Հեղափոխության լուրը նրանց հասավ այն պահին, երբ Եգորուշկան` աքսորյալ-տաժանակիրների բանտի ամենազոր պետ Պյոտր Ստրեշնևի որդին, վերջապես կարողացավ «նարդի» խրթին անվանումը կրող արտասովոր արևելյան խաղում մի անգամ հաղթել ընկերոջը` տասնամյա տաժանակրության դատապարտված Արտեմ Թարխունյանին:
Ասենք, որ Եգորուշկան պարզապես հոգի էր տալիս Արտեմի համար. նա այնքան լավ էր անծանոթ լեզվով թախծոտ ու ծորուն ժողովրդական երգեր երգում, հատկապես հոգին ու մարմինը ջերմացնող մի քանի բաժակ սիբիրյան յուրօրինակ խմիչքից հետո: Իսկ որքան էր հիացած այդ դժվար խաղով, որը երկար ժամանակ սովորում էր Արտեմից: Եգորուշկան ինքն էր սիբիրյան ամրակուռ մայրուց տաշել խաղի համար անհրաժեշտ փայտյա ծալովի փեղկերը` պահող ծխնիներով, «քարեր» կոչվող հատուկ խաղաքարերի համար ներսից արված կիսաշրջանաձև կտրվածքներով, յուրաքանչյուր փեղկի վրա ամրացված շերտաձողիկներով: Արտեմը միայն բացատրում էր` ինչը ինչպես անել: Եվ խորանարդիկները` վեգեր հիշեցնող զառերն էլ էր ինքը պատրաստել, նիստերի վրա էլ վաքսով խնամքով սև կետիկներ արել: Մնում էր ըմբռնել խաղի խորիմաստությունը, որը, ինչպես պարզվեց, միայն բախտը բերելու մեջ չէր: Վատ, չմտածված խաղի ընթացքում, որքան էլ բախտը բերեր, միշտ կարելի էր գործը փչացնել և պարտվել:
Սովորաբար նրանք խաղում էին փոքրիկ գրասենյակում, որտեղ և պահում էին նարդին: Հասակակիցներ էին, քսան տարեկան և կենսագրություններով իրարից այնքան տարբեր, որ պատկերացնել հնարավոր չէր: Պյոտր Ստրեշնևի հայրը` Եգորուշկայի պապը, բանվոր էր ոսկու հանքերում: Երբ երկրում խռովությունների ալիք էր անցնում, և նարոդովոլեցներին սկսել էին խումբ-խումբ Սիբիր աքսորել, տեղացիներից ովքեր ճարպիկ գտնվեցին` հսկիչ տեղավորվեցին նոր գաղութում: Եգորուշկայի պապն էլ` նրանց հետ: Գաղութը փոքր էր, ընդամենը վաթսուն բանտարկյալ ուներ: Պյոտր Ստրեշնևը սկսել էր հսկիչից, աստիճանաբար հասել պետի պաշտոնին: Գաղութում կյանքը դանդաղ էր ընթանում` սառնամանիքներին առանձնապես դեսուդեն չես վազվզի: Անտառն էին մի քիչ հատում, ամռանն ու աշնանը` ավելի շատ. դասը, ինչպես վերևից իջեցրած պլանն էին անվանում, կատարում էին: Է՞լ ինչ: Ձմռանն ավելի շատ ինքնաշեն վառարանիկների մոտ էին նստոտում. բարեբախտաբար վառարան վառելու, կրակը թեժացնելու բան կար:
Իսկ Արտեմը, որ արդեն երեք տարի տառապում էր սոճիների գործով, այստեղ էր հայտնվել պատերազմի սկզբից բանվորների, ապա զինվորների մոտ ծավալած բուռն գործունեության համար: Բռնվել էր լենինյան կոչերով թռուցիկների մի մեծ տրցակով` անարդար իմպերիալիստական պատերազմի մասին, որի հաշվին միայն իշխող դասակարգերը` բուրժույներն են հարստություն դիզում: Իսկ պրոլետարիատին, իբր, այն հեչ պետք չէ, և պետք է այդ պատերազմը վերածել սոցիալիստական հեղափոխության… Իսկ իրեն հարգող ո՞ր կառավարությունը կհանդուրժեր նման խոսակցություններ: Ու տղային տասը տարով աքսորեցին, որ բոլորին դաս լինի: Եգորուշկան հաճախ էր ասում, որ ինքն այդ քաղաքականության վրա թքած ունի, իսկ մարդկանց տաժանակրության կարելի է ուղարկել միայն թալանի և սպանության համար: Թե չէ` ինչ-որ թղթիկներ… Բա դա գո՞րծ է: Քանի անգամ ակնարկել էր Արտեմին, որ կարելի է ծլկել, ու շատ էլ բարեհաջող, բայց հետո սթափվել էր` ինչպե՞ս պիտի Սիբիրը կտրեր-անցներ: Ռուսերենից, ճիշտ է, գլուխ հանում էր, այն էլ` շատ լավ, բայց չէ՞ որ կկործանվեր` ո՜չ որս անել գիտեր, ո՜չ թռչուն խփել, ո՜չ ձուկ բռնել: Գիտեր միայն քննադատել ինչ-որ Կաուցկու հասցեին, որը բոլոր հարցերում լիովին սխալ էր և բոլշևիկների արտին իզուր տեղը քար էր գցում: Լավ, սատանան Կաուցկու հետ, իսկ Արտյոմկան տայգայում կկործանվեր: Ավելի լավ է` թող վառարանի մոտ նստի, նարդու քարերը չրխկացնի:
Մեկը մյուսի պարզունակ կենսագրության բոլոր մանրամասները գիտեր (Արտյոմկան նույնիսկ Եգորկայի սիրածի` իրեն շատ երևակայող Վարկայի մասին գիտեր): Նույնիսկ գիտեին, թե իրենց ազգանուններն ինչ են նշանակում: Ստրեշնևը ամենայն հավանականությամբ «ստրեխա» բառից էր առաջացել` բացատրում էր Եգորուշկան, այդպես էր կոչվում գյուղական տան կտուրի եզրը, որտեղ թռչնակները սիրում են բույն դնել: Արտյոմկայի ազգանունն էլ մի կանաչեղենի անունից էր, որ հարավում, Հայաստանում է աճում ու շատ համեղ է հատկապես գլանաձև փաթաթված բարալիկ լավաշ հացի ու պանրի հետ: Այդ համեմունքով նաև Սևանի ձուկն են եփում…
– Աստված տա` ողջ մնամ, կգաս մեզ մոտ, կտեսնես, թե ինչ հրաշալի ձուկ է դա, և ինչ հրաշք բույս է մեր թարխունը:
– Հասկացա, մեր պետրուշկայի պես մի բան է: Ուրեմն` դու էլ Պետրուշկի՞նն ես: Ա՜յ քեզ բան:
…
Լուրերը ուշ էին հասնում հսկայական երկրի սառցակալած հյուսիսային ծայրամաս, ու միայն մայիսի սկզբին գաղութում իմացան, որ թագավորին գահընկեց են արել, բայց կարծես թե` ոչ վերջնականապես: Հետո իմացան, որ թագավորը հրաժարագիր է ստորագրել և հիմա Ռուսաստանում լրիվ ուրիշ իշխանություն է լինելու, էլի բուրժուական, իհարկե, բայց` առաջադեմ բուրժուական: Իսկ առայժմ թագավորի փոխարեն ժամանակավոր կառավարություն է լինելու: Շուտով ճեպագիր ստացան` բոլոր հեղափոխականներին, այսինքն` ժողովրդի երջանիկ կյանքի համար մարտնչողներին, պատվով արձակել իրենց տները… Ա՜յ թե ուրախություն էր: Ամբողջ գաղութը մի լավ խմեց ու մի լավ ծեծկռտվեց: Միայն Եգորուշկան տխրեց, որ ընկերը գնալու է, բայց ինքն էլ լավ խմեց և երկու օր անընդմեջ քնեց:
Հրաժեշտը շատ հուզիչ էր: Եգորուշկան չգիտեր` ընկերոջ համար ուրախանա՞, թե՞ տխրի: Արտաքուստ ուրախ էր, բայց հետո էլի խմում ու լաց էր լինում:
– Ո՞վ գիտի` էլ իրար կտեսնե՞նք, ո՞վ գիտի` ձեր կողմերը` գրողի ծոցերը կհասնե՞մ…
– Էդ որտե՞ղ են գրողի ծոցերը, մե՞զ մոտ, թե՞ ձեզ մոտ,- հակահարված էր տալիս Արտեմը:
Հրաժեշտի երեկոն նարդի խաղացին, ու Եգորուշկան լիովին համոզվեց, որ ավելի բարդ ու խորհրդավոր խաղ աշխարհում չկա: Ախր, հենց սկսում ես «տանը» հավաքած բոլոր քարերը դուրս հանել, մի շատ անհաջող զառ է գալիս` և անպայման քո «տան» դատարկ տեղի վրա, և իզուր տեղը տանուլ ես տալիս:
Բոլոր «քաղաքականները» գնացին, մնացին միայն մի քանի գողականներ, որոնք փորձում էին մեկ էսեռ, մեկ սոցիալ-դեմոկրատ ձևանալ, որոնց տարբերությունը չգիտեին էլ: Կրկին հոսեցին հյուսիսային միօրինակ ցուրտ օրերը, և մե՜րթ բոլշևիկյան հեղափոխության, մե՜րթ քաղաքացիական պատերազմի, մե՜րթ Սիբիրի նոր տեր Կոլչակի, մե՜րթ նէպի մասին անչափ ուշացող անորոշ լուրերին սկզբում առանձնապես չէին էլ հավատում: Երբ պարզ դարձավ, որ բոլշևիկները վերջնականապես հաղթել են, Եգորուշկան մտածեց, որ Արտյոմկան հիմա անկասկած մեծ ղեկավար կդառնա: Եվ, իրոք, մի քանի տարի հետո նամակ եկավ` երկու մեծ դրոշմակով, կավճապատ երկարավուն ծրարով, գեղեցիկ զինանշանով, թեև ուղարկված երեք ամիս առաջ: Արտյոմկան հայտնում էր, որ իրեն նշանակել են մեծ հիմնարկության պետ, ձեռքի տակ երկու հարյուր աշխատող ունի, որ գործերը լավ են գնում, վերջերս տղա է ունեցել, ռուսական Եգոր անունով է կոչել… Եգորուշկան շատ ուրախացավ և, իհարկե, մի լավ խմեց: Հետո գնաց հոր գրասենյակը, հանեց մի տեղ պինդ պահած նարդին, քարերը շարեց և սկսեց զառերը գցել` ինքն իրեն ասելով. «Մեկ ու մեկ, հինգ ու վեց, մեկ ու վեց… Տե՜ս, թե Պետրուշկինը ուր է թռել…»:
…
Հետո կրկին սկսեց պտտվել ծանոթ կարուսելը` ինչպես ուզում ես անվանիր պետությունը, ինչպիսի կարգ ուզում ես հաստատիր, միշտ էլ այնտեղ կլինեն և՜ մարդասպաններ, և՜ հափշտակիչներ, և՜ մաքսանենգներ: Չէ՞ որ դեռ ոչ ոք չի մտածել` ինչպես լավ պետություն ստեղծի, որ բոլոր մարդիկ լավ ապրեն, որ ամեն մեկի հաց ու պանրի փողը բավականացնի, որ յուրաքանչյուրի գլխին տանիք լինի: Որ ամեն ինչ խղճով, արդարությամբ, օրենքով լինի, և ոչ՜ բանտերը, ո՜չ գաղութները պետք չլինեն:
Բայց, չգիտես ինչու, անվերջանալի շարքերով կրկին եկան «քաղաքականները»` էսեռներն ու սպիտակները, կադետներն ու նեպմանները, կուլակներն ու ժողովրդի թշնամիները: Ժողովրդի այդ թշնամիներն այնքան շատ էին, որ երբեմն չէիր հասկանում` որքա՞ն է մնացել ժողովուրդը, եթե շուրջը միայն թշնամիներ են:
Գաղութը տարածվել էր և հիմա տարածաշրջանի ամենագլխավոր աքսորային հենակետն էր, որովհետև դեպի հյուսիս ուրիշ ոչինչ չկար, միայն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն էր: Հիմա ճամբար կոչվող գաղութի նոր պետ էր նշանակվել քառասնամյա Եգոր Պետրովիչ Ստրեշնևը` նախահեղափոխական ժամանակներից աքսորատաժանակրային գործերում մեծ փորձ ունեցող մի մարդ: Միայն թե հիմա` խորհրդային իշխանության օրոք, նույնիսկ ամենասարսափելի սառնամանիքին այլևս ոչ ոք գլուխ չէր պահում տաք վառարանիկների մոտ, բացի ամենավերջին մարդասպաններից, և «դասերը», ինչպես Եգոր Պետրովիչը հին հիշողությամբ վերևից իջեցվող բնափայտի մթերման պլանն էր անվանում, տասն անգամ ավելացել էին…
Ճամբարում երկու հազար հոգուց ավելի մարդ էր նստած: Ասեկոսեներ էին պտտվում, որ նման անթիվ ու անհամար ճամբարներ ոչ միայն Սիբիրում, այլև ամբողջ երկրում են սփռված, և շշուկով այնպիսի թվեր էին բերում, որոնց չէր կարելի հավատալ ո՜չ սթափ, ո՜չ էլ հարբած վիճակում: Դեռ մի նորամուծություն էլ արեցին` շներով վերակացուներ էին ուղարկում, որոնց թիվը նույնքան էր, որքան աքսորյալներինը: Դե հիմա հաշվեք` որքան մարդ էր զրկված բնականոն կյանքից, որքան ճակատագիր էր խեղված:
Մի անգամ, աչքի անցկացնելով նոր ընդունված բանտարկյալների մեծ խմբաքանակի ցուցակը, Եգոր Պետրովիչը հանդիպեց արտասովոր, բայց ծանոթ Թարխունյան ազգանվանը: «Պետրուշկի՞նն է,- անցավ մտքով,- չի՜ կարող պատահել: Չէ՞ որ նա մեծ ղեկավար է, և այնքան… այնքան պատրաստված ու կոփված, իսկակա՜ն բոլշևիկ»: Դուրս նետվեց նոր վերակառուցված և ընդլայնված ցածրիկ գրասենյակից, իրեն գցեց երկրորդ բարաքը` բախվելով դռանը, և շեմից գոռաց.
– Թարխունյա՜ն: Ո՞վ է Թարխունյանը:
Ազգանունն արձագանքելով արագ անցավ շարքերով, նառերով, հասավ իր տիրոջը, և շուտով վաղուց չսափրված, մորուքավոր, բարձրահասակ, քիչ կորացած ու գիրացած մի տղամարդ, որին Եգոր Պետրովիչը դժվարությամբ ճանաչեց որպես պատանեկության ընկերոջը, նրան ընդառաջ եկավ:
– Արտյոմկա՜,- մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին` ճամբարի պետը կրծքին սեղմեց պատառոտված ու կեղտոտ մգդակած բաճկոնով կալանավորին:
Շշուկն անցավ բարաքով. նման բան նույնիսկ բազմաչարչար ճամբարային կյանքում ոչ ոք չէր տեսել և չէր էլ կարող պատկերացնել:
– Նորից հանդիպելու բախտ ունեցանք, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, – շշնջաց Եգոր Պետրովիչը:- Քե՞զ ինչի համար, Պետրուշկի՜ն:
– Երկար պատմություն է, Եգորուշկա՜, շատ երկար:
…
Իր պատմությունը Արտեմը պատմեց արդեն վաղուց մոռացած սիբիրյան հատուկ ըմպելիքի բաժակը խմելիս, որին հաջորդեց երկրորդը, ապա` մնացածները:
– Քեզ կձևակերպեմ հաշվապահությունում, այնտեղ քեզ պես գրաճանաչ մարդ է պետք,- ուրախությունից լեզուն թլոշացած` ասաց Եգորը,- գրողը տանի էդ քաղաքականությունը:
– Եգորկա, մեր բարաքում երկու հայ կա, մեկը շատ հիվանդ է, չե՞նք կարող նրան օգնել,- հարցրեց Արտեմը` արդեն լրիվ ցնորված վերջին կես տարում գլխին եկածից:
– Կանենք, Արտյոմկա՜, հարազա՜տս, կանենք, հիմա նրան հիվանդանոց կուղարկենք… Իսկ ես ու դու հիմա կնստենք ու նարդի կխաղանք… Որտե՞ղ է, է՛: Ես էն ժամանակ դարդից էնքան հեռու տեղ դրեցի որ… Իսկ հիշո՞ւմ ես` ոնց էի փայտից սարքում այդ շերտաձողիկներն ու կիսակլոր փոսիկները` քարերը շարելու համար, և վեգերը, որ ձեր լեզվով «զառեր» են կոչվում, իսկ դու ինձ սովորեցնում էիր` ինչն ինչպես անեմ… Ա՜խ, Արտյոմկա՜, հարազա՜տս, չգիտեմ` լա՞ց լինեմ, թե՞ ծիծաղեմ, ես և՜ ուրախ եմ, և՜ ուրախ չեմ: Դարդ մի՜ անի, ամեն ինչ լավ կլինի: Ամեն-ամեն ինչ լավ կլինի, ա՜յ կտեսնես… Ապրո՞ւմ ենք, չէ՞, էստեղ մեր ամբողջ կյանքը, դեռ չենք մեռել… Իսկ ես վերջապես կսովորե՜մ քո նարդին խաղալ:
Ռուսերենից թարգմանեց Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