ՏԵՂԱՏԱՐԱՓ / Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ

 

Գյումրեցի ընկերջս`
Կարենի հիշատակին

– Շուտ արեք, դուրս գանք ձորից, էս է, անձրևը կընկնի ետևներիցս,- Լարիսան ժանգոտ բանալին արագ-արագ պտտեց տնակի դռան կողպեքի մեջ:
Ես հազիվ հասցրեցի ծովաբողկի մի քանի մատղաշ թփեր քաղել Կարենի կիսատ թողած խաչքարի շուրջբոլորից:
– Հոդացավիս կօգնի,- ինձ հուսադրեցի ու մատղաշ թփերը տոպրակի մեջ խցկելով` հասա Լարիսային:
Ներքևում` Չերքեզի ձորը պռնկեպռունկ լցվել էր անձրևաբեր մշուշով, որ դավադիր սողում էր մեր ետևից:
Տիգրանիկը ճերմակ մետաքսե անձրևանոցը գլխավերևում խաղացնելով` սուրում էր քամուն ընդառաջ:
– Ա՛յ տղա, էդ գեղեցկուհուն կկոտրես,- Լարիսան նկատի ուներ անձրևանոցին դաջված երգչուհուն:
Նրա կանչը շուրթերից փախավ ու ցաքուցրիվ լցվեց ձորը:
Թացը հասավ թիկունքներիս, սառն օդը մեր միջով սուրաց-անցավ, ետևում ձորը դղրդաց: Մենք սարսափած ետ նայեցինք:
– Տնակին չխփի՞:
Ձորի պռնկին թառած տնակն այլևս չէր երևում, մառախուղը կուլ էր տվել նրան: Կայծակը մի քանի անգամ ճայթեց, ձորից քշված տեղատարափը մեզ բռնեցրեց ձորաբերանին: Տիգրանիկը քամին պինչը մտած հորթուկի պես տրտինգ էր տալիս անձրևացանցի մեջ, վազում ետուառաջ:
Վերելքը դժվարացավ, կավացեխը լղոզվեց կոշիկներիս:
– Ձորից որ դուրս գանք, կանգառում շունչ կքաշենք:
Լարիսայի բառերն ընդհատ-ընդհատ հասնում էին ինձ ու ցրվում օդում:
Ձեռքիս տոպրակը լցվեց անձրևաջրով, ծովաբողկի թփերը զվարթացան: Քամին սաստկացավ, փոշու հսկայական սյունը պատերի տակ կուտակված աղբը ցրում-ցփնում էր երեսներիս: Իրար չէինք նայում, Լարիսան աչքը չէր կտրում Տիգրանիկից.
– Անձրևանոցը չկոտրի՞:
Նրա բարակ իրանը ճոճվում էր քամու ու անձրևի հարվածներից, ձեռքերից կախված ամանեղենի ծանր տոպրակը տարուբերվելով՝ անվերջ զարնվում էր ոտքերին: Անձրևաջրերն անարգել հոսում էին դեմքի վրայով, թաց մազափունջը թրթռում էր ճակատին: Դեմքը լարված էր, ինչպես քիչ առաջ, երբ ձորապռնկին պպզած` Սև ղուլն էր նկարում: Մառախուղը խանգարեց, ու նկարն անավարտ մնաց.
– Անձրևը կշարունակի,- տխուր ծիծաղեց նա,- էլ այստեղ չենք գա:
Տեղատարափը չարացավ, սկսեց մտրակել դիմացից՝ փորձելով մեզ հեռացնել իր ճամփից:
– Ծոցս լիքը ջուր է,- կանգ առնելով՝ հանկարծ քրքջաց Լարիսան:
– Մայրիկ, անձրևանոցը ջարդվեց,- Տիգրանիկը ջրակոլոլ հետ եկավ:
Երգչուհու ժպիտը պատռված կախվել էր ճաղերից:
– Ետ դառնանք,- վճռեց Լարիսան,- էս եղանակին Կարմիր խաչի թաղ չենք հասնի, մեր նոր տունն էգուց կտեսնենք:
Ամայի ձորի ու քաղաքի միջև մոլորված՝ կանգնեցինք: Մթնում էր: Տիգրանիկին համոզելը երկար տևեց.
– Չեմ գա դոմիկ, կայծակը նորից կխփի, պապայիս պես մենք էլ կվառվենք, չեմ գա:
Անձրևը փոխվեց խոշորահատ կարկուտի: Սկսեցինք դարն ի վար հետ վազել: Տնակից շատ էինք հեռացել: Ոտաբոբիկ ու ջրակոլոլ թռչում էինք քարերի վրայից, խելահեղ վազում առաջ, իսկ կարկուտը փակում էր մեր ճամփան՝ առնելով ճերմակ, շարժուն, պաղ ցանցի մեջ ու դաղում:
– Վայ, ծոցիս ջուրը թափվեց,- Լարիսայի վճիտ աչքերի մեջ լճանում էր արցունքը: Ես դեն նետեցի ծովաբողկի տոպրակը:
– Արի խնդանք, վազենք ու խնդանք մեզ վրա:
– Արի,- Լարիսայի ժպիտը լղոզվեց փայլուն, թաց շուրթերին:
Ձորը լցվեց մեր ծիծաղով, մեզ միացավ Տիգրանիկը իր հարայ-հրոցով` ջարդված անձրևանոցը գլխավերևում թափահարելով: Մոտերքում լսվեց Մռդիկի պալատում բանտարկված գայլաշան երկար ոռնոցը:
– Հասա՜նք,- ճչաց Լարիսան,- հասանք Մռդիկի պալատին:
Մութը գետինն առել էր, և ճանապարհը կորցնելու նրա վախը ինձ փոխանցվեց: Վայրէջքը հեշտացավ: Կավացեխը սահում էր ոտքերիս տակից, գրեթե նստած էինք իջնում, կիսաճամփին կանգ առանք: Որքան ժամանակ էր անցել, ինչ ձորից դուրս էինք եկել, դժվար էր ասել:
Գայլաշունը երկար ու աղիողորմ դեռ ոռնում էր փակ առանձնատան մութ խոռոչներից մեկում: Վերջապես թանձր մառախուղի միջից երևակվեց պալատը. վերջին մի քանի մետրը շնչակտուր վազքով անցանք: Հասանք ծովաբողկի թփերին, Տիգրանիկը մեզանից առաջ ընկնելով՝ հասցրել էր կծկվել հոր կիսատ թողած խաչքարի կողքին: Անձրևանոցը ընկած էր ցեխակոլոլ ու ջարդոտված. այլևս ոչ ոքի պետք չէր:
Ժանգոտ բանալին կրկին պտտվեց կողպեքի մեջ: Մենք ներս ընկանք: Լարիսան վառեց լույսը, սկսեցինք հագուստները փոխել: Թաց էինք, ինչպես երկիրը՝ ջրհեղեղից հետո: Ես փաթաթվեցի նրա չինական վիշապանկար խալաթի մեջ, որ տասը տարուց ավելի ծալված մնացել էր հին կոմոդի մեջ. Կարենից հետո Լարիսան այլևս չէր հագել:
Հետո նույն կոմոդից հանեց Կարենի տաբատն ու վանդականախշ խունացած վերնաշապիկը: Երկուսն էլ հագին ահագին մեծ էին:
– Տաքացա,- մեղավոր ժպտաց ու ափերով շոյեց վերնաշապիկը, հետո հայացքը պոկեց մեզանից ու կանգ առավ Կարենի լուսանկարին: Ես զգաստացա:
– Ուտելու բան չունե՞նք:
– Հա՛, փոխինդ,- ուշքի եկավ նա,- անցյալ տարվա օգնությունից մնացած կաթի փոշի էլ ունենք: Լավ էղավ, ճաշ կեփենք, կուտենք ու կքնենք: Դու էլ կմնաս մեզ մոտ, մենակ չենք լինի:
Էլեկտրական սալօջախի գալարները շիկացան, Լարիսան արագ գործի անցավ:
Դեռ կեսօրվանից, երբ միասին դիտում էինք Կարենի կտավները, մի տեսակ լուռ էր, ձայնը դողում էր, շոյում էր նկարները: Հետո խոստովանեց.
– Չեմ կարող ձորը թողնել…
Չշարունակեց, իր անավարտ նկարը շրջեց ձորի կողմն ու դանդաղ հեռացավ:
Սալօջախի վրա քլթքլթում էր ջրխառնած կաթը: Տիգրանիկը քնեց՝ փոխնդի շիլան չկերած: Լարիսան ճաշը դրեց փոքր աթոռին ու կծկվեց մահճակալին` իմ ու Տիգրանիկի արանքում: Կարճ հյուսքի ծայրից կախված անձրևաջրի վերջին կաթիլն աննկատ վար գլորվեց, կորավ ծոցի մեջ: Անձրևի խունացած-նուրբ մաշկը ճերմակ լույսով մարմրում էր, և բիբերի մեջ ծվարած թացը շատանում:
Լռության մեջ անձրևը խուլ գվվում էր, ծեծում տնակի ճաղաշատ պատուհանը: Լարիսան ավելի կուչ եկավ ու հայացքը հառեց քնած Տիգրանիկին:
– Չեմ ուզում: Էդ նոր տունը ոնց որ Կարենի կյանքի փրկագինը լինի:
– Նա իր աղջկա կյանքն է փրկել, դա իր իրավունքն էր,- կմկմացի ես…
– Չէ, ես չեմ կարող նոր տուն գնալ առանց իրեն, վաղը նկարը կավարտեմ, հետո` խաչքարը:
– Խմելու բան չկա՞,- վերջին փորձն էի անում ես:
Տիրեց երկար լռություն:
– Նոր տունը պետք է շնորհավորել,- պնդեցի ես:
Նա դեռ չէր արձագանքում, հետո լռելյայն վեր կացավ ու մոտեցավ հին կոմոդին:
– Սա մեր նշանդրեքի վերջին կոնյակն է,- կոմոդի խորքերից դուրս հանեց փայլփլուն ժապավեններով զարդարված շիշը:
– Չէ,- դեմ ընկա ես, ինձ թվում էր, թե ծես ենք խախտում:
– Այսօր Կարենի ծննդյան օրն է,- Լարիսան շիշը դրեց աթոռակին, սառած շիլայի կողքին: Ինչ-որ գունդ դեմ էր առել կոկորդիս, կոնյակը ներս չգնաց:
Կիսատ շշից կախված ժապավենները խնամքով կապկպեց ու շիշը նորից թաքցրեց պահարանում: Տիգրանիկը քնի մեջ շուռումուռ եկավ, փնթփնթաց, երևի երազում քրոջ հետ վիճում էր:
Լռության մեջ կրկին մնացինք մենակ՝ ես, անձրևն ու Լարիսան: Հոդացավս սկսվեց, ի՞նչ եղան ծովաբողկի թփերը:
Լարիսան բարձրացավ մահճակալին, նստեց ծալապատիկ, գրկեց փոքրիկ բարձն ու դեմքը թաղելով բարձի մեջ՝ անշարժացավ:
Ես ուշացա:
Գարնան առաջին տեղատարափը ձորում դանդաղ փոխվում էր մանրամաղ անձրևի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։