ՊԱՏՈՒՀԱՆ
Ձմեռ է: Կանգնել եմ պատուհանի մոտ ու հիանում եմ քաղաքի ճերմակ կտավով: Դիմացս արծաթափայլ եղևնիներն են ձյան բարակ շերտի ծվենները թևերին հպարտ կանգնել, իսկ հեռվում լիճն է աղբից խեղված սպասում իսկական ցրտերին, որ սառույցով մաքրվի կեղտից: Մեքենաները արագ-արագ սլանում են փողոցով, և հատուկենտ անցորդներ են մտամոլոր քայլում մայթով: Մենակ եմ: Երկնքում չկա ամպի ոչ մի հետք, միայն կապույտն է աչքի պես գեղեցիկ բացվել զարմանքով: Արևը սարն անցավ ու վառվեց պատուհանիս՝ կուրացնելով ու ջերմացնելով միաժամանակ:
Շողերն ապակուց ներս խուժեցին, ու հանկարծ պատուհանագոգին մեջքի վրա, ոտները վեր տնկած երեք ճանճերից մեկի ոտքերը սկսեցին շարժվել, հետո՝ մյուսինը, ու մի քանի վայրկյան հետո երկուսը դանդաղ թևերը միացրին ու ինքնաթիռի շարժիչի աղմուկով լցրին սենյակը: Երրորդն անհաղորդ մնաց արևի կանչին: Զարմացա: Չէի տեսել երբևէ, որ սատկած ճանճը հարություն առնի արևի խուտուտից:
Թողեցի ճանճերին, նստեցի գրասեղանի մոտ: Հանկարծ սենյակս լցվեց երկու ճանճերի խելահեղ թռիչքով: Մե՛կ պատուհանին էին զարնվում, մե՛կ առաստաղին, մե՛կ պատերի երկայնքով սլանում, մե՛կ հոտոտում ծաղկամանի ծաղիկները՝ առջևի ոտքերով, դնչով խրվելով ծաղիկների մեջ: Հետո կրկին վերադառնում ապակուն, անթարթ նայելով արևին, ասես շնորհակալություն հայտնելով կյանքի ու երջանկության համար, այն կարճ, բայց իրական ուրախության համար, որ նրանք ապրում են այս պահին ու հիմա՝ մի կարճ ակնթարթ: Առջևում ցուրտ գիշեր է, և վաղը այսօրվա հրաշքը կարող է չկրկնվել, ու դա հնարավոր է:
Անկախ ինձանից ժպտացի: Ես էլ վարակվեցի այդ փոքրիկ արարածների ուրախությամբ: Արևի երկրպագության ավելի փառահեղ ծես ես չէի կարող պատկերացնել, քան այն, ինչ տեսա ու զգացի այդ պահին: Եվ առնելով նրանց դասը՝ հասկացա, որ կյանքն ամեն օր է պետք այսպես դիմավորել, այսպես՝ երախտագիտությամբ, այսպես՝ ուրախությամբ, այսպես՝ առանց հավատի, մտքերի, վշտի, ցավի, արևի հետ լցված լույսով ու օրհնանքով: Չէ որ ձմեռը կանցնի, բայց այս օրը էլ չի կրկնվի և ոչ մի անգամ: Ես գուցե էլ չտեսնեմ հարության այս հրաշքը, ճանճի պես զարնվեմ թափանցիկ ապակուն, և բնության վերափոխման այս ակնթարթը գուցե մեկ ուրիշ տեղ, մեկ այլ վկայի ներկայությամբ կատարվի, բայց այն սովորական երկրային կյանքի մի դրվագ է, այդ բարդ ու պարզ մեխանիզմի արտաքին դրսևորման մի պտուտակ, որը հավերժից եկել ու հավերժ էլ ճանապարհվում է՝ ծնունդ տալով ավելի լավին, կատարյալին, ամենակարողին…
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՄԱՏՈՒՌԻ ԵՐԱԶԸ
Գիշերը Հրայրը մղձավանջից վախեցած վեր թռավ: Դողում էր: Ճակատը սառը քրտինքով էր պատվել: Ձեռքը տարավ գլուխն ու մատները խրեց խիտ մազերի մեջ, ասես ուզում էր ինքն իրեն արթնացնել ու հիշել, հիշել ամեն մի խոսքը:
Ալեհեր ծերունի էր, լուսավոր, հանգիստ, երգեցիկ ձայնով.
– Հե՛լ, տղա՛ս, Ամենափրկչի մատուռը քանդել են, վե՛ր, մնալու տեղ չունեմ, գնա տանս պատերը նորից կանգնեցրու, հե՜լ…
Հա՜, ուրեմն երեկ կեսօրին գյուղ հասած խոսակցությունները ճիշտ էին: Կռապաշտ Վրթանեսը քանդել էր տվել անպաշտպան մատուռը, որը անհիշելի ժամանակներից հողափոր, փոքր սրբավայր էր, ներսը երկու փոքր ու կենտրոնում՝ չափերով մեծ մի խաչքարով:
Հագնվեց, դուրս ելավ: Երկինքը լուսավորված էր Լուսին-լապտերով:
Ծեծեց հարևանների դռները ու ընկերներին պատմեց երազը: Սամվելն ու Գևորգը լուռ համաձայնեցին, ու միասին ճամփա ընկան: Հասան ծանոթ տեղերին, գտան գետնին հավասարեցրած հողաշեն սրբավայրն ու գործի անցան: Գետնափորից հանեցին քարերը, հատակը մաքրեցին ու խաչքարերը տեղադրելուց հետո շարք-շարք վերականգնեցին պատերը: Լուսաբացին ավարտեցին ու իրար նայեցին՝ հաջողվեց: Վերադարձան գյուղ:
Առավոտյան մելորացիայի բրիգադը տրակտորով ու բեռնատարներով բարձրացավ դաշտ: Նրանց հետ էր առաջավոր կոմունիստ, գյուղատնտես Վրթանես Միքոյանը՝ մատուռի քանդման հեղինակն ու նախաձեռնողը:
Հանկարծ աշխատողներից մեկը հեռվից ձեռքերը թափահարելով մոտ վազեց ու աչքերը չռած պատմեց, որ երեկվա իրենց քանդած մատուռը հարություն է առել ու հիմա պատերը կանգուն՝ նույն սարքին վիճակում է: Միքոյանը չհավատաց ու աշխատողների հետ մոտեցավ իրենց երեկվա քանդած մատուռին: Տեսավ՝ իրոք, շինությունը կանգուն, անխաթար իրեն է նայում, փրփրեց ու հայհոյանքներ թափեց, թե՝ ոչ մի հրաշք էլ չկա, հաստատ մեկը իրեն ձեռ է առնում, որ գտնելու ու պատժելու է այդ մարդուն: Կրկին հրամայեց աշխատողներին քանդել հողաշեն մատուռը, փոսը լցնել ուրիշ հողով, իսկ խաչքարերն ու քարերը տանել ու թափել բլրի ետևի քարանոցը: Նայեց անհավատին արժանի կատարած գործին, ինքնագոհ նստեց բեռնատարը և բրիգադիրին հրահանգներ տալով գնաց շրջկենտրոն՝ գործերով:
Գիշերը Հրայրը նորից երազ տեսավ: Նույն ծերունին էլի եկավ ու խնդրեց, որ գա ու վերականգնի Ամենափրկիչ մատուռը, նորից անհավատները քանդել ու քարերը տարել-թափել էին մոտակա քարանոցը: Նորից ելավ, ընկերներին պատմեց երազն, ու նորից գնացին մատուռին օգնության:
Քարանոցից հատիկ-հատիկ տեղափոխեցին խաչքարերն ու քարերը: Ձեռքերով հողից մաքրեցին սրբատան հատակը ու խաչքարերը տեղադրեցին: Ասես վերից իջած զորավոր ուժով մինչև լուսաբաց կանգնեցրին պատերն ու թեթևացած խղճով իջան գյուղ:
Կատաղած գյուղատնտեսը քարերը դես ու դեն էր նետում, մինչդեռ աշխատողները վախվորած էին հրաշքից ու շվարած Աստծո գոյության փաստից՝ կանգնել-մնացել էին: Անհավատ Վրթանեսը անդրդվելի էր՝ մեկ է գտնելու եմ էս խաղը սարքողներին, բոլորին էլ որպես հակաների աքսորելու եմ, հլա սպասեք: Հրամայեց այս անգամ քարերն ու խաչքարերը բարձել բեռնատարը ու տանել-լցնել մեկ կիլոմետր հեռվում գտնվող անասուներին ջրելու լճակը և սրանով վերջ տալ Աստծո տան վերականգնման մասին շրջանառվող հրաշապատումներին:
Երրորդ անգամ ծերունին Հրայրին հյուր եկավ: Հանգիստ, անխռով ու վճռական.
– Հե՛լ, գնա Չամանկուտի լճի աջ քարափի մոտի ափի ջրերի միջից հանիր խաչքարերն ու վերականգնիր տունս՝ մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ:
Սարսափած գնաց, ընկերներին գտավ ու պատմեց ծերունու պատգամը: Լծեցին Տիգրանի ծեր ավանակին սայլին ու հետը քայլելով գնացին լիճը գտնելու:
Հասան ծերունու նշած տեղն ու ջրի հայելու մեջ տեսան խաչքարերը: Մի պահ քարացան վախից ու երազի տպավորիչ խորհրդից, բայց անմիջապես սկսեցին սայլին բարձել ջրից ծանրացած խաչքարերը: Ասես սեփական պապերին էին խեղդվելուց փրկում՝ կար հարազատ, անհայտ ինչ-որ զգացում, որն անասելի ուժ ու ջերմություն էր տալիս տղերքին: Երեք անգամով կարողացան ամբողջը տեղափոխել ու միանգամից անցան գործի:
Ավարտելուց հետո Գևորգի բերած մոմերը վառեցին, համբուրեցին խաչքարերն ու հաղթանակած վերադարձան:
– Հրաշք չկա՛, մի՛ վախեցեք, աստված չկա՛, ա՛յ անգրագետներ, սա մարդու արած է, եկեք մուրճով կոտրենք ու թաղենք էս խաչքարերը,- ցնորվածի պես խոսում, խրխնջում էր կռապաշտ գյուղատնտեսը, բայց այս անգամ աշխատողները չենթարկվեցին և դեռ հորդորեցին հեռու մնալ սրբավայրից, որովհետև այն, ինչ իրենք տեսան՝ վեր է ամեն տեսակ բացատրություններից:
Վրթանեսը ձեռքը թափ տվեց, ինքն իրեն խոսելով նստեց բեռնատարն ու գնաց: Մատուռը հաղթեց ու վաստակեց ապրելու հավերժ իրավունքը:
Տարիներ հետո քարագործ վարպետ, հուշաղբյուրների ու տապանաքարերի հեղինակ Մելիքի Օնիկը ընկերոջ՝ պատշար Հայրազատի հետ տուֆից տաք ու գեղեցիկ պատեր կկանգնեցնեն Ամենափրկիչ մատուռի համար, իսկ հաջորդները տարածքը կպարսպապատեն, ծառեր կտնկեն՝ անմահացնելով այն երեք ջահելներին, որոնց շնորհիվ մնաց ու ապրեց երեք խաչքարերի մատուռ Ամենափրկիչ Սրբատունը: