– Արդյոք կարևո՞ր է գրողի սեռը…
– «Պոեզիան մի բան է, որ, այնուամենայնիվ, հողից վեր է, թեկուզ՝ մեկ սանտիմետրով, բայց այդ մեկ սանտիմետրը բարձրանալով՝ մոտեցնում է երկնքին: Եվ եթե երկինքը կարևոր է, եթե երկինքը ամենակարևորն է, ուրեմն՝ պոետը նույնպես կարևոր է և անհրաժեշտ»:
Մ. Ցվետաևա
Մի՞թե այս մտքի հետ համաձայն բանաստեղծի կամ ընթերցողի համար կարևոր է հեղինակի սեռը: Գուցե՝ պարզապես անձը, բայց առանց սեռականության նշանի: Չէ՞ որ էականը պոեզիայի՝ նման սրբազան ըմբռնումն է: Արդյոք գոյություն ունի՞ «կանացի պոեզիա», և ո՞րն է դրա առանձնահատկությունը: Կամ՝ ընթերցողը պոեզիան դասդասո՞ւմ է ըստ սեռական պատկանելության, նրա համար կարևո՞ր է իմանալ հեղինակի սեռը՝ իր կարդացածը գնահատելու, ընդունելու կամ մերժելու համար. ահա մի քանի հարցեր, որոնք արծարծվում ու վերարծարծվում են՝ այդպես էլ չստանալով անհերքելի պատասխաններ: «Կանացի պոեզիայի» մասին խորհելիս, սակայն, նախ ուզում եմ ընդգծել լեզվական մի փաստ. ի տարբերություն եվրոպական (չգիտեմ՝ գուցե նաև այլ) լեզուների՝ հայերենում էն գլխից բացառված է լեզվական սեքսիզմը: Այսինքն՝ մեր լեզվում չեն առանձնացվում արական և իգական սեռերը. հրաշալի նախապայման՝ տղամարդկանց նման գրել ցանկացող կանանց համար: Մնում է միայն արական մի կեղծանուն ընտրել, իսկ բնագրի հետ կապված, գոնե արտաքուստ, խնդիր չկա: Բայց խնդիրն այն է, թե արդյոք այդքան լա՜վ բան է տղամարդկանց նման գրելը: Արդյոք բնակա՜ն չէ, որ զգացվում է հեղինակի սեռը: Միտս եկավ իմաստուն Ֆրեյդը. ըստ նրա՝ մարմինը իրեն ցուցադրում է խոսքի, լեզվի միջոցով. իր մարմնականությունը գիտակցող մարդը այն նկարագրում է բառերի և հասկացությունների միջոցով: Եվ քանի որ կնոջ ու տղամարդու մարմինները տարբեր են, տարբեր են նաև դրանք նկարագրելու բառամիջոցները, այնպես չէ՞: Ոչ այնքան տեղին (կամ էլ՝ տեղին) իրենց մասին հիշեցրին որոշ կին հեղինակներ, որոնք բանաստեղծությանը ինքնատիպություն-ուժգնություն հաղորդելու, այն տպավորիչ-շշմեցուցիչ դարձնելու համար դիմում են անգամ հայհոյագրության, բնավ մտահոգված չլինելով, որ իրենց «պոռթկումները» անկարող են իրագործել բնական-ֆիզիոլոգիական պատճառներով: Ճիշտ է, պոեզիան տեղով սահմազանցում է և առանց դրա պարզապես բառակույտ կլիներ, սակայն, պայմանականորեն ասած, «մեղքը» կանոնիկ լեզվի հանդեպ ենթադրում է այն «քավելու»՝ առնվազն ոչ-անհնարինություն:
…Աշխարհում այնքան հին ու սիրուն ճշմարտություններ կան, օրինակ, որ կնոջ համար լավ բանաստեղծ լինելը հավասարազոր չէ տղամարդ-բանաստեղծ լինելուն, քանի որ ընթացիկ պահին լավ ու վատ բանաստեղծներ կան ինչքան կանանց, նույնքան էլ տղամարդկանց շրջանում: Աշխարհում վաղուց այլևս «կանացի պոեզիան» դատավճիռ չի համարվում, ինչպես և «առնական գիրը»՝ բարձրագույն գովեստ:
Մեզանից տասնյակ տարիներ առաջ Մարինա Ցվետաևան համոզված էր, որ «չկա կանանց պոեզիայի հարց, այլ կան կանանց պատասխանները»: «Գտնում եմ, որ պոեզիան տարբերակելու համար կան առավել էական հատկանիշներ, քան պատկանելությունը իգական կամ արական սեռին,- գրում էր նա Վ. Բրյուսովի մասին հոդվածում: …Ստեղծագործության մեջ չկա սեռի հարց, կան պատասխաններ, այսպես՝ Սաֆո-Յոհաննա դը Արկ-սբ. Թերեզա-Բետինա Բրենտանո: Կան հրաշագեղ կանացի հառաչանքներ (Lettres de M-lle de Lespinasse), կա կանացի միտք (Մարիա Բաշկիրցևա), կանացի վրձին (Ռոզա Բյոներ)-առանձնացված, որոնց մտքով անգամ չէր անցնում, որ գոյություն ունի կանացի հարց, և որոնք իրենց չկասկածելով արդեն իսկ ոչնչացնում և առ ոչինչ էին դարձնում կանացի հարցը»:
Հավանաբար, սխալը կին-հեղինակների պոեզիան տղամարդկային-արական չափանիշներով գնահատելու՝ որքան հազարամյա ու անխախտ, նույնքան էլ ձախավեր ու ծիծաղելի, փորձն է: Բանաստեղծությունը, ախր, ծանրամարտ չէ, որ ակնհայտ լինի տղամարդկանց ֆիզիկական առավելությունը: Նույնիսկ շախմատ չէ, որտեղ աշխարհի չեմպիոնները, բնականաբար, տղամարդիկ են, բայց ոչ թե առավել ինտելեկտուալ լինելու, այլ մարդկային բանականության և մտածողության որոշ առանձնահատկությունների շնորհիվ, որոնք անհամաչափ են բաշխված կանանց և տղամարդկանց մոտ, սակայն վերջնարդյունքում դրանք լրացնում են իրար: Բանաստեղծությունը հոգու և մարմնի մի այլ չափման մեջ է դնում հեղինակին, որտեղ նրանք վայելում են Բառի բարձրագույն գեղեցկությունը՝ որպես հրեշտակներ: Հիմնականում նրանք կանացի և տղամարդկային դեմք ունեն, սակայն պատահում են նաև չզատորոշված սեռով հրեշտակներ, որոնց ճակատին հանճարի դրոշմն է: Նորագույն կենսաբժշկագիտական, էնդոկրինոլոգիական-գենետիկական և այլ կարգի վկայությունները հաստատում են, որ մարդկության մեծագույն հանճարները ի ծնե օժտված են հոգու անդրոգեն հատկանիշներով: Կրկնեմ՝ հոգու:
Մի բան էլ, քանի չեմ փոշմանել. եթե Նիցշեն այսօր կարողանար մտնել վիրտուալ իրականություն և աչքի պոչով տեսներ, օրինակ, ֆեյսբուքյան տիրույթներում առատորեն աճող, հավանությունների պարարտանյութով քաջալերված՝ արդեն մոլախոտերից առավել մոլի փթթող չափածո արտերն ու դաշտերը, կգոչեր, որ երիցս իրավացի էր ինքը, երբ գրում էր՝ «Մարդիկ միամտորեն կարծում են, որ ամեն ոգևորված մարդ կարող է երգել»: Բայց սա արդեն բոլորովին այլ, ոչ պակաս հետաքրքրաշարժ խոսակցության նյութ է:
Այս նկատառումները ժամանակակից հայ գրականությանը շատ հպանցիկ են վերաբերում, քանի որ հայ գրականությունը (և գրականագիտությունը՝ հատկապես) հայրիշխանական կաղապարներից իսկապես ազատելու հնարավորությունը, կարծես թե, մեր դուռը ժամանակին թակել ու անարձագանք մնալով՝ հեռացել է: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ այնքան բացատրություններ, որ միայն շարադրելը էջեր ու էջեր կպահանջեր: Չէ՞ որ գրականության մեջ հեղափոխության համար առավել խիզախ ու խրոխտ (դուխով-ը չսիրեցի) պետք է լինել: Մեզանում արմատավորված «թայֆաները», իրենց կարծիքից տարբեր ամեն մի անմեղ մտքի համար կարող են ուղղակի ծվատել իրենց չ-նմանին, և իրենց չ-նմանին հոշոտելու գործին եռանդով միանում են նույնիսկ նրանք, ովքեր ներքուստ համաձայն չեն «թայֆայի» հետ, սակայն ասպարեզում հաջողելու համար ստիպված են ընդունել խաղի կանոնները: Ի՜նչ տխուր մարդիկ…
Մինչդեռ ամեն բան կարող էր շատ ավելի լավ լինել՝ հրճվելու, կյանքին նորից սիրահարվելու, Աստծուն նորից հավատալու չափ: Բանավիճելու, ստեղծագործելու, Հայրենիքն ու Մշակույթը բարձրացնելու, Հայրենիքով և Մշակույթով բարձրանալու, գրելու ինչքան տարածքներ են մնում առանց մեզ… Չգիտեմ, իրավունք ունեի, թե՝ ոչ, բայց ինձ թվում է՝ հենց այս դեպքերում է, որ մեր Մեծի՝ Հրանտ Մաթևոսյանի զորավոր խոսքը նորովի է ապրում ու հնչում: Այդպես լինում է բոլոր մեծերի հետ, նրանց խոսքը այլևս իրենցը չէ: Եվ հիմա այս փոքրիկ բնագրում այն հնչում է այսպես.
…բանաստեղծների մեր տոհմը աշխարհով մեկ արև է փռում, արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը՝ լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը՝ ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղածաղիկներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ… և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, չկա խմբավորման այլ կերպ:
Եվ ուրեմն՝ պոեզիան կարելի է խմբավորել ըստ մեն-միակ չափանիշի՝ այն կա կամ չկա: Այո՛, կին-հեղինակի բնագիրը տարբերվում է տղամարդ-հեղինակի բնագրից, սակայն կա մի բան, որ թույլ է տալիս խոսել պոեզիայի մասին՝ Բառի և Պատկերի ցնծությունը: Մնացածը կարևոր չէ:
Եվ բանաստեղծների մեր տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում…
One thought on “ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ”