ԽԻԶԱԽՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ` ԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԻՆ / Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Ամեն տոն իր խորհուրդն ունի:
Գրողների միության 80-ամյակը առանձնանում է նրանով, որ բոլոր մյուս տոների խորհուրդն ամփոփում է իր մեջ:
Տիեզերքի խորհուրդը:
Խորհուրդը ԲԱՆԻ:
Կա մի կարևոր առանձնանիշ ևս. Գրողների միության 80-ը ոչ թե զուտ տարիների գումար ու քանակ է ներկայացնում, այլ հոգիների ու հզոր մտքի նշանով իմաստավորված ժամանակ: Եվ տարիների անցուդարձն ու ընթացքը ցույց են տրվում ոչ թե ժամացույցի սլաքով, այլ՝ բառի ժամանակացույցով, այս դեպքում ժամանակը բոլորովին այլ անուն ու բովանդակություն ունի, քանի որ սովորական ժամանակից խիստ տարբերվում է… Նրանով, որ իրենք` գրչի վարպետներն են ստեղծում
Իրենց ժամանակը:
Իրենց հայրենիքը:
Իրենց տարածությունը:
Եվ գրչի ստեղծած ժամանակն ու տարածությունն ունենում են յուրօրինակ օրենքներ, վարք ու կարգ, խիստ ընդգծված տարբերա­նշաններ: Իսկ գրել, նշանակում է մաքառել, կռվել:
Չարենց.
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Ճշմարիտ գրողը բառի հաշվին չի երկարացնում իր կյանքը, այլ իր կյանքի հաշվին երկարացնում է բառի կյանքը:
Աշխարհի բոլոր պատերազմները, ի վերջո, նրա համար են, որ բառի տերը բառի տերը լինի, քանզի հողն ու բառը նույնն են: Եթե քո հողի վրա քո շուրթին քո բառը չէ, ուրեմն դու չես քո հողի վրա, ուրեմն քո հողը քո հողը չէ: Եվ բացարձակապես իմաստազրկվում է կյանքը, եթե քո հողի վրա ապրողը դու չես:
Բառը ժամանակ է, ժամանակը`
պատմություն:
Ես չեմ ուզում պատմությունը լինի
իմ հայրենիքը,
առավել ևս` չեմ ուզում, որ
իմ հայրենիքը դառնա պատմություն:
Ինձ պատմությունից առաջ հարկավոր է պատմության փիլիսոփայությունը: Ինձ ան­հրաժեշտ է, հաց ու ջրից էլ շատ, խիզախման այն փիլիսոփայությունը, որ Չարենցով սրբագործվեց, որ մեր ութսուն տարիների մեծագույն նվաճումը եղավ:
Խիզախման չարենցյան փիլիսոփայությունը:
Չարենցի մեջ պիտի տեսնել այն Չարենցին,
որին չգիտե
Չարենցը:
Եվ որքան ես սիրեմ իմ Հայաստանը, որքան
պաշտեմ նրա ամեն մի թիզ հողն ու բառը,
այնուամենայնիվ…
իմ Հայաստանում կա մի վայր, ուր
սպանել են Չարենցին: Կա մի վայր, ուր
սպանել են Սևակին… Կա մի վայր,
ուր…
Ո՛ւր…
Ո՛ւր…
Ո՛ւր:
Եվ մեկ են դառնում հարցն ու շեշտը:
Ութսուն տարի… Եվ նորից ու կրկին ուզում եմ հարցնել` 80-ի մեջ (հաշիվներն արդեն իմ մեջ խառնվում են), քանի՞ 37 է լինում, քանի՞ 37-ական թվականներ…
Չարենց.
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին:
Ես Հայաստանի պատմությունից ու պատմության փիլիսոփայությունից առավել կարիք ունեմ պատմական Հայաստանի:
Ես Արցախի պատմությունից առավել պատմական Արցախին եմ ուզում տեր լինել:
Ես Արցախ-Հայաստանից եմ Հայաստան եկել, և մանավանդ այս տոնին մասնակցելու համար կուզենայի գայի ու հասնեի ոչ թե Հայաստան, այլ՝ Ծովից ծով Հայաստան:
Բայց հասնելուց առաջ թողեք ինքս ինձ հարցնել`
Ո՞ւր է Կոմիտասը:
Ո՞ւր է Վարուժանը:
Ո՞ւր է Զոհրապը:
Ո՞ւր է Սիամանթոն:
Ո՞ւր է…
Ո՞ւր է…
Հարցնեմ` ոչ… լռեմ:
Թշնամին մեզ ոչնչացնելով` սովորեցրեց մեզ, թե ինչպես ինքներս մեր դեմ ելնենք, ինքներս մեզ չխնայենք, չխնայենք անգամ մեր սրբությունները, որոնցով ներկայանում ենք աշխարհին: Եվ հիմա ինքը կարող է արդեն կողքից նայել մեր ինքնաոչնչացմանը, որի անունը… գաղթ է: Գաղթի չափերի մասին նույնիսկ ակնարկելն է ամոթ: Էլ չեմ խոսում մի ուրիշ, մեր ժամանակի ամենաահավոր ախտի մասին. եթե դատելու լինենք ինֆորմացիոն-տեղեկատվական ամենօրյա վիճակագրության տվյալներով, ուրեմն, այսօր մեր երկրում բոլորը, կամ` գրեթե բոլորը, խաբեբաներ են, ավազակներ, գողեր, սրիկաներ, երկու քոռ գրոշի համար մեռածներ: Ինքնաբացարկման, ինքնության ուրացման այնպիսի մի կիրք, որին Ներոնն անգամ կնախանձեր …
Դպրությունից օտարվելն ինքնահրաժարում է բոլորիս ու մեր ազգի համար: Գրքի ու գրականության հանդեպ վերաբերմունքը հիմնականում փոխարինվել է «մոդայիկ» սիրո ցուցադրումով` թե՛ հասարակության մեջ, թե՛ իշխանական թևերում: Իսկ արվեստի համար ոչինչ այնքան սպանիչ չէ, որքան նման ցուցքերի կազմակերպումը: Չմոռանանք ի վերջո.
Ամենագեղեցիկ դագաղը, դա «սերն» է`
շռայլ զարդերի, գգվանքների ու ծաղկանց մեջ թաղված:
Մենք դատապարտված ենք ուժեղ լինել, որ չհասնենք այնտեղ, ուր չենք գնում:
Ներեցեք, խնդրում եմ, որ խոսքս
տոնական չէ, և
ներեցեք, որ «շնորհավորում եմ»
խոսքերի փոխարեն
ուրիշ բառեր են բերան գալիս: Չասելու
իմ խոսքերն ընդունեցեք որպես…
կուլ չգնացող
լռություն:
Լռության բառ:
Ամեն բառի վրա հազար
պատուհան կա բացված,
բայց ես նայում եմ միայն փակով, որ տեսնեմ
պահի իրական պատկերն` առանց
պատրանքների: Չէ՞ որ
գրողը չի ստեղծում պատրանքներ, չէ՞ որ
գրողը պատրանքները
ցրում է:
Մեր տեսլականը պետք է խարսխված լինի ռեալ, իրական վիճակի վրա, ոչ թե ցնորքների:
Գրողը ստեղծում է քաղաքակրթություն: Գրողը ստեղծում է հասարակություն: Բայց ո՛չ այսպիսին, ինչպիսինն այսօրվա մեր ունեցածն է:
Հասարակության ձևավորման բնականոն ընթացքը մեզանում խաթարված է:
Ախտավոր է մեր հասարակությունը:
Այն իմը չէ:
Այն մերը չէ:
Առավել ևս` այն Չարենցինը չէ, ոչ էլ Շիրազինը կամ Հրանտ Մաթևոսյանինը:
Բայց ո՞ւմն է: Հարցնեմ ու… ոչ լռեմ:
