձմեռվա մեջ` արևը մայրամուտին թեքված, օդը ցրտաշունչ, գետինը սառած… Ո՞ւր գնալ… Գրողների Միություն, էլ ո՞ւր… Չէ, կարելի էր «Հանճարնոց» իհարկե, բայց էդքան փող չունեինք:
Մթնում էր, մութն ավելի էր մթնեցնում Թումանյան փողոցի երկինքը խազմզած տարաչափ մալուխների խիտ ցանցը, մարդիկ հովհարային անջատումները շրջանցելու միջոց էին գտել, էս կողմում անջատեցին` էն կողմին կմիանան, էն կողմում անջատեցին` էս կողմից կմիանան, սակայն պատահում էր` երկու կողմից էլ անջատում էին, ու մութը համատարած էր դառնում:
Փողոցում հատուկենտ մարդիկ էին հանդիպում, մեծամասամբ` բեռնված, ով սայլակ էր հրում, ով` սահնակ քաշում, էստեղից-էնտեղից ձեռք գցած փայտ, պլաստիկի կտորտանք, տարբեր տարաներով օգնության նավթ ու նավթավառ էին տեղափոխում: Անցանք Թումանյան-Տերյան խաչմերուկը, թեքվեցինք ու Կարապի ցամաք լիճը շրջանցելով` մտանք օպերայի հրապարակ: Տարիներ տևած միտինգային ժամանակաշրջանն ավարտվել էր, միտինգների առաջնորդ «Ղարաբաղ կոմիտեն» ընտրված իշխանություն էր այլևս, սակայն միտինգային կարոտախտը դեռ շարունակում էր մարդկանց նոսրացած, ցաքուցրիվ խմբեր հավաքել «Ազատության» հրապարակում, էլի հուզված-բորբոքված` քննում էին աշխարհի բանը: Հիշեցի մոտ երեք տարի տևած բազմահազարանոց միտինգները, ամեն օր այստեղ էինք, առավոտից գիշեր, բռունցքներս օդ բարձրացրած` Ղա-րա-բաղ, հաղ-թա-նակ…
Անկյունագծով հատեցինք-դուրս եկանք «Ազատության» հրապարակից, անցանք Մաշտոցի պողոտայի մայթն ու հայտնվեցինք «Հարիսնոց» սրճարանի առաջ: Սիփանը թեք նայեց` չմտնե՞նք: Իջանք աստիճաններով, մտանք ծխառատ, մարդաշատ կիսամութի մեջ, մթան հետ կռիվ տվողը սեղանին, ափսեների մեջ վառվող հաստ մոմերն էին: Երբ հայացքներս վարժվեց` տեսանք` մերոնցից ոչ ոք չկա, թաղի տղերքն են հիմնականում, բարևեցինք, հարցրինք, Չոնչ Գևորգն ասեց` «Մանուկյան Խաչիկն ու Սարուխանն էին էստեղ, նոր գնացին»: Վաճառասեղանի մոտ մի-մի բաժակ գինի խմեցինք, դուրս եկանք: Անցնում էինք «Կազիրյոկ» սրճարանի մոտով, դուռը հանկարծ թափով բացվեց, ու մեր կողմ սուրաց Ռաֆո Նահապետյանը:
– Արա, հորս արև, սիրտս վկայում էր, որ ձեզ եմ տենալու, կաֆե եք մտնո՞ւմ, ասեմ` ոչ մի հետաքրքիր բան, հավայի խոսակցություն, մի բաժակ ձգեցի, դուրս եկա:
– Միություն ենք գնում, չես գալի՞ս:
– Քիչ առաջ էի էնտեղ, Բեյրութից մի քիչ հոնորար էին ուղարկել «Արծիվ» թերթի մեր ախպերները:
– Բա մաղարի՞չ:
– Տղերք, հորս արև, Աբովյանի վրա նոր խաղատուն են բացել, տանեմ էս փողը խաղամ, ասում են նորը տալիս ա, թե տվեց` կգամ, մի կարգին քեֆ կանենք:
– Դե հաջողություն քեզ:
Ռաֆոն ցած սլացավ Մաշտոցի պողոտայով, մենք` բարձրացանք, ապա թեքվեցինք` վերնիսաժով, Սիփանը հընթացս ճերմակ քարից Մարտիրոս Սարյանին ողջունեց` բարև վարպետ, վարպետի շուրջը, օրվա ավարտին, մի խումբ նկարիչներ հրաժեշտի բաժակն էին խմում, տեսան` կանչեցին, մոտեցանք, լցրին, վերցրինք, ասացինք, խմեցինք: Թամարյան Վահանը հայտնվեց` գրքերը թևի տակ, օրերս էր տպարանից հանել, Ռուսաստանում փող աշխատող ջավախցի ընկերներն էին հովանավորել տպագրությունը, նաև տաք գլխարկ ու վերարկու էին նվիրել իրենց համերկրացի գրողին: Մի-մի բաժակ էլ խմեցինք ու նկարիչներին հաջողություն մաղթելով` դուրս եկանք վերնիսաժից, դեպի գրղների տուն:
– Հեչ ծախեցի՞ր,- հարցրեցի Վահանին:
– Երկուսը,- պատասխանեց Վահանը. աչքերից երևում էր` ո՛չ գոհ է, ո՛չ դժգոհ:- Շուտ գնացիր էսօր,- նկատեց:
– Հա, Սիփանի հետ պայմանավորված էի: Հարցնող եղա՞վ:
– Վարուժան Վարդանյանն էր հարցնում, մեծ կտավ էր ուզում, ասեցի` վաղն արի:
Ծանր դուռը ճռռալով տեղի տվեց, մտանք, շենքի պարետ ու միության ոգի Աբոն ծանր դռանը համադաշն ծանրությամբ բարևեց, Չարենցի արձանը տղավարի ժպտաց պատի տակից: Թեքվեցինք միջանցքի կողմն ու բախվեցինք Վիոլետին, ավելի հաճելի բախում պատկերացնել անհնար էր ցուրտ ու գորշ օրերի մեջ:
– Ո՞ւր, ազգիս հրաշք պոետ, մենք գալիս ենք, որ դու գնա՞ս, հետ դարձի,- Վիոլետին գրկեց Սիփանը:
– Չեմ կարող, Սիփ ջան, Վարդուշիկը նախարարությունում սպասում ա:
– Բա սազե՞ց:
– Սազեց, Վանոն նոր տարվա դեմ ուզում ա նվեր անի արվեստագետներին` ուտելիք, խմիչք, էլի ինչ-որ բաներ, վերջնական ցուցակներն ենք ճշտում:
Վիոլետը թողեց մեզ ու հեռացավ` ծածանելով խոպոպիկները:
Միջանցքում մութ էր` ինչպես դրսում, գուցե` առավել, տարեց ինչ-որ կանայք անցան ստվերների պես, հընթացս քննախույզ նայեցին` ճգնելով մթից առանձնացնել մեր դեմքերը: «Սկսնակ պոետներ են»,- ծաղրով նկատեց Վահանը, իր բախտից էր` չլսեցին: Դռները փակ էին, բաց էր միայն Վահագն Մուղնեցյանի քարտուղարական սենյակի դուռը, ներսում, զույգ մոմերի մեղմիկ, երերուն լույսերի մեջ` ծանոթ դեմքեր: Զուլոն նախորդ գիշերով գրած բանաստեղծությունն