ԵԼՈՒՅԹ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի գրողների միության ծննդյան 80-ամյակը գրական և մշակութային երևելի իրադարձություն է: Հետադարձ հայացք նետելով նրա անցած ճանապարհին, պատմությանն ու տարեգրության էջերին, այսօր մենք առիթ ունենք և՛ ուրախանալու, և՛ տխրելու, և՛ հպարտանալու ու նվաստանալու, և՛ մտահոգվելու նրա ոչ միշտ խաղաղ ու ստեղծագործ, ավելի հաճախ ալեկոծվող գործունեության համար: Լինելով նախկին համայնավար, բազում ու տարա­բնույթ ժողովուրդներից բաղկացած կայսրության գրողների միության մի կարևոր ու եռանդուն մասնաճյուղը, Հայաստանի գրողների միությունը որդեգրեց նրա շատ հատկանիշներ, մասնավորաբար՝ կեղծ սոցիալիստական գաղափարախոսություն, անհատի պաշտամունք, բարոյական հոռի բարքեր, նաև հանցագործ վերաբերմունք գրական մեծ ու հոգեղեն արժեքների նկատմամբ: Այս մասին շատ է խոսվել, բայց նույնիսկ այժմ, այս հոբելյանական առիթով ավելորդ չէ կրկնել, ապաշխարանքը կրկնողություն չէ, այլ՝ շարունակելի, մշտապես անհրաժեշտ մաքրագործում: Մենք գրողների տիզբոնյան կազմակերպության փոքր զավակը եղանք, բայց այդ փոքրն էլ մեծ էր ու ահռելի, ահասարսուռ: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը սպանվեցին և գերեզման չունեցան: Մահարին և Լեռ Կամսարը ենթարկվեցին անլուր հալածանքների: Սփյուռքահայ ընտիր գրականությունը օտարվեց մայր հայրենիքից: Մինչև անգամ արևմտահայ փառահեղ գրականությանը նայեցինք ծուռ ու կասկածելի հայացքով: Կարող եք մտածել՝ այս հոբելյանական օրերին անցյալի ողբերգությունները հիշատակելու ժամանակը չէ: Ո՛չ, հարգելիներս, հենց տեղն է ու ժամանակը, Հայաստանի գրողների միությունն արժևորելուց առաջ՝ մենք պետք է ողբանք մեր գրողների եղերական ճակատագիրը և գլուխ խոնարհենք նրանց հավերժական գրականության առջև, որը շարունակում է ժողովուրդ և հայրենիք պահել, դպրոց և համալսարան է ապրողներիս համար, արժեքայնության բարձր համակարգ ու չափանիշ: Մանավանդ՝ անհատի պաշտամունքը և սոցիալիստական սնամեջ ռեալիզմը մեր մաշկից քերելուց հետո, արդեն բազում տարիներ մենք դարձել ենք ուրիշ, բավականին նոր, ճշմարիտ ու ազնիվ:
Հայաստանի գրողների միությունը միշտ էլ եղել է հասարակական շարժումների բանուկ խաչմերուկում, հոգևոր կյանքի կրողներից: 1960-ական թվականներից ի վեր դժվար է հիշատակել հայերիս ազգային որևէ խնդիր, որին մեր միությունն իր երևելի գրողներով անդրադարձած չլինի. թուրքական ցեղասպանություն և սրա յուրահատուկ շարունակությունը՝ 1937 թվական, պայքար հանուն հայոց լեզվի պետական կարգավիճակի, իրական անկախության ձգտումներ, Արցախյան հերոսամարտ, հայրենական մշակութային արժեքների պահպանություն, ժողովրդի կյանքում գրականության դերի և նշանակության հաստատումներ, հայրենիք-Սփյուռք առնչությունների նորովի կառուցում, կրթության, լուսավորության, գրահրատարակչության, հայ գրականությունը օտար լեզուներով ներկայացնելու հարցերը և այլն: Այս ամենի շնորհիվ ձևավորվեց Գրողների միության բարձր հեղինակությունը, նախկինի համեմատությամբ անկախ ու ազատամիտ, ձերբազատված խմբակայնությունից և կուսակցական-իշխանական ճնշումներից, որոնք աղետալի եղան գրական ընթացքի ու առանձին, հատկապես մեծատաղանդ գրողների համար: Արդեն շուրջ կես դար ոչ ոք չի հալածվում, չի աքսորվում, չի գնդակահարվում, և սա մեծ նվաճում է: Շատ կարևոր եղավ նաև նորօրյա գրական մամուլի դերը՝ «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Արտասահմանյան գրականություն», «Դրամատուրգիա», «Գարուն», որը սխալմամբ հեռացավ մեզնից և նրա երբեմնի բարկ կրակները, ցավոք սրտի, մոխրացան ու սառեցին, «Գրեթերթ», «Նարցիս», «Ցոլքեր», «Ծիծեռնակ»… Հայաստանի ստեղծագործական և ոչ մի կազմակերպություն, նույնիսկ բոլորը միասին, չունեն այսքան հարուստ ու բազմաբնույթ մամուլ:
Ութսուն տարին երկար ժամանակ չէ գրական դաշտում, սակայն այս կարճ շրջանում, տեսեք, ինչպիսի անուններով հարստացավ հայոց գրականությունը: Արդեն թվածս դասականներին իբրև շարունակություն հավելեմ՝ Դեմիրճյան, Զորյան, Կոստան Զարյան, Շիրազ, Դաշտենց, Համո Սահյան, Սևակ, Խանզադյան, Հրաչյա Հովհաննիսյան, Կապուտիկյան, Գալշոյան, Հրանտ Մաթևոսյան, այլ լուսավոր անուններ, որոնք «չպղծեցին իրենց շուրթերն անեծքով», նրանց լավագույն հետնորդները և շնորհալի նորեր, գիտակցենք, նրանք են Հայաստանի գրողների միության կենսական աղն ու գոյության արդարացումը, սերված Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Տերյանի հավերժորեն երգող ոգուց: Նաև բարձրակարգ գրականագետներ ու քննադատներ, գրականություն սիրող, գրականության դատապաշտպան:
Հայաստանի գրողների միության ութսունամյա ղեկավարությունը զարդարված է Ավետիք Իսահակյանի անունով, որն այստեղ նախագահ եղավ, մեր կազմակերպության գերբը, դրոշն ու օրհներգը: Հիշենք նաև նվիրյալ նախագահներ Վարդգես Պետրոսյանին և Լևոն Անանյանին, նաև նրանց տևական եռանդուն աշխատանքի և հայ գրականության հանդեպ սիրո ու պատասխանատվության շնորհիվ է, որ այսօր հասարակայնորեն նշում ենք մեր կազմակերպության հոբելյանը:
1946 թվականին, Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարում Վարպետն ասաց. «Մի գրականություն՝ մի ժողովուրդ է»: Այս խոսքն այսօր ավելի մեծ խորհուրդ ունի, երբ այժմ հայ ժողովուրդը կանգնած է գոյության թունավոր մարտահրավերների առջև: Սա պետք է ուղեցույց լինի թե՛ Գրողների միության և թե՛ յուրաքանչյուր գրողի համար՝ գրականության ու ժողովրդի միասնության ազգային լրջագույն գաղափարի խորացումն ու զարգացումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։