Ինձ հոգեբանությունից ավելի հոգեբանության փիլիսոփայություն է հարկավոր: Իսկ մենք դեռ վիճում ենք` ում արձանը կանգնեցնել, ումը` չէ… Գաղթի ճամփան բռնած` ասես շտապում ենք մեր հողը բնակեցնել լավ կամ վատ, արժանի կամ ոչ արժանի մարդկանց հուշակոթողներով…
Այո, մենք մշակույթի ժողովուրդ ենք:
Հուշը մեր հոգևոր արժեքների համակարգում կարևորագույն և առանցքային տեղ ունի, բայց պե՞տք է երկիրը հուշերի բնակավայր դարձնել` առանց մեզ (աչքը տեսածից է զգուշանում), առանց մեր ներկայության, որքան էլ Սահյանին «Բացակա չդնենք»… Իսկ եթե դնում ենք, դրանով մեր ներկայությունն ենք հարցականի տակ դնում:
Մարդուց արձան ստեղծելու փոխարեն, արձանից մարդ ստեղծենք…

Եվ հիշենք այս տոնական օրը, որ մեր մեծերի մեծը` Նարեկացին, իրեն սազական կոթող չունի Հայաստանում:
Իսկ թշնամին իր գրողի համար անգամ դամբարան է կառուցում:
Մենք պիտի հավատանք ինքներս մեզ, մինչդեռ անում ենք ուղիղ հակառակը` ճիշտ է, հավատում ենք, բայց, ոչ մեզ, մեզանից բացի` բոլորին:
Գրողը ժամացույց չէ, որ ցույց տա ներկան, որ, ինչպես Սևակը կասեր, զարթուցիչով արթնացնի, գրողի բառը առաջին հերթին ժամանակացույց է, որով կարող ենք տեսնել և՛ ներկան, և՛ անցյալը, և՛, մանավանդ ապագան, և շտկել մեզ ու մեր ժամացույցը` ըստ նրա անսխալ բառի:
Բառը այն սլաքն է, որով կարող ենք շտկել և
պատմությունը: Եվ ամեն ինչ:
Եվ անգամ` անշտկելին…
Եթե սլաքը ժամանակից առաջ է ընկնում,
ուրեմն
ժամացույցը շարքից դուրս եկած է,
եթե բառը ժամանակից առաջ չի ընկնում,
ուրեմն
գրողն է շարքից դուրս եկած:
Վերջացնեմ խոսքս. մենք մեր ԳՄ 80-ամյակը տոնելով` գնում ենք դեպի Եղեռնի 100-ամյակը: Եվ որպեսզի մեր սուրբ նահատակները մեր ոգեկոչումի խոսքն ու խոնարհումն ընդունեն,
Գնանք ազգային համերաշխությամբ:
Գնանք ազգային ծրագրով:
Գնանք այն քայլերով, որոնցով վերադարձել է Արցախը, որոնցով պիտի մեր Սասունը, Վանը, Տարոնը վերադառնան…Որոնցով մենք պիտի ամբողջանանք, լրիվանանք…
Որոնցով պիտի մենք մենք լինենք:
Ահա այդ ժամանակ իրավունք կունենանք ասելու.
մենք մեր գրչի տերն ենք ու
տերն ենք մեր Տեր Աստծո:
Որովհետև գրողը զինվոր չէ միայն: Գրողը
ժողովուրդ է ու զորաբանակ:
Երկիր ու հող…
Ու թեև գրիչը գրողի ձեռքին է, բայց
գրչի տերը ժողովուրդն է:
Հիրավի, Գրողների միության 80-ամյակը առանձնանում է, քանի որ բոլոր մյուս տոների խորհուրդն ամփոփում է իր մեջ: Եվ դա բնական է, չէ՞ որ այն տոնն է տիեզերքն իր մեջ պարառած ԲԱՆԻ:
Հ.Գ.
Ընդունեցեք, խնդրեմ, շնորհավորանքի ջերմ ողջույններ` Արցախի գրողների, ստեղծագործական մտավորականության, հայկական երկրորդ հանրապետության ժողովրդի ու ԼՂՀ նախագահի անունից: Եվ, որպես հուշա­նվեր, սիրով ՀԳ-ին եմ հանձնում արցախցի անվանի գեղանկարիչ Սերգեյ Առստամյանի նոր գործը, ուր պատկերված է մեր քաջ տղաների արյամբ ազատագրված Դադիվանքը` իր սուրբ խորհրդով:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության նախագահ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։