Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Աստվածաշնչյան դատապարտմամբ աշխարհով մեկ տարտղնված հրեաները Ամանորին միմյանց երջանկություն, երանություն չեն բարեմաղթել, Հիսուսի ծնունդը չեն շնորհավորել, որովհետև երկնային կյանքին չեն հավատացել, բաժակ բաժակի են խփել, ասել.
– Հաջորդ տարի՝ Երուսաղեմում:
Երկու հազար տարի նրանք այնքան նույնը կրկնեցին, որ վերջիվերջո հասան իրենց մուրազին:
Չգիտեմ՝ արտերկրի կարկառուն հրապարակագիր, «Մեծ երազին ճամբուն վրայ», «Յուշամատեան Մեծ Եղեռնի» «Խոհեր յիսնամեակի աւարտին» հատորների հեղինակ Գերսամ Ահարոնյանը իմացե՞լ է հրեական այդ ավանդույթի մասին, բայց, Բեյրութում, տարեմուտին բաժակ բարձրացնելիս միշտ ասել է.
– Գալ տարի՝ Վանի մէջ:
Իմ ազգանվեր գրչընկերը վաղուց չկա, հիմա ես եմ Երևանում, Նոր տարվա գիշերը, բաժակը ձեռքիս՝ ոտքի կանգնում ու ճապաղ, ճղճիմ կենացների փոխարեն, ասում.
– Եկող տարի՝ Վանում:
Ասում, ու որքան անցնում են տարիները, այնքան ինքս իմ ասածին հավատում եմ: Հավատում ու ուզում եմ, որ դուք էլ հավատաք:
Ուրեմն՝
– Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Եկող տարի՝ Վանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։