Արդեն մի քանի ամիս է` Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Իրաքից փախստականները փորձում են ստուգել, թե որքանով է ամուր եվրոպական միասնությունը: ԵՄ երկրների առաջնորդներին այդպես էլ չի հաջողվում ճգնաժամից դուրս գալու ելք գտնել: Ավստրիայի կանցլեր Վերներ Փայմանը հայտարարել է, որ եթե խնդիրը շուտափույթ լուծում չստանա, գաղթականների հոսքի արդյունքը կարող է Եվրամիության փլուզումը լինել: Ըստ նրա՝ պետք չէ սպասել մինչ այն պահը, երբ յուրաքանչյուր երկիր կցանկապատի իր սահմանները, ինչը պայմանավորված է նրանով, որ ԵՄ պետությունները ավելի քիչ են իրենց հույսը կապում բրյուսելյան չինովնիկների հետ՝ փորձելով ավելի ապավինել սեփական ուժերին: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տվյալներով՝ այս տարի եվրոպական 38 երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների քանակը տատանվում է ամսական 60-115 հազարի սահմանում, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ հետագա 3 տարիներին ԵՄ-ում կհայտնվի ևս 5 միլիոն նոր փախստական: Բրյուսելը փորձում է ահագնացող հոսքը բաժանել ԵՄ երկրների միջև, ինչը շատ տեղերում դժգոհության ալիք է բարձրացրել՝ ստիպելով ճգնաժամից խուսափելու համար խուլ լինել ազգային շահերին հակասող հրահանգների նկատմամբ: Այդ կապակցությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հունգարիային և արևելաեվրոպական մյուս երկրներին «անուղղակիորեն առաջարկել» է դուրս գալ ԵՄ-ից. «Ովքեր չեն կիսում եվրոպական արժեքները, պետք է մտածեն՝ արդյո՞ք Եվրամիությունում իրենց տեղում են»: Օլանդի միջամտությունն ընդամենը հայտարարություն է, քանի որ անգամ ամենազարգացած երկրներից և ոչ մեկը ծափահարություններով չի ընդունում հարյուր հազարների հասնող անտուններին, և նման վերաբերմունքի պատճառները շատ են: Ֆինլանդիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ փախստականի մեկ օրվա ծախսը մոտ 43 եվրո է, և պետությունը ստիպված է օրը մեկ միլիոն եվրո ծախսել: Ու դեռ անհայտ է, թե այդ թիվն ինչքան է աճելու, քանի որ շարունակվում է հազարավոր ներգաղթյալների հոսքը, և տարիներ են պետք, որպեսզի նրանց երկրներում կայունություն հաստատվի: Հունաստանի ՆԳ նախարար Նիկոս Կոտզիասին հայտարարել է, որ Հորդանանի և Լիբանանի ճամբարներից ևս 300.000 փախստական է շարժվում դեպի Եվրոպա: Եվ սա դեռ վերջը չէ: Այդօրինակ ծախսերը ծանր բեռ են առանձնապես փոքր երկրների տնտեսությունների համար: Մյուս կողմից՝ ճգնաժամը ավելի քաղաքակրթությունների կոնֆլիկտ է, մշակույթների, դավանանքի անհամատեղելիություն, գումարած ժողովրդագրական աղետի և երկրի ներսում անհնազանդ զանգված ունենալու հեռանկարը: Հայտնի չէ՝ ովքեր են փախստականները. մահվան սպառնալիքով ամեն ինչ կորցրած թշվառնե՞ր, թե՞ նրանց հագուստների տակ ծպտված ահաբեկիչներ: Ամեն ինչ հավանական է, ամեն ինչ անկառավարելի է ու անկանխատեսելի: Եվրոպան շփոթված է, օղակները փորձում են դուրս մնալ ընդհանուր շղթայից, հումանիզմի քարոզչությունը տեղապտույտ է տալիս, եվրոպական արժեքների պարապուրդը լարում է տեղացիների դժգոհության թափանիվը, ինչն էլ հավանաբար Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին դրդել է հայտարարելու, որ իր համար ամոթալի է ԵՄ անդամ լինել, որը հրաժարվում է փախստականների ճգնաժամի պատասխանատվությունից ու կեղծ արցունք է թափում խեղդված երեխայի համար: Եվ ոչ միայն երեխայի, այլև գաղթի ճանապարհին հազարավոր խեղդվածների համար: Պարզապես Եվրոպան առաջին անգամ է այսօրինակ նախադեպի առճակատվում: Այդուհանդերձ, իրավիճակի օբյեկտիվ գնահատման, լարվածությունը թուլացնելու, խնդրի լուծման գործողությունները համակարգելու ուղղությամբ ինչ-որ շարժ տեսանելի է: ԵՄ գագաթնաժողովը որոշում է ընդունել փախստականների խնդիրների լուծելուն հատկացվող միջոցները կրկնապատկել` 4,5 միլիարդ եվրոյից հասցնելով 9,2 միլիարդի: Ծրագրված է նոյեմբերին Իտալիայում, Հունաստանում և, հավանաբար, Բուլղարիայում փախստականների առաջնային ընդունման կենտրոններ բացել՝ նրանց գրանցելու և բուժհետազոտության նպատակով: Փախստականի իրավունք ձեռք բերածները կբաժանվեն ԵՄ երկրների միջև, մյուսները կարտաքսվեն: Սակայն այս ամենը կոսմետիկ միջոցներ են: Խնդիրն առկախված կմնա, քանի դեռ չեն չեզոքացվել փախուստի խորքային պատճառները, հակամարտության տարածքներում դիվանագիտական խաղաղություն չի հաստատվել: Սա պիտի լինի ԵՄ-ի հիմնական մտահոգությունը, այլ պարագայում նրանք էլի հազարավորների պիտի հյուրընկալեն, ինչն, իսկապես, կարող է Եվրամիության դանդաղ փլուզման հիմքը դառնալ:
Կարդալ նաեւ․․․
ԱՆՀԱՍՑԵ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ/ Սամվել ԿՈՍՅԱՆ
Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. «Մարդկության մշակութային և բնական ժառանգության պաշտպանության…
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ Վիրավոր ռուս լրագրող Յուրի Կոտենոկին Թուրքերն ուղիղ հարվածում…
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է
ՀՀ Սահմանադրություն Գլուխ 1 Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական,…