ԲԱՐԻ ԵՐԹ ՆՈՐԵՐԻՆ / Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրողը Սիրո, Հույսի ու Հավատի առաքյալ է: Ես դա հասկացա, երբ առաջին անգամ կարդացի Մեծ լոռեցու «Գիքորն» ու «Մարոն», «Իմ ընկեր Նեսոն» ու մյուս գործերը:
Գրողը բարու սերմնացան է: Ես այդպիսին էի պատկերացնում իմ հայրենի գյուղում` կարդալով Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Վախթանգ Անանյանի, Հովհ, Շիրազի, Գեղամ Սարյանի և ուրիշների գործերը: Այդ մարդիկ ինձ համար Աստծո քարտուղարներն էին երկրի վրա և այդպես էլ մնացին հետագայում:
1957-ից ապրելով Երևանում` մոտիկից շփվեցի նրանց (բացառությամբ` Վարպետի) և շատ ուրիշների հետ: Մասնակցեցի Գրողների միությունում տեղի ունեցող բազմաթիվ բանավեճերի` նվիրված գրականության, մշակույթի, հասարակական այլևայլ խնդիրների: Մեր գրողները գրեթե միշտ իրենց ելույթներում բարձրացնում էին մեր մշակույթը, մեր լեզուն անաղարտ պահելու, Սփյուռքի հետ կապերը սերտացնելու, ժողովրդական տնտեսության մեջ նոր ճյուղեր զարգացնելու և այլ հարցեր:
ՀԳՄ-ն` իր տաղանդավոր անդամներով, մեր հասարակական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Արցախի ազատագրման կռիվներում հայ գրողներից շատերը թշնամու դեմ պայքարի ելան ոչ միայն գրչով, այլև զենքով:
Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է: Այդ տարիներին ապրել ու ստեղծագործել են շատ տաղանդավոր գրողներ, մեր բազմադարյա գրականությունը հարստացրել բազմաթիվ մնայուն գործերով: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր օրերում ևս կան, անպայման կան նոր շնորհալի գրողներ, որոնց գործերի գնահատականը նոր է տրվելու: Հաջողություն և բարի երթ այդ նորերին:

ՀԳՄ անդամ 1974 թ.-ից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։