ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ – 85

Սուրեն ՄուրադյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ
ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
ծննդյան 85-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Խոստովանություն, երախտիք, բաղձանք
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում իմ հրատարակած 120 գրքերով, իմ սուրբ ընտանիքով, դուստրերով, թոռնիկներով, ծոռներով և բազում փոքր ու մեծ ընթերցողներով: Ես հարուստ եմ իմ կենսագրությամբ, հպարտ եմ, որ իմ ոգեշնչման չափանիշն ու աղբյուրը իմ ծննդավայրն է` Լոռին, իմ Ակներ գյուղը, Դեբեդը, Լալվարը, Կայան բերդը, խորունկ ձորերը, սեգ սարերը, Լոռվա պարզամիտ ու շիտակ մարդիկ, հանճարեղ Թումանյանի հեքիաթային, հրաշք աշխարհը:
Երջանկությունը հարաբերական հասկացություն է. մեկը չի բավականանում թագավորական կալվածքներով ու հարստությամբ, մյուսը գոհանում է բարի ժպիտով, մի ծաղկեփնջով:
Ես ինձ բախտավոր եմ համարում, որ իմ կյանքը նվիրաբերել եմ մանուկներին, նոր սերնդին, Դյումա հոր խոսքերով` ամենաերջանիկներից եմ, ով երջանկացրել է ուրիշներին:
Ինձ սփոփում, ուժ է տալիս սերը` ամենաբազմազան իմաստով` արև, աշխատանք, Երևան, ծաղիկ, աղջիկ, գիրք, պոեզիա, նպատակ, երազանք, հավատ, հավաքական Հայաստան.
Սիրո համար ենք ծնվում մենք,
Ապրում սիրո համար,
Սիրո համար ծերանում ենք,
Մեռնում սիրո համար:
Սարոյանի ձևակերպմամբ` սերը անմահ է, ատելությունը մեռնում է ամեն վայրկյան:
Նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը, դիմելով իշխանավորներին, ասել է. «Այն, ինչ չկարողացաք անել, ներելի է, չուզեցիք անել` աններելի է»: Այս միտքը տեղափոխելով գրականության բնագավառ. պիտի խոստովանեմ, որ իմ ուժերի չափով հավատարմորեն ծառայել եմ հայրենի գրականությանը, ժողովրդին:
Ինչքան էլ երկար ապրի մարդը, բնության օրենքը ամենազորեղն է, Թումանյանի ձևակերպմամբ` «… չէ՞ դու էլ ես մահացու, մահի ահ կա իմ սրտում»: Կյանքը մի իսկական ներկայացում է, մենք բոլորս գործող անձինք ենք: Երբ ավարտվում է վերջին արարը, մարդիկ շախմատի խաղաքարերի նման, թագավորի ու զինվորի հավասար իրավունքով, ծվարում են տուփի մեջ, ավելի ստույգ` մթին հողի տակ: Ամենաերկար ապրած մարդն էլ իր կյանքի վերջում պարսիկ բանաստեղծ Սաադիի նման ափսոսանքով ասում է. «Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով»:
Մարդը պիտի այնքան իմաստալից ու նպատակային ապրի, որ արժանանա Մարկ Տվենի ոգեշնչմանը. «Եկեք այնպես ապրենք, որ մահվան համար նույնիսկ դագաղագործն ափսոսա»:
Ես իմ կյանքի ձմեռնամուտին բազում ցանկություններից տասը խրատի, խորհրդի ձևով ուղղորդում եմ իմ ընթերցողին՝ նոր սերնդին որպես բաղձանք.
1. Դատապարտելով 20-րդ դարում՝ 100 տարի առաջ երիտթուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանություն ոճիրը, մեր նոր սերունդը պահանջատիրոջ, խիզախ զինվորի նման պիտի աշխարհաճանաչման հասցնի Եղեռնի պատմական իրողությունը, շիրազյան կարոտով, վստահությամբ, սևակյան ըմբոստությամբ ազատագրի մեր կորցրած տարածքները, հատուցում պահանջի և Արարատի գագաթին ծածանի Հայոց պետական դրոշը:
2. Աչքի լույսի պես պահպանի ու սերնդեսերունդ փոխանցի մաշտոցյան այբուբենը, մայրենի լեզուն, որը մեր հավերժության ամենազորեղ սյունն է, մեր գոյության ամենավառ խորհրդանշանը:
3. Հայրենիքում և մոլորակի ամեն մասում, ուր հայ կա, թող հնչեցնի հանճարեղ Կոմիտասի երաժշտական գանձերը, անմահ Սայաթ-Նովայի սիրո վեհաշունչ երգերը:
4. Սերունդները թող միշտ հավատարիմ մնան դյուցազնական Սասունցի Դավթի աշխարհացունց զարկին ու Զորավար Անդրանիկի հայրենաշունչ ոգուն, նրանց հավատով անառիկ պահեն մեր սահմանները:
5. Միշտ հայը ոգեշնչվի հանճարեղ Գրիգոր Նարեկացու աստվածային պոռթկումով, այն Նարեկացու, ում Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հռչակեց Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետ:
6. Մանկությունից մինչև խոր ծերություն ամեն մի հայի հոգում թո՛ղ հուրհրա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պոեզիայի հեքիաթային ժողովրդական հրաշքը:
7. Թող ամեն հայ հպարտանա արևապաշտ Մարտիրոս Սարյանի արևահուր, ծաղկաբույր կտավների վեհությամբ, աշխարհահռչակ Վահրամ Փափազյանի բեմական շռայլ փայլատակումներով:
8. Թող ընթերցողը իմաստնության դասեր քաղի Հոմերոսի, Ֆիրդուսու, Շեքսպիրի, Պուշկինի, Բայրոնի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, աշխարհի մյուս մեծերի կախարդանքից:
9. Դժվարության, թախծոտ պահերին միշտ օգնության ձեռք պարզեք ծիծաղի արքա Չարլի Չապլինին ու երգիծանքի մեծանուն վարպետ Հակոբ Պարոնյանին:
10. Միշտ հավատարմորեն խորհրդի նստեք Աստվածաշնչի 10 պատվիրանների հետ:

ՀՀ գրողների միության անդամ
պարոն Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Մուրադյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:
Շարունակելով հայ մանկագրության ավանդույթները` տարիներ շարունակ Դուք մանուկների համար բացահայտում եք իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները: Ձեր ստեղծագործություններով են դաստիարակվել տարբեր սերունդներ` սովորելով գեղեցկության ու ազնվության, արդարության և ընկերասիրության ուղղակի ու անուղղակի դասերը, որոնք այսօր էլ շարունակվում են` շնորհիվ Ձեր ստեղծագործական անսպառ եռանդի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և բարեկեցություն:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ

Վերջին կռունկը

Է՜յ դու ջահել, հպարտ հասակ,
Անցար ոսկի ամպի պես…
Ավ. Իսահակյան

Այնպես արագ են թռչում
Կյանքիս օրերը,
Անվերջ կանչում են, կանչում
Խորունկ ձորերը:
Տարին կարճ օր է դարձել,
Ժամերը` վայրկյան,
Ճամփան շատ է կարճացել,
Էլ կամուրջ չկա:
Ամեն օր վերջ է թվում,
Ավեր է բույնը,
Վերջին կռունկն է չվում,
Կնստի ձյունը:
Ա՜խ, կանգնեք, կանգնեք մի պահ,
Իմ օրեր անթև,
Իմ վերջին համբույրը տամ,
Երգս ավարտեմ:
Բայց ժամանակը ավա՜ղ,
Էլ ինձ չի լսում,
Ձմեռը սառնաշունչ, պաղ
Տապան է հյուսում:

Մի ջահել տարի
Ջահելությունից առանձնացնեի
Մի կտոր տարի
Ու վայելեի, երբ որ հասնեի
Կյանքիս կատարին:
Խոր ծերության մեջ
Հայտնվեր շուքով այդ ջահել տարին`
Խենթություններով ու սիրով լեցուն,
Փթթուն, անթերի:
Դառնայի ջահել ու խենթ սիրահար,
Հոգով խանդավառ
Ու վայելեի մի ջահել տարի,
Մի երկար տարի,
Եվ ոչ մի բանից չդժգոհեի,
Պատանու նման անվախ սեղմեի
Չոր ձեռքը մահի:
Ոչ թե տնքալով կամ հառաչելով,
Ոչ էլ տարիքից իմ ամաչելով,
Այլ սիրահարի հպարտ ժպիտով
Ու թեժ կարոտով
Հրաժեշտ տայի հրաշք աշխարհին,
Միայն ապրեի իմ կյանքի վերջում
Մի ջահել տարի,
Սիրահար տարի…

Իմ գյուղը
Ասես ժայռեղեն
Մի գահի վրա
Բազմած է Ակներ
Իմ գյուղը ահա:
Աղբյուրներ ունի
Վճիտ, սառնորակ,
Որ կողմն էլ նայես`
Անտառ ու ձորակ:
Գյուղի պռնկին
Կա մի հսկա ծառ,
Դառնում է շոգին
Հոգնածին հովհար:
Վաղ առավոտյան
Թե հոնուտ մտնես,
Նապաստակները
Ողջույն կտան քեզ:
Դու գեղեցիկ մնացիր
Հավերժ կենդանի Մարոյին
Դու ադամանդ էիր, ոսկե ձկնիկ,
Ծովի խոր հատակից հանեցի քեզ,
Ապրում էինք սիրով ու երջանիկ,
Աստծո օրհնանքով, հեքիաթի պես:
Բայց փոթորիկը պայթեց դժնդակ`
Քեզ խլեց, տարավ ծովի խոր հատակ:

Հազարան հավք էիր դու հեքիաթի,
Գեղգեղում էիր ծաղկած պարտեզում,
Հաստատուն սյունն էիր իմ հավատի,
Սիրո ասք էիր պերճանքով հյուսում:
Հանկարծ թևակոտոր դու հեռացար.
Եդեմական այգիս ամայացավ:

Վառ կանթեղի նման քանի տարի
Դու վառվելով դարձար երգիս մուսան,
Քո կերպարով` լուսե, բարձր, բարի,
Երգիս թևերով աշխարհներ հասար:
Ավա՜ղ, հեռացար դու կյանքի կարոտ`
Ծաղկեպսակներ տարար արցունքոտ:
***
Գեղեցիկի սիրահար,
Միշտ գեղեցիկ ապրեցիր
Եվ բոլորի սրտերում
Դու գեղեցիկ մնացիր:

Բանաստեղծները չեն
ծերանում
Բանաստեղծները չեն ծերանում,
Նրանք ապրում են ամենուրեք,
Մե՛կ ծնվող մանկան հետ մանկանում,
Մե՛կ սիրող շրթին դառնում սիրերգ:
Նրանք ապրում են ամպրոպի մեջ,
Վաղորդյան ցողում, մթնշաղում,
Մե՛կ հայտնվում են հրում անշեջ,
Մե՛կ ծիածանի մեջ ծիծաղում:
Մե՛կ դառնում են ցավ ու տառապանք,
Մե՛կ վայելք, խինդի վճիտ աղբյուր,
Դառնում են դարի խոր հառաչանք,
Մե՛կ հավատի սյուն, պայքարի սուր:
Նրանք վառվում են որպես կերոն,
Մոլորվածներին ափ են հանում,
Հանգչում են մեկեն ու երգելով…
Բանաստեղծները չեն ծերանում:

***
Չմշակված շատ սյուժեներ կան. գրիր, մշակիր: Մեր մանուկներին պետք է ծանոթացնել ժողովրդի գանձերին: Թումանյանն այդպես է դարձել մեծ մանկագիր: Սովորիր Թումանյանից, նա է ճշմարիտ ուղին: Սահուն, սրամիտ, կարճ. միշտ այս պահանջները պիտի հաշվի առնես:
Ավետիք Իսահակյան
***
Լավ է իր պարզությամբ, բնականությամբ ու անմիջականությամբ «Քարտաշի սերը» բանաստեղծությունը: Անձնականի և հասարակականի օրգանական ձուլման գեղեցիկ օրինակ: Չնայած շատ անհավասարությունների` Սուրեն Մուրադյանն ունի զարգանալու պոտենցիալներ:
Դերենիկ Դեմիրճյան
***
Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունները հաճույքով են կարդում երեխաները: Նրա մանկական ստեղծագործությունները սիրում են ոչ միայն հայ, այլև մյուս ժողովուրդների երեխաները:
Գեղամ Սարյան
***
Սուրեն Մուրադյանի գրածները փոքրիկ երեխաների համար շատ հարազատ են ու մատչելի:
Հայրապետ Հայրապետյան

***
Մարդկանց մասին է գրում Սուրեն Մուրադյանը, քաջության, անձնվիրության, ազնվության, ընկերասիրության և այլ բարձր հատկանիշների մասին, բայց իմ կարծիքով, այդ ամենի մեջ Լոռվա բնությունն իր մասն ունի, այն չքնաղ երկիրը, ուր աճել և ձևավորվել է այսօրվա շնորհալի բանաստեղծը:
Վախթանգ Անանյան
***
Սուրեն Մուրադյանը մեր ամենաշնորհալի գրողներից է: Նա աչքի է ընկնում իր բարձր բարոյականությամբ ու վարքով, օրինակելի ընտանիքով:
Խաչիկ Դաշտենց
***
Սիրելի Սուրիկ Մուրադյան.
Մանկական գրվածքներիդ ներկայի և գալիքի մասին է այս բոլորը, տաղանդդ բախտիդ գեղեցկուհուն հավիտյան կգրկի, եթե այսուհետև էլ շատ մտածես կարճ գրել, խիտ գրել, խտացնել, մանուկի մասին մանուկի պես կարճ, ծերունու իմաստության պես երկար` խորքով, զգացմունքով և որը գլխովին գլխավորն է` ճշմարիտ, ճշմարիտ և նորից ճշմարիտը գրիր, ո՜վ ճշմարիտ իմ կրտսեր եղբայր ու բանաստեղծ:
Հովհաննես Շիրազ
***
Եթե մեկը փոքր-ինչ ճանաչում է Սուրեն Մուրադյանին, անպայման կասի, որ նրա գրչի տակից դուրս եկած ամեն մի տող ազնվագույն զգացումների հարազատ արձագանքն է լինելու: Իսկ ով չի ճանաչում անձնապես, բայց նրա չափածո գործերի ուշադիր ընթերցողն է, առանց կասկածելու կասի, որ դրանց հեղինակը շատ բարի սիրտ ունի:
Ռուբեն Զարյան
***
Սուրեն Մուրադյանը 7-70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է:
Համո Սահյան
***
Իմ աչքի առաջ դու հասունացար, դարձար մանուկների ամենափնտրված բանաստեղծը: Իզուր չէ, որ դու մեծ Թումանյանի հողից ես ծնվել: Քո բնավորության ու բանաստեղծությունների մեջ զգում եմ թումանյանական պարզությունն ու անմիջականությունը: Դու հայ մանկաշխարհի սիրված բանաստեղծն ես, մեր գրականության անխոնջ ու անկեղծ նվիրյալը:
Սիլվա Կապուտիկյան
***
Ինձ համար հետաքրքիր էր ծանոթանալ մի սքանչելի մարդու և բանաստեղծի` Սուրեն Մուրադյան հետ. կարդալ նրա մանկական բանաստեղծությունները, զրուցել մանկական գրականության պրոբլեմների շուրջ: Այդ արեցի դեռևս Հայաստանում եղած օրերին: Իսկ հետո այս խոսակցությունը շարունակվեց իմ աշխատասենյակում` Վիլնյուսում, ուր Սուրենը եղավ անցյալ տարվա վերջին: Ինձ նա արտակարգ դուր եկավ որպես մարդ: Դուր եկան նրա խաղացկուն ու հոյակապ բանաստեղծությունները. նրա խոր ու լուրջ վերաբերմունքը մանկական գրականության հանդեպ… Իմ կարծիքով, այդպիսին պետք է լինի մանկական գրողը, հայրական բարությամբ, շատ ընկերական, անկեղծ, լավատեսությամբ համակված և կենսասիրությամբ լի: Իսկ գլխավորը` հումորով առլեցուն, զվարթ, կայտառ, հնարամիտ մարդ:
Էդուարդաս Մեժելայտիս

One thought on “ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ – 85

  1. Շատ-շատ ցանկալի կլիներ, որ Սուրեն Մուրադյանի մանկական ստեղծագործությունները հասանելի լինեին համացանցում, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր հայ մանուկներին փոխանցել դրանք, նրանց տալ այն, ինչ ընդգրկված են բանաստեղծական տողերի ենթատեքստերում, կյանք տալ այդ ստեղծագործություններին՝ տարատեսակ միջոցառումներին հնչեցնելով դրանք աշակերտների խոսքոմ:Առանց այնէլ հայ մանկական գրականությունը անհամեմատ աղքատիկ է, ու եղածն էլ արհեստականորեն անհասանելի դարձնելն ուղղակի ստիպում է անհրաժեշտ նյութեր քաղել ոչ հայլեու գրականությունում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։