ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՔՈ ԳՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Լևոն Սահակյանի «Ընտրյալները» ժողովածուն ընթերցելիս հայտնվում ես նրա հարազատ Սյունիքում, Գորիս-Կյորես քաղաքում, հատկապես ծննդավայր Ակներ գյուղում։ Բանաստեղծությունները հեղինակի հոգու և հայրենիքի կենսագրականն են, գրվածքների տակ տարեթվերը հուշում են իրական անցուդարձեր, ապրումների սրտագիր, հույզերի ու ոգեշնչումների ալիքներ։ Մասնակցել է 90-ական թվականների մարտական գործողություններին, պաշտպանել հայրենիքը, և հենց մարտադաշտի շունչ է հաղորդում զոհվածների հանդեպ խորագույն կսկիծը։ Նաև անվերջ հորդորում է ապրելով հաղթահարելու բանաձևը, լեռներից ու պատմությունից ուժ առնելու խորհուրդը։ «Գորիս» քաղաքին նվիրված բանաստեղծության վերջին քառատողը թող հաստատի վերում ասվածը.
Ինքնահատուկ
երկիր է սա,
Խիզախների օրրան,
Եվ ապրում
ու ձգտում է դեռ
Հանց հավատքի խորան։
Ինը բանաստեղծական գրքերի հավաք ներկայությամբ համոզում է իր գյուղում ապրող ու ստեղծագործող շնորհալի մարդու մշտական անհանգստությունը, հոգսը, ցավը և թոռներին այս բոլորից հետո փոխանցում է երկիրը պահպանելու կամք, նվիրվածություն՝ խարսխված քրիստոնեական սիրո հիմքերին։
Լևոն Սահակյանը նաև լավ գրական կազմակերպիչ է, երկար տարիներ ղեկավարում է ՀԳՄ Սյունիքի բաժանմունքը։
Շնորհավորենք մեր եղբոր յոթանասունամյակը՝ համոզված՝ նոր գրքերն ու գործերը շատ սպասել չեն տա։
Հաջողություն Սյունիքին, Գորիսին, Ակներ գյուղին և քո փոքր ու մեծ հյուրընկալ երկիր ընտանիքին։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Իսկը զարմանք, որ Գորիսում ապրող և ստեղծագործող Լևոն Սահակյանը իր 70- ամյակն է նշում: Պարզվում է, իսկապես էլ ամենասրընթացն ապրելու ժամանակն է, որ ակնթարթ է թվում, ակնթարթ` բազմաթիվ հոգեվիճակների, ձեռքբերումների ու նահանջների, իրադարձությունների ու երևույթների տարողությամբ, գոյության մատյանում գրանցվելով ընդամենը մեկ` կենսագրություն, բառով:
Ծնվել է 1955 թ. հունվարի 26-ին, Սյունիքի մարզի Ակներ գյուղում: 1992-94 թթ. եղել է Ակների կամավորական ջոկատի շտաբի պետը: Հենց Արցախյան պատերազմի ոգեշնչմամբ է ձևավորվել հայրենիքի սիրո նվիրումի նրա բանաձևը, երբ գրել է. «Որքան որ ապրեմ, խնամքով պահվող մասունքի նման քեզ կփայփայեմ հոգուս խորքում, իսկ երբ չլինեմ` հողդ կդառնամ, կդառնամ մարմնիդ մասունք-մասնիկը»: Այս առաքելությամբ պիտի պայմանավորվեր նրա բանաստեղծական խոսքի կենսունակությունը, գրքից գիրք նրա հոգեկերպի, գեղեցիկին հաղորդակցվելու էվոլյուցիան: Լևոնի գիրն անսեթևեթ է, մտերմիկ ու անկաշկանդ, հաճախ երևակայության ու իրականի համադրությամբ՝ ապավինելով իր ապրածի ու տեսածի փորձին: Նրա ինքնարտահայտման միջավայրը բազմաշերտ է, իրավիճակային, ինչը բանաստեղծի ներաշխարհում վերածվում է մարդկային հոգու, մարդկային էության և լինելիության դրամայի: Եվ այդ դրամայի հերոսները, Սահակյանի ընտրությամբ, ընտրյալներ են: Ընտրյալ է Սյունիքի չքնաղ բնության հովանավորը, երկիրը շենացնողը, ընտրյալ են արդարության և ճշմարտության հավատավորները, սիրո անդավաճան երախտավորները… Նրանք շատ են, ու ինքն էլ նրանց հետ քայլում է. «Կյանքի անուղեցույց ճամփաներով մերթ գլխիկոր, մերթ հպարտ,- հաղթողի և հաղթվածի խաբուսիկ տպավորություններով: Մեզ վրա նստում է արևի փոշին, մեզ հոգնեցնում է օրերի վազքը, և հոգիները մեր պարտվելով՝ լիցքավորվում են շարունակ…
Այսպես ձգվում է տարիների շարանը և գերեզմանի քարերին վիմագրվում են երջանիկների ու դժբախտների անունները, որոնք այնուհետ թևեր են առնում, թռչում, մտնում են ծննդատան պատուհաններից ներս ու գերեզմանի քարերը վերածում ծաղիկների»: Սա է նրա 70 տարիների կենսագրության, կյանքի փիլիսոփայության մանրակերտը, ինչը նրա բանաստեղծական դաշտում երևակվում է իրական չափերով:
Շնորհավորելով գործընկերոջս բազմավաստակ հոբելյանի առթիվ՝ միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 70-ը նոր արարումների ելակետ է, թեև արդեն հասցրել է Սյունիքի մշակույթի տոհմածառին իր հիասքանչ ու կենսունակ ճյուղն ավելացնել:
Սամվել ԿՈՍՅԱՆ
ԾՆՆԴՅԱՆ ՕՐ
Իմ ծննդյան օրն է այսօր,
Ու խորհում եմ տխրամած,
Մերթ անդուր է, մերթ մտերիմ
Տխրությունն այս քմահաճ.
Վերհիշում եմ անցած ուղիս,
Հին օրերը անմոռաց,
Տարիներս՝ գորշ ու գունեղ,
Արևոտ ու ամպամած.
Որքա՜ն բան եմ տեսել կյանքում՝
Առեղծական, ակնհայտ,
Եվ մնացել իմ հավատին
Նվիրյալ ու հարազատ.
Տեսել եմ մութ, լուսե հրաշք,
Կույս բարձունքներ նվաճել,
Ծառացել եմ հանուն մարդու,
Խղճի կամոք նահանջել.
Սիրել, սիրվել, գոհացել եմ
Տեր աստըծո տվածով,
Բարին է ինձ առաջնորդել,
Հանց համակիր մերձավոր…
Չէ՛, ապրել եմ կարծես պատվով,
Ամաչելու տեղ չունեմ,
Գինի լցրեք, բարեկամնե՛ր,
Էլ տխրելու միտք չունեմ.
Ուրախանանք ողջանվեր,
Թող մեր քեֆը ծովանա.
Գո՛հ եմ, մա՛յրս, որ չես ծնել
Մի ազգուրաց ավարա:
ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
Հետին մտքեր չունեմ, տղե՛րք,
Սիրտս բաց է ձեզ մոտ.
Եվ դուք այնտեղ ձեր տեղն ունեք՝
Էությանս հաղորդ.
Ես ձեր գոյի կարիքն ունեմ,
Ձեր բազմաշերտ խորքի,
Երկարաշունչ խրատանու
Եվ համառոտ խոսքի.
Ցավահարույց կսմիթը ձեր
Եղբայրաբար ներել,
Մտածել եմ, որ իմ հանդեպ
Դուք նույնկերպ եք վարվել.
Թերություննե՞ր, ի՞նչ խոսք, ունեմ,
Ո՞վ մեզանից չունի,
Միայն պետք է հսկել դրանց,
Որ չփոխվեն թույնի.
Արդեն քիչ են մեզ այցելում
Երազները մոգիչ,
Կարենայինք օրերը մեր
Գունեղ պահել մի քիչ…
Խմե՛նք, տղե՛րք, գլխներովս
Ինչեր, ինչե՜ր անցան,
Մնանք բարի և հանդուրժող,
Կյանքը կարճ է այնքան:
***
Հույզերի ծովում՝ կրկին երեխա,
Հերի՛ք է, սի՛րտ իմ, ի՞նչ ես խելառում,
Կյանքը նման է սևագրության,
Ու մաքրագրել չենք կարողանում.
Թվում է՝ անցած տարիները մեր
Փորձ հավաքելու համար էին տրված
Ու այսուհետև կապրենք նորովի,
Արդեն առանց ցավ ու առանց հառաչ.
Թվում է, բայց տե՛ս,
կանչում են անբառ
Համառ խաչերը հին գերեզմանում…
Կյանքը նման է սևագրության,
Ու մաքրագրել չենք կարողանում:
***
Հոգնել եմ, հոգի՛, ինձ կասկածելուց,
Չարի դեմ անվերջ կռիվներ տալուց,
Հանուն արդարի կոկորդ պատռելուց,
Թավ խավարներում
լույսս վատնելուց.
Հոգնել եմ, բայց տե՛ս,
խելքի չեմ գալիս,
Իմ ինչքը էլի անվարձ եմ տալիս,
Զիջում եմ, ներում,
դառնում կարեկից,
Դյուրին ծիծաղում արցունքի միջից.
Եվ հավատարիմ իմ էությանը՝
Ծառա եմ մնում մեծ բարությանը.
Խելքի չեմ գալիս ու… չեմ էլ գալու,
Տեսնես իմ վաղը ի՞նչ է լինելու…
***
Արդարությունը պիտի գա մի օր,
Անհնար է, որ այսքան ուշանա,
Կբախտավորվի Նաիրին իմ հեգ,
Էրգիրը հային կվերադառնա.
Տերը աշխարհիս այլ կերպ կնայի,
Կմիավորվեն հոգիները մեծ,
Խաղաղ երգերով ասպարեզ կիջնի
Արդեն երջանիկ մի հայ բանաստեղծ.
Արդարությունը կհասնի մի օր,
Արդարությունը՝ որպես մանանա.
Ու կյանք կստանա,
սպասումից հոգնած,
Տառապած երկրիս երազը ոսկյա:
***
Թավ մառախուղը
գյուղն առավ իր տակ,
Ամպեղեն ծովը ճերմա՜կ է այնքան.
Հովիվն հոտի հետ՝ սարի կատարին,
Գլխին՝ պլպլան արեգակ-գաթան.
Եվ ալիքները մալանչ առ մալանչ,
Գալիս են դանդաղ վայրիվերելով,
Դուրս ցցված բլրի գագաթը, ասես,
Մի խարիսխ գցած նավ է օրորվող.
Շներն անհանգիստ գռմռում են հա
Եվ հավաքվել են գառները վախից.
Ու նկարում է արարիչն արբշիռ
Մի տաք ծիածան և մի գորշ թախիծ…
***
Ու տխրությունը նիրհող անտառի
Աստիճանաբար ինձ է փոխանցվում,
Երկրամիջուկի եռացող մագման
Նեղվում է անվերջ իր մթին խցում.
Քամին փախցնում, ճամփան տանում է,
Ու այս սրտակեր կարոտն ուռճանում,
Տարին, չգիտես, ինչու է այսպես
Տագնապներով լի հա աճապարում.
Վտանգել են իմ հայրենիքը սուրբ
Նենգ ու դավադիր հրեշներն անկուշտ,
Կորստյան ահն է կախվել մեզ վրա
Եվ արշավում է մահը արյունռուշտ…
***
Ղուն- ղու՜ն-ղու, ղունղուն,
Ղուն-ղու՜ն-ղու, ղունղուն…
Ի՞նչ թռչուն է սա
Եվ ի՞նչ է ուզում,
Ա՛խ, այս հանգերգը
Այնպե՜ս է հուզում.
Կարոտի ե՞րգ է,
Թե՞ կորստյան վայ,
Թռչունն այս որբ է
Ու ինքն էլ է հա՞յ…
Ղուն-ղու՜ն-ղու, ղունղուն,
Ղուն-ղու՜ն-ղու, ղունղուն…
***
Միանգամյա ես, գնացողական,
Տիեզերական է ճախրը մտքերիդ,
Աստղե՜ր ու աստղեր ու խավարը կա,
Ու խեթ են նայում սուրբ հայրենիքիդ.
Հորձանք է տալիս ընդվզումը հա,
Աշխարհը՝ նորից պատերազմի բեմ.
Ու կրկին անզոր մեր արդարությամբ
Կանգնել ենք զորեղ անարդարի դեմ.
Հարստանում են անհատները ջոկ,
Ու պետությունդ՝ աղքատ Ղազարոս…
Ծածուկ ժպտում են անօրենները,
Եվ ամբոխները անցնում են անխոս:
***
Ննջող փողոցներ, ծվեններ լույսի
Եվ ամենեցու թշվառ գոյություն.
Դիոգենեսը օրը ցերեկով
Տեսնես գտե՞լ է իր ուզած մարդուն.
Լուսինը նեղլիկ ու դեղնակարմիր
Կամուրջ է գցել լճի վրայով,
Չեն խելոքանում Ադամի որդիք,
Գործում կարճամիտ, ապրում են ահով.
Ազատությունը գերեվարված է,
Ու վաճառվում է գեղուհին անսեր…
Ա՛խ, պայթյունները ծանր ռումբերի
Մի՞թե չի ուզում բարձրյալը լսել…
***
Մանրամաղ անձրև, մրմունջ-մեղեդի,
Ուրվաէսքիզներ՝ դեմի մշուշում,
Մի բաժակ սուրճ է բերում գեղուհին
Եվ միանգամից մտքերդ շեղում.
Բարի հրեշտա՞կ, թե՞ չար սատանա,
Տեսքը շոյում է աչքերդ ծարավ,
Նա ժպտում է ու հեռանում է նա
Եվ չի նկատում կարոտանք ու ցավ.
Մանրամաղ անձրև, մրմուջ-մեղեդի,
Ուրվաէսքիզներ՝ մեծ ու մանրակերտ,
Դու վայելումով ըմպիր սուրճը քո
Ու այս բալլադին մի՛ դիր վերջակետ…
Ա-ին
Քեզ հետ գնայինք աշխարհի ծայրը,
Ու ճանապարհը վերջ չունենար,
Գարուն ու աշուն ընկերանային,
Եվ ունենայինք մի ջերմ ամառ.
Համոզեիր, որ սրտանց սիրում ես
Ու կնքեիր այն հուր շուրթերով,
Խոստովանեիր, որ քեզ համար եմ՝
Տարիների իմ ծանր բեռով.
Հանձնված սիրո խելառ պտույտքին՝
Որոնեինք մեզ փրկող մի ճար,
Որոնեինք հա ու չգտնեինք,
Ու այս հեքիաթը վերջ չունենար…
***
Ժամանակն է, Տե՛ր, որ միջամտես,
Ցավում է հոգիս բաց վերքի նման,
Շաղվել-շեղվել են ամենքն ամենուր,
Փախչող Մահարի, մոլոր քարավան.
Ուրվագծեր են միայն երևում,
Մնում է մի զույգ ենթադրություն,
Այդպես էլ ոչ ոք փրկիչ չդարձավ,
Ոչ հոգևոր հայր, ոչ էլ իմաստուն.
Միջամտի՛ր, Տե՛ր, մարդը կարճամիտ
Ուղին է բռնել ինքնակործանման,
Շաղվել-շեղվել են ամենքն ամենուր,
Անհույս Մահարի, մոլոր քարավան…