էր կարդում, Արմեն Մարտիրոսյանը մերթ ընդ մերթ ծպպացնում էր` դիտողություն ունի, Հրաչյա Սարուխանը ժպտում էր` գոհ է իր համաքաղաքացու նոր քերթվածքից: Սեղանին օղի կար, խնձորի, նորմալ օղին չքացել էր սովետների հետ, եկել էր խնձորինը կամ թարխունինը, անհայտ ինչ-որ սպիրտ էր` համ տվող թուրմերով հագեցրած: Փոխարենը` կրպակներն ու խանութները լեցուն էին «ֆիրմա» սիգարետներով` Ռոյալ, Ռոտմանս, Չեստերֆիլդ… Ասում էին` օգնության սիգարետներ են: Երբ նավթ, լոբի ու նավթավառ էին ուղարկում որպես օգնություն` հասկանալի էր, բայց սիգարե՞տ… Ամեն դեպքում` հաճելի էր, գոնե ծխելիս քեզ առաջադեմ աշխարհի մաս էիր զգում: Սեղանին, օղիների ու ապխտած սիգի հարևանությամբ, Վահագն Մուղնեցյանի շքեղակազմ նոր գիրքն էր, ազդօրինակը, օղով արդեն օծել էին, մենք էլ շնորհավորեցինք ու մի քանի կաթիլ օղի թափեցինք մեր ընտրած էջին: Լույս չկար, փող չկար, սնունդ չկար, բայց գրքեր տպագրվում էին: Ու կար ամենակարևորը` ազգային ոգու զարթոնքը` մենք պահանջատեր էինք, մենք հաղթում էինք: Ամիսներ առաջ որոշել էինք ջոկատ հավաքել` ռազմաճակատ գնալ, նախաձեռնողը Վահագն էր, ոգևորությունը մեծ էր, բայց զենք չունեինք, պոետ Վահան Վարդանյանի հայրը որսորդմիության նախագահն էր, ասաց` կարող եմ օգնել, բայց որսորդական զենքով, գտնվեցին հնարամիտ ճարտարագետներ, որ խոստացան որսորդականը ռազմականի վերածել: Սակայն մինչ այս, մինչ այն` մեր գաղտնի ձեռնարկն արտահոսք տվեց` լուրը հասավ Վազգեն Սարգսյանի ականջին, նա էլ խիստ ու կտրուկ հրաման իջեցրեց Վանո Սիրադեղյանի բերանով` ստո՛պ տվեք, ոչ մի ջոկատ, նոր Հայաստանին մենակ զինվոր չէ` գրող էլ է պետք:
Գիշեր էր, երբ խմբովի դուրս եկանք գրողների տնից, քայլեցինք Բաղրամյանով, տղերքը ճամփին հատ-հատ ցրվեցին` ով ուր, Թումանյան փողոցից Վահագն էլ հրաժեշտ տվեց` թեքվելով Պուշկինի կողմը, մնացինք ես ու Սիփանը:
– Չգնա՞նք, Ռեյ Չարլզ լսենք,- հիշեց Սիփանը,- էն որ կա էն` «Մոնո»-ն, հը՞… Թե՞ ուշ ա, կարող ա քոնոնք քնած լինեն:
– Քնածը ոչինչ, դու ասա հոսանք լինի:
Մոտեցանք շենքին, ներքևից նայեցինք պատուհաններին` չկա, ո՛չ «պրավի», ո՛չ «լևի», համատարած մթություն:
– Էսօր էլ դժվար տան:
– Ի՞նչ անենք, գնանք տներո՞վ,- տխրած ասաց Սիփանը, պարզ էր` տուն գնալ չի ուզում:
– Արի իջնենք «Կույրերի Կոմբինատ»,- առաջարկեցի:
Տարակուսած նայեց դեմքիս.
– Ո՞ւր…
– Նապոյի մոտ, «Կույրերի Կոմբինատի» պահակատուն, Նապոյի լույսը մշտական ա, խորոված կարտոֆիլն էլ, մնում ա մի շիշ խմելու բան վերցնենք:
«Կույրերի Կոմբինատի» պահակ Նապոն կամ, ինչպես տղերքն էին ասում, Քառակուսի Նապոն, կարճահասակ, ամրակազմ մարդ էր, քչախոս, հանդուրժող, բարեսիրտ, «Քառակուսի» մականունը Նալբանդյանի Համոն էր կպցրել նրան, «Կոպեկանոցում» խմելիս երկար նայել էր ու հանկարծ հայտնագործության պես ասել` «Արա, էս մեր Նապոն` ոնց որ Կիևսկի տորթի տուփ ըլնի, քառակուսի ա»: «Ես իրա ջահել վախտվա նկարը տեսել եմ, էսպես չէր, խմելուց ա էղել, էլ չի դզվի»` ավելացրել էր Բաբայան Յուրան: Նապոն ժպտալով նայել էր ու բան չէր ասել, եթե հակառակվեր, գուցե անունը չամրանար, իսկ էսպես` մնաց, Քառակուսի Նապո:
Նապոյի «բուդկեն», որ էնքան էլ բուդկա չէր, ահագին տարածք էր` երևի մի տասնվեց-տասնութ քառակուսի մետր, հոսանքի մի քանի աղբյուր ուներ, փոխնեփոխ միացնելով` Նապոն մշտական հոսանք էր ապահովում պահակասենյակում: Պարզ է` ձմեռով թաղի տղերքը Նապոյի բուդկի մշտայցելուն էին` նարդի, կարտ, գինարբուք, կենցաղային ու քաղաքական զրույցներ, մինչև ուշ գիշեր: «Բուդկեն» ասես ռետինից լիներ, ինչքան լցվեին` տեղավորում էր: Նապոյի ունեցվածքը մի սեղան էր, մի քանի ճռճռան աթոռ, մահճակալ, «տմբուշկա», և, իհարկե, ամենակարևորը, կարելի է ասել` գործող անձը` «Կազյոլ» տիպի էլեկտրական վառարանը, որն իրենից ներկայացնում էր հաստ պարույրով փաթաթած ազբեստե խոշոր գլան` չորս երկաթյա ոտքերի վրա:
– Էս ի՞նչ նեղություն եք քաշել, իմ ախպերներ, էն ա` տնական արաղ ունենք էսօր, Մխոն ա բերել,- բարեսիրտ ժպիտով դիմավորեց Նապոն` մեր ձեռքի երկու «բոմբ» շիշ գինին ակնարկելով:- Տեղավորվեք, նստեք, կարտոշկա եմ դրել, հեսա կլնի:
– Շատացանք, կարտ չխաղա՞նք,- առաջարկեց «Ռանդշպիլ» Տիկոն: Արձագանքող չեղավ:- Ուրեմն խմենք,- եզրակացրեց նա ու լցրեց բաժակները:
Շոգ էր սենյակում, բայց վառարանն անջատելը ոչ ոքի մտքով չէր անցնում, ասես ջերմությունը կարելի էր պաշարել մարմնում, հետո տանել ցուրտ տներով: Խմեցինք խմբովի, ետքից` խորոված կարտոֆիլ, սոխ, պանիր. մի քանի «Կարամել» կոնֆետ հայտնվեց սեղանին, Գռնո՛ն դուրս բերեց մեծ գրպանից` զարմացած մրմնջալով. «Է՞ս ով ա գցել ջեբս…»:
– Արա դե էս էլ շնորք չի, էլի,- դժգոհեց Տիկոն` սվիտերը հանելով:- Ազգս մթի, ցրտի մեջ, մենք էստեղ` ոնց որ Սոչիի պլյաժում:
– Ամեն մարդ Նապո չունի, Տիկո ախպեր,- նկատեց Գռնոն:
– Մեռնեմ Նապոյի սրտին, խմենք իրա ազիզ կենացը,- առաջարկեց Մխոն:- Մեր գլխից անպակաս, հատկապես` ձմեռով:
Բաժակ-բաժակի հետևից, խոսք խոսքի, վառարանով ջերմացած ժամանակն աննկատ գլորվեց գիշերվա միջով` դեպի լուսաբաց: Նապոյի ժպտուն աչքերը փակվում էին, հոգնել էր բարեսիրտ տանտերը: Դուրս գալիս «Կազյոլն» անջատեցինք` հրդեհ չընկնի՞ հանկարծ, վառվի մեր Նապո ախպերը:
– Էս օրն էլ գլորեցինք,- նկատեց Սիփանը:
Բարի գիշեր մաղթեցինք միմյանց, կողմնորոշվեցինք մթան մեջ ու` յուրաքանչյուրս իր տան կողմ: Մի քանի քայլ արած` Սիփանը շրջվեց, կանչեց. «Հաղթելու ենք, չէ՞»: «Անկասկած»` արձագանքեցի:

Գրեք մեկնաբանություն