ԿԱՆԱՉ ԿԱԿՏՈՒՍԻ ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿԸ / Արմինե Սարգսյան

Արմինե-Սարգսյան

Հյուրասենյակի կակտուսը ծաղկել էր: Մայրս առանձնահատուկ էր խնամում կակտուսին, նրան հատկացրել էր կավե ամենաթանկ թաղարը, ամենալավ տեղը. դեմքով դեպի հեռուստացույցը` հյուրասենյակի ճիշտ կենտրոնում: Նա ինձ պատմել էր աշխարհի բալոր հեքիաթները կակտուսի մասին, բացի մեկից, որ ես լսել էի ներքևի հարկում ապրող հարևանուհուց: Նա ասում էր, որ կակտուսի փուշը կարող է աճել մարդու մարմնի մեջ, իսկ հետո ինչ կլինի, դժվար է պատկերացնել:
Մինչ մտածում էի մորս չպատմած հեքիաթի մասին, կակտուսը ծակեց մատս: Մորս մոտեցող ոտնաձայնը լսեցի: Մարմինս աննկատ, առանց ցավի ծածկվեց կակտուսի փշերով: Ես հազիվ հասցրի տեղավորվել առաջին պատահած ամանի մեջ` իմ փշե մարմնով ծածկելով փոքրիկ մանուշակին: Երբ մայրս ներս մտավ, արդեն անշարժ տեղավորվել էի նրա սիրած կակտուսի կողքին: Ինչպես և կանխատեսում էի, մայրս լայն ժպտաց ծաղկած կակտուսին, կարևորություն չտալով ինձ`անկոչ հյուրիս, շտապեց աշխատանքի:
Տանն ամեն ինչ նույն էր: Հայրս տուն եկավ երեկոյան 19-ին, մայրս` 20-ին: Մայրս շարունակեց աշխատավայրում կիսատ թողած աշխատանքն իր համակարգչի առաջ, հայրս` իր: Ավելի ուշ, այն ժամին, երբ ես սովորաբար քնած եմ լինում, հյուրասենյակում կակտուսից բացի, տեսա մորս ու հորս: Հայրս պառկել էր, մայրս ծնկել էր հատակին` մեջքով հենված նույն բազմոցին: Կակտուսն անշարժ էր: Հեռուստացույցով իտալական մելոդրամա էին ցուցադրում: Կարող եմ երդվել, որ չէին նայում. Մայրս անգիր գիտեր ամեն դետալը, հայրս չէր նայում մելոդրամաներ: Մութ սենյակում նրանց միացնում ու բաժանում էր իտալական մելոդրաման: Կարող եմ երդվել, որ ամենաթունդ ֆուտբոլային խաղն անգամ չէր ստիպի նրանց վիճել, ինչպես հաճախ էր պատահում, երբ նույն ժամին և՛ իտալական մելոդրամա էին ցուցադրում, և՛ ֆուտբոլային թեժ հանդիպում: Նման վեճերն ավարտվում էին ոչ-ոքի: Մայրս ու հայրս քաշվում էին իրենց սենյակն ու աշխարհից` միմյանցից խռով միացնում համակարգիչները: Հեռուստացույցը շարունակում էր կատարել իր հիմնական ֆունկցիան` զվարճացնել երես առած կակտուսին: Նախանձելի սիրուն էր երեկոն հյուրասենյակում: Ես կգերադասեի քնած լինել, բայց ինչպես հասկանում եմ, կակտուսները չեն քնում: Հույս ունեի, որ քնելուց առաջ մայրս կմտնի իմ սենյակը ու կտեսնի դատարկ անկողինը: Բայց անգամ դատարկ, հարդարված անկողինը ոչինչ չփոխեց մեր տանը: Թերթերը, որ ամեն տխմարության արձագանքում են, ոչինչ չգրեցին կակտուսի վերածված աղջկա մասին:
Առավոտյան մայրս երկար զննում էր մարմինը, կրծքի շրջանում` ավելի երկար: Կրծքից մինչև պարանոցը հազիվ նկատելի սպի կար: Առաջին անգամ էի տեսնում մորս այդպես` խորհրդավոր ու տրտում: Նա իր մեկ կրծքով, մերկ ուսերին փռված երկար, ալիքաձև մազերով ինձ ավելի հմայիչ թվաց: Մետաքսե գիշերազգեստը գցեց ուսերին, ասես ամաչում էր կակտուսից, մոտեցավ այդ փշե կախարդին, ով այնքան անտարբեր էր սեփական ծաղիկների նկատմամբ, ստուգեց հողի խոնավության աստիճանը: Հետո ինձ տեղադրեց դրսի փոշոտ միջանցքում: Ամենաանտանելին աղբատար խողովակի բաց անցքերից անխղճորեն քթիս խփող հոտն էր: Չգիտեմ ինչպես ամբողջ այդ պատմության ընթացքում ուշագնաց չեղա: Երևի կակտուսները գիտակցությունը չեն կորցնում: Չգիտեմ նաև, թե ինչով է ավարտվելու այս պատմությունը: Հավանաբար հաջորդ գարնանը ես ծաղիկ կտամ (լավագույն դեպքում) ու մի բարի մարդ ինձ տուն կտանի, կտեղավորի համակարգչի մոտ, որովհետև ինչ-որ մեկը նրա գլուխը կմտցնի, որ կակտուսի փշերը կլանում են համակարգչի ճառագայթները: Երբ հայրս դժգոհում էր մորս` կակտուսի նկատմամբ աճող ուշադրությունից, մայրս հենց այդպես էր պաշտպանվում: Թեև մեր տան համակարգիչները դրվում էին ուր պատահի, բացի հյուրասենյակից: Այնտեղ առավոտից երեկո միացրած էր հեռուստացույցը, որ կակտուսն իրեն մենակ չզգա: Հեռուստացույցը պակաս չի ճառագայթում` ասում էր մայրս: Այո, բայց մեր աղջիկը համակարգիչն է գլխի տակ քնում, ոչ թե հեռուստացույցը` նկատում էր հայրս: Բայց քանի որ մորս հետ վիճելն իզուր էր, կակտուսը շարունակում էր մնալ հյուրասենյակի ուղիղ կենտրոնում:
Երկար չեն ապրի ծաղիկները: Այդ փշերին ո՞վ կդիմանա: Իսկ հայրս արդեն տասը և ավելի տարի ապրում է մորս կողքին: Փշոտ ու անկրկնելի է մայրս: Ես հույս ունեի, որ մի օր, ի վերջո, միջանցքից կլսեմ նրա աղեկտուր լացը, երբ կնկատի, որ իր աղջիկը չկա:
Միջանցքից լսեցի հորս հենակների թխկթխկոցը: Նա, քարշ տալով միակ ոտքը, բարձրացավ աստիճաններով, մոտեցավ մեր դռանը, գրպանից հանեց ինձ ծանոթ բանալին: Մի քանի օր անց մարդկանց թափորը նույն աստիճաններով իջեցրեց մորս մարմինը: Հայրս միշտ նույն ժամին էր գնում աշխատանքի, վերադառնում` նույն ժամին: Մի օր էլ, երբ մեկ ոտքով բարձրանում էր աստիճանները, նկատեց ինձ ու տուն տարավ: Ես էլի հայտնվեցի մորս սիրած կակտուսի կողքին, որին հայրս խնամում էր մորիցս ոչ պակաս լավ: Հեռուստացույցի մոտ իտալական մելոդրամաների անհաշիվ սիդիներ կային: Հայրս ամեն օր միացնում էր դրանցից մեկը: Ֆուտբոլ չէր նայում, որովհետև չկար մեկը, ով վեր կքաշեր հոնքերը խռոված երեխայի նման ու կասեր, որ նույն ժամին չլսված, չտեսնված մելոդրամա կա: Ու եթե պատահում էր, որ հեռուստաալիքներից ոչ մեկով չլսված մելոդրաման չէր գտնվում, միևնույն է, նրանք վիճում էին: Մայրս ֆուտբոլ չէր սիրոււմ, ինձ թվում է, նա կակտուսից ավելի սիրում էր հորս:
Մեր տանը նոր կին հայտնվեց: Նա սերիալներ էր նախընտրում: Հայրս դեմ չէր: Ճիշտ կլինի ասել, նրա համար մեկ էր: Նա ճաշում էր, իր սենյակը քաշված` աշխատում, իսկ գիշերը մելոդրամա էր նայում: Վատն այն է, որ հորս նոր կինն իր անճաշակ շորերը լցրել էր իմ հարդարված անկողնու վրա: Ես հաճույքվ նրան կծակեի, բայց չէի ուզում` կակտուս դառնար ու ընդմիշտ ցցվեր կողքիս: Մորս մահից հետո մեր տանը սիրո երեկոներ այլևս չեղան: Ազնիվ լինելու համար ասեմ, որ նոր կինը լավ ձեռք ուներ, հայրս դեմ չէր, մեկ-մեկ համեղ ճաշեր ուտել:
Կարող եմ երդվել, որ քնել էի: Զարթնեցի մորս ձայնից: Չէի սիրում, երբ ինձ քնից հանում են: Բայց նախընտրում էի, որ մայրս ինձ արթնացներ, ոչ թե զարթուցիչը ձայնը գլուխը գցեր: Նստեցի անկողնում: Դիմացի զգեստապահարանի օվալաձև հայելու մեջ տեսա ինքս ինձ:
Մայրս մետաքսե գիշերազգեստով էր, նա այնքան վարժ էր զարդարվում, որ ասես միաժամանակ էր վարսերը հավաքում գլխավերևում, կարմրեցնում այտերն ու սուրմայի բարակ շերտով ընգծում նշաձև աչքերը: Պետք է ասեմ, որ բաց պարանոցին սպի չկար, կուրծքը վիրավոր չէր: Այդպես նա նույնպես դուրեկան էր: Հայրս երկու ոտք ուներ: Դա պարզեցի դպրոց գնալու ճանապարհին: Երդվում եմ… հյուրասենյակի կակտուսը ծաղկել էր: Մորս ուրախությանը չափ չկար: Ես նայեցի կակտուսին` շատ բան իմացող մարդու հայացքով, հին ծանոթի պես, որին թեև չէի համակրում: Ես գիտեի, որ բոլոր կակտուսներն իրենց պատմությունն ունեն, որ առավոտները մերկ են ու տխուր, որ ամեն գիշեր իր խորհուրդն ունի, իսկ մայրս կակտուսից առավել սիրում է հորս:
Ամեն ինչ նույնն էր, ինչպես իմ` կակտուսի վերածվելուց առաջ, մինչև որ գրականության ուսուցչուհին հանձնարարեց գրել շարադրություն ընտանիքի մասին: Ես ասացի, որ ամեն գիշեր մայրս հեքիաթ է պատմում և, իբր հետգրություն, պատմեցի մորս երբեք չպատմած հեքիաթը:
Արդյունքում մորս կանչեցին դպրոց, մեր գրադարակներից անհետացան Կաֆկայի գրքերը, որ կարդում էր հայրս, հյուրասենյակից` կակտուսը, որին պաշտում էր մայրս, իսկ շարադրությանս համար ստացա անբավարար: Երբ աղջիկ ունենան, չեմ պատմի նրան մորս պատմած հեքիաթներից ոչ մեկը:
Մի օր, երբ աչքերս բացեց ու տեսա մորս`գիշերազգեստը ետ գցած, մարմինը զննելիս, կուրծքն` ավելի, ես արդեն 16 տարեկան էի: Մորս զարդատուփից սահեց, ցած ընկավ կարմիր ծաղիկը: Կակտուսի` հատակին ընկած ծաղիկը ճաքճքել էր` պահպանելով միայն բնությունից տված գեղեցիկ ձևերն ու կարմիր գույնը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։