Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ / Շնորհավոր Նոր տարի

Ցանկանանք թե ոչ` 2015-ը աշխարհի հայացքն ուղղելու է մեզ վրա. ոչ անպայման և ոչ միայն համակրանքով, ոչ անպայման և ոչ միայն թշնամանքով, ոչ անպայման և ոչ միայն անտարբերությամբ: Տոնակատարության տարի չէ 2015-ը, ստուգատեսի պես մի բան է… Համակրանքով մեզ նայողը պիտի վստահանա՞, որ իզուր չէ իր վերաբերմունքը, թշնամանքով նայողը պիտի հասկանա՞, որ ապարդյուն են եղել իր ջանքերը, անտարբերությամբ նայողը պիտի ըմբռնի՞ վերջապես, որ Աստված չանի, ինքն էլ մի օր կարող է իր 1915-ը ապրել:
Մենք պատրա՞ստ ենք այս ստուգատեսին: Մենք կարո՞ղ ենք ցուցադրել մեր իրական կեցվածքը, մեր իրական հագուստ-կապուստը, մեր արդար ճակատը, մեր իմաստությունը և ապրելու, արարելու մեր իրական կամքը: Մեզ չե՞ն խանգարելու տհաս քաղաքագետները, ապիկար իշխանիկները, կեղծ բարերարները, քսու քարոզիչները, սրանց պատճառով հասարակության մեջ օջախ-օջախ մխացող հուսահատությունը, փախուստի տրամադրությունը, անելանելիության ծնունդ սպանիչ բանդագուշանքը… Մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ Քրիստոսի լեռան քարոզի գոնե մի քանի հորդորները ապրելակերպի համընդհանուր նորմեր կհռչակվեն: Գոնե մեր բարեգործությունը կարո՞ղ ենք իրագործել մարդկանցից, նույնիսկ Աստծուց ծածուկ. «Թող մեր ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը»: Գոնե կարո՞ղ ենք աղոթել փակ սենյակներում և ոչ թե «ժողովարաններում ու հրապարակներում»: Գոնե այսքանը: Գոնե այսքանը… Մնացյալը` հընթացս. 2015-ին այլ տարիներ են հաջորդելու:
Շնորհավոր Նոր տարի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։