Դրամագիտության պատմությունը ցույց է տալիս, որ սեփական դրամը ինքնակառավարվող պետության ինքնիշխանության գլխավոր ցուցիչներից մեկն է, և առանց դրամաշրջանառության հնարավոր չեն ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին առևտրի, տնտեսական ու հասարակական հարաբերությունների գործընթացները: Հին աշխարհում հաղթող արքաներն իրենց պատկերով էին մետաղադրամ կտրում և այն պարտադրում նաև հպատակ երկրներին: Թղթադրամներն ավելի ուշ ժամանակաշրջանում ի հայտ եկան: Նրանք ավելի թեթև են ու դյուրակիր և ունեն նաև տվյալ պետության քաղաքական, տնտեսական, քարոզչական, գիտական ու մշակութային կյանքի մասին տեղեկույթ տարածելու մեծ հնարավորություններ: Մեր օրերում թղթադրամը նաև ազգային մեծ կշիռ ու արժեք ունի: Ո՞վ է արժանանում դրամի դիմերեսին դրոշմվելու և այդ միջոցով հանրայնացվելու պատվին: Պատահական չէ, որ տարբեր պետությունների փողի դիմերեսին հայտնվել են տվյալ ժողովրդին բնութագրող բնորոշ խորհրդանիշեր ու գործիչներ:
Գործառության ու ժամանակի ընթացքում է պարզվում` համապատասխանո՞ւմ է դրամի պատկերն իր արժեքին ու բովանդակությանը, իր էությանն ու նրանում պատկերված անձի վաստակին: Բայց նվազ նշանակություն չունի և այն, թե ինչ մշակութային ու հոգեկան տեղ է զբաղեցնում պատկերվող անձը ժողովրդական լայն շրջանակներում:
Հետխորհրդային շրջանում անկախացած Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հաստատումից հետո հայկական դրամի վրա դրոշմվեցին մեր ժողովրդի կյանքում էական ու վճռական դեր խաղացած ազգային-պետական, գիտական ու մշակութային նշանավոր ու հեղինակավոր գործիչների դիմապատկերները, իսկ դարձերեսին` Հայաստանի որևէ բնակավայրի և կամ գեղատեսիլ բնության պատկերներ:
Հասկանալի է, որ դիմերեսի ու դարձերեսի այդ պատկերները ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել անվտանգության, ինչպես նաև դրամանենգության կանխման նկատառումներով (թեև ամերիկյան դոլարների դիմերեսի նկարները քանի՜ հարյուր տարի է չեն փոփոխվում): Ուրեմն` պարտադիր չէ, որ անպայման փոխվեն պատկերները: Չէ՞ որ կարելի է նույն մարդկանց այլ դիմանկարներ դնել կամ պաշտպանական այլ միջոցներ կիրառել` ձևի, գույնի, գաղտնագրման և այլ հնարքների կիրառումներով: Իսկ եթե հարկ է, որ պիտի փոխվեն, հարց է առաջանում` ո՞ւմ պատկերը ումով կարող է փոխարինվել: Ահա սա է այն հարցը, որ մեզ հուզում է այս պահին:
Վերջերս հեռուստատեսային եթերից իմացանք, որ փոխվում են հայկական դրամի վրա եղած դիմանկարները: Նախկինում պատկերված Չարենցը, Իսահակյանը, Սարյանը իրենց տեղը զիջում են Սևակին, Սարոյանին, Այվազովսկուն: Իհարկե, արտառոց ոչինչ չէր լինի, եթե նոր դիմանկարներ հայտնվեին նոր դրամանիշերի վրա և մնային եղածները: Բայց ստացվում է, որ ինչ-ինչ պատճառներով, «հներըե փոխարինվում են նոր մարդկանցով:
Չգիտենք, Սարոյանը եթե ողջ լիներ, կասե՞ր «ատանկ չըլլարե, «ատանկ չեմ ուզերե, բայց Պարույր Սևակը, համոզված ենք, հաստատ չէր համաձայնի, որ Չարենցին հանեն ու իր դիմանկարը դնեն: Այո՛, մեր մեծ բանաստեղծներից մեկն է Սևակը, բայց մեծագույններից մեկը չէ: Իսկ եթե մեծագույնին եք փնտրում, հեռու գնալ պետք չէ՝ դա Խաչատուր Աբովյանն է՝ հայ նոր գրականության ամեն ինչի սկիզբն ու հիմնադիրը: Եվ լուսապայծառ, իմաստուն, անձնազոհ ու հանճարեղ այդ գրողը չկար գործող ու չի լինելու ստեղծվելիք դրամանիշերի վրա: Նույն հաջողությամբ անհաջող մոռացության են մատնվել նաև Մաշտոցն ու Կոմիտասը: Դրամի վրա պատկերվելը հարգանքի և գնահատման տուրք է: Եթե նոր դրամի ստեղծողները այս բաները հաշվի չեն առնում, կարծում ենք, որ առաջիկայում հայկական դրամի վրա երևալու հերթը հասնելու է բանաստեղծ… Միքայել Քանքանյանին:
Առաջարկվել է դրամ տպել նաև Վ. Սարոյանի պատկերով: Հարգանք ու պատիվ ամերիկահայ այդ գրողին, որ անգլերենով ստեղծել է մնայուն գրականություն, որ երբեմն գրել է նաև հայի ճակատագրի ու հայ մարդու մասին: Բայց որևէ ժողովրդի գրող լինել-չլինելը նախ և առաջ որոշվում է, թե նա ինչ լեզվով է գրել: Այո՛, Սարոյանը ազնիվ հայ է, բայց հայ գրող չէ: Բուն հայ դասական գրականության մեծանուն դեմքերին` Չարենց, Բակունց, Տերյան, Դեմիրճյան, Իսահակյան, Կ. Զարյան, Վարուժան, Սիամանթո… ինչո՞ւ մի կողմ դնել ու մոռանալ: Ի դեպ, արևմտահայ ու սփյուռքահայ և ոչ մի գրողի ու գործչի դիմանկար ո՛չ նախկինում կար և ո՛չ էլ հիմա է առաջարկվում, ասես նրանք հայ գրի, մտքի ու մշակույթի գործիչներ չեն եղել:
Այս ու այնտեղից ասվում է, թե Սարոյանով և Այվազովսկիով (ում դիմանկարը ևս պատրաստվում են տպել դրամի վրա) մեզ` հայերիս ավելի կճանաչեն, քան Թումանյանով ու Սարյանով, որ հանվում են: Մի՞թե հայկական դրամի վրա պատկերվող դիմանկարներ ընտրողները այն խաբկանքի մեջ են, թե մեր դրամը արդեն տարադրամ է դառնալու, շրջելու է աշխարհից աշխարհ, բանկերից բանկ, ու օտարները հերթ են կանգնելու այն ձեռք բերելու ու նրանով հայերին ճանաչելու համար: Երջանի՜կ միամտություն: Մենք հո հույների կամ սիրիացիների չափ մշակույթի կոթողներ ու արժեքներ չե՞նք ստեղծել, և աշխարհն էլ նրանց այդ ստեղծածը «ճանաչում էե: Բայց այդ նույն աշխարհը մեծ հաջողությամբ մեկին իր տնտեսական ճանկերի մեջ է առել ու ճզմում է, իսկ մյուսին ջարդում ու սպանում է անխնա:
Առհասարակ մենք «հետաքրքիրե ժողովուրդ ենք եղել մեր ողջ պատմության ընթացքում, ու այդ «հետաքրքիրըե մեր օրերում ծայրահեղության է վերածվում: Դրամափոխման նախագծերում բանը հասել է նրան, որ ոմանք էլ առաջարկում են դրամի վրա դնել մերօրյա ֆուտբոլիստի նկար: Այստեղ էլ է գործում նույն մտածողությունը՝ նրանով հայերին ավելի կճանաչեն: Իհարկե, հարգանք նրա սպորտային վարպետությանը (իսկ մի՞թե հայկական ֆուտբոլին պակաս ծառայություն են մատուցել Ս. Հովիվյանն ու Ա. Անդրեասյանը): Եթե այդ տրամաբանությամբ ու չափանիշներով շարժվեր աշխարհը` անգլիական ֆունտը պիտի լցվեր ֆուտբոլիստների դիմապատկերներով, իսկ որոշ ժողովուրդներ ամբողջ ֆուտբոլային թիմեր պիտի պատկերեին իրենց դրամի վրա, քանի որ եվրոպական մարզադաշտերում խաղում են նրանց ազգակից տասնյակ համբավավոր ֆուտբոլիստներ:
Մենք չգիտենք, թե կառավարական որ շրջանակներում (կենտրոնական բանկո՞ւմ) է որոշվել նոր դրամների վրա տպվելիք գրողների անունները, բայց համոզված ենք, որ այդ ընտրության մի մասը ճիշտ չէ: Ուզում ենք ասել, որ բաներ կան, որ պետք է տասը չափել, նոր մեկ կտրել, քանի որ այդ կտրելը միայն կտրողների գործը չէ: Չէ՞ որ դրամի ձևով մասսայականացվում ու ջատագովվում են նախ և առաջ համազգային իսկական արժեքներն ու գաղափարները: Այլապես արդյունքում ունենալու ենք հերթական ձախողված քայլը: Հարցնենք նաև` Մշակույթի նախարարությունը մասնակից և կամ տեղյա՞կ է առաջարկվող փոփոխություններին: Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, Սարյանը դուրս են մղվում, և նա անտարբեր ու լո՞ւռ է:
Իսկ գուցե հայկական դրամի վրա պատկերվող դիմանկարները որոշողները առաջնորդվել են մեկ այլ մտածողությամբ, այն է` փող չունեցող հասարակ խավերի համար ի՞նչ նշանակություն ունի, թե ում դիմանկարն է՝ միևնույն է, նրանց ձեռքը դրանք չեն ընկնում: Իսկ հարուստների համար էլ այլ առումով նշանակություն չունի՝ նրանց հետաքրքրողը տարադրամի վրա եղած նկարներն են:
Գրում ենք այս մասին ու մտածում. «Իսկ գուցե այս ամենի մասին խոսելն արդեն ուշ էե, և արդեն «գնացքը գնացել էե: Գնացքը գնացել է ազգային «նոր արժեքներե բերելու դրամի տեսքով: