ԱՆՑՅԱԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ՝ ԳԱԼԻՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ /

ՄիլիտոնյանԳ.Թ.- Ինչպես եք գնահատում գրողական համայնքի ստեղծագործական կյանքն անցնող տարում:
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Երկու բառով դժվար է 2014 թ.-ի ստեղծագործական հունձքը ամփոփել, գրողները շատ են և յուրաքանչյուրի ստեղծագործական կյանքը յուրովի է հետաքրքիր: Գրական ամսագրերում, թերթերում արտացոլված են նրանց ձեռքբերումները: Ընթացիկ տարին առանձնանում է ոչ միայն միջոցառումների, շնորհանդեսների, քննարկումների առատությամբ, այլև դրանց բովանդակային առավել խորքային ընդգրկումներով: Հիմնականում պիտի շեշտեմ տարվա երկու լիանիստերի անցկացումը` նվիրված ժամանակակից արձակին ու պոեզիային, որոնք որոշակի դերակատարում ունեցան ստեղծագործական միջավայրի բովանդակության բարելավման գործում, մարդիկ սկսեցին բանավիճել, փորձեցին իրենց կարծիքը հայտնել, իրենց մտահղացումները ներկայացնել` միաժամանակ իրենց քննադատական հայացքն ուղղելով մեր գրական կյանքին:
Պիտի կարևորենք հունիսին կայացած ԳՄ-ի 80-ամյա հոբելյանը, որը յուրատեսակ ամփոփումն էր 80 տարվա աշխատանքների, ինչպես նաև ժամանակակից գրական ընթացքի հիմնական շեշտադրումների: Հոբելյանի նշումը առիթ էր խորհելու, անցյալի գործունեությունը քննարկելու, մտածելու ի±նչ պիտի անել հետագայում նախորդ թերությունները, կնճիռները չկրկնելու և նոր գրական հետաքրքիր ինքնատիպ ուղիներ փնտրելու ճանապարհին: Տարվա ընթացքում շատ գրողներ արժանացան տարբեր պարգևների, մրցանակների: Ուրախալի երևույթ էր աշխարհի տարբեր երկրների հետ գրական նոր կապերի ստեղծումը: Չինաստանի հանրապետության հետ ունեցանք տարբեր նախագծերի քննարկումներ: Վահե Արսենը Չինաստանում մասնակցեց այդ քննարկումներին, հանդիպումներին: Առաջիկայում պայմանավորվածություն կա չինացի մի քանի գրող հրավիրել ` ծանոթանալու Հայաստանին ու մեր գրական կյանքին: Գրական-մշակութային համագործակցության նախագծեր ենք մշակում Լիտվիայի, Բելառուսի, Սլովակիայի հետ: Պայմանավորվածության համաձայն ՙЛитературная газета՚-ն ամեն ամիս մի ամբողջ էջ է հատկացնում հայ գրականությանը: Սլովակիայի ՙSvetovej՚ ամսագիրը ամբողջական համար նվիրեց մեր գրողներին: Բելոռուսի տեղեկատվության նախարարության ՙЗвязда՚ հրատարակչատան կողմից ստեղծված ՙСозвучие՚ գրական-գեղարվեստական պորտալը նույնպես աշխատակցում է ՀԳՄ-ի հետ` ՙЛитературная Армения՚ հանդեսի միջոցով` ներկայացնելով ժամանակակից մեր գրողների ստեղծագործությունները ռուսերեն: Բելոռուսի ՙМаладосць՚ ամսագիրը տպագրել է իմ ՙՔշիշտոֆ Պենդերեցկի՚ պոեմը` Վիկտոր Լուպասինի թարգմանությամբ: Պոեմը թարգմանվել և հրատարկվել է նաև ռուսերեն, ուկրաիներեն: Մշտական գործընկերների շարքում է Վրաստանը: Խորացված գրական համագործակցության կապեր կան Գերմանիայի, Ռուսաստանի հետ: Այս ամենը ապացույցն է նրա, որ հետաքրքրությունը մեծ է ժամանակակից հայ գրականության նկատմամբ: Մի շարք գրողներ մասնակցել են տարբեր երկրներում տեղի ունեցող գրական փառատոներին:
2014 -ին մեր գրողները բազմաթիվ նոր գրքեր հրատարակեցին, կարծում եմ, դրանց տպագրական և գրական որակը զգալի է: 2015-ին ավելի կընդլայնվի հրատարակվող գրողների ցանկը: Գրական կյանքի ամենակարևոր օղակներից է գրկան մամուլը, որի տպագրումը մեր օրախնդիր գործերից է:
Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ անցնող տարում պահպանել ենք ստեղծագործական միության հիշարժան գործերի ավանդույթը, մասնավորապես` այն միջոցառումները, որոնք տարիներ ի վեր գրական կյանքի մասն են կազմել: Մասնավորապես Մանկապատանեկան գրքի շաբաթը, պոեզիայի ավանդական հանդիպումները, Գիրք նվիրելու օրը, պոեզիայի միջազգային օրվան նվիրված ցերեկույթները, գրողների հանդիպումները Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ, Թարգմանչաց տոնը Օշականում, Սայաթնովյան վարդատոնը` Թբիլիսիում, ինչպես նաև դասական գրողների` Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Պ. Սևակ, Մ. Գալշոյան, Հ. Մաթևոսյան և ուրիշների, ավանդաբար նշվող օրերը նրանց ծննդավայրում:

Գ. Թ. – Ի՞նչն եք կարևորում անցյալ տարվա գործունեության համայնապատկերում:
Է. Մ. – Աշխուժացել է ԳՄ-ի և տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, ստեղծագործական միությունների և նախարարությունների (Մշակույթի, Կրթության և գիտության, Առողջապահության, Սփյուռքի, Պաշտպանության, Տրանսպորտի և կապի) հետ համագործակցությունը: Հատկապես գնահատելի է ՀՀ Մշակույթի նախարարության դերը գրքերի հրատարակման, գրողների հոբելյանների անցկացման, փառատոների կազմակերպման գործում: Մեր համագործակցության տիրույթում են նաև թանգարանները: Ուզում եմ կարևորել Չարենցի տուն-թանգարանի հետ կազմակերպվող պատանի ստեղծագործողների մրցույթը, ՙԱնտարես՚ հրատարակչության հետ հանրապետական մասշտաբով ընթերցողական օլիմպիադայի կազմակերպվումը որի եզրափակիչը կկայանա ՀԳՄ մեծ դահլիճում:
Տարվա ընթացքում բացվել են Բանավեճի, Շախմատի, Գրական, Ձեռագիր մամուլի ակումբները` որոնցում կազմակերպված տարբեր միջոցառումներն օժանդակում են գրական կյանքը առավել հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելուն:
Թարմացվել, առավել բազմաբնույթ է դարձել ՀԳՄ կայքը:
Մարզերում գրական կյանքը աշխուժացնելու նպատակով յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀԳՄ են հրավիրվում մարզերի գրական բաժանմունքների ստեղծագործողները: Արդեն հյուրընկալվել են Արագածոտնի, Լոռու և Տավուշի, Վանաձորի գրական բաժանմունքների անդամները: Մարզային կառույցները գործում են, ապրում են իրենց ինքնուրույն կյանքով:
Աշխատանք է տարվում նաև երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնց մասնակցությամբ Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը իրենց խնդիրներին նվիրված սեմինարներ, քննարկումներ են կազմակերպվել:
Չմոռանամ նշել գործող Ի. Գյուլնազարյանի և Լ. Անանյանի անվան երիասարդական, ՀԳՄ ամենամյա, նաև ՙՀրանտ և Մանուշակ Սիմոնյաններ՚ մրցանակների մասին:

Գ.Թ. – Սպասելիքներն ու խրագրերը նոր տարում:
Է. Մ. – 2015-ին նախատեսում ենք հրատարակել Ցեղասպանության զոհ գրողների ստեղծագործությունների ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն անթոլոգիաները: Պատրաստ են գերմաներենն ու ռուսերենը: Մայիսի 10-ին Գերմանիայի Մակդեբուրգ քաղաքում կայանալու է գերմաներեն անթոլոգիայի շնորհանդեսը, որի տողացիները պատրաստել են մեր հայ թարգմանիչները, իսկ գեղարվեստական թարգմանությունը` գերմանացի գրողներինն է: Կհրատարակվի թեմային առնչվող լավագույն բանաստեղծությունների անթոլոգիա: 2015-ին ընթերցողներին կհանձնենք լ ցեղասպանության թեմայով մեր ժամանակակից գրողների գործերի հրատարակությունը, միաժամանկ մեր դասական և ժամանակակից գրողների արժևորված գործերը: ր կտպագրվեն այլ լեզուներով:
Ապրիլին ԳՄ-ի մասնակցությամբ կլինեն բազմաթիվ միջոցառումներ, միջազգային ցուցահանդեսներ: Հայ գրականությունն աշխարհին ներկայացնելու առումով կարևոր է, որպեսզի ժամանակակից գրողների գրքերը ներկայացվեն միջազգային ցուցահանդեսներում: Մեր գրողները գալիք տարում բազմաթիվ հանդիպումներ, դասախոսություններ կունենան դպրոցականների հետ և գրադարաններում, տուն-թանգարաններում: Ապրիլին ցեղասպանության թեմայով գրող արտասահմանցի գրողներ կհրավիրվեն մասնակցելու գրական հանդիպումներին, գիտաժողովներին: ՀԳՄ Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տները տարվա ընթացքում նախկինի պես մշտապես բաց կլինեն մեր գրողների համար, հատկապես` Ծաղկաձորը, ինչը եզակի հնարավորություն է անվճար ստեղծագործական հանգիստն անցկացնելու համար, որի ընթացքում նոր գործեր են կծնվեն:
Գ. Թ.- Ամանորի ձեր մաղթանքները հայ գրողներին:
Է. Մ. – Մեր բոլոր ստեղծագործողներին ցանկանում եմ նոր թեմաներ, հետաքրքիր մտահղացումներ, գեղարվեստկան նոր լայնամասշտաբ հուներ: Ուրախությամբ եմ կարդում նրանցից յուրաքանչյուրի նոր գիրքը, վստահ , որ յուրաքանչյուր. տաղանդավոր գիրք ուրախացնում է նաև ընթերցողին: Ուրախանում ես, որ մեր հողի վրա նոր գեղարվեստական բարձր գործեր են ծնվում: Այսօրվա հայ ժամանակակից գրականությունը աշխարհի գեղարվեստական քարտեզի վրա իր ուրույն գույնն ունի: Բոլորին ցանկանում եմ առողջություն, ժամանակ` գրասեղանի մոտ նստելու և նոր գործեր ստեղծելու: Հավատում եմ, որ այսօր մեր հողի վրա ստեղծվում և ստեղծվելու են գրական մեծարժեք ստեղծագործություններ: Շատ եմ կարևորում գրական ստեղծագործական կյանքում հարաբերությունների մաքրությունը, ջերմությունը, մեկը մյուսի գործով ուրախանալու պատրաստակամությունը: Թող ուրախանան իրենց տաղանդավոր ընկերների նոր գործերով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։