Հոգևոր թռիչքի, երազանքի մասին

Հունիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հալեպահայ երիտասարդ գրող Սևան Հանեշյան-Պետուրյանի «Արեգնատենչ հորիզոններ» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ուրախալի համարելով այն փաստը, որ սփյուռքահայ երիտասարդը գրում է հայերեն, նկատեց, որ Սևան Հանեշյան-Պետուրյանը թեև այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն Քեսաբի բառուբանը, բնանկարը, էությունը առկա են նրա գրքում: «Սևանի գործերում ժամանակակից աշխարհի մտածողությունն ես զգում, մեր հայ բանաստեղծության՝ արևելահայ թե արևմտահայ, արձագանքները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Պետրոս Դեմիրճյանը, «Արեգնատենչ հորիզոններ» գրքում զետեղված «Երկու խոսքը» համարելով սփյուռքյան նոր սերնդի մանիֆեստ, նշեց, որ այդ մանիֆեստում նկատել է հայի ներաշխարհի և մտածողության մասշտաբայնություն և ակնածանք ավանդական արժեքների` լեզվի, պատմության նկատմամբ: «Ինձ համար հետաքրքիր էին տիեզերքի վերաբերյալ Սևանի դատողությունները»,- ասաց Պ. Դեմիրճյանը և հավելեց, որ բացի անհատական գոյության, մարդու հոգեկանին վերաբերող խնդիրներից, ժողովածուում կան նաև ազգային խնդիրներ, արդարության համար պայքարի վճռականություն և, հատկապես նոր սերնդի մոտ, իր արմատների, պատմական հայրենիքի, գեների փնտրտուք:
Հակոբ Չոլաքյանը նշեց, որ Ս. Հանեշյան-Պետուրյանի պոեզիային բնորոշ է իմացապաշտությունը: «Սևանի բանաստեղծության մեջ կա մեր մանկությունը, անցյալը, որից հնարավոր չէ փախչել, և մեր հայրենիքն իր բոլոր արժեքներով: Կա նաև բանաստեղծությունը, որ լավագույնս կարտահայտե սփյուռքահայ մարդու զգացումները իր ազգի հանդեպ»,- ամփոփեց Հ. Չոլաքյանը: Ելույթ ունեցան նաև Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանը: «Որպես հայ երիտասարդ՝ Սփյուռքում գիտակցում ենք, որ հողն է պահում մեր լեզուն: Շատերս ենք փնտրում մեր արմատները: Այդ նպատակով ուխտագնացություն կատարեցի Արևմտյան Հայաստան, տեսա մեր դարավոր վանքերը, եկեղեցիները, որոնք այժմ փլատակ են: Եվ դա մեծ ազդեցություն ունեցավ իմ բանաստեղծությունների վրա»,- խոստովանեց նա և հավելեց, որ իր գործերը հոգևոր թռիչքի, երազանքի մասին են:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։