Արտացոլանքդ տեսնելու համար
Պետք չէ, որ հաճախ հայելուն նայես,
Ուրիշի աչքով նայիր քո տեսքին
Ու կարտացոլվես դու ամբողջովին…
Իսկ ես ամեն օր արթնանում եմ ու մտածում իմ ու բոլորիս մասին, թե այսօրը ի՞նչ է բերելու երկրիս. երևի մի պտղունց ուրախություն ու նաև ցավ ու մշտատև տագնապ: Այս գիշեր ադրբեջանական կողմից, ամեն գիշերվա պես, 1000-2000-3000… կրակ է արձակվել Հայաստանի սահմանային դիրքերի վրա: Զոհեր կան թե չկան՝ տագնապը կա՜ ու կա: Անդառնալի ցավ եմ ապրում (ինչպես ամեն հայ), եթե զոհ կա, իսկ եթե չկա՝ հազար բերան փառք եմ հղում Աստծուն, բայց տագնապս չի անցնում, տիրաբար նստել է մեջս ու չի հեռանում… ու թե մինչև երբ՝ չգիտեմ: Օրս այսպես է սկսվում, դառնում է ժամանակ, դառնում է տարի ու տասնամյակ, և այս անժամանակ ժամանակի մեջ ավելի քան 7000 անգամ կսկծացել եմ, լացել, ու լացս չի փարատել ոչ ոք, անգամ այս ժամանակ կոչվածը: 7000 զոհ՝ թշնամու գնդակից… Թուրք ազերին Արցա՞խ է ուզում ու մի պահ գոնե չի՞ մտածում, որ Արցախը Հայաստան է՝ թուրքաթափված Հայաստան: Հպարտանում եմ հաղթանակած իմ բանակով, հայրենիքի 7000 զոհված զավակներով, ովքեր հերոսացել են՝ յոթնապատիկ անգամ ոչնչացնելով թշնամուն: Եվ այդ ամենից դասեր չառնելով՝ նա շարունակում է սատանեկան իր չարությունը անգամ բարբաջանքով. պատերազմ է ուզում՝ գովաբանելով իր զենքը… Թո՜ւրքը…
Ժամանակը դարձյալ ցավիս վրա ցավ է ավելացնում, այն խորանում է ամեն օր, ամեն շաբաթ ու ամիս: Չգիտեմ, թե մինչև երբ պետք է դատարկվի Հայաստանս: Գնացողներին արդեն չեմ կարող բարի ճանապարհ մաղթել (թեև գնացողների մեջ ինձ հարազատ մարդիկ էլ կան), ինչպես առաջ, երբ գնում ու վերադառնում էին հացի ու ապրուստի փող վաստակած: Այսօր գնում են ու վերադառնալու մասին չեն մտածում, անտերացնում են Հայաստանս, հողս: Չէ՞ որ հողը նրանն է, ով ապրում է նրա վրա, հայրենիքը նրանն է, ով տիրավորում է նրան: Էլ ինչպե՞ս գնացողին բարի ճանապարհ մաղթեմ, և կամ ո՞ւմ է պետք իմ բարի ճանապարհ ցանկանալը: Մեկ շաբաթ առաջ գյուղիս բնակիչների թիվը պակասեց ևս 6-ով. հայր, մայր, երեք տղա, մեկ դուստր: Երեք զինվոր պակասեց վաղվա իմ ու մեր բանակից: Մեկ ապագա մայրով նվազեց երկիրս:
Գնացողներին հաճախ եմ հարցրել գնալու պատճառը ու գրեթե միշտ նույն պատասխանն եմ լսել.
– Աշխատանք չունենք, լոդրանում ենք, դառնում ենք անպիտան մարդ, ընտանիքը ո՞նց պահենք, երեխաների ապագան այստեղ անորոշ է, շատերը փայլուն ավարտում են միջնակարգն ու չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ՝ ուսման վարձ չեն կարող տալ ու ստիպված հեռանում են, իրենց բախտը տաժանակիր աշխատանքի մեջ փնտրում, իսկ «պապաների» կիսագրագետ բալաների առջև բաց են բուհերի դռները…
Ասելիքը շատ է, խորագրի ընձեռած հնարավորությունը՝ սուղ… Ուստի՝ սա՛ է իմ ժամանակը: