Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ Զինաիդա Բալայանին ծննդյան 70-ամյակի
առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
Անկախություն…
Հայրենի՛ք՝ Արցախա տունն իմ արեգական,
  ամրակառույցն իմ բնութենական,
  տոհմիկ ու վես` եդեմական,
  տիեզերքի դեմ` հավերժական…
Հայրենի՛ք՝ Արցախա տունն իմ ազատական,
  երկնամերձ, երկնադեմ, երկնական,
  երկնադետ, խոլ ու խոլական,
  Ավետյաց երկիր` բիբլիական…
 Հայրենի՛ք՝ Անկախությունդ անզուգական,
 Կարմրավոր է, շառագունեղ`
  արյան գին ունի,
  խոլ-խիզախներիդ, նահատակներիդ
  հաղթական,
արծվաթռիչքն է` ալեբախուն,
  վսեմական…
 Հայրենի՛ք՝ Արցախա հզորազոր վիպասք`
  հրաշք, վիրեղեն, հպարտ, հրեղեն,
  ազատ, անկախ, խրոխտ, լեռնեղեն,
  հաստաբազուկ, հաստակող, ոգեղեն…
 Հայրենի՛ք՝ սաղարթախիտ իմ օրրան,
  օրրան` դյուցազնաթև, հազարականչ,
  հազարանուն, հազարագանձ,
  շուրթերիդ` հորովելներ, տաղիկներ
  կշրշա՜ն, կդյո՜ւթեն,
  գարուններիդ` հաղթանակներ կցնծան
  հուրյա՜ն-հուրյա՜ն,
եզերքներիդ` երգ-երգոցներ`
  բուրյա՜ն-բուրյա՜ն…
 Հայրենի՛ք՝ հավերժամիտ հարցում ու…
հաղթակամար Տանն
 Ապրողաց` Արևելից Կողմանց…
Մեղեդի կորուսյալ…
Մեծ տա՛տ, մեծ պա՛պ` աստվածադեմ,
աստվածատեսով ու հնաբույր, հնաբարո,
Ութ կանգունով, ութը եռքով հարադիր եք,
խոհ եք դրել ու… խորհում եք,
դարահեծ եք, ժամանակաց` ի լուր…
Մեծ տա՛տ, մեծ պա՛պ-
ծնրադիր եմ արցախադուռ
վեհությանը Ձեր,
ծնրադիր եմ ու սպասումի
Զատիկին ի՛ մոլոր, ի՛ շուրթ,
ծնրադիր եմ, որբաշրթունք,
ի՛ խորոց սրտի, ի՛ ոգեղենի հրաբեստ:
 Մեծ պա՛պ-
  այնպես հարահոս է Ձեր երակների ազնվազարմ արյունը,
  այնպես խրոխտ, առնական,
  այնպես հաստատունությամբ ու…
այրախինդ է զարկերը Ձեր սրտի,
  հարարթուն, ի՛ տես ժամանակաց…
այնպես վեհաշուք,
սաստող, արծվատեսով,
տիեզերամիտ հայացքով եք չափում
անչափելիությունները հավերժության…
ու տեսողաց ցուցում
չափություններն անվրեպ`
սակայն խախտումի ելած:
 Մեծ պա՛պ-
այնպես հավերժախոհ եք,
Արցախական աշխարհի թիկնապահ ասես,
ու խոհում եք բացօթյա,
կապտակապույտ
երկնածիրի հետ դաշնադիր,
օրենսդիր, սահմանադիր ասես,
հավերժախոս, ամուր մեր լեռ ու սարերի,
Մեծ Տրտուի,
Արցախական պարի պես…
ու կնիքում եք.
«Մենք ենք, մեր լեռները»,-
ահա այսպես` հավերժատես…
Գրականագետը՝
Մեծ Արդարության նկատմամբ հավատը սրտում
Զինաիդա Բալայանի մի քանի տասնամյակ ընդգրկող գրական, մշակութային, մանկավարժական գործունեության մեջ գրականագիտությունը մշտապես գրավել է իր հաստատուն տեղն ու կշիռը: Լինելով անցյալ դարի 80-ական թվականներին սկսված Արցախյան Շարժման նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից մեկը` բնականաբար, նրա գիտական հետաքրքրությունները հիմնականում սևեռվել են հայ գրականության մեջ Արցախի համակողմանի արտացոլման թեմային: Ավելորդ է ասել, որ երեք տասնամյակ առաջ, Անկախության շարժման հզոր ալիքի ներքո, մասնավորապես՝ արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հաղթական ելքի և Արցախի Հանրապետության ինքնորոշմանն ուղղված իրավական քայլերի համատեքստում օրակարգային էր դարձել այդ ամենը նաև պատմագիտական, գրական-մշակութային փաստերով, վերլուծություններով հիմնավորելու և ամրապնդելու խնդիրը: Մի բան, որ այսօր ևս՝ հաշվի առնելով հայտնի իրողությունները, ոչ միայն չի կորցրել իր այժմեականությունը, այլև, գուցե թե, ավելի մեծ շեշտադրում և կարևորություն է ստացել: Նախորդ մեկ-երկու տասնամյակներին Զինաիդա Բալայանը հրատարակել է «Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպը» (2004), «Մուրացանի գեղարվեստի պարադիգմաների փիլիսոփայական մեկնությունները» (2014) պատմաբանասիրական ուսումնասիրությունները: Ըստ էության՝ նշված և նրա այլ գրականագիտական հետազոտությունների ամբողջացումն է «Արցախը XlX դարի հայ գրականության մեջ» ծավալուն մենագրությունը (Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2021), որը նա պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն:
Ի դեպ, Զ. Բալայանի հիմնավոր անդրադարձը Պլատոն Զուբովի՝ Արցախին նվիրված պատմավեպին՝ պատահական չէր: Ժամանակին այն արժանացել է հայ շատ մտավորականների, գրողների, այդ թվում՝ Րաֆֆու ուշադրությանը, այն աստիճան, որ նա թարգմանել է վեպը հայերեն (1882): Ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի հետազոտողները կարևորել են «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպում արտացոլված հաստատումները Արցախի հայության պատմական արմատների, «Հայոց Աշխարհի Արևելից կողմանց դուռ ու դարպաս հանդիսացող Արցախի» ճակատագրի, «հին ժամանակներում հայության ուժերով» կառուցված Շուշի բերդի հիմնադրման, իր ինքնության համար արցախահայության դժվարին պայքարի, նաև ողբերգական հետևանքների վերաբերյալ: Հիշյալ մենագրության մեջ Զ. Բալայանը կարևոր հարցադրումներ է կատարել քննարկվող երկերի, մասնավորապես՝ Րաֆֆու «Խամսայի մելիքությունների» ժանրի ճշգրտման, Ապրես Բեկնազարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» (1886) գրքի հեղինակի իսկության և այդ երկի պատմական հավաստիության խնդիրների վերաբերյալ: Ըստ պատշաճի՝ ուշադրություն է հրավիրել Մեսրոպ Թաղիադյանի «Ճանապարհորդություն ի հայս», Սարգիս Արք. Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» ուղեգրություններում առկա արցախյան անդրադարձներին, որոնցում շեշտվում է Հայոց պետականության վերակերտման գաղափարի անհրաժեշտությունը: Առանձին գլուխներում հանգամանորեն քննվել են Արցախի պատմության ու ներկայի բարձրարվեստ գեղարվեստական արձագանքները ներկայացնող Մուրացանի «Ռուզան», «Խորհրդավոր միանձնուհի», Ղևոնդ Ալիշանի «Արցախ», Մակար Բարխուդարյանի «Արցախ», Լեոյի «Մելիքի աղջիկը» երկերը, ինչպես նաև Արցախը Կոստանդին Մելիք-Շահնազարյանի (Տմբլաչի Խաչան) բանահյուսական նյութի գրական մշակումներում («Զուռնա-Տմբլա», Ա և Բ հատորներ) և այլն:
Շնորհավորելով Զինաիդա Բալայանին հոբելյանի կապակցությամբ՝ նշենք նաև, որ նրա գրականագիտական աշխատությունները գրված են հայրենասիրական ներշնչմամբ, անցյալի իրողությունները ներկայի հիմնարար խնդիրներին ծառայեցնելու ներքին մղումով, Արցախի և արցախահայության ներկայի ու ապագայի համար սրտացավ մտահոգությամբ: Եվ հոգու խաղաղություն, Մեծ Արդարության նկատմամբ հավատ և Համբերություն մաղթենք նրան, անկոտրում Արցախին ու ողջ հայությանը:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Տարիներ առաջ… լավ եմ հիշում, 1974 թվականն էր…
Մտա Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի լսարան` դասավանդում էի «Գրականության տեսություն» առարկան: Դիմեցի ուսանողներին. «Կուրսում ստեղծագործողներ կա՞ն»: Առաջին շարքի նստարանից մի արևաժպիտ աղջիկ բարձրացրեց ձեռքը: Հրավիրեցի հանդես գալ կուրսի ընկերների առջև: Նա սկսեց արտասանել: Շարքն ավարտելուց, առաջին իսկ պահից էլ զգացի նրա բանաստեղծական հյուսվածքների անսովոր բնույթը, քնարական շունչը. «Ապրե՛ս, շարունակիր, դու բանաստեղծ ես ծնվել»: Այդ ուսանողուհին Զինաիդա Բալայանն էր:
Նա գերազանցությամբ ավարտեց բուհը, կյանք մտավ՝ իրեն դրսևորելով որպես նվիրյալ ուսուցանող, հետազոտական պրպտող միտք ունեցող ու նպատակին հասնելու համար աննահանջ պահվածք դրսևորող, ամուր կամք ու ջիղ, կամային բարձր որակներ ներկայացնող, անընդմեջ ստեղծագործող գրականագետ-մանկավարժ, ուսանողության գիտակրթական, ինտելեկտուալ մակարդակը ժամանակակից տարաբնույթ մեթոդներով բարձրացնող, հղկող, զարգացնող բարձրագույն կրթության կազմակերպիչ, տաղանդավոր բանաստեղծուհի, արձակագիր և, որ կարևորն է, երդվյալ հայրենասեր, հայրենապաշտ, որն իր արտասովոր որակներով վարակելով երիտասարդությանը, ուսանողությանը` նրանց պատգամում է դառնալ Հայրենիքը պաշտպանող խիզախ սերունդ, նրա աներեր նկարագիրը կերտող, մարմինն ու ոգին սրբորեն պահող-պահպանող հզոր, անխորտակ ուժ, որը փաստելի դարձավ Արցախի անկախության դեմ` թշնամու կողմից սանձազերծված, անընդմեջ շարունակվող արյունալի պատերազմներում…
Սա է իսկական մանկավարժ-քաղաքացու` Զինաիդա Բալայանի կյանքի անփոփոխ հավատամքը: Վկան՝ նաև նրա երկու որդիների անցած հերոսական ուղին:
Վերհիշելով անցած իմաստալից տարիները՝ այսօր ես՝ որպես գրչընկեր, դիմում եմ նրան. «Սիրելի՛ Զինաիդա, դու ոչ միայն ճանաչված, ազնվագույն, բարձրակարգ գրականագետ-մանկավարժ ես, այլև շատերից առանձնացող տաղանդաշատ բանաստեղծուհի, արձակագիր: Շարունակիր նույն անսպառ եռանդով արարել: Խոսքդ սրտաբուխ է, նվիրումդ` անգերազանց, արարումդ` անսպառ: Ահա թե ինչու երգերդ շոյում են երգի, պայքարի ծարավ սրտերը… Սպասում ենք քո թևավոր, հոգեպարար, խորախորհուրդ, անսովոր ոճով արարված նոր երգերին և դասախոսական ակտիվ ու նվիրյալ, քաղաքացիական բարձր պաթոսով շաղախյալ գործունեությանը` մտապատկերումդ ունենալով Հայրենիքի ազատ-անկախ նկարագիրը… Շնորհավոր քո ծննդյան պանծալի 70-ամյակը, հոբելյար»:
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
ԼՂՀ վաստակավոր գործիչ
***
Զինաիդա Բալայանի պոեզիայում նկատելի պերֆեկցիոնիզմ կա. բառընտրությունը նրա մոտ ոչ միայն նպատակ է, այլև ապրվող վիճակ, իսկ կատարելության ձգտումը պայմանավորված է գրականագետ-բանաստեղծի, ընդ որում՝ գիտության դոկտորի աստիճանակրի ներքին խստությամբ: Այդ խստությունը թերևս գալիս է Քիրսի պահանջկոտ հայացքի տակ ծնված-մեծացած լինելու հանգամանքից: Նա երբեք ինքն իրեն և հատկապես ընթերցողին չի խաբում, հեղինակային շռայլությամբ թույլ է տալիս ընթերցողին թափանցելու մինչև նյութի ամենաթաքնված շերտերը, որոնք հեղինակի համար գուցե թե նույնիսկ սակրալ նշանակություն ունեն: Ընթերցողական համբերություն է պետք Զինաիդային մինչև վերջ կարդալու համար, այլապես կարող է անհամոզիչ թվալ նրա սղագրված տառապանքը:
Հատկանշենք, այս յուրակերպությունը բնութագրական է նրա առաջին գրքից՝ «Շառավիղեալն»-ից մինչև գրողների արցախյան միավորման կողմից անցյալ տարի հրատարակված «Քերթվածներ յոթնացոլումի» մատենաշարային ժողովածուին: Եթե քերթումի ինժեներիան տասնամյակների ընթացքում չի փոխվել, ուրեմն՝ գրողը կայացման կայուն փուլում է:
Ընտրած ճանապարհի կանչին, փիլիսոփայական քննումներին, անտես և տեսանելի աշխարհների հետ հաղորդակցվելուն մղվելով՝ Զինաիդա Բալայանը փորձում է բնութենական և մարդկային որոգայթները բացահայտել գեղարվեստելու իր ձիրքի շրջանակում: Այդ շնորհներն աստվածատուր են և, անկասկած, ժրաջան աշխատանքի արգասիք:
Պոեզիայում հնարավորի ու անհնարինի միջև շեշտված սահման չկա, և այս իմաստով Զինաիդա Բալայանը ևս «սահմանագծային կանգառներ» չունի: Արարողի ստեղծագործական ընթացքը շարունակական է, ուստի կարող ենք վստահանալ, որ նրա բազմավաստակության մասին խոսելու նոր առիթներ անպայման ունենալու ենք:
Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։