Թումանյանի ոգին Հյուստոնում

12717751_10107225022908050_1982435266249519510_nԱՄՆ-ի Թեքսաս նահանգի մոտ 5 միլիոն բնակչություն ունեցող Հյուստոն քաղաքի հայ համայնքը, ի տարբերություն Կալիֆոռնիայի, բավականին փոքրաթիվ է՝ 3000-3500: Սակայն, ինչպես ամենուր, հայությունը համախմբված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ, որն այստեղ կրում է Սուրբ Գևորգ անունը: ԱՄՆ-ի՝ մեծությամբ 4-րդ քաղաքում, քաղաք, որի անունը գրված է նույնիսկ Լուսնի վրա, դժվարին խնդիր է հայությանը համախմբելը: Սակայն Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ` Արժանաշնորհ Տեր Մարտիրոս Քահանա Հակոբյանին դա հաջողվում է, և հատկապես վերջին շրջանում մեծ աշխուժություն է նկատվում Հյուստոնի հայ հասարակական-մշակութային կյանքում: Կազմակերպվում են գրական և հանրային զանազան խնդիրներին նվիրված ուրբաթներ, որտեղ լսվում և քննարկվում են մասնագետ բանախոսների դասախոսություններն ու զեկուցումները:
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-ամյակի օրը, եկեղեցուն կից «Հեքիմյան» շքեղ սրահում թևածում էր Ամենայն Հայոց Բանաստեղծի ոգին: Տեր Մարտիրոսի հրավերով «Թումանյան. բանաստեղծը և մարդը» թեմայով զեկուցում էր Հայրենիքից ժամանած՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, թումանյանագետ, բան. գիտ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը: Թվում է՝ Թումանյանը ծնվել էր ոչ թե 147 տարի առաջ, այլ անհիշելի ժամանակներում, քանի որ նրա անունն ու ստեղծագործությունը համախմբում են հայերին, վերանում են արևելահայն ու արևմտահայը, բեյրութցին ու թեհրանցին, ամերիկահայն ու ֆրանսահայը: Դահլիճում կամրջվել էր Սփյուռքն ու Հայրենիքը, դարձել միաձույլ ամբողջություն: Երբ 100 տարի առաջ Թումանյանը գնաց Արևմտյան Հայաստան, քայլեց զարհուրանքների ու դիակների աշխարհում, ամայացած տներում գտավ նաև իր երկերի ժողովածուները, իսկ երբ հասավ Վան, համոզվեց, որ իր բանաստեղծությունները անգիր գիտեին շատերը. յուրաքանչյուր ավարտականի վերջին զանգին Վանի դպրոցներում աշակերտներին կյանք ճանապարհելիս հնչում էին «Հին օրհնությունից» «Ապրե՛ք երեխեք, բայց մեզ պես չապրեք…» տողերը: Անցել է մեկ դար, և դարձյալ Թումանյանն է համախմբում հայությանը:
Սուսաննա Հովհաննիսյանը մեկ առ մեկ անդրադարձավ Թումանյանի պատվատիտղոսներին՝ մեկնելով Ամենայն Հայոց Բանաստեղծ, Ամենայն Հայոց Թամադա, Ամենայն Հայոց Որբերի հայրիկ ժողովրդական կոչումների բովանդակությունն ու էությունը: Ուշագրավ էին հատկապես Զորավար Անդրանիկի և Թումանյանի մտերմության, բանաստեղծի ամենամեծ զոհողության և որբախնամ գործունեության պատմությունից բերված դրվագները: Ս. Հովհաննիսյանի ելույթին հաջորդեցին պոետի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող բազմազան հարցեր: Դոկտոր Հովհաննիսյանի ելույթը այնքան հուզիչ ու ազդեցիկ էր, որ երիտասարդ թարգմանչուհին չկարողացավ զսպել արցունքները. նույն հզոր տպավորության տակ էր նաև դահլիճը: Միջոցառումը, նախօրոք հայտարարված 40 րոպեի փոխարեն, տևեց ավելի քան 2 ժամ: Ինքնաբուխ հնչեցին Թումանյանի քառյակներն ու բանաստեղծությունները: Երեկոն ավարտվեց «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տողերով գրված խմբերգով, որը կատարեցին Հայկազ և Շուշան Ղարախանյանները, դոկտ. Ռուբեն և Սիլվա Դեկմեզյանները, Ստեփան սարկավագ Նազարյանը, Մարո Բեդրոսյանը, նվագակցում էր դաշնակահար Անի Սարգիսյանը: Հիշատակվեց նաև փետրվարի 19-ը որպես Գիրք նվիրելու օր: Եվ Սուսաննա Հովհաննիսյանը իր ու Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի անունից Հյուստոնի Սուրբ Գևոորգ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցին նվիրեց Հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուն:
Գրական-մշակութային երեկույթի ավարտին, Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ` Արժանաշնորհ Տեր Մարտիրոս Քահանա Հակոբյանը, հանուն Հյուսթոնի հայ համայնքի և ծխական խորհրդի, իր շնորհակալությունը հայտնեց հայ գրականության նվիրյալ ջատագով, օրվա բանախոսին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, թումանյանագետ, բան. գիտ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանին՝ մաղթելով Ամենակալ Տիրոջ մշտամնա օրհնությունը և զորությունը հայապահպանության Աստվածահաճո առաքելության ընթացքում: Նաև իր գնահատանքը բերեց համայնքի մշակութային բաժնի պատասխանատու Սարգիս Օհանյանին՝ միջոցառման հավուր պատշաճի պատրաստության համար:

Լիլիթ ԿԻՐՇ
Հյուստոն, ԱՄՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։