– Թվում է՝ գրողի խոսքը կորցրել է հասարակության վրա ազդելու նախկին ուժը, ինչո՞ւ…
– Հայերիս համար դարեր, հազարամյակներ ի վեր ԽՈՍՔՆ է եղել ամենաազդեցիկն ու ամենազորը… Խոսքով են օրինակ ծառայել, դաստիարակել, ուսուցանել, համոզել ու հորդորել, սիրել, պաշտել ու աղոթել: Նաև խոսքով են կշտամբել, հայհոյել, դատապարտել, ժխտել ու անիծել: Հատկապես գրողի, ասացողի, գուսանի խոսքն է միշտ ոգևորող կամ էլ կանխող եղել… Եթե համեմատելու լինենք, կտեսնենք, որ «թևավոր խոսքերի» մեծ մասը հենց գրողների մտքի արգասիքն է: Գրողին լսելը, նրան կրկնելը, օրինակելն ու վստահելը դարեր ի վեր ընդունված էր մեզանում: Շատ հեռու չգնանք. համազգային շարժման սկզբում, առաջին տարիներին հենց գրողներն էին ամբիոնին ու վստահության դաշտում…
Հետո ուրիշ բան եղավ: Հետո անջրպետվեցին ոչ միայն գրողն ու ընթերցողը, նաև՝ գրողն ու նրան լսողը, գրողն ու նրան վստահողը, գրողն ու ժողովուրդը: Կասկածում եմ, թե հիմա գրչի քուրմերի մեր ընտանիքում կգտնվի մեկը, ով կկարողանա Նիկոլի նման իր ետևից տանել հազարավորներին, կոչել, համոզել ու հորդորել նրանց: Չեն հետևի, չեն լսի: Այո՛, վերջին տասնամյակներում շատ ջրեր հոսեցին, ուրիշ բաներ եղան: Դժվար է ասել, թե ինչը և որն է ԳՐՈՂԻ այսօրվա մեկուսացված, անավանգարդային վիճակի պատճառը… Պատասխան գտնելու համար այսուհետ ստիպված շարունակ ասելու եմ՝ «գուցե»:
Գուցե ա՞յն, որ ժողովուրդը գրողի մեջ ազատ ոգի, անկախություն ու հպարտություն է տեսնում և չի հանդուրժում, երբ նրանք աստիճաններով ոչ թե պառնաս են բարձրանում` Ապոլոնի մոտ, այլ նախագահական կամ կառավարություն…
Իսկ գուցե գրողներից զատվելու պատճառն այն է, որ վերջին 30 տարիներին անկում ապրեց, պարզապես գահավիժեց մարդկանց սոցիալական վիճակը, և քաղցած ժողովուրդը ի՞նչ օգուտ պիտի ունենար կամ ի՞նչ ակնկալեր ու սպասեր «կիսաքաղց» գրողից:
«Գուցե» ասեմ ու շարունակեմ… Իսկ ինչո՞ւ չասեմ, որ ինտերնետն ու այլազան «գաջեթները» նսեմացրին, թերարժեքացրին գրողին ու նրա խոսքը… «Գուցե» ասեմ ու շարունակեմ, իսկ գողականներն ու թաղային հեղինակությունները չէի՞ն, որ մեյդան ընկան ու իրենց հայհոյախառն «խոսքով» ասացին ու արեցին ավելին, քան գրողները…
«Գուցե» ասեմ ու ասե՜մ, իսկ պատգամավոր թեկնածուները չէի՞ն պատճառը, որ ընտրությունից ընտրություն նվերներ, լոբի, բրինձ, «բոմբոներկա» բաժանելով ավելի կարևորեցին ինչքն ու ստամոքսը, քան միտքը…
Ուրիշ «գուցե» էլ կա… փոքրացել, աննշան են դարձել գրող դառնալու, գրող լինելու, կոչվելու պահանջները: Առաջներում ասում էինք ԳՐՈՂ, և չորսբոլորը լցվում էր պատկառանքով, մտքով, լրջությամբ, իմաստով ու խորհրդով: Ջահելները առաջին լղարիկ գիրքը թևատակերին և «մե՜ծ գրողի» գոռոզությունը ճակատներին, լերան-լերան եկան ու Գրողների միության անդամ դարձան: «Գուցե» ասեմ, ու գուցե թվա, թե «հեռացում-ուրացումի» համար միայն. գրողներս ենք մեղավոր, բայց երիցս ո՛չ: Տարիներ առաջ ՀԳՄ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի (կար այդպիսին) պատասխանատուն էի մեր տարածաշրջանում… Չկար ամիս, որ անվանի ու նորահայտ գրողների խմբեր չժամանեին ու հանդիպումներ չունենային ընթերցողների հետ: Մարդիկ նույնիսկ նեղանում, զայրանում էին, եթե իրենց չէինք այցելում…
Ինչպե՞ս կարելի էր չնեղանալ Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի, Ռուբեն Հովսեփյանի, Անահիտ Սահինյանի, Կարպիս Սուրենյանի, Ֆելիքս Մելոյանի, Ռազմիկ Դավոյանի, Միքայել Հարությունյանի և այլոց հետ հանդիպում չունենալու, նրանց գրողական խոսքը չլսելու համար: Այսօր միայն երազել կարելի է նման հանդիպումների մասին… Այս սերունդը չի ճանաչում և չի էլ ուզում ճանաչել ո՛չ դասական և ո՛չ էլ ժամանակակից գրողներին: Գրողների անունները օլիգարխների հետ են շփոթում:
Ցավալի մոդա է դարձել «Հիմա գրող չկա» արտահայտությունը: Իսկ եթե հանկարծ հարցնես. «Իսկ ե՞րբ կար»: Պատասխանը նույնն է: Այս հանգամանքը ևս անկարևորեց, գցեց, նսեմացրեց գրողներիս կշիռն ու վարկանիշը: Խոսքը ուսյալ ու կիրթ ընթերցողների արդեն շա՜տ նոսր խմբին չի վերաբերում: Խնդրո թեման նաև այլ ստորջրյա խութեր ու հսկայական տողատակ ունի, բայց մի բան փաստ է` հարյուրամյակների ստեղծվածը կորսվեց տասնամյակների ընթացքում, և էլի քանի հարյուրամյակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի գիրը, գիրքն ու գրողը գնահատվեն հավուր պատշաճի և արժանվույն…
Ինչ արած, պետք է սպասենք մեր ԼՈՒՅՍ օրվան, քանզի չգիտեմ՝ միտումո՞վ, անտարբերությա՞մբ, թե՞ անգիտակցաբար, հիմա, ինչպես մեծ աշուղը կասեր. «Մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած, ասպարեզը համբակներուն են թողած»: