ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող
ԱԼԵՔՍԱՆ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Առաջ ամեն բան ուրիշ էր, հիմա` ուրիշ, առաջ Կիրակոսն իրավունք չուներ թեկուզ հազիվհազ լսելի մրմնջալու առ այն, որ ինքը անցավոր արարած է` ամենազոր Պատահականության հորձանուտն ընկած, որ թշվառի մեկն է, մեղք է… Եվ նման բաներ: Հիմա Կիրակոսը կարող էր թեկուզ գոռալ` ինչ մտքովն անցներ. հիմա նա կարող էր գնալ տնկվել ազատարար հեղաշրջման շնորհիվ որպես ամենայն բողոքավորի ասպարեզ օծված Ազատության հրապարակում, կարող էր նույնիսկ մագլցել, հեծնել պաշտելի դասական Մեծն Բանաստեղծի կամ Մեծն Կոմպոզիտորի գրանիտե (թե՞ պղնձե) ուսին ու ձայնը գլուխը գցել ի լուր ամենքի, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, ինչպես նաև ի լուր Հայաստանյայց մայրաքաղաքում սփռված (փառք Երկնավորին, վերջապեեե՜ս) տարաշխարհիկ հյուպատոսարանների խլշկոտ ականջների.
– Հո՛ւյ, ես ձեր…
Չէ՛, չեղավ. հուզական շեղում եղավ, զի այս անտեր ազատությունը, ախր, անիծյալ չազատությունից հետո այնքան ուշ եկավ, որ Կիրակոսը դեռևս չէր կարողանում մինչև վերջ հաղթահարել վախն ի խոսքն «ի խորոց սրտի». դեռևս չէր կարողանում լցված սիրտը դատարկել ավարտուն նախադասությամբ` առանց ժառանգական դարձած բազմակետի:
Որպես բնութագիր` պիտի ասվի, որ Կիրակոսն, առհասարակ, մանկուց ի վեր չուներ հայհոյելու հետ: Եվ հանկարծ այս վերջին (գուցե թե նախավերջին կամ նախանախավերջին) օրերին հոգին բերանն էր գալիս վերոհիշյալ անավարտ հայհոյանքն ատամների տակ խեղդմղդելուց:
Դարձյալ որպես բնութագիր` պիտի ասվի, որ Կիրակոսն էլ էր մաքառել նորեկ ազատությունը տեղ հասցնելու համար. վաղեմի կիսաքաղցության մածուն-պոնչիկի ընկերների հետ գլխավորել էր իրիկվանից մինչև առավոտ «գործադուուուլ» մռնչացող ցուցարարների հեղեղը, կուրծքը դեմ արել այդ հեղեղի ընթացքը կասեցնել փորձող զրահապատ պատնեշներին. մինչև անգամ կալանավորվեց, զի չափն անցել էր ազատաբաղձական (թե՞ հեղաշրջողական) ոգեշնչումից, նկարահանող սարքն առել ու քշել մտել էր Կա-Գէ-Բէ.
– Բաց արեք ձեր դահճամատյանները:- Առանց հայհոյանքի նշույլի: Կիրակոսի ամոթխած բերանից հայհոյանքի նշույլ չէր թռել անգամ այն պահերին, երբ երկրապահ խմբի հետ ընկել էր անտառամիջյան ճանապարհին դարանակալած թշնամու կրակի տակ…
…Երբ մի ձեռով նկարահանում էր, իսկ մյուս ձեռով որսորդական հինգկրականի կոտրածքիթ «Վինչեստր» հրացանով ու մի քանի նռնակով դարանից դուրս էր քշում թշնամու ավտոմատավորներին ու գնդացրավորներին…
…Երբ արնաքամ գլորվում էր լեռքար ձորալանջով…
…Երբ մենակ ու մոռացված` իր դաշտամեջ քոլիկում անտեր շան նման լիզելով էր փորձում ապաքինել եզան լեզվի ու կռատուկի հույսին մնացած իր վերքուցավը…
…Երբ հեռավոր ջրափոսերից խաղալիք դույլիկով հավաքած անձրևաջուրը չորեքթաթ ու փորսող էր հասցնում քոլիկի մոտ տնկած մի քանի թուփ լոբուն` յոթ երկար տարի:
Կիրակոսի հայհոյելը գալիս էր հիմա, երբ իր քոլիկում սուսուփուս ապաքինվել պրծել էր, կրկին մայրաքաղաքամեջ ելել, լուր ուղարկել մածուն-պոնչիկ-հեղաշրջման ընկերներից մեկին, որ հիմա հաղթանակած կամ այդպիսին հայտարարվող Ազատության տնօրեններից էր, լուր առ այն, թե ինքը` Կիրակոսը, տագնապ ունի. Ազատությունը վտանգի տակ է, վտանգը դրսերից չէ, ներսի ընդդիմությունից էլ չէ (դրանց մասին խոսվում է, դրանց դեմն առնվում է ծայրահեղության հասած պահերին). իր` Կիրակոսի տագնապի պատճառը գտնվում է… Դե, այդ մասին ուզում է խոսել մեկուսի, խելք խելքի տալ, միտք փոխանակել երես առ երես: Նամակով առաքված այդ առեղծվածապարուր տագնապը գրկաբաց ընդունելություն էր գտել պատասխան գրության մեջ` անպայման զանգահարիր, արի:
Հիմա էլ Կիրակոսը նորից անցագրային սպասասրահում էր և, ուշքն ու միտքն ի մի բերելու փոխարեն, հազիվհազ էր զսպում վրա տվող հայհոյանքը, զի շաբաթներով մաշել էր վերոհիշյալ անցագրայինի գրանիտե հատակը. առավոտից իրիկուն ներքևից վերև էր զանգում ներքին ու արտաքին հեռախոսներով` օգնական-օգնականուհիներից ստանալով միևնույն գրկաբաց պատասխանները.
– Մի րոպե. տեսնեմ` տեղո՞ւմ է:
– Հինգ րոպե հետո զանգահարեք:
– Ժամը մեկից հետո զանգահարեք:
– Փորձեք զանգահարել աշխատանքային օրվա վերջում: Կամ` վաղը:
– Իր տան հեռախոսի համա՞րը… մի րոպե… չկա:
Անցագրայինի սպասասրահում Կիրակոսն այդ օրն էլ վայրկյաններ էր հաշվել առավոտից իրիկուն, զի ժամացույց չուներ, որ բռնացներ հերթական զանգահարման ճիշտ պահը` հինգ րոպե հետո, մեկ ժամ հետո… Մինչև որ անցագրայինի սիրալիր հերթապահուհին, վերարկուն հագնելով, հարդարվելով, իրերը պայուսակը դնելով, նորից սկսեց հասկացնել, թե դռները փակելու ժամանակն է: Այս էլ ո՞րերորդ անգամ…
Կիրակոսը ճոճք զգաց, ինչպես զգացել էր լեռքար ձորալանջով գլորվելիս ու գլուխը քարաբեկորին հարվածելիս. մի կերպ պահպանեց հավասարակշռությունը, մանրաքայլ մոտեցավ, մի կերպ հասավ հերթապահուհու պատուհանին, մաքուր թուղթ խնդրեց, շաղվող տեսողությամբ սկսեց գրել այն, ինչ ուզում էր ասել մածուն-պոնչիկ-հեղաշրջման ընկերոջը, եթե այդ պահին կարողանար տեսնել նրա երեսը կամ հետը կապվել հեռախոսով. «Ազատության գլխին իջած վտանգը դո՛ւ ես, մարմինդ յոթ փակի տակ պահող քո վախկոտ…»:
Վերջին գիրը ևս չստացվեց առանց ժառանգական դարձած բազմակետի, զի Կիրակոսը մարեց. «հանգավ հոգին իր որբ»:
Որպես վերջնական տեղեկություն՝ պիտի ասվի, որ վերոհիշյալ Կիրակոսը կա` առույգ ու անհոգ, ինչպես չէր եղել ի ծնե, զի առանց անցագրի մուտք է գործել երկնային ազատն անսահմանություն` լիովին ապաքինված և՛ ցավ ու տագնապից, և՛ տագնապահարույց հիշողությունից. իր համար ուրախսիրտ ճախրում է` հետը անհոգ ճախրող Տեր Աստծո լուսեղեն Աջը մտերմաբար բռնած:
1996
***
Ընթերցողն առաջին անգամ հնարավորություն է ստանում ծանոթանալու այս, անկասկած, տաղանդավոր արձակագրի ստեղծագործություններին ռուսերեն:
Առաջին հայացքից Ա. Մեխակյանի ստեղծագործությունները պարզ են, չեն առանձնանում սյուժեի սրությամբ, դրանցում չկա նաև իրադարձությունների սրընթաց փոփոխություն: Սակայն կարդացվում են հետաքրքրությամբ. գրողի տաղանդը թույլ է տալիս պատկերել մարդկանց, այն, ինչ նրանք զգում են և մտածում` անելով իրենց առօրյա գործերը, կատարելով այս կամ այն արարքները:
Գրքում ընդգրկված է երեք վիպակ` գրված տարբեր տարիներին: Յուրաքանչյուրն ունի իր հերոսը, սակայն նրանց միավորում է հեղինակի կենդանի հետաքրքրությունը իրականության հանդեպ, որտեղ կան հոգսեր, կա ցավ ու վիշտ, բայց կա նաև մեծ սեր և հուսալի ընկերություն:
«Երկնագույն թիթեռնիկ» վիպակի հերոսը, որով բացվում է այս փոքրիկ ժողովածուն, գյուղացի տղա Արմենն է: Մանկության աշխարհը գրողի համար միայն հիշողություն չէ անցյալի մասին: Դա միաժամանակ նաև մեր ապագա աշխարհն է, չէ՞ որ այսօրվա երեխաները վաղը դառնալու են մեծահասակ: Եվ փոքրիկ մարդը քիչ եռանդ չի ծախսելու և շատ բան է հաղթահարելու չափահասության ճանապարհին: Ալեքսան Մեխակյանի յուրաքանչյուր ստեղծագործություն իր երիտասարդ հերոսների համար քայլ է դեպի հասունություն: Եվ այդ քայլերն արվում են ճանապարհին, որոնք տրորվել են իրենց համար այլ մարդկանց, իրենց նախորդների կողմից: Սա է սերունդների ժառանգորդության իմաստը:
Երեք վիպակ` մարդու կյանքի երեք փուլ: Վաղ մանկություն, աղոտ երազանքներ, շրջապատող աշխարհի դժվար ճանաչողություն («Երկնագույն թիթեռնիկ»): Դեռահասություն, հոգեպես ձևավորվելու գործընթացը, հասակ առնելու ժամանակ («Սեղմված շուրթեր»)… Պատանեկություն` որոշումների և արարքների ժամանակ: Պատանին այրանում է (տղամարդ է դառնում), դիմակայում է Մարդու կոչման փորձությանը. այդ մասին է «Օր անապատում» վիպակը:
Ա. Մեխակյանի ստեղծագործությունները ներծծված են նուրբ քնարականությամբ, որն այնքան բնորոշ է ժամանակակից հայ արձակին: Երիտասարդ արձակագիրը ժառանգում է իր երկրի գրողների լավագույն ավանդույթները: Նրա ստեղծագործություններին ցանկանանք բարեհոգի և նրբաճաշակ համամիութենական ընթերցող:
Վիլ ԼԻՊԱՏՈՎ
***
Ալեքսան Մեխակյանն արդեն ծանոթ է ռուս ընթերցողին, «Մոլոդայա գվարդիայի» հրատարակած նրա առաջին` «Երկնագույն թիթեռնիկ» գիրքն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և ստացավ հրատարակչության մրցանակը` որպես տարվա լավագույն գիրք պատանիների համար:
Իր նոր գրքում տաղանդավոր հայ գրողը հավատարիմ է մնում իր գրական հակումներին, մարդկային և քաղաքացիական սկզբունքներին: Դարձյալ մանկության անընդգրկելի և բարդ աշխարհ` երազանքներ և հույսեր, հասակ առնելու դժվարություն և այլ` Մեծ աշխարհի աստիճանական ճանաչողություն:
Լավագույն ավանդույթների ժառանգումը և սերունդների հաջորդականությունը գրքի հիմնական թեմաներից են:
Ալեքսան Մեխակյանը սրասյուժետային ձևով և իրեն հարազատ նյութով հուզված և կրքոտ ձայնով պատմում է այն մասին, ինչն այսօր բոլորիս հատկապես հուզում է` ժամանակին համահունչ Մարդու կայացման, պատասխանատվության ու պարտքի զգացումի մասին: Ըստ գրող Ալեքսան Մեխակյանի` քաղաքացիական հոգսը դաստիարակելն ու մարդու մեջ հայրերի արածների հանդեպ հավատը, մեզ ծնած և սնած հայրենի հողի հանդեպ հավատարմությունը ամրապնդելն է: Նրա հերոսները բարոյական բարձր զգացմունքների կրողներ են, ովքեր ընթերցողին դրդում են բարեհոգի և ազնիվ արարքների:
Ալեքսան Մեխակյանի արձակը քնարական է, լուսավոր: Նա հիանալի տիրապետում է ժամանակակից ձևի բոլոր միջոցներին` այստեղ և՛ արևելյան առակի տարրեր կան, և՛ հեքիաթային մոտիվներ, և՛ իրականի ու երևակայականի հրաշալի միահյուսում, և՛ ներքին մենախոսություն, և՛ կենդանի երկխոսություն, և՛ ժողովրդական հումորով, բնական կենսուրախությամբ և պոեզիայով հագեցած բառ:
…Մեր առջև Հայաստանի գրողների լավագույն ավանդույթները ժառանգած արձակագիր է:
Գալինա ԿԱԼԱՇՆԻԿՈՎԱ