Պատերազմից հետո Արցախում սակավաթիվ չեն անգամ գրական և մշակութային միջոցառումները: Հունիսի 26-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, Արցախի գրական ընտանիքի անդամներ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, Լիբանանի Համազգայինի ճեմարանի վաստակաշատ տնօրեն Տիգրան Ջինբաշյանին, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանին։ «Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի մեկնարկը տրվեց Ստեփանակերտի հուշահամալիր այցելությամբ և հարգանքի տուրք մատուցելով։ ՀԳՄ նախագահին և բոլոր հյուրերին ողջունել են ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ընդգծեց՝ Հայաստանի գրողների միությունը Արցախի գրողների կողքին է: «Պատերազմից հետո Արցախում այսպիսի միջոցառումները շատ կարևոր են: Արցախի գրականությունը հզոր է, անտեսել չի կարելի»,- ասաց նա։ Իսկ Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը վստահեցնում է՝ ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակներում գրականությունն է եղել. «Չեմ թերագնահատում մյուս ոլորտները, բայց գրականությունն է մեր ազգային ոգու, արժեհամակարգի գլխավոր կրողը։ Հպարտանում եմ, որ ժողովուրդն այսքան դժվարին ժամանակներում հայացքը չի կտրել գրականությունից»: Ելույթ ունեցավ նաև գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը:
Արցախի գրական ընտանիքն ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցավ անդառնալի կորուստներ։ Կոմիտաս Հակոբյան, Հայասեր Հովսեփյան, Վահրամ Լալայան. այն տղաներն են, ովքեր գրիչն ու զենքը, իսկ ավելի կոնկրետ՝ հայրենիքի ազատությունը վեր դասեցին ամեն ինչից, պայքարեցին, կռվեցին, լույս դարձան։ Սակայն այսօր մեզ հետ է նրանց գիրը, պատգամը։
Հունիսի 27-ին Արցախի պետական համալսարանում կայացավ «Արդի գրականությունը և Արցախը» թեմայով հանդիպում-քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցավ Էդ. Միլիտոնյանը: Նա համոզմունք հայտնեց, որ վերջին 30 տարիների ընթացքում գրական ասպարեզում ունեցած ձեռքբերումներից մեկն այն է, որ Արցախի գրողները հնարավորություն ունեցան իրենց ստեղծագործությունները տպագրել և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Նրա հավաստմամբ՝ այս տարիների ընթացքում և՛ ոճական, և՛ լեզվամտածողության, և՛ համաշխարհային գրականությանն ինտեգրվելու տեսակետից Արցախի գրականությունը զգալի քայլեր է արել: «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում միջոցառումների շարքն ընթացավ նաև շրջաններում՝ կարևորելով գրական-մշակութային կյանքի աշխուժացումը գյուղական համայնքներում. գրական մրցույթներ ու հանդիպումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, ազգային-հայրենասիրական երգերի երեկոներ՝ հադրութցի սիրված երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի Արցախի գրասենյակի «Մունք» պարախմբերի մանուկների մասնակցությամբ: Հուլիսի 1-ին երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգով կեզրափակվի ծրագիրը:
Նշենք, որ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի կայացմանն աջակցել է նաև Հայաստանի գրողների միությունը:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ
