Կյանքը` մթին հանելուկ / Էլդա ԳՐԻՆ

Նա քայլում-անցնում էր այն փողոցներով, որտեղ վաղուց ոտք չէր դրել: Արդեն գիշեր էր, խաղաղ երևանյան գիշեր: Անչափ սիրում էր թե՛ այդ ժամերի և թե՛ վաղ առավոտվա բույրը, երբ այն վայելելով էր վազում դպրոց:
Հիշողությունները սեղմեցին կոկորդը, հազիվ զսպեց հեկեկոցը: Վաղն այլևս չի լինի այս քաղաքում, որտեղ ծնվել է: Եվ դեռ հարց է` կվերադառնա՞ արդյոք իր ծննդավայրը, կգտնի՞ ծնողների ու հարազատների շիրիմները, որոնց անտեր է թողնելու: Բնակարանն արդեն վաճառել է, նաև գույքը: Ամենաանհրաժեշտը ճամպրուկների մեջ դրված-կապված է: Թռիչքն էլ առավոտն է… Նա դառը հոգոց հանեց և թեքվեց դեպի Աբովյան փողոց:
Ողորմած մայրը պատմում էր, որ առաջներում այդ փողոցի մայթերի կողքով առվակներ էին հոսում: Երեխաները ամռան շոգին թավալվում էին այդ ջրերում, թղթե նավակներ բաց թողնում: Գևորգը շրջվեց ու տեսավ, որ քնձռոտ շուն է քայլում իր ետևից: «Հիմա մի անտեր շուն էլ ես եմ»,- դառնացած մտածեց: Ունեցածին հրաժեշտ է տվել, իսկ թե ինչ է սպասվում՝ չգիտի: Մի բան է միայն հաստատ` ինքն անգործ է և անկարող է պահել ընտանիքը: Միակ հույսն արտերկրում բնակվող ընկերոջ խոստումներն են. բայց կկատարվե՞ն արդյոք դրանք:
Նա չհասկացավ, թե ինչպես հայտնվեց Տերյան փողոցում, որոշ ժամանակ անց էլ` մանկական երկաթուղում: Գնում էր, ուր ոտքերը տանում էին:
Գևորգը շրջանցեց մթերային կրպակը և քիչ էր մնում՝ բախվեր կանգնած սիրահար զույգին: Նրանք արագ հեռացան, և իրեն թվաց, որ տղան աղջկան արաբերեն ինչ-որ բան ասաց: Ո՛չ, Գևորգը չմտածեց էլ, որ Հայաստանը աստիճանաբար կլցվի այլազգիներով: Ուղղակի միտք ծագեց, որ իր երեխաները հետզհետե կմոռանան մայրենին:
«Ես նրանց հետ միայն հայերեն կխոսեմ»,- մտածեց… Տերյանից կարտասանեմ.
… Չգիտեմ կյանքը ինձ ուր է տանում,
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ…
Այդ տողերը ինչ-որ չափով հանգստացրին նրան: Հետո շրջվեց ու քայլեց ետ: Շատ էր հեռացել իր տնից: Ուզում էր կենտրոնանալ Տերյանի այլ բանաստեղծությունների վրա, բայց չստացվեց: Մտքերը նորից ու նորից վերադառնում էին գլխավոր հարցին` ընտանիքը փրկելու համար ինքը լքում է Հայրենիքը: Ընդմիշտ: Մյուս կողմից էլ՝ որդիները, առավելապես թոռներն ու ծոռները դժվար թե հայ մնան:
Քայլում էր դեպի տուն, չիմանալով՝ որ փողոցներով ու նրբանցքներով…
Չգիտես ինչու հիշեց ընկերներից մեկի հորը, որ Ամերիկա էր գնացել` ավագ որդուն տեսության ու այնտեղ հիվանդացել էր: Բուժումներն արդյունավետ չէին եղել:
– Ինձ Հայաստան ուղարկեք,- խնդրում էր նա:
– Սպասի՛ր,- ասաց որդին,- քեզ Լաս Վեգասը ցույց կտամ, նոր կգնաս:
– Ի՜նչ Լաս Վեգաս, ի՜նչ բան,- զայրացավ հայրը,- ես իմ Տավուշն եմ ուզում, իմ Սևքար գյուղը… աղբյուրի մոտ կնստեմ, ընկերներս ոչխար կմորթեն, խորոված կանեն ու կլավանամ:
Գևորգը քմծիծաղ տվեց: Իսկապես. իր գյուղը եկավ ու լավացավ:
Մի ուրիշ անտեր շուն էլ քարշ եկավ նրա ետևից ու ոչինչ չստանալով` վազն անցավ: Գևորգը հիշեց իրենց շանը` Թոփլանին ու իր կյանքում այն ամենաերջանիկ օրը, երբ տուն վերադառնալով և մուտքի առջև տեսնելով մորը` գոռաց. ընդունվե՜լ եմ, էլեկտրամեխանիկակա՜ն եմ ընդունվել…
Որքան շատ ժամանակ է անցել, ինչքան ջրեր են հոսել: Հիմա ընտանիք ունի` կին, երեխաներ: Ամուսնացել էր ուշ, ոչ թե սիրելով, այլ` մոր խորհրդով: Ու չի զղջացել: Կինը` Վերժինեն, աշխատասեր է, մաքրասեր, զուսպ: Հիմա էլ, երբ ինքն իրեն կորցրած թափառում է քաղաքով մեկ, Վերժինեն իրենց, արդեն վաճառված, բնակարանում ինչ հետները վերցնելու են, կապել-դասավորել է: Գևորգը չհասկացավ էլ, թե ինչպես հայտնվեց Ֆիլհարմոնիայի շենքի մոտ: Կյանքում չի մոռանա ո՛չ այդ շենքը, ո՛չ էլ իր համար անչափ սիրելի դահլիճը: Հիշեց ժողովրդական երգը` «Ես պուճուր եմ, վարդի ջուր եմ», որ լսել էր այդտեղ յոթ տարեկանում: Ընդմիջմանն էլ մորն ստիպել էր իրեն ծանոթացնել երգը կատարող Լուսիկ Քոշյանի հետ: Ու երբ կուլիսների ետևում տեսավ երգչուհուն` բեմական տարազն արդեն հանած, կանաչ ժանեկազարդ հագուստով, նայեց նրա խորհրդավոր-մոխրագույն աչքերի մեջ… ու սիրահարվեց: Երևի նրա համար Լուսիկն էր դարձել գեղեցկության չափանիշ:
Շենքի հակառակ կողմից, որ Օպերան էր, աղմուկ լսվեց: Գևորգը գնաց այդ ուղղությամբ: Ոստիկաններից մեկը ձեռքերից բռնած իր մեքենան էր քաշ տալիս մի աղջկա: Մյուս ոստիկանն էլ վիճում էր երկու երիտասարդ տղաների հետ:
Գևորգը սարսափեց. Օպերայի շենքի շրջակայքը, որ ժամանակին սրբավայր էր, հիմա դարձել է մարմնավաճառների հավաքատեղի:
Ազատ տաքսի երևաց: Գևորգը շտապ կանգնեցրեց մեքենան:
– Ախր, գիշերային մեր Երևանը շատ գեղեցիկ է,- ժամանակ անց ասաց վարորդը:
– Այո՛, իհա՛րկե,- սրտի ցավով արձագանքեց Գևորգը:
Տանը ամեն ինչ այնպես էր, ինչպես պետք է լիներ: Վերժինեն նույնիսկ չհարցրեց՝ որտեղ էր: Լուռ մատուցեց թեյ և կարկանդակ:
– Մեկ ժամից պետք է շարժվենք,- քիչ անց ասաց նա:
…Մեքենայում, որ սլանում էր դեպի օդանավակայան, երեխաներն աշխույժ էին: Իսկ Վերժինեն լուռ նայում էր պատուհանից: Գևորգը ափը դրեց կնոջ ձեռքի վրա:
– Հը՞: Ո՞նց ես:
Կինը շրջվեց ու ասաց.
– Հիմա, գիտե՞ս, ինչ էի պատկերացնում. որ նստած եմ մեր բնակարանի շեմին ու քեզ ասում եմ` Գևորգ, թե ուզում ես` գնա: Իսկ ես տեղիցս չեմ շարժվի:
Գևորգը շփոթված-զարմացած նայեց կնոջը: Այդ պահին ինքն էլ էր նույնը պատկերացնում: Իբր՝ նստած է իրենց բնակարանի շեմին ու կնոջն ասում է` գնո՞ւմ եք, բարով գնաք, ես մնում եմ…
Երեխաների ուրախ բացականչությունների տակ մեքենան հասավ օդանավակայան, և Գևորգը, իջնելով մեքենայից, սկսեց բանակցել բեռնակիրների հետ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։