Անփորձությունից եկող ամենամեծ սխալը / ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս
ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Անկախ հանրապետության առաջին գործիչները քաղաքականության մասին իրենց իմացությամբ ավելի շատ պարտական էին ինտելեկտին, քան գործնական քաղաքականությունից ձեռք բերված փորձին: Կարդացել էին Րաֆֆու պատմավեպերը, «Վարդանանքը», մի քիչ գրականության համի էին եկել Բակունցով: Նրանք գրեթե սովորել էին միևնույն դպրոցներում, հանդիպում էին միևնույն սրճարաններում, սիրահարվում էին միևնույն կանանց, նույն «Վրեմյան» էին նայում, բուհերում քննություններ հանձնում միևնույն առարկաներից: Գործից տուն ճանապարհին ժամերով թթվել որևէ խորտկարանում, «տտիպ գինի խմել ու առաքյալի պես բարիանալ»: Առավել խիզախները «սամիզդատներից» գիտեին «գուլագների» մասին, տարին մեկ անգամ ծաղիկներ էին դնում Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, լսում «Ո՞ւր էիր Աստված…» երգը, պարբերաբար խզվող Ամերիկայի ձայնից տեղեկանում երկրում իրականում կատարվող իրադարձությունների մասին: Ավելի ուշ հաղորդվեցին Հեմինգուեյին, Ռեմարկին, քիչ անց ձեռներն ընկավ Ֆոլկները, Մարկեսը, Կաֆկա էին կարդում ու Կաֆկային համարում էին ժամանակակից: Դժգոհում էին, անեկդոտներ պատմում Բրեժնևի և քաղբյուրոյի մյուս անդամների մասին, և դա նրանց քաղաքականությունն էր: Աչքը Մասիսին և Անիի մերձակա ու տեսանելի ավերակներին՝ երբեմն-երբեմն հող ու Ղարաբաղ ուզում, բանաստեղծություններ ու պատմվածքներ գրում: Գրեթե երազանքներ չունեին, քանի որ ներկա չկար, կար մի մեծ կառուցվելիք ապագա, որին չէին հավատում, և ինչքան կյանքը լավանում էր, ավելի ու ավելի պակաս էին հավատում: Իսկ իդեալները շուրջ 1500 տարվա պատմություն ունեին՝ Ավարայրից Սարդարապատ, և կապ չունեին նրանց տեխնոկրատ կամ հումանիտար կրթության հետ՝ միասնության ու ամբողջականության յուրատեսակ մի կերպ: Նրանցից ոչ մեկը չէր ճշտել սեփական հնարավորությունների հորիզոնը, սակայն ծանոթ էին ծայր անհուսության ներքին վիճակին, և դա նրանց ընդվզման եղանակն էր: Միակ ցանկությունը իշխանության վերևներում դեկորացիայի փոփոխությունը պետք է լիներ, բայց դա էլ գրեթե անհնար էր թվում: Կար, ինչպես հետագայում նրանցից մեկն էր ասում, մի մեծ, վիթխարի կայսրություն իր կայսերապետական բթամտությամբ և մի մեքենա, որ խժռում էր ազգի լավագույն զավակներին՝ «պատահական» ավտովթարների տեսքով, հոգեբուժարաններում և ամենուր, որտեղ հնարավոր էր աննկատ մեռնել:
Եթե ասեմ՝ նրանք ազատության մարտիկներ էին, հաստատ չափազանցած կլինեմ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նրանք քաջ էին ու անվախ, որ առանձին հմայք տվեց ազատության նրանց պատկերացումներին: Նրանք պատմության մեջ սիրում էին պատմականը և նրանց կրթության մեջ պատմությունը գրավում էր մեծ տեղ, և երբ Ղարաբաղի խնդիրը խփեց պատմության իրենց հյուսած առասպելի բնազդական ջղին, միանգամից հայտնվեցին ներկայում, որ արդեն բացակայում էր կես դարից ավելի: Նրանց հետ պատահեց նույնը, ինչ իրենց նշանավոր նախնուն՝ Խաչատուր Աբովյանին և գրեթե նույն բացականչությամբ դիմեցին, այս անգամ արդեն ոչ թե Կյուրոսին, այլ ողջ աշխարհին. «Էդ ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում»: Մինչդեռ բացականչությունը հակազդեցություններից ամենաուժեղն է, սակայն գործնականում ամենաթույլը, երբ չես կարող բռնել այն ձեռքը, որ սուր է քաշում ամենանվիրական մերձավորիդ վրա: Այստեղ թշնամուդ սիրելու պատվիրանը անօգուտ է, եթե չի գործում «սուր բարձրացնողը սրից կընկնի» համոզվածությունը:
Հետո արդեն իշխանություն էին: Իմացությունը անհամեմատ շատ, փորձը՝ զրոյին հավասարվող: Այնուամենայնիվ, իշխանություն ունենալու հետ մարդ ավելի շուտ է հարմարվում, քան այն նեղություններին, որ իր հետ բերում է իշխանությունը: Իսկ նեղությունները չափազանց շատ էին, որպեսզի միայն իշխանությամբ հնարավոր լիներ լուծել. երկրի մեկ երրորդը ավերված էր երկրաշարժից և վիթխարի կայսրության զորավոր մեքենան ի վիճակի չեղավ խոստման համաձայն վերացնելու դրա հետևանքները: Հետո պատերազմ, շրջափակում, հացի և զինամթերքի սղություն: Եվ հանկարծ պարզվեց, որ վերջին 300 տարիներին հայ միտքը ոչ մի իդեալ այնպես չի փայփայել, որքան պետություն ունենալու գաղափարը: Սակայն այն պիտի սնվեր Հայրենիք գաղափարով, որ այնպես ջերմագին երգում էր հայ բանաստեղծությունը շուրջ 1500 տարի: Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ երկու գաղափարները բավարար չէին, որպեսզի Հայրենիքը պետություն դառնար, իսկ պետությունը՝ Հայրենիք: Պատերազմի ժամանակ դրանք նույնական էին, և Հայրենիքը պաշտպանելը նույնն էր, ինչ պետություն կառուցելը ու պետության կառուցումը պաշտպանում էր երեկ անգո, այսօր գոյավորվող Հայրենիքը: Այնուամենայնիվ, Բանաստեղծությունը գիտեր և ճանաչում էր Հայրենիք սիրելու և դրան վերաբերվելու ձևը, սակայն չգիտեր, թե ինչ անել, որ Հայրենիքը պետություն դառնա: Եվ այնպես ստացվեց, որ Հայրենիքն ու պետությունը տարանջատվեցին, և Պլատոնի դեմոկրատական պետության հանգույն բանաստեղծները դուրս մնացին պետության կառուցման շինարարությունից, այն թողնելով երեկ կոմունիզմի ջատագով, հիմա թերուս քաղաքագետների հույսին: Եվ կարճ ժամանակում հեղափոխությունը վերածվեց հակահեղափոխության: Եվ իշխանությունը կոմունիստների հետ հավասարապես կիսելու այս իրողությունը դարձավ այն Աքիլլեսյան գարշապարը, որ մինչև այսօր հոշոտում է պետությունն ու ժողովրդին: Պարզ է նաև մի բան. հեղափոխությունն այնքան վտանգավոր չէ, որքան հակահեղափոխությունը, պարզապես շատերը շփոթում են հեղափոխությունը հակահեղափոխության հետ, այսինքն՝ հետևանքը՝ պատճառի: Եվ այսօր, ավելի քան 20 տարի, մենք գործ ունենք հակահեղափոխության հաղթարշավի հետ: Սա ես համարում եմ Երրորդ հանրապետության հիմնադիրների անփորձությունից եկող ամենամեծ սխալը:

ՀԱՅԱՍՏԱՆ.
ԻՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ,
ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Կա Հայաստան: Կա պատմական Հայաստան: Կա ժամանակակից Հայաստան: Կա իրական Հայաստան: Իհարկե, կա նաև Վահան Տերյանի Հայաստանը՝ հոգևոր, Քոչարյանի Հայաստանը՝ ոստիկանական, Սփյուռքահայի Հայաստանը (Պարսկահայաստան, Թուրքահայաստան, Ռուսահայաստան): Եվ այդ բոլոր Հայաստանները նայում են մեզ աշխարհի բոլոր ծագերից ու օրնիբուն, քուն թե արթուն մեզ հալածում բոլոր այն տեղերից, որտեղ երբևէ եղել ենք և քշում բոլոր այն հեռաստանները, որտեղ երբևէ չենք եղել:
Պատմականը հուզվելու չափ խնամված է: Գուրգուրելի, ինչպես մանկական գլուխ: Խորենացուց մինչև Չամչյան սրբագործված, որտեղ Նոյից Հայկ, Հայկից Հիսուս խոսում են հայերեն: Այն հարմարեցված է ազգային մեր բոլոր բարդույթներին. պատմությունը կոթող է և ոչ գիտակցություն և այլևս խնամքի կարիք չի զգում, ուստի ամենասիրելին է: Այն մեծ է, հերոսներով, նահատակներով, ճանաչված դավաճաններով առատ: Եդեմ, որտեղից միմիայն մենք ենք վտարված, սակայն առանց առաջին մեղքի գիտակցության: Ժամանակակից Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը դեռ ապրում է պատմական Հայաստանով: Դեռ լավ է, որ 10 տոկոսը ապրում է իրական Հայաստանում: Սովորաբար, պատմականում ապրողները հեթանոսներ են:
Ժամանակակից Հայաստանը պատմականի ոչ օրինական ժառանգորդն է: Նա մի ճակատամարտ է շահել և չգիտի, թե դրանից հետո ինչ են անում: Բայց որովհետև գիտի, թե մեծ պարտություններից հետո ավանդաբար ինչ է անում. շարունակում է ողբալ: Ողբը մեր դերասանության սահմանն է: Այն մեր ճարտարապետությունն է, քարացած երաժշտությունը: Ժամանակակից Հայաստանի պետական լեզուն քաղաքական գործիչների անընդօրինակելի և հեռուստաալիքների ու փողոցային երգերի հայերենն է: Երկրի մայրաքաղաքում բարձրանում են երկու տասնյակ հարկերով շենքեր, որ բնակչությանը բաժանում են աղքատների և հարուստների… Հարուստները զազրելի են, աղքատները՝ խորշելի: Շենքերից ամենացածրը ստվերում է Օպերան և անիմաստ դարձնում նրա գոյությունը: Ժամանակակից Հայաստանում այդպես ավելորդ է դառնում ամեն ինչ. իրավական համակարգը՝ ինչի՞ համար, երբ կարելի է գլուխ հանել առանց դրա, մշակույթը՝ ինչի՞ համար, երբ այդքան թատրոններ ու երգիչներ կան, դպրոցը՝ ինչի՞ համար, երբ դասատուներից շատ կրկնուսույցներ կան, գիտությունը՝ ինչի՞ համար, երբ աշխարհում այդքան գիտնականներ կան, գյուղացիությունը, ինչի՞ համար, երբ կարելի է մայրաքաղաքում կով պահել, պրոլետարիատից մնացել են միայն վարորդները, որ երգի իրենց ճաշակով ահաբեկում են ուղևորներին, եկեղեցին՝ ինչի՞ համար, երբ Աստծուն հայհոյողները շատ ավելի հարգի են, քան Նրան հավատացողները:
Իրական Հայաստանը ոչ ոք չի սիրում: Նա աղքատ ազգականն է հարուստի: Նման վաղեմի փայլը կորցրած գեղեցկուհու, որի ներկայությունն այլևս չի անհանգստացնում, իսկ բացակայությունը արթնացնում է չափազանցված հիշողություններ՝ ամենևին չամոքելով անցյալը և չսփոփելով ներկան: Պատմական Հայաստանի նկատմամբ ունեցած սերը հակադարձ համեմատական է իրական Հայաստանի նկատմամբ ունեցած սիրուն. որքան սիրում են պատմականը, նույնքան չեն սիրում իրականը: Այդ սերը ինչ-որ տեղ նման է սփյուռքահայի սիրուն. հեռվից այն հայրենիք է, տեղում՝ վշտի անփարատելի ծով, ուստի հարկ է երթալ՝ մեզ թողնելով իրական Հայաստանը, այսինքն՝ հուսահատությունը:
Ի վերջո, պատմությունը մեջբերման համար է և ոչ հաստատման: Պատմության դասերը չափազանց շատ են, որպեսզի դրանցից մեկը կարողանանք սովորել: Եվ անհնար է սերտել, որովհետև մեր ցանկությամբ մեզ դուրս ենք դրել պատմությունից: Եվ այդ պատճառով պատմական Հայաստանի հինավուրց գոյությունը սնանկացնում է իրական Հայաստանը:
Սովորաբար, կախված այն բանից, թե ինչ ենք մտածում պատմության մասին, ճշտվում են մեր հնարավորությունների սահմանները: Երբ պատմությունը օգտագործվում է քարոզչական նպատակներով, այն ընկալվում է որպես սուտ պատմության մասին, քանի որ նպատակը միշտ էլ ժամանակի միջով ճամփորդություն է՝ բոլոր անակնկալներով:
Պարտադիր չէ վերջի մասին պատկերացում ունենալ, որպեսզի այն հնարավոր լինի: Ազգային պատմությունը «հիվանդանոցի պատմության մեկ մասը կը կազմե», սա արդեն ես չեմ ասում, այլ՝ Հակոբ Պարոնյանը: Կլինիկական այս վիճակը գրեթե ելք չի թողնում ապաքինման: Եվ նիհիլիզմը հաղթարշավում է մեր հոգիների և մեր մտքերի երաշտացած դաշտերում: Որքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ այս հողում, գրում էր մեզնից ամենաչհուսահատվողը՝ Թումանյանը, երբ մենակ չէ:
Կուռքերը, որոնցով բռնված է մեր ոգին, լինում են կա՛մ ձեռքբերովի, կա՛մ բնածին: Ձեռքբերվածները բնակվում են մարդկանց մտքերում կա՛մ փիլիսոփաների կարծիքներից ու ուսմունքներից, կա՛մ ապացույցների կեղծ օրենքներից: Բնածինները գալիս են բանականության բնույթից, որն ավելի է հակված մոլորության, քան զգացումները: Իսկապես, մարդիկ որքան էլ ինքնագոհ լինեն, մի բան անկասկած է. առաջին երկու կուռքերը արմատախիլ անելը դժվար է, իսկ վերջինները ամենևին հնարավոր չէ: Մնում է միայն մի բան՝ նկատել դրանք, մերկացնել մտքին թշնամի այդ ուժերը, որպեսզի այնպես չլինի, որ հին կուռքերի ոչնչացումը ծնի նոր մոլորություններ…
Կա Հայաստան, որն իր չափերով այնպիսին է, որ երբ ուզես, կարող ես հետդ վերցնել, ինչպես գրում է բանաստեղծը:
Հայաստան, որի կյանքը տրվում է մեկ անգամ և այն էլ ամենաանհարմար պահին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։