Հովիկ Վարդումյան, գրող-ազատամարտիկ, ճանաչում եմ, ոչ ավելի ոչ պակաս՝ 1971 թվականից, երբ ուղիղ 30 տարեկան էր, Բալզակի ասած՝ ազնվագույն տարիքում: Պոլիտեխնիկ ինստիտուտը ավարտած որակյալ ինժեներ էր, աշխատում էր գիտահետազոտական ինստիտուտում, բայց և նովելատիպ, սրամիտ պատմվածքներ էր գրում, որոնք ինքն էլ բերում, կարդում էր ինձ համար: Տեխնիկական կրթությունը, որքան էլ տարօրինակ է, հաճախ բոլորովին նոր, թարմ հայացք է բերում գրականություն: Եղել է, որ միջնորդել եմ Վարդգես Պետրոսյանին և «Ավանգարդի» աշխատակիցներին, որ տպագրեն նրա նովելները: Հին տպագրվողները միշտ վերևից են նայում նոր տպագրվել ցանկացողին, այն էլ՝ ինժեներ,- «իբր՝ դու՜ էիր պակաս»,- բայց արի ու տես, որ այս նորերն ավելի լավ գիտեն, որ հենց իրենց տեսակն է պակասում գրական շարժմանը: Մի օր էլ բերեց ավելի մեծ գործ՝ «Վիպակ տղամարդկանց համար», գրել էր կաշառակերների, փող փախցնողների ու դրամաշորթների մասին: Խորհրդային ժամանակն էր, ո՞վ կտպագրեր: 25 հազար ռուբլի յուրացնողին գնդակահարություն էր հասնում: Հետո կյանքը ավելի շատ նպաստեց Հովիկ Վարդումյանին՝ մատուցելով նրան մերձգրական նովելային անակնկալներ, որոնք ուղղորդեցին նրա գրական ճակատագիրը: Մի օր ինձ ասաց, թե նկարիչ Ռեգինա Ղազարյանի տանը հանդիպել է Ուզբեկստանից վերադարձած Եղիշե Չարենցի կնոջը՝ Իզաբելային, որը պատմել էր նրան թաշկինակի վրա Ե. Չարենցի գրած նամակի մասին՝ ուղղված Ավետիք Իսահակյանին: Պարույր Սևակի եղերական վախճանից մոտ երկու տարի անց՝ նրա մոսկովյան սերերից և բանաստեղծություններից հայտնի իրական Սուլամիթան, Իսրայել մեկնելուց առաջ, Պ. Սևակից ստացած նամակները Երևանում հանձնել էր այն փոստին, որտեղից բանաստեղծը միշտ ուղարկում և «ցպահանջ» ստանում էր իր նամակները: Որտեղից-որտեղ Հովիկի ձեռքն էր ընկել այդ նամակների տրցակը: Մինչև հիմա էլ ափսոսում է, թե ինչո՞ւ հավատարիմ մնաց իր տված «ազնիվ խոսք»-ին և չպատճենահանեց այդ նամակները: Այսպես, կյանքի մատուցած նովելային անակնկալներով նա իր տեղը գտավ ոչ միշտ բարեհաճ, բայց միշտ անկեղծ գրողական եղբայրության մեջ:
Վերջին փորձությունը Հովիկ Վարդումյանի համար Արցախյան շարժումն էր և պատերազմը, որն անցավ զենքը ձեռքին, որպես ջոկատի հրամանատար և մարտնչեց մինչև 1994 թվականի հուլիսը: Գիշերները օրագրային կցկտուր գրառումներ էր անում այն հույսով, որ դրանք նյութ էին ծառայելու ապագա վեպերի համար և, Փառք Աստծո, որ այսօր Հովիկ Վարդումյանը ազատամարտը պատկերող իրապատում «Կանթեղ» և «Մհերի վերադարձը» վեպերի հեղինակ է, որոնք գրավում են ընթերցողին մարտական հերոսական ուղի անցած հրամանատար-գրողի առինքնող կերպարով: Նա ճշմարիտ խոսքի հավատամք ունի և լուսահոգի ազատամարտիկ Լևոն Խեչոյանի նման ձեռք է զարկել պատմական թեմային՝ հայկական Ուռհայի, հին Եդեսիայի մասին վեպ է գրում, որպեսզի ցույց տա, թե ինչո՞ւ այս մի բուռ ժողովուրդը վերջապես դաս չի առնում իր անցյալ պատմությունից:
Ամբողջ հոգով մաղթում եմ նրան բեղմնավոր գրիչ, բազում նոր գործեր, արդար վաստակի տեր հովանավորներ՝ դրանք հրատարակելու համար, քանի որ գրքերն էլ մատաղի պես բան են, պետք է Աստծուն ընդունելի լինեն: Բազում գրքերի հետ ցանկանում եմ է՛լ ավելի բազում տարիներ՝ այս հրաշք աշխարհի չարն ու բարին մեզ հասկացնելու դժվարին գործում:
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
***
Ամեն գրող ունենում է իր ստեղծագործական ճակատագիրը, ինչը հաճախ կապվում է հասարակական կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների հետ: Այդ առումով Հովիկ Վարդումյանի համար վճռական նշանակություն ունեցավ Արցախյան ազատամարտը, որի զինվորներից մեկը հանդիսացավ ինքը` այսօր արդեն ճանաչված արձակագիրը, հրապարակախոսն ու թարգմանիչը…
Այո՛, թեև Հովիկ Վարդումյանի երկու գրքերը` «Այսպիսի պատմություն», «Երազների հովիտ» պատմվածքների ժողովածուները, լույս տեսան խորհրդային տարիներին, սակայն որպես գրող ձևավորվեց Արցախի ազատագրման համար մղվող կռիվներում, երբ նրա ձեռքում «խոսում էր» զենքը, իսկ գրչի հերթը հետո էր գալու: Այդ օրերին նրա հոգում ու օրագրային գրառումներում կուտակվում էր այն նյութը, որ շատ չանցած պատմվածք էր դառնալու, գեղարվեստական ակնարկ, վիպակ ու վեպ` ճանաչում բերելով հեղինակին: Այդ նյութը, բնականաբար, հորինովի չէր, ուրիշից լսած: Հովիկը գրում էր իր տեսածի ու ապրածի, զգացածի, իր մարտական ընկերների մասին` շաղախված նրանց սխրանքների լույսով ու կորուստների անմարելի ցավով: Եվ քանի որ նրա խոսքը իրական էր ու վավերական, անկեղծ ու ճշմարիտ, իսկ գրիչը` տաղանդավոր, նրա գրքերը ընթերցողը ընդունեց սիրով ու ջերմորեն: Այդ գրքերից հատկապես հիշատակելի են «Այսպես են մեռնում արծիվները» (1997), «Գրոհայինների հրամանատարը» (1999), «Շուշիի ազատագրումը» (2007), «Աստվածների կանչը» (կին ազատամարտիկների մասին) և ուրիշներ: Այս գրքերը, որոնց հերոսներից շատերը իրական մարդիկ են` իրական անուն-ազգանուններով, հնարավոր չէ առանց հուզմունքի կարդալ և երախտագիտությամբ չլցվել հեղինակի հանդեպ:
Այո՛, Հովիկ Վարդումյանն իր բազմաթիվ գրքերով Արցախյան հերոսամարտերի արժանավոր և արժանահավատ վավերագիրներից է: Նրա այդ գրքերի շարքը վերջին տարիներին հարստացավ «Կանթեղ» և «Փոքր Մհերի վերադարձը» իրար օրգանական շարունակություն կազմող վեպերով, որոնց էջերում հեղինակը խորհրդանշական գույներով, ինքնատիպ կերպարներով, հնարքներով ու միջոցներով ներկայացնում է Արցախյան ազատամարտի և նրան հաջորդած տարիների իրողությունները, իր խոսքով ասած` Լույսի և Խավարի հակամարտությունը և Լույսի հաղթանակը: Այս վեպերը վկայում են Հովիկ Վարդումյանի վիպասանական անուրանալի ձիրքը: Հավատում ենք, որ նա առաջիկայում իր ընթերցողներին կուրախացնի նոր գործերով:
Շնորհավորենք մեր գրչեղբորը հոբելյանի առթիվ և մաղթենք ստեղծագործական նոր արարումներ…
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
Նամակ Հովիկին
Բարևագիր, իմ թանկագին գրչեղբայր Հովիկ ջան:
Ջերմագին սիրով շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ: Շատ-շատ լավ բաներ եմ ցանկանում քեզ, բայց ամենից շատ ցանկանում եմ, որ կատարյալ առողջությունն ու ստեղծագործական անսպառ եռանդը երբեք չլքեն քեզ, ու մենք, ինչու չէ, նաև արտերկրի ընթերցողները, երկար տարիներ վայելենք ու ապրենք քո ստեղծած պատմվածքների, վիպակների ու վեպերի հերոսների ըմբոստ ոգով: Հպարտանանք նրանց գոյությամբ, որպես ազգային արժեքի ու հայոց երազանքներն իրականություն դարձնող անշահամոլ մարտիկների… Ապրենք նրանց երազանքներով, նրանց կարոտներով ու հաղթանակներով:
Հովիկ ջան, հայ գրականության անդաստանում անջնջելի կմնան Արցախյան պատերազմին մասնակցած, քո վարպետ գրչով ստեղծված հայորդիների կերպարները, որոնց հետ դու կիսել ես ոչ միայն պատերազմի դաժան տարիները, ամիսները, օրերը, այլև ժամերն ու վայրկյանները, և կոփվել է քո հոգին, քո կամքն ու գրիչը այդ մարտերի քուրայում: Զինվոր եղբայրս, քեզ հետ հանդիպելը, քեզ հետ զրուցելը, քո գրքերը կարդալը երջանկություն է, և ինչ երջանկություն էր, երբ միասին աշխատում էինք քո «Բարձրունք» պիեսը կյանքի կոչելու վրա, որը, ցավոք, ինչ-ինչ պատճառներով չկարողացա բեմադրել: Համոզված եմ, որ հայ թատրոնի նոր սերնդի ռեժիսորներից մեկը անպայման բեմ կհանի այդ սքանչելի պիեսը` հանդիսատեսի հոգու մեջ հայրենասիրության ու մարդասիրության վառ հունդեր սերմանելով:
Հովի՛կ ջան, նորից ու նորից շնորհավորում եմ ծննդյանդ օրը: Ծնողներիդ սուրբ շիրիմին թող լույս իջնի, որ քեզ նման ազգասեր ու հայրենասեր, քեզ նման տաղանդավոր գրողի ու մարդու են աշխարհ բերել, որի ստեղծած հոգևոր արժեքը հարստացնելու է հայ դարավոր գրականությունը:
Մնամ քեզ հետ հանդիպման սպասող`
քո Ռուբեն Մարուխյան: