ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
թարգմանչուհի, լրագրող, թատերագետ
ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԱՄԵՆ ԻՆՉ ԾՆՎՈՒՄ Է ՍԻՐՈՒՑ
«Գրական թերթի» հարցազրույցը Սվետլանա ԱՎԱԳՅԱՆԻ հետ
Գրական թերթ – Տիկին Ավագյան, Դուք մեծացել եք ՀԽՍՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Դոբրովոլսկու ընտանիքում, գուցեև երազել եք թատրոնի մասին, սակայն ընտրեցիք գրականությունը:
Սվետլանա ԱՎԱԳՅԱՆ – Թատրոնը իմ մանկության ուղեկիցն է եղել, բայց ես երազում էի կինոյի մասին: Հայրս կտրականապես դեմ էր, իսկ տատս՝ իմաստուն ռուս ազնվականուհի, առաջինը նկատեց իմ գրական հակումները (դպրոցում լավ շարադրություն էի գրում): Եվ չսխալվեց, ու ես շնորհապարտ եմ նրան: Այսօր էլ իմ գրքերում շատ են իմ նախնիների մասին մանկական հիշողություններս, հետաքրքիր միջադեպերը: Ափսոս, որ այն տարիներին տիրող վախի մթնոլորտը նրանց թույլ չէր տալիս պատմել ամեն ինչ…
ԳԹ – Իսկ ինչպե՞ս հայերենը դարձավ Ձեր երկրորդ լեզուն ռուսերենից հետո, որի շնորհիվ հայերենից ռուսերեն թարգմանության վարպետներից մեկն եք:
Ս. Ա. – Մեծացել եմ ռուսական ընտանիքում, սովորել ռուսական դպրոցում, հայերենի իմացությունս էլ բակային խաղերի մակարդակի էր: Ու միայն համալսարանում սկսեցի լրջորեն ուսումնասիրել հայերենը: Բախտորոշիչ եղավ իմ կյանքում ապագա ամուսնուս՝ Էդուարդ Ավագյանի հետ հանդիպումը, որը կանխորոշեց նաև իմ թարգմանիչ դառնալը: Ես օգնում էի նրան ուսումնասիրել ռուսերենը, նա ինձ համար հայտնագործում էր հայոց լեզվաշխարհը, ոչ միայն գրականությունը, այլև պատմությունը: Ու հպարտ եմ, որ ինձ ընդունում են որպես հնագույն լեզուն տիրապետող հայուհու:
ԳԹ – Բազմաթիվ թարգմանական գրքերի հեղինակ եք, «Կանթեղ» մրցանակի եք արժանացել: Ի՞նչն է որոշիչը, երբ ընտրում եք հերթական գիրքը:
Ս. Ա. – «Կանթեղով» շատ եմ հպարտանում, դա իմ աշխատանքի գնահատականն է: Իսկ թարգմանել սկսեցի «Լիտերատուրնայա Արմենիայի» համար: Բնականաբար, սկզբում՝ Էդվարդ Ավագյան, Խաժակ Գյուլնազարյան, Հրանտ Մաթևոսյան… Հետո բացահայտեցի ինձ համար Ալվարդ Պետրոսյանին, Լևոն Խեչոյանին, Գուրգեն Խանջյանին… Ալվարդ Պետրոսյանն ուժեղ անհատականություն է, ու նույնքան ուժեղ է նրա արձակը, նրա հերոսուհիները հետաքրքիր ու բարդ են, նպատակասլաց կանայք են: Ես շատ խիստ եմ հեղինակի ընտրության հարցում. ինձ համար գլխավորն այն է, որ գործով հոգիս խռովվի: Եթե թարգմանում եմ, նշանակում է՝ տրամադրություն է ծնվել: Այդպես են թարգմանվել Էդվարդ Ավագյանի «Մենք ապրում ենք Կոնդում» և «Մի կյանքը քիչ է» գործերը: Էդվարդ Ավագյանի 85-ամյակին նվիրված՝ լույս տեսավ «Երևանյան խճանկար» գիրքը: Կատալոնյան գրականության դասական Մարիա Անխելես Անգլադայի «Արամի օրագիրը» գիրքը շատ թանկ է ինձ համար, այն թարգմանել եմ առանձնահատուկ զգացմունքով: Գլխավոր հերոսի՝ Արամի հոր նախակերպարը Դանիել Վարուժանն է…
ԳԹ – Ձեր «Ակնթարթներ և հավերժություն», «Միայնություն», «Տարբեր ճակատագրերում» գրքերը հուշեր էին՝ հորինվածքի ու երևակայության խաղի երանգով:
Ս. Ա. – Այլ կերպ չէր կարող լինել: Մի փոքրիկ դիպված քո կյանքում դառնում է պատմվածք, կամ անցած-մոռացված հուշն այցելում է քեզ, դու վերցնում ես գրիչն ու…
ԳԹ – Իսկ թատրո՞նը…
Ս. Ա. – Թատրոնն էլ մանկությանս մոլորակից է: Հետագայում, ներկայացումներից հետո հորս հետ վերադառնում էինք սառցակալած կամ ամառային Մոսկվայի փողոցներով ու վերլուծում, վիճում… Հորս մոսկովյան բարեկամներն էին Զավադսկին, Սիմոնովները, Մարեցկայան, Իլյինսկին, Ժարովը, Կտորովը, Մարտինսոնն ու Տովստոնոգովը Լենինգրադում… Հարևանները՝ Արամ Խաչատրյանը, Շոստակովիչն ու բանաստեղծ Սվետլովը… Երևանում էլ բոլոր թատրոններն ու թատրոնի մարդիկ մշտապես «իմն» են եղել: Ապրում եմ երևանյան հայտնի «դերասանների շենքում», մեր հարևաններն էին Վաղարշյանը, Սազանդարյանը, Ներսիսյանը, Սաթյանը, Ավետ Ավետիսյանը, Շարա Տալյանը, Դավիթ Մալյանը… Ես ունեմ հոդված՝ «Տունը, որտեղ ապրում եմ»: Հիմա այդ տան վրա շատ են հուշատախտակները: Իսկ իմ սրտում նրանց մասին հիշողություններն են…
ԳԹ – Ձեր վերջին՝ «Միայն տասը…» գիրքը Ձեզ ներկայացնում է երեք «դերում»՝ գրող, լրագրող, թարգմանիչ:
Ս. Ա. – Յուրօրինակ ստեղծագործական հաշվետվություն է: Լևոն Խեչոյանի գործերի թարգմանությունը տուրք է նրա լուսավոր հիշատակին: Նա շատ տաղանդավոր, համարձակ ու խոցվող էր, ես հուզմունքով էի մուտք գործում նրա աշխարհը, բարդ ոճի մեջ ու շատ էի գնահատում նրան որպես անհատի՝ անկաշառ և ուժեղ: Մենք շատ ենք զրուցել, այդ ամենը մնացել է իմ սրտում:
ԳԹ – Վերևում ասված երեք «դերերից» ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:
Ս. Ա. – Դժվար է ասել. լրագրողությունը հետաքրքիր զրուցակիցների հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռում՝ Սերգեյ Դովլաթով, Կիրիլ Լավրով, Ալիսա Ֆրեյնդլիխ, Կոնստանտին Ռայկին, Սերգեյ Յուրսկի, Օլեգ Տաբակով, Վլադիմիր և Սաթի Սպիվակովներ, Վալերի Գերգիև, Մայա Պլիսեցկայա… Իմ կյանքում առանձնահատուկ տեղ են ունեցել Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը. երկար ժամանակ նրանց բնակարանը եղել է իմ երկրորդ տունը: Իսկ հնարավո՞ր է մոռանալ հանդիպումները Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Ալեքսանդր Հարությունյանի հետ. նրանց մասին միշտ գրել եմ մեծագույն սիրով:
Թատերախոսությունները ծնվում են ակնթարթորեն ու մի շնչով, այնպես, ինչպես թատրոն հասկացությունն է բնակալած իմ հոգում: Ես հպարտ եմ, որ լավ եմ ճանաչել Հրաչյա Ներսիսյանին ու մանկությանս ընկերոջը՝ Արմեն Ջիգարխանյանին, Հրաչյա Ղափլանյանին, տեսել եմ Վահրամ Փափազյանի Մաք Գրեգորը, Սոս Սորգսյանին՝ բազմաթիվ դերերում: Հատուկ պիտի առանձնացնեմ Ալեքսանդր Գրիգորյանին, գուցե այն պատճառով, որ Երևանի ռուսական թատրոնը տասնյոթ տարի եղել է «տուն» իմ հոր համար. նա Հայաստանում ռուսական մշակույթի այդ օջախի առաջին վաստակավոր ու ժողովրդական արտիստն էր, իսկ Ալ. Գրիգորյանն արդեն կես դար թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
ԳԹ – Ճիշտ պահն է խոսելու Ձեր երաժշտական «հունձքի» մասին:
Ս. Ա. – Մեկ անգամ չէ, որ հերթական հոդվածիս տպագրությունից հետո հարցրել են՝ երաժշտական կրթությո՞ւն ունեմ: Չունեմ: Հարցը դիպլոմը չէ, այլ՝ լսելու ունակությունը, կատարողին հասկանալը, ընկալելն ու գնահատելը: Կրկին հիշեմ տատիս, ով ինձ համար բացահայտեց նաև այս հրաշք աշխարհը…
ԳԹ – Ինչո՞վ եք զբաղված հիմա:
Ս. Ա. – Ավարտել եմ Մհեր Մկրտչյանի «Հավերժ մենախոսությունը» գրքի թարգմանությունը (արտիստի կյանքի վերջին երկու տարիներին այն գրառել է դուստրը՝ Նունե Մկրտչյանը): Զարմանալի գիրք է, զարմանալի լեզու, զգացմունքներ, մտքեր, ստեղծագործական դիմանկարի բացահայտում… Ծնվում են նոր պատմվածքներ: Մի քանի գրքերիս տպագրությունը հովանավորել է Առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, զարմանալի բարության տեր անձնավորություն: Օգտվեմ առիթից ու հայտնեմ շնորհակալությունս:
ԳԹ – Կյանքի իմաստը… Ձեզ համար:
Ս. Ա. – Կյանքի տարբեր փուլերում իմաստը փոխվում է: Երիտասարդությունը՝ հույսեր ու երազանքներ… Հետո՝ հանդիպում սիրելիիդ հետ, զավակներիդ, թոռներիդ ծնունդը, նրանց առողջությունը, հաջողությունները, կյանքում իրենց տեղը գտնելու մտահոգությունը… Որդիս ու թոռս հեռավոր Ֆրանսիայում են, շատ է կարոտս: Գոնե երկրորդ թոռնիկս կողքիս է՝ Երևանում: Դուստրս դոկտորական թեզի պաշտպանության շեմին է. ահա երջանկությունը: Ես գիտեմ, թե ինչպես ու ինչքան կուրախանային Էդվարդն ու հայրս նրա հաջողություններով: Բայց ինչ էլ պատահի, ամեն ինչում պետք է լինի ՍԵՐԸ…
«ՀՈԳՈՒ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ» ԱՊԱԳԱ ԳՐՔԻՑ
Գիշեր: Ամառային, զովաշունչ, ինչպես իմ քաղաքում: Ցերեկը այրող արև, գիշերը՝ հանգստություն: Քաղաքը քնած է: Կինը անհանգիստ է՝ սիրտն է: Ելնում է տեղից, դուրս գալիս պատշգամբ, նստում, հաբը՝ լեզվի տակ: Փողոցով սլանում են հատուկենտ մեքենաներ, տաքսիների կանաչ լույսեր: Անցորդներն ավելի քիչ են, երբեմն ծիծաղ է լսվում… Գիշերային կյանքն այնքան տարբեր է առօրյա հարահոսից: Կյա՞նքը… «Вот опять окно, Где опять не спят, Может, пьют вино, Может, так сидят…»: Ե՞րբ էր: Մեկ դար առաջ: Մարինա Ցվետաևա… Իսկ սիրտս ցավում է և ուրախանում Բանաստեղծի՝ վաղուց ծնված բառերից: Ախմատովան նրանից երջանիկ էր, հասավ ծերության, կյանքի օրոք վայելեց փառքը: Իսկ Մարինա՞ն: Ինչպես էր ապաշխարում Պաստեռնակը, որ անզոր գտնվեց, որ չկարողացավ օգնել…
Երիտասարդության, հասունության շրջապտույտում, ընտանիքի հոգսերի մեջ միշտ ժամանակը չի հերիքում: Ազատության ժամանակը վրա հասավ անսպասելի՝ հիվանդության հետ, բայց հետը բերեց և նոր փորձություններ՝ մինչ այդ անծանոթ կենտրոնացում սեփական անձիդ, մտքեր, մտքեր, մտածումների հորձանք: Նոր հոգեվիճակ, երբ միայն աշխատելու, ստեղծագործելու ժամին մոռացվում է ամեն ինչ… Նոր վիճակին վարժվել է պետք, այն բանին, ինչ պարտադրված անզորություն