ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

????????????????????????????????????

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԵԶԱԿԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ՝
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
(Սուրէն Դանիէլեանի 70 ամեակի առթիւ)

Ֆելիքս ԲԱԽՉԻՆԵԱՆ
Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Գրականագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրօֆեսոր, ՀԳՄ անդամ Սուրէն Դանիէլեանը 70 տարեկան է: Եթէ փորձենք ի մի բերել անցած 70 տարիները, այլ խօսքով՝ տալ հաշուեկշիռը, ապա կարող ենք արձանագրել, որ դրանք յուշում են իրագործումների մասին եւ ուրուագծում այն ճանապարհը, որը տանում է գիտական նոր բացայայտումների:
Իսկ մեր նշած ճանապարհ-հետագիծը հաւասարապէս բաշխուել է երկու ասպարէզներում՝ գիտական եւ մանկավարժական, որոնք յաճախ քայլել են գիրկընդխառն:
Սուրէն Դանիէլեանի գիտամանկավարժական հետաքրքրութիւնների ծիրում ներկայութիւն է արեւմտահայ եւ սփիւռքահայ գրամշակութային աշխարհը, որի առանձնայատկութիւններին ու նշանաւոր դէմքերին 1974-ից սովորեցնում է Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի բանասիրական բաժանմունքի, ինչպէս նաեւ մի որոշ ժամանակահատուած՝ 1993-2002 թթ., Ս. Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի սաներին: Այդ վտանգուած աշխարհի պահպանմանն ու տարածմանը, կարելի է ասել, նուիրել է իր ողջ աշխատանքային գործունէութիւնը: Այսօր էլ նա շարունակում է մնալ պատնէշի վրայ ու անդուլ պայքար մղել մշակութային հարուստ համակարգի ընկալման, արեւելահայ գրական, ու ոչ միայն գրական, շրջանակներում նրա իմաստաւորման ուղղութեամբ:
Այս ճանապարհին կարեւոր քայլ էր շուրջ քառորդ դար առաջ Մանկավարժական Համալսարանի կազմում իր նախաձեռնութեամբ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հիմնումը, որը նաեւ ռազմավարական խնդիր էր լուծում՝ արեւմտահայ գիտաճանաչողական բազայի զօրացումը անկախ Հայաստանում:
Այս հաստատութիւնը մի տեւական ժամանակահատուած, Սփիւռքի հետ կապուած գերատեսչական մարմնի բացակայութեան պայմաններում, հիւրընկալ տանիք է եղել շատ ու շատ մտաւորականների համար: Այդ հիւրընկալութիւնը պիտի դիտել նաեւ շուրջ չորս տասնեակի հասնող Սփիւռքին վերաբերող հրատարակութիւնների մէջ, որոնք լոյս են ընծայուել Սուրէն Դանիէլեանի ջանքերի շնորհիւ (կազմում, խմբագրում, առաջաբաններ)՝ պաշտպանելով նաեւ հեղինակների ուղղագրական իրաւունքը:
Կազմակերպական նպատակասլաց ժամանակ պահանջող աշխատանքների կողքին չմոռանանք, որ 2013-ից նա ղեկավարում է նաեւ Մանկավարժական Համալսարանի հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնը, որը իր աշխոյժ մասնակցութիւնն է բերում հանրապետութեան եւ Սփիւռքի գիտական եւ մշակութային կեանքին՝ գիտաժողովներով, հրատարակութիւններով, շնորհանդէսներով, գրական հանդիպումներով:
Սուրէն Դանիէլեանին յաջողուել է գիտական արդիւնաւոր ճանապարհ կտրել, իսկ այդ ճանապարհը ամրագրուեց 1982-ին, երբ ատենախօսութիւն պաշտպանեց «Հեթանոսական գրական շարժման պատմութիւնից» թեմայով, որը ճիշդ 30 տարի առաջ տպագրուեց արդէն առանձին գրքով, որտեղ բացում էր 20-րդ դարի տասականներին Պոլսում ձեւաւորուած գրական շարժման ակունքներն ու բարոյաբանութիւնը: Նրա յետագայ գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են արդէն արեւմտահայ նորագոյն՝ Սփիւռքի գրական առանձնայատկութիւնների վերհանմանը՝ «Ամերիկահայ վիպագիրներ» (Եր., 1990), որը վեր է հանում Կարօտի շարժման ճանապարհը ամերիկեան ափերին, «Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը» (Անթիլիաս, 1992), որը, ի դէպ, մէկ տարի անց դարձաւ նրա դոկտորական ատենախօսութիւնը:
Գրականագէտի հետաքրքրութիւնների ծիրում առանձնակի տեղ է զբաղեցնում պոլսահայ գրչօջախը, որի առանձին դէմքերին նուիրուած նրա աշխատանքները էապէս պայմանաւորել են այդ հեղինակների մուտքը Հայաստանի գրամշակութային դաշտ: Խօսքը վերաբերում է մասնաւորաբար Ռոպէր Հատտէճեանի էքզիստենցիալ արձակին նուիրուած «Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան» (Ստամբուլ, 1996) եւ Զարեհ Խրախունու բանաստեղծական փիլիսոփայական բերգսոնեան ենթահողը քննող «Բանաստեղծութեան ազատագրումը. Զարեհ Խրախունի» (Ս. Էջմիածին, 1999) մենագրութիւններին, ինչպէս նաեւ հեղինակների գրքերի հրատարակութիւններին:
Նրա խօսքի մէջ երբեմն մուտք է գործում ազնիւ կասկածը Սփիւռքի ու արեւմտահայ գրամշակութային աշխարհի նկատմամբ: Այդպիսի մի մտահոգութեան ծնունդ է «Արեւմտահայ գրականութիւն. Տիտանիկ թէ՞ շարունակականութիւն» գիրքը՝ Պետրոս Դուրեանի, Դանիէլ Վարուժանի եւ Յակոբ Օշականի ստեղծագործական նոր շերտերի մասին, գիրք, որի խորագիրն արդէն յուշում է հեղինակի անհանգստութիւնը, թէ՝ «Ո՞ւր է գնում այդ գրականութիւնը՝ դէպի գրական շարժումների յորձանք, դէպի ծովի բացերը թէ՞ դէպի ծանծաղուտ: Հիմնարար այս հարցին դժուար է միանշանակ մէկ պատասխանով գոհացում գտնել…», բայց գրականութեան վաղուայ օրուայ հանդէպ կասկածի կողքին կայ նաեւ շարունակականութեան հաւատն ու դրան ուղղուած անդուլ ջանքը. «Մշակութային տարողունակ աշխարհում հայ գրականութիւնը արեւմտահայ նոր ու նորագոյն արժէքների շնորհիւ հարստացել եւ հարստանում է գաղափարներով, զուտ ազգային գնահատութիւնների տեղաշարժերի նորոգուած բովանդակութեամբ: Այն իւրատեսակ գրական շարժման համապատկեր է համապատկերի շրջանակի մէջ:
Տիտանիկ, որը դեռ յամառում է այսպէս կողաշրջուած»:
Ս. Դանիէլեանը առանձին հեղինակների կամ առանձին համակարգային խնդիրների կողքին յանձնառութիւն է վերցրել ընդհանրացնել սփիւռքահայ գրականութեան պատմութեան խնդիրներն ու պարբերացումը, որի սկիզբը նշանաւորել են երկու ծանրակշիռ հատորները: Նրանցից առաջինի՝«Միջուկի տրոհումը. սփիւռքահայ գրականութեան պատմութիւն», Ներածութիւն, Գիրք Ա. (Եր., 2011) երկու գլուխներից մէկում երեւան է բերուած սփիւռքահայ գրականութեան ակունքները, ձեւաւորումը, գրական շարժումների տրամաբանութիւնը՝ տեսաբանական ընդհանրացումներով, յատկանիշներով եւ դէմքերով, միւսում օտարագիր գրողներն են՝ լեզուի եւ ոգու յայտնի յարաբերակցութեան վիճարկումներով, դիմանկարային ուրուագծումներով եւ ստեղծագործական յատկանիշների վերհանումով:
Իսկ ահա 2015-ին ՀՀ Սփիւռքի Նախարարութեան պատուէրով լոյս տեսաւ «Սփիւռքահայ գրականութեան նուաճումներն ու զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)» գիրքը, որտեղ արդէն տեղ են գտել սփիւռքահայ գրականութեան դիմագիծը պարզած հեղինակները՝ Յակոբ Օշական, Վահան Թէքէեան, Շահան Շահնուր, Համաստեղ, Նիկողոս Սարաֆեան, Վազգէն Շուշանեան, Կոստան Զարեան, Մուշեղ Իշխան:
Նշենք, որ այս վերջին մենագրութիւնը գիտական կողմնորոշում է եւ գիտնականին բերում է «Միջուկի տրոհումը» գրքի երկրորդ հատորի դարպասների առջեւ, եւ որի շարունակականութեանը հաւատ ենք ընծայում:
Եթէ ամփոփելու լինենք գրականագէտ Սուրէն Դանիէլեանի մասին մեր դիտարկումները, ապա կարող ենք արձանագրել, որ նրա գնահատականները հայ գրականութեան այլեւայլ երեւոյթներին աչքի են ընկնում իրենց ինքնատիպութեամբ, ընթերցողի համար ոչ միշտ հեշտօրէն ընկալելի բացայայտումներով ու ճանաչողութեամբ, որտեղ, սակայն, գնահատելին անակնկալի յայտնութիւնն է, որը նաեւ թոյլ է տալիս ընթերցողին գրական ըմբռնումներում հասու լինել նոր իրողութիւնների:
Նա ամբողջական գրագէտ է, այն եզակի մտաւորականներից, որոնք հաւասարապէս ընկալւում են ե՛ւ Սփիւռքի կողմից, ուր նրան դիտում են իրենց գրամշակութային շահերի պաշտպանը հայրենիքում, ե՛ւ հայրենիքում, ուր ընդունում են նրան իբրեւ Սփիւռքի գրամշակութային աշխարհի թարգման ու մեկնիչ:
Ասում ենք՝ վարձքդ կատա՛ր եւ մաղթում նորանոր իրագործումներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։