է կոչվում… Բայց շուրջս այնքան շատ են չնչին ու դատարկ ու, որքան էլ տարօրինակ է՝ նման կենդանական գոյությունից գոհ մարդիկ: Հեռախոսը լուռ է: Խոսուն լռություն է: Կզանգեն, երբ պետք ես (գրել հերթական հոդվածը): Լուռ է նաև ամենամտերիմ ընկերուհիդ: Վիրավորակա՞ն է: Ո՛չ, սա կյանք է և ոչ՝ դավաճանություն… Մի՛ տխրիր… «Տխրությունը մարդուն տապալում է կատարելության բարձունքից»,- գրել է Սպինոզան: Տարիների հետ եկած իմաստությունն է: Երիտասարդ օրերիդ ամեն ինչ այլ է, ու կյանք կոչված խաբեությունը այնքան ցանկալի չի թվում, որպեսզի այն անվանես թեթևամտություն ու վճռականություն կրքի պահին…
Երիտասարդության քանի՜- քանի սխալներ: Բաց մանուշակագույն անձրևոտ երեկո, կեսգիշերը հեռու չէ… Տղան ու աղջիկը՝ աղջկա տան կամարակապ շքամուտքում… Հրաժեշտ են տալիս… Չգիտեն, որ դա հրաժեշտ է ընդմիշտ… Չէ՛, դեռ կլինեն հանդիպումներ, հարաբերություններ կպարզվեն, թաքնված վիրավորանքներ, բայց բաժանարար բեկումն ավելի էր խորանում: Նա չէր կարողանում ներել՝ ինչպես իրեն սիրող նուրբ, ռոմանտիկ աղջիկը չար ու քմահաճի, մի քիչ էլ անպատկառի դիմակն է փորձում կրել: Ինչո՞ւ… Դժվար է պատասխան գտնել տասնվեց տարեկանի վարքի համար… Ամեն ինչ անցավ, իսկ այդ սերը մնաց ամբողջ կյանքում: Որքա՜ն իրավացի է Սողոմոնը. «Մահվան չափ ամուր սերը…»:
Առաջին սեր: Ի՜նչ հիշվող է կյանքի մայրամուտին: Ի՜նչ ծանր է ապրած կյանքի բեռը… Բայց սրտում հավերժ մնացին, չավերվեցին, չմոռացվեցին բանաստեղծությունների տողերը, ուրախություններն ու տխրությունները, պատահականությունների նախշը՝ ամեն ինչ անընդմեջ վերադառնում է հանց վաղեմի հայելու բեկորներ, որոնց մեջ արտացոլվում են սիրելիներիդ հայացքները, զավակներիդ ու թոռներիդ ձայները, նրանց աչքերը: Նայում եմ մանչուկի գեղեցիկ շագանակագույն աչքերին, որոնք մեծ պապի ու Թամարի կրկնությունն են, ուրախանում ու երազում եմ, որ նա հեռավոր Ֆրանսիայում կրկնի նաև Արտիստի տաղանդը:
Կոտրված հայելու բեկորներում ճակատագրեր են ու սիրահարված հայացքներ, բառերի քնքշությունը աղջնակին, կնոջը, գորովալի «лапочка» ռուսական բառը տղամարդկանց շուրթերից պոկված…
Այդ բեկորներից մեկում հաճախ է կրկնվում տեսիլքը՝ գնացքի պատուհանից այն կողմ՝ սևծովյան փարթամ այգիներն ու երկու սիրահարների գրկախառնված ուրվագիծը… Սերը՝ հորիզոնը փակած ծովին հանդիման…
Եվ այսօրվա մտքերը մահվան մասին, երբ աննպատակ հեռացող կյանքի ճնշման դեմ անզոր ես… Վանում ես այդ մտքերը՝ հասկանալով բացարձակ անիմաստությունը, բայց դա Աստծու կամքն է: Ու կանչում ես հուշերի փախչող հիշողությունը՝ համբույրներ, ձեռքի վեհերոտ քնքշանք, հրաժեշտ տվող թախծոտ աչքեր… Եվ այդ ամենը՝ անցած-քարացած ժամանակի, ասես մարգարեական քնի միջով… Հուշերի կտորտանք, ասես աշնանային քամուն տրված տերևներ… Ու հազվադեպ հանդիպումներ նրա հետ, ով արդեն անտարբեր է… Տարի՛քը: Իսկ Նե-ի զգացմունքները (կին է ու ռոմանտիկ) մնում են թղթի վրա և հոգում… Ու նաև բիրտ միայնությունը. նա հավերժ